Երեւանում է գտնվում համաշխարհային ակտիվների կառավարման ոլորտում ավելի քան 23 տարվա աշխատանքային փորձ ունեցող Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, ով $1,4 տրլն-ի կառավարվող ակտիվներով Fidelity Investments ներդրումային ընկերության զարգացող շուկաների ռազմավարության գծով փոխնախագահն է: Ռոբերտ ֆոն Ռեկովսկին հանդիսանում է նաեւ հայկական Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անկախ անդամը: Նախքան իր ներկայիս պաշտոնը զբաղեցնելը, Ֆոն Ռեկովսկին մեկ տասնամյակ շարունակ կառավարել է ամերիկյան, կանադական եւ միջազգային այլ ներդրողների մի շարք ինստիտուցիոնալ եւ մանրածախ ներդրումային հիմնադրամներ` զարգացող շուկաներում: Ի թիվս այլ պաշտոնների, նա Բոստոնի արտաքին հարաբերությունների կոմիտեի, Բոստոնի տնտեսագիտական ակումբի (Boston Economic Club) եւ World Boston-ի անդամ է:Banks.am-ը միջազգային փորձագետի հետ քննարկել է Հայաստանի կապիտալի շուկայի արդիական հիմնախնդիրները եւ մարտահրավերները: - Տեղյակ լինելով ակտիվների կառավարման ոլորտում Ձեր հարուստ փորձի մասին, ցանկանում ենք զրուցել այս հարցում Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերներից. Հայաստանն այսօր կենսաթոշակային բարեփոխումների նախաշեմին է եւ հաջորդ տարվա սկզբից երկրում ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ: Մինչդեռ երկրում չկա ակտիվների կառավարման հարուստ փորձ, մարդկանց մոտ իրավացիորեն մտահոգություն է առաջանում, թե ի՞նչ է լինելու իրենց կուտակումների հետ 30-40 տարի անց: Ի՞նչ է անհրաժեշտ այս հարցում վստահություն պահպանելու համար:- Կարծում եմ, շատ կարեւոր հարց եք բարձրացնում եւ այս բարեփոխումներն իրոք ամենանշանակալից տնտեսական վերափոխումն են Հայաստանում շուկայական հարաբերություններին անցնելուց հետո: Նախ եւ առաջ, սա երկրի զարգացմանն ուղղված շատ կարեւոր քայլ է եւ, բարեբախտաբար, կան բազմաթիվ երկրներ, որոնք կարող են Հայաստանի համար օրինակ ծառայել: Ես տեղյակ եմ Հայաստանի ֆինանսական համակարգի խիստ վերահսկողությունից, դուք ունեք վերահսկողության բնագավառում բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ Կենտրոնական բանկում եւ Ֆինանսների նախարարությունում, ինչը շատ կարեւոր է կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում:Թե ինչ մասնագիտական հմտություններ են պահանջվելու ֆոնդերի կառավարիչներից, մեծապես կախված է այն գործիքներից, որոնցում ներդրվելու են կենսաթոշակային ակտիվները:Ես այստեղ եկել եմ Ռուսաստանից, որտեղ եւս լրացուցիչ քայլեր են արվում կենսաթոշակային համակարգը բարեփոխելու ուղղությամբ, քանի որ ներկայումս կենսաթոշակային հիմնադրամների մեծամասնությունը առավելապես ներդնում է պետական պարտատոմսերում: Իրենք փորձում են վերակառուցել ֆոնդերի պորտֆելները այլ երկրների կենսաթոշակային ֆոնդերի օրինակով, որտեղ բացի պետական պարտքից առկա են ներդրումներ նաեւ կորպորատիվ պարտատոմսերում եւ բաժնետոմսերում:Այնպես որ, համոզված եմ, որ պետական քաղաքականությունը Հայաստանում առաջին հերթին ուղղվելու է կենսաթոշակային ակտիվների անվտանգության ապահովմանը:- Մի՞թե սա նշանակում է, որ սկզբնական շրջանում կենսաթոշակային ակտիվները ներդրվելու են առավելապես պետական պարտատոմսերում եւ ֆոնդային շուկան չի շահի այս բարեփոխումներից: - Շատ հնարավոր է, որ ամեն ինչ հենց այդպես էլ սկսվի եւ դա վատ չէ. մարդիկ պետք է հասկանան եւ ընդունեն դա: Ռուսաստանյան կենսաթոշակային ֆոնդերը թեեւ ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց պորտֆելները, այնուամենայնիվ, չեն թերագնահատում պետական պարտատոմսերը, քանի որ դրանք ապահով են: Պետությունը հասկանում է, որ սա լավ չէ երկարաժամկետ կտրվածքով կապիտալի շուկաների զարգացման եւ ֆոնդերի եկամտաբերության տեսանկյունից, եւ այդ պատճառով աշխատում է մասնավոր հատվածի հետ` փոփոխություններ կատարելու համար:Այնպես որ, կարճաժամկետ առումով պետական պարտքը ներդրման լավ ուղղություն է, բայց հետագայում պետք է դիտարկել պետական եւ կորպորատիվ պարտքի եւ բաժնետիրական կապիտալի այնպիսի «պատշաճ խառնուրդներ», ինչպիսիք են, օրինակ, Գերմանիան կամ Լեհաստանը:- Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկան, որը դինամիկ զարգանում էր մինչեւ 2009թ. դրամի արժեզրկումը, մինչ այժմ ստագնացիայում է: Այդ արժեթղթերն իրենց գրավչությամբ էապես զիջում են նույն պետական պարտատոմսերին թե ապահովությամբ, թե առաջարկվող եկամտաբերությամբ: Ինչպե՞ս նման պայմաններում վերականգնել վստահությունը կորպորատիվ պարտքի շուկայում:- Նման իրավիճակ տարբեր ժամանակահատվածներում ստեղծվել է բազմաթիվ երկրներում: Երբ պետական պարտատոմսերն առաջարկում են ավելի մեծ եկամտաբերություն, քան կորպորատիվները, դրանք դիտարկվում են որպես ներդրումների ավելի գրավիչ ուղղություն` ներդրման հեշտության եւ ավելի մեծ անվտանգության շնորհիվ: Ներդրողները ժամանակ չեն ծախսում առանձին ընկերությունների ֆինանսական իրավիճակի ուսումնասիրման վրա եւ այլն: Այնպես որ, կարծում եմ, ռացիոնալ տեսանկյունից, ներդրողները, լինեն նրանք կենսաթոշակային ակտիվների կառավարիչներ թե անհատներ, կնախընտրեն պետական պարտատոմսերը:Հուսանք, ազգային արժույթի հանդեպ վստահության վերականգնման արդյունքում կորպորատիվ պարտքի շուկան Հայաստանում վերածնունդ կապրի: Այսօր աշխարհում բազմաթիվ կառավարություններ վերակառուցում են իրենց պարտքը, մինչդեռ բազմաթիվ ընկերություններ, օգտվելով ցածր տոկոսադրույքներից, տեղաբաշխում են պարտատոմսեր, եւ կարծում եմ, հաջորդ տարի հայկական ընկերությունների համար ավելի շատ հնարավորություններ կստեղծվեն կորպորատիվ պարտքի շուկայում: - Հայաստանի կապիտալի շուկային վերաբերող վերջին ցավոտ հարցը` բաժնետոմսերի շուկայի վերաբերյալ. մեր ֆոնդային բորսայում բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան աշխարհում ամենափոքրերից է` կազմելով մոտ $30 մլն, մինչդեռ անգամ հետպատերազմյան Իրաքում ազատ շրջանառվող բաժնետոմսերի շուկայական արժեքը $3 մլրդ-ին մոտ է: Տեղական փորձագետները, ի թիվս այլ պատճառների, բացատրում են այս իրողությունը «տեղական մենթալիտետով» եւ կորպորատիվ կառավարման մշակույթի թույլ տարածմամբ: Սրանք համոզիչ փաստարկներ չեն, քանի որ դժվար թե բաժնետոմսերի շուկայի $1,5 մլրդ կապիտալիզացիայով հարեւան Վրաստանը մեզանից շատ է տարբերվում թե կորպորատիվ մշակույթի տարածվածությամբ, եւ թե մտածելակերպով:- Կան երկրներ, եւ Հայաստանը այդ երկրների թվում է, որտեղ բիզնեսը հաճախ զարգանում է սեփական միջոցների հաշվին, երբ ընկերությունները ֆինանսավորում եմ իրենք իրենց: Աճը այս պայմաններում դանդաղ է ընթանում, քանի որ ընկերությունների կանխիկը շրջանառության մեջ է: Աճին զուգընթաց ընկերություններն արդեն կարիք ունեն դիմելու բանկային համակարգին` վարկավորվելու համար: Զարգացման հաջորդ փուլն է բանկերի օգտագործումը արդեն ոչ միայն վարկավորման, այլ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման համար: Բաժնետոմսերի շուկան էլ հաջորդ տրամաբանական քայլն է:Որպես վերլուծաբան, ես միշտ փորձում էի հասկանալ, թե