Rietumu. Ձգտում ենք, որ երեւանյան գրասենյակը Լատվիայի «փոքր մասնիկը» դառնա

17.04.2013 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

«Rietumu բանկ» ԲԸ-ն երեւանյան ներկայացուցչության ղեկավար Էլթոն Չաուսի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Պ-ն Չաուս, «Rietumu բանկ» ԲԸ-ն ներկայացուցչությունը մոտ 1.5 տարի աշխատում է Հայաստանում:  Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում աշխատանքը մեր երկրում: Հասցրե՞լ եք արդյոք այս ընթացքում բացահայտել «հայկական բիզնեսի ազգային առանձնահատկությունները»:  Ձեզ գոհացնու՞մ է երեւանյան գրասենյակի աշխատանքը՝ դժվար չէ՞ հեռվից  ղեկավարել այն:

- Բանկի ներկայացուցչությունը, ինչպես եւ երկրի դեսպանությունը, երկու հիմնական գործառույթ են իրականացնում. մետրոպոլիայի մասին տեղեկատվություն են տրամադրում եւ տեղում հետեւում են իրավիճակին եւ հնարավորություններին: Rietumu-ի ներկայացուցչությունն այդ երկու գործառույթներն էլ Երեւանում բարեհաջող է իրականացնում:

Մենք պետք է հասկանանք, որ Լատվիան իր չսառչող նավահանգիստներով եւ ԱՊՀ երկրների հետ ինտեգրված մուլտիմոդալ տրանսպորտային համակարգով հանդիսանում է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ ընկած «ուղիների» հիմնական տարանցիկ հյուսվածքը: Լատվիայի տերմինալներով հսկայական քանակությամբ բեռներ են անցնում, այդ թվում՝ Անդրկովկասից եկող, կամ էլ հակառակը` դեպի ձեր տարածաշրջան: Արդեն տարիներ շարունակ այդ ոլորտում կայուն աճ է նկատվում: Այդ գործընթացները համապատասխան ֆինանսավորում եւ ֆինանսական ծառայություններ են պահանջում: Այսինքն՝ բանկերի ներկայություն: Իսկ մենք բանկ ենք: Մեր կարգախոսն է` ավելի մոտ լինել ինչպես գործող, այնպես էլ ապագա հաճախորդներին:

Իմ գործարար շփումների եւ կապերի շրջանակն այստեղ`Երեւանում անընդհատ աճում է եւ ընդլայնվում: Իմ աշխատանքային ժամանակացույցում շատ հանդիպումներ եւ բանակցություններ կան: Կարծում եմ, իմ աշխատանքի ընթացքում ես զգացել եւ  հասկացել եմ այն «ազգային բիզնեսի առանձնահատկությունները», որոնց մասին դուք հարցնում եք, սովորել եմ արդյունավետ  աշխատել եւ ապրել տեղական միջավայրում:

Մենք ձգտում ենք, որպեսզի մեր երեւանյան ներկայացուցչությունը Լատվիայի «փոքր մասնիկը» լինի, որպեսզի այստեղ լինի այդ երկրի ոգին, զգացվի «մերձբալթյան ոճը»: Իմ գործընկերները` որոշակի ուղղություններով մասնագետներ, հաճախ գործուղման են գալիս Հայաստան: Մենք մշտապես կապի մեջ ենք Ռիգայի մեր կենտրոնական գրասենյակի հետ, նրանք լիովին տեղյակ են մեր գործերից: Միայն այդ կերպ կարելի է ապահովել ճկունությունը, օպերատիվությունը եւ անհատական մոտեցումը, ինչով այդքան հայտնի է Rietumu-ն:

- Մեկ տարի առաջ Rietumu բանկի առաջին փոխնախագահ Ռուսլան Ստեցյուկը ասել էր Banks.am-ին, որ բանակցություններ են ընթանում որոշ հայ հաճախորդների հետ Եվրոպայում կացության իրավունք ստանալու շուրջ: Նա, մասնավորապես, նշում էր, որ «Հայաստանում եւս ապրում են մարդիկ, ովքեր հետաքրքրված են Եվրոպայի, եվրոպական գործընկերների հետ բիզնեսով եւ որոնց համար այսպես թե այնպես արդիական է Եվրոպայում կացության իրավունքը, որն առաջարկում է Լատվիան»: Ինչո՞վ ավարտվեցին այդ բանակցությունները:

- Խոսելով վերջին երեք տարիներին ընդհանուր իրավիճակի մասին՝ կարող եմ ասել, որ Լատվիայում Rietumu-ի աջակցությամբ կացության իրավունք են ստացել բանկի շուրջ 700 հաճախորդներ եւ նրանց ընտանիքների անդամներ տարբեր երկրներից, անգամ Չինաստանից:  

Լատվիայի կացության իրավունքի տարբերությունը, ասենք, էստոնականից կայանում է նրանում, որ այն չի ենթադրում Լատվիայում պարտադիր բնակվել: Օրինակ` ԵՄ այլ երկրներում կացության իրավունքի պահպանման համար անհրաժեշտ է տարեկան 6 ամսից ոչ պակաս անցկացնել այնտեղ, մինչդեռ Լատվիայում նման պահանջներ չկան: Դա գրավում է շատերին, այդ թվում նաեւ ձեր հայրենակիցներին, որոնք ցանկանում են ոչ այդքան բնակություն հաստատել Լատվիայում, որքան ստանալ լավ ճանապարհորդային փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս հարմարավետ եւ ազատորեն այցելել շենգենյան գոտու երկրներ: Ոմանք, իհարկե, որոշում են կայացնում ապրել Լատվիայում` գնում են այստեղ առանձնատուն կամ բնակարան, անցկացնում են երկրում երկարատեւ արձակուրդներ, ամռան արձակուրդներին երեխաներին, կամ էլ թոշակառու ծնողներին են հրավիրում: Իսկ ոմանք էլ արդեն զբաղվում են դեպի Բալթյան ափեր իրենց բիզնեսի մի մասի տեղափոխությամբ: Ամեն ինչ շատ անհատական է:  

Ավելի կարեւոր է մեկ այլ բան: Ինչպես գտնում են փորձագետները, Լատվիան մտնում է ամենաբարենպաստ իմիգրացիոն քաղաքականություն ունեցող աշխարհի թոփ 5 պետությունների ցանկի մեջ: Ներդրողը եւ նրա ընտանիքի անդամները կարող են ստանալ կացության իրավունք մեկ ամսվա ընթացքում, տեղական պետական մարմինները շատ հստակ են աշխատում` ժամացույցի պես:

- Ինչպես Դուք, այնպես էլ պարոն Ստեցյուկը նշում էիք հայաստանյան բանկերի հետ համատեղ սինդիկացված վարկավորման ծրագրին մասնակցելու մտադրության մասին: Այդ ժամանակվանից անցել է մեկ տարուց ավելի: Ձեր ծրագրերն իրականացե՞լ են:

- Այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում: Որպես կանոն, սինդիկացված վարկավորման  պես մեծ գործարքների ավարտին մենք միշտ տրամադրում ենք տեղեկատվություն ԶԼՄ-ներին: Այս դեպքում եւս բացառություն չի լինի:

Էլթոն Չաուսի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 14536
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW