Զարգացած ֆինանսական շուկաներում բանկերի ապահովագրությունը քրեական ռիսկերից եւ «Բանկային Ռիսկերի Համալիր Ապահովագրության» պայմանագրի («Banker's Blanket Bond (BBB)») առկայությունը հանդիսանում է բանկի հուսալիության, անվտանգության եւ բարի համբավի անբաժանելի մասը: BBB պայմանագրի առանձնահատկությունների եւ հայաստանյան շուկայում վերջինիս նկատմամբ պահանջարկի վերաբերյալ Banks.am-ը զրուցել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության Խորհրդի անդամ Սոնա Դալալյանի հետ: - Ասացեք, խնդրեմ, ո՞ր դեպքերի համար է նախատեսված BBB պայմանագիրը, եւ որքանո՞վ է այն պահանջված հայաստանյան բանկերի կողմից: - Ամբողջ աշխարհում «Banker's Blanket Bond (BBB)» ապահովագրությունը բանկերի եւ ֆինանսական այլ հաստատությունների ապահովագրական փաթեթի էական մասն է կազմում: Բանկային ապահովագրությունը լայն հասկացություն է եւ իրենից ներկայացնում է պաշտպանություն մի շարք ռիսկերից: Այն, առաջին հերթին, ապահովագրություն է` կեղծ թղթադրամի եւ վճարային փաստաթղթերի միջոցով վճարումների ընդունման, համակարգչային ցանցի օգտագործման եւ ծրագրային համակարգերի վնասման միջոցով ֆինանսական մեքենայությունների եւ խարդախությունների, աշխատակիցների կանխամտածված կամ ոչ կանխամտածված գործողությունների հետեւանքով բանկերի եւ ֆինանսական այլ հաստատությունների կրած կորուստներից: Պայմանագիրը ներառում է նաեւ բանկի գույքի ապահովագրություն, դրամապահոցների, բանկոմատների եւ այնտեղ առկա կանխիկ դրամական միջոցների, ինչպես նաեւ թանկարժեք իրերի, կանխիկ փողի փոխադրման ապահովագրություն եւ այլն:Հայաստանում ապահովագրության այս տեսակը ներկայացված է 2000 թվականից: Հատկանշական է, որ, եթե սկզբնական փուլում BBB-ն պահանջված էր մեր երկրում գործող 1-2 բանկի կողմից, ապա այսօր պատկերը հակառակն է՝ ընդամենը 1-2 բանկ չի օգտվում ապահովագրական այս պրոդուկտից: Ընդ որում, վերջերս նկատվում է կայուն միտում բանկերի կողմից ապահովագրական գումարի մեծացման եւ ծածկվող ռիսկերի ցանկի ընդլայնման ուղղությամբ: - Ո՞րն է այն հիմնական շարժիչ ուժը, որը խթանում է հայաստանյան բանկերին գնել BBB վկայագիրը, այլ ոչ թե փորձել կառավարել քրեական ռիսկերը սեփական ուժերով: - Ապահովագրության անհրաժեշտությունը, վերջինիս սոցիալ-հասարակական դերը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին բացասական գործոնների ազդեցությունից բանկերի շահույթի եւ/կամ եկամուտների պաշտպանությունով: Նշված գործոնները ոչ մի կերպ չպետք է անդրադառնան ֆինանսական հաստատության կայունության եւ, հետեւաբար, պետության դրամավարկային համակարգի կայունության վրա: Ավելին, բանկային ռիսկերի ապահովագրությունը չի համդիսանում առանձին բանկի սեփական խնդիր, քանի որ այդ ռիսկերը վտանգում են ոչ միայն բանկի սեփական, այլեւ անձանց այլ միջոցները: Ճիշտ է, ապահովագրության այս տեսակն այսօր պարտադիր չէ մեր երկրում, սակայն հաշվի առնելով վերջինիս կարեւորությունը` ԿԲ-ն ֆինանսական եւ նորմատիվային արտոնությունների տրամադրման միջոցով խթանում է այս ապահովագրական պրոդուկտի տարածումը: Ընդհանուր առմամբ, պետք է հասկանալ, որ ոչ մի կորպորատիվ կառույց, որքան էլ անթերի լինի, չի կարող երաշխավորել եւ ամբողջովին վերացնել մարդկային գործոնի հետ կապված ռիսկերը: Ինչպես նշեցի, նման ռիսկեր գոյություն ունեն ամբողջ աշխարհում, եւ դրանց կառավարման միակ արդյունավետ միջոցն ապահովագրությունն է: Համոզված եմ, որ այս ապահովագրատեսակի ձեռքբերման ամենակարեւոր շարժիչ ուժը մեր բանկերի ղեկավարության գիտակցության եւ պատասխանատվության բարձր մակարդակն է:- Ըստ համաշխարհային վիճակագրության, բանկային ոլորտում հանցագործությունների 70-80%-ը կատարվում է բանկերի աշխատակիցների կողմից: Հայաստանյան որոշ բանկերում բացահայտված առանձին դեպքերը եւս խոսում են այդ վիճակագրության օգտին: Ի՞նչ կասեք այս առումով: - Ուզենք թե չուղենք, միշտ պետք է հաշվի նստենք այն իրողության հետ, որ բանկային ռիսկերի ապահովագրությունը համապարփակ ապահովագրություն է`մարդկային գործոնի մշտական առկայությամբ: Ուստի, կարծում եմ, որ Ձեր կողմից ներկայացված վիճակագրությունը, կախված տարածաշրջանից, կարող է տատանվել, եւ այսօրվա դրությամբ նման ռիսկերի մակարդակը ավելի բարձր է Արեւելյան Եվրոպայի երկրներում, ներառյալ հետխորհրդային երկրները, քան, օրինակ, Արեւմտյան Եվրոպայում:Ընդ որում, պետք է նշել, որ նույնիսկ զարգացած երկրներում մարդկային գործոնը չի կարող լիովին բացառվել: Այդ իսկ պատճառով BBB-ի պահանջարկն այդքան մեծ է ողջ աշխարհում: Այնուամենայնիվ, կարող եմ փաստել, որ այս ապահովագրատեսակի պարագայում ապահովագրավճարի 60-70%-ը բաժին է ընկնում հենց բանկերի աշխատակիցների անազնվության դրույթի վրա: - Այսօր բանկերը կանգնած են լրացուցիչ մարտահրավերի առջեւ՝ նոր տեխնոլոգիաների սրընթաց մուտքը բանկային ոլորտ իր հետ բերում է ցանցային կամ մտավոր հանցագործությունների նոր ռիսկեր: Որքա՞ն օպերատիվ է արձագանքում BBB-ն այս զարգացումներին: - Իսկապես, IT-տեխնոլոգիաների արագ զարգացումն իր ազդեցությունն է թողնում բանկային ոլորտի եւ վերջինիս հետ կապված ռիսկերի վրա: Բանկային Ռիսկերի Համալիր Ապահովագրության պայմանագիրը, այդ փոփոխություններին ընդառաջ, նույնպես ընդլայնվել է՝ ընդգրկելու նաեւ այդ նոր ծառացած ռիսկերը: Քանի որ այս ապահովագրատեսակը նախատեսված է ծածկելու խարդախությունների հետ կապված բանկային բոլոր ռիսկերը, ուստի ապահովագրական շուկան միշտ փորձում է համապատասխանաբար ընդլայնել այս պրոդուկտի շրջանակներում տրամադրվող ծածկույթները: Միեւնույն ժամանակ, կցանկանայի նշել, որ BBB-ն չի ներառում բանկային քարտերի հետ կապված ռիսկերը. ամբողջ աշխարհում ապահովագրության այս տեսակը տրամադրվում է որպես առանձին ծառայություն: - Արդյո՞ք բանկային ռիսկերի համալիր ապահովագրությունը նշանակում է, որ ապահովագրություն ձեռք բերելու ցանկության դեպքում բանկերը պարտադիր պետք է գնեն ողջ փաթեթը: - Բնականաբար, ոչ: Սակայն, ելնելով մեր բազմամյա փորձից, կարող եմ վստահաբար ասել, որ մինչ օրս բանկերը ձեռք են բերում ամբողջական փաթեթը: Եվ դա ունի իր տրամաբանական բացատրությունը: Մասնավորապես, առաջարկվող պայմանագրի չորս բաժիններից առաջինը, որում ընդգրկված են անազնվությունը, կեղծված չեկերն ու թղթադրամները, փոխադրումը եւ այլ հիմնական ռիսկերը, հանդիսանում է ընդհանուր պայմանագրի հիմքը: Հենց այդ բաժնի վրա է ընկնում BBB պայմանագրի ապահովագրավճարի մեծ մասը: Եվ երբ բանկը հանգում է ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու ռազմավարական որոշմանը, ծանոթանալով եւ գիտակցելով բանկի ռիսկերի զսպման համար նաեւ մյուս բաժինների իրական կարեւորությունը, նա ձեռք է բերում ողջ փաթեթը: Սոնա Դալալյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 14977