ինչո՞ւ, օրինակ, գերմանական ընկերությունները ընդլայնման հարցում ավելի շատ հենվում են իրենց բանկերի, քան ֆոնդային շուկայի, իսկ ամերիկյանները` ֆոնդային շուկայի եւ սինդիկացված վարկերի վրա: Այս հարցում, կարծում եմ, ուժեղ մշակութային բաղադրիչ կա:Ես ունեմ Վրաստանում ներդնելու որոշակի փորձ,եւ պետք է ասեմ, որ այնտեղ եւս շատ չեն ընկերությունները, որտեղ կարելի է հեռանկարային ներդրումներ կատարել: Ընդհանրապես, տարածաշրջանի մյուս երկրների ֆոնդային շուկաները եւս աչքի չեն ընկնում բարձր լիկվիդայնությամբ, այնպես որ, եթե Հայաստանը շարունակի իր բարեփոխումները, այս հարցերը կլուծվեն շատ արագ: Տեղական բիզնեսը պետք է վստահ լինի, որ ֆոնդային շուկան կօգնի իր աճին: - Այսօր փաստն այն է, որ հայկական ընկերությունները ավելի շատ հենվում են բանկերի, քան ֆոնդային շուկայի վրա: Մենք Հայաստանում սովոր ենք վստահել մեր բանկային համակարգին, բայց ժամանակ առ ժամանակ մտահոգիչ լուրեր ենք լսում այլ երկրների բանկային հատվածների մասին: Կարելի՞ է արդյոք այսօրվա պայմաններում հավատալ ֆինանսական համակարգի կայունությանը: - Բարեբախտաբար, Հայաստանն առանձնանում է ֆինանսական համակարգի կարգավորման ու վերահսկողության ուժեղ եւ թափանցիկ ենթակառուցվածքով: Հայաստանի բանկային համակարգը հիմա գտնվում է Բազել II-ի եւ Բազել III-ի միջեւ, եւ շուկայի մասնակիցները քաջ գիտակցում են բոլոր ռիսկերը եւ պահանջները: Իհարկե, բոլորս այսօր տեսնում ենք, թե ինչ է կատարվում Կիպրոսում, ԵՄ այլ երկրներում: Անգամ ԱՄՆ-ն երկու տարի առաջ բարձրացրեց բանկային ավանդների երաշխավորման սահմանագիծը: Վստահության հետ կապված հարցերը ծագում են ամենուրեք: Լավ կողմն այստեղ այն է, որ բոլոր երկրներն ունեն հնարավորություն տեսնելու մյուսների օրինակը: Առաջին ռիսկը կայանում է նրանում, որ բանկային ակտիվներն այդ երկրներում գերազանցում են իրենց ՀՆԱ-ն: Հայաստանում այդպես չէ: Բացի այդ, կարգավորողները պետք է մշտապես պրոակտիվ լինեն շուկայում: - Եվ վերջին հարցը. պատմեք մեզ Ամերիաբանկի հետ Ձեր համագործակցության մասին: Ո՞րն է Ձեր առաքելությունը բանկի խորհրդի անկախ անդամի դերում եւ ինչպիսի՞ն է Ձեր պատկերացումը բանկի ապագայի վերաբերյալ:- Առաջին անգամ ես այցելեցի Հայաստան դեռ 2002թ., երբ «Հայաստան 2020» նախագծի Համակարգող խորհրդի անդամ էի, որի նախագահն էր Ռուբեն Վարդանյանը: Այդ նախագծի ընթացքում իմ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճեց: Խորհրդի այլ անդամների հետ համատեղ աշխատանքն ինձ համար շատ օգտակար էր եւ հետազոտությունն ավարտելուց հետո մենք պահպանում էինք կապերը միմյանց հետ:Ավելի ուշ ինձ առաջարկվեց միանալ Ամերիաբանկին` որպես խորհրդի անկախ անդամ: Ունենալով Լատինական Ամերիկայի, Արեւելյան Եվրոպայի, Աֆրիկայի եւ Ասիայի բազմաթիվ զարգացող շուկաների հարյուրավոր ընկերություններում ներդրումներ կատարելու փորձ, հուսով եմ, որ կկարողանամ օգտակար լինել Ամերիաբանկին՝ ինձ հետ բերելով կորպորատիվ կառավարման եւ բիզնես-հնարավորությունների լավագույն փորձի վերաբերյալ իմ գիտելիքները: Բանկը մեծապես կենտրոնացած է իր հաճախորդների վրա, որոնց առաջարկում է ամենաառաջադեմ ֆինանսական լուծումները` օգնելով ինչպես անհատներին իրենց կարողության մեծացման, այնպես էլ գործարար հանրությանը աճի եւ բարգավաճման գործում: Ես ողջունում եմ բանկի այս տեսլականը եւ հուսով եմ, որ կբերեմ ինձ հետ այստեղ լավագույն միջազգային փորձը:Ռոբերտ ֆոն Ռեկովսկու հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը: Tweet Դիտում՝ 11662