Արա Գրիգորյան. «Կոնյակ խմելն ինձ համար աշխատանք է»

21.12.2012 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Պարոն Գրիգորյան, որպես կանոն կոնյակ ընդունված է խմել հատուկ առիթներով եւ «համեստ» չափաբաժնով: Իսկ Դուք հաճա՞խ եք կոնյակ խմում:  

- Որպես կոնյակ օգտագործող ես գուցե լավ օրինակ չեմ. հատկապես վերջին 4 տարիների ընթացքում կոնյակ խմելն ինձ համար ոչ թե հաճույք, այլ աշխատանք է: Գործի բերումով օրվա ընթացքում ստիպված եմ լինում մի քանի անգամ 5 կամ 10 գրամ փորձել: Իսկ երբ ինչ-որ բան խմելու ցանկություն է առաջանում, դա արդեն կոնյակը չէ. կոնյակից գերհագեցում է սկսել:

Կոնյակը, ըստ իս, ունիվերսալ խմիչք է: Ճաշի հետ օղի խմելը կարելի է փոխարինել ոչ շատ հնեցված` 3 կամ 5 աստղանի կոնյակով, բայց ոչ, ասենք, «Նաիրի» կամ «Ախթամար» կոնյակներով, որոնք ստեղծված են ճաշից հետո երեկոն ավարտելու եւ քաղցր խոսակցությունները շարունակելու համար: Ինձ թվում է, կոնյակ կամ վիսկի  խմելն անհատական է, ամեն մարդ ինքն է որոշում` ինչպես խմի:

- Ձեր աշխատանքային ուղին ԵԿԳ-ում սկսվել է դեռեւս 1989 թ-ին: 2009-ին Դուք կրկին վերադարձաք գործարան՝ այն ղեկավարելու առաքելությամբ:

- Հայաստանից գնալուց հետո կապս գործարանի հետ պահպանվեց, քանի որ Ուկրաինայում եւ Բելառուսում իմ հիմնական գործերից մեկը «Արարատ»-ի վաճառքն էր: 1998-ին, երբ գործարանն անցավ «Պեռնո Ռիկար» խմբին, շատ անսպասելի եւ կտրուկ փոխվեց նաեւ իմ կյանքը. ինձ առաջարկեցին աշխատել իրենց հետ, 1998-ից նշանակվեցի «Պեռնո Ռիկար» խմբի գլխավոր ներկայացուցիչ Ուկրաինայում, Բելառուսում եւ Մոլդովայում, որից հետո ստեղծվեցին «Պեռնո Ռիկար Ուկրաինա» եւ «Պեռնո Ռիկար Մինսկ» մասնաճյուղերը, որոնց գլխավոր տնօրենի պաշտոնում  նշանակվեցի համապատասխանաբար 1999-ին եւ 2000-ին: Մոտ 10 տարի աշխատեցի գլխավոր տնօրենի պաշտոնում:

2009-ին, նորից շատ անսպասելի, խմբի ղեկավարությունը որոշեց ինձ գործուղել Հայաստան: Դա շատ ծանր ժամանակաշրջան էր բրենդի եւ համաշխարհային տնտեսության համար:  Տարածաշրջանում «Պեռնո Ռիկար» խմբի ամենակարեւոր եւ առաջնահերթ արժեքը Երեւանի կոնյակի գործարանն էր: Գործարանի հիմնական ունեցվածքը համաշխարհային ճգնաժամի պայմաններում ավելի ապահով լինելու համար խմբի ղեկավարությունը որոշեց այստեղ «ավագ մենեջեր» ուղարկել: Լինելով տարբեր երկրներում խմիչքների արտադրության սեփականատեր` «Պեռնո Ռիկարը» ամեն ինչ անում է, որ բրենդները իրենց պատմական արմատներից չկտրվեն: Երեւանի կոնյակի գործարանը 10 տարի շարունակ գլխավորում էր ֆրանսիական ղեկավարությունը, մտավախություն կար, որ գործարանն ինչ-որ պահի կարող է կորցնել իր «հայկականությունը»: Արդյունքում որոշվեց, որ ես երկու տարով տեղափոխվեմ Հայաստան: 2009-ին վերադարձա եւ, ինչպես տեսնում եք, արդեն 4-րդ տարին է` Հայաստանում եմ, որի համար իսկապես ուրախ եմ:  

- Ինչպիսի՞ն էր ԵԿԳ-ն 90-ականներին եւ ինչպիսի՞ն է այսօր:

- Տարբերությունն ակնհայտ է: Այն նման է Խորհրդային Միության եւ ազատ շուկայական հարաբերություններով ապրող տնտեսության միջեւ եղած տարբերությանը` դրական եւ բացասական կողմերով: Եթե վերցնենք այն չափանիշները, որոնցով զարգանում էր գործարանը ԽՍՀՄ տարիներին, ապա չկային շուկայական հարաբերություններ, կար մի գործարան, որն արտադրում էր հայկական կոնյակ, եւ մի երկիր, որը սպառում էր այդ արտադրանքը` այլ ապրանքատեսակներ գնելու հնարավորություն չունենալով: Դրանից հետո եկավ քաոսի, տնտեսության եւ շուկաների վերաբաշխման ժամանակը, որին հաջորդեց ազատ շուկայական հարաբերությունների ժամանակաշրջանը, որտեղ յուրաքանչյուր բրենդ պետք է սեփական ունակություններով հարթեր իր ճանապարհը: Համեմատելով՝ պետք է նշենք նաեւ, որ այն ժամանակ ընդամենը մի գործարան էր շշալցնում հայկական կոնյակ, իսկ այսօր այս կատեգորիայում աշխատող շուրջ 34 գործարան ունենք: Այդ տարիներին հայկական կոնյակի խնդիրը ոչ թե վաճառելը, այլ արտադրելն էր, այսօր միանգամայն հակառակ իրավիճակն է:

Հիմնական տարբերությունը, որն, ըստ իս, շատ կարեւոր է, հետեւյալն է. ԽՍՀՄ տարիներին, երբ մենք ասում էինք, որ այս գործարանը պետական է, դրա հիմնական փիլիսոփայությունը գործարանի ոչ մեկինը չլինելն էր: Այսօր գործարանի սեփականատերն աշխարհի ամենախոշոր խմիչք արտադրող խմբերից մեկն է, որն աշխարհով մեկ կուտակած իր փորձն ու հնարավորությունները ներդնում է հայկական կոնյակի եւ «Արարատ» ապրանքանիշի զարգացման նպատակով, ինչը կարեւոր եւ դրական ազդակ է երկրի, կատեգորիայի եւ, իհարկե, «Արարատ»-ի զարգացման համար:

- ԵԿԳ-ի արտադրած կոնյակը Հայաստանի այցեքարտն է ամբողջ աշխարհում: Որպես հայկական բրենդը ներկայացնող ընկերության ղեկավար` ի՞նչ պատասխանատվություն եք կրում Ձեր ուսերին:

-Չգիտեմ` որքանով է դա պատասխանատվություն, որքանով` հաճույք: Իմ եւ  ցանկացած հայ մարդու համար Հայաստանում այսօր ամենագրավիչ պաշտոններից մեկը երեւի թե Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն լինելն է: Իհարկե, պատասխանատվություն կա, կան հարցեր, որոնք ամեն օր պետք է լուծել, մի շարք արարողակարգային հարցեր, բայց այդ ամենի հետ մեկտեղ, երբ դու հասկանում ես, որ աշխարհում մարդիկ որպես հայկական բրենդ գիտեն «Արարատ»-ը, երբ մարդիկ գործարանից ապշած են դուրս գալիս` տեսնելով, որ Հայաստանում կա նման չափանիշներով կազմակերպված արտադրություն եւ բիզնես միավոր, երբ աշխարհում ամենաբարձր կարգավիճակի հասած մարդիկ ընդամենը 15-30 րոպե լինելով այստեղ՝ ամեն տարի Ամանորին ԵԿԳ-ի անձնակազմին շնորհավորական բացիկ են հղում, հաճույքով եւ հպարտությամբ ես կատարում քո աշխատանքը:


Լուսանկարը` ԵԿԳ:

Իմ կարծիքով, ԵԿԳ-ն եւ Հայաստանն այսօր միմյանցից բաժանել չի կարելի: «Արարատ»-ի հաղթարշավն աշխարհով մեկ շարունակելու համար ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանի իմիջը՝ որպես բարձրակարգ ապրանքներ արտադրող երկիր,  բարձրանա: Երբ մենք այստեղ հաջողության հասնենք, այլ հաջողությունների մեծ հնարավորություն կունենանք:

- Գործարան են այցելում համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ դեմքեր. ու՞մ հետ հանդիպումն էր Ձեզ համար առավել հիշարժան:

- Մի քանի տարի առաջ, մինչ իմ Հայաստան գալը, գործարան էր այցելել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ, ինչպես գործարան այցելած մյուս նախագահները, ստացել էր «Արարատ» կոնյակով լի իր տակառը:  Դրանից երկու տարի անց, երբ նա կրկին եկել էր Հայաստան, մեծ պատիվ ունեցա հանդիպել նրան, եւ երբ ներկայացվեցի որպես ԵԿԳ տնօրեն, առաջին հարցերից մեկը, որ նա տվեց ինձ, հետեւյալն էր. «Իսկ ինչպե՞ս է իմ տակառը»: Ինձ համար շատ հաճելի եւ ուրախալի էր, որ գերծանրաբեռնվածության եւ հոգսերի պարագայում անգամ ՌԴ նախագահը չէր մոռացել Երեւանի կոնյակի գործարանի եւ իր տակառի մասին:

- Պարոն Գրիգորյան, իսկ կոնյակի հավաքածու ունե՞ք: Կա արդյո՞ք այն բացառիկ շիշը, որը պահում եք երկար սպասված առիթի համար: Եթե գաղտնիք չէ, ո՞րն է այդ առիթը:

- Եթե լավ փնտրեմ, տարբեր երկրների գործարանների արտադրած յուրահատուկ կոնյակների մի քանի նմուշ ունեմ, որը հավաքածու չեմ կարող անվանել:


Լուսանկարը` ԵԿԳ:

Ճիշտն ասած, հիմա առաջին լավ առիթը, որին սպասում եմ, դստերս` Արփինեի հարսանիքն է: Մի գաղտնիք բացեմ. ունեմ շատ հին ու հազվագյուտ կոնյակի մի շիշ , որը նվեր եմ ստացել Ֆրանսիայում, պատրաստում եմ Արփիիս հարսանիքի օրը նվիրեմ իրենց` խնդրելով, որ պահեն եւ բացեն այն օրը, որը իրենք հարմար կգտնեն: Շատ էի մտածում` ի՞նչ առիթով բացեմ այն, բայց, ինչպես տատիկս էր ասում, ձեռքս չէր գնում:

- Փոխարենը Ձեր աշխատասենյակում փոքրիկ ինքնաթիռների մեծ հավաքածու ունեք: Ինչպե՞ս ծնվեց սերն ինքնաթիռների հանդեպ:

- Ինքնաթիռները վերջին 10 տարիների ընթացքում դարձել են իմ կյանքի ամենակարեւոր բաղկացուցիչներից մեկը: Տարեկան 120-140 ինքնաթիռի տոմս եմ գնում, 3 օրը մեկ մի տեղ եմ մեկնում, բայց ինքնաթիռներից ինչ-որ վախ ունեմ, այնտեղ ինձ այնքան էլ լավ չեմ զգում: Մոտ 10 տարի առաջ, երբ դարձա «Պեռնո Ռիկար»-ի մենեջեր եւ սկսեցի ինքնաթիռից հաճախ օգտվել, շատ էի վախենում, օդաչուին հավասար ասես վարում էի այն, անհանգստանում` ձայնն ի՞նչի փոխվեց, ինչու՞ թափ տվեց… Հետո, ինքս ինձ հանգստացնելու համար, սկսեցի ուսումնասիրել ինքնաթիռի կառուցվածքը, անվտանգության աստիճանը եւ այլն: Աստիճանաբար այն ինձ համար դարձավ հոբբի: Այսօր 200-ից ավելի նմուշ ունեմ, երբեմն նորն եմ գնում, հետո տեսնում, որ այդ նմուշից արդեն ունեմ: Չգիտեմ` հաջորդ պաշտոնս «Պեռնո Ռիկար» խմբում որտեղ կլինի, բայց  կցանկանայի աշխատասենյակս այնպես կահավորված լինի, որ ունեցածս ողջ հավաքածուն կարողանամ տեղավորեմ այնտեղ:

- Աշխատանք, կարիերա, բարեկեցություն՝ շատ բնական ցանկություններ, որոնցով, կարծում եմ, առաջնորդվում է յուրաքանչյուր մարդ: Ի՞նչ եք կարծում, որն է այն բանաձեւը, որը զերծ կպահի մարդուն իր իսկ ցանկությունների գերին դառնալուց:

- Կարծում եմ, ինքդ քո վրա պետք է շատ երկար աշխատես, որպեսզի կարողանաս ցանկությունների կամ ինչ-որ թուլության գերին չդառնալ: Միակ դեղատոմսը ինքդ քեզ տրամադրելն է, որ քո գաղափարների ու սկզբունքների համար ամեն րոպե կարող ես հրաժարվել ամեն ինչից: Մարդը գերի է դառնում վախից, ստրկության նախանշանից, վախենում, որ ցանկությունն անիրականալի դառնալու դեպքում կյանքը կդառնա անիմաստ: Իմ կարծիքով, դա ավելի շատ ենթագիտակցական, քան գիտակցական մակարդակի վրա է:

- Դուք խի՞ստ հայր էք:

- Չեմ կարծում: Չեմ էլ փորձում, քանի որ խստությունը չեմ ընդունում: Ես երբեւիցե չէի ցանկանա, որ իմ դուստրերն ինձանից վախենային, կցանկանայի, որ միակ վախի զգացումը, որ նրանք ունենային իրենց մեջ, ինձ հիասթափեցնելը լիներ: Չէի ասի, թե խիստ կամ պահպանողական հայր եմ, ուղղակի ուզում եմ, որ նրանք ապրեն ճիշտ եւ բարոյական սկզբունքներով, ապրեն այնպես, որ չհիասթափեցնեն իրենց սիրելի մարդկանց:


Արա Գրիգորյանը դստեր հետ
Լուսանկարը` անձնական արխիվից:

- Ձեր տիկնոջը հաճա՞խ եք առանց առիթի ծաղիկ նվիրում:

- Երբ ծաղիկ եմ տեսնում, հիշում, որ կարելի է գնել, գնում եմ, բայց չէի ասի, որ դա պարբերական բնույթ է կրում եւ իմ ամենաուժեղ կողմերից է:

- Մոտենում է ամանորը. տոնական ի՞նչ ավանդույթ կա Ձեր տանը, որը երբեք չի անտեսվում:

-Ավանդույթ են նվերները, որոնք անպայման բոլոր հարազատները պետք է ստանան: Իսկ սեղանին պարտադիր պետք է լինի խոզի գոճին, հնդկահավը, շամպայնը, այն ամենը, ինչ կա Ամանորի հայկական սեղանին, եւ բարի մաղթանքները: Անկախ նրանից` Հայաստանում ենք, թե այլ երկրում, սեղանը պետք է լինի այնպիսին, ինչպես տատիկս էր պատրաստում:

- Ի՞նչ առիթի դեպքում կցանկանայիք, որ հայերն ազգովի կոնյակ խմեն:  

- Նախ կցանկանայի, որ կոնյակ խմենք միշտ: Շատ կուզեի, որ ազգովի, թնդությամբ եւ խնդությամբ բաժակ բարձրացնեինք, երբ Ղարաբաղի հիմնահարցը կլուծվի, երբ մեր հարյուր տարի չլուծված ազգային վերքերը գոնե մի քիչ մխիթարվեն:

Կցանկանայի, որ մենք ազգովի ամեն Նոր տարի «Արարատ»-ի գավաթով միմյանց շնորհավորենք` համոզված լինելով,  որ այս Նոր տարին ավելի լավ ենք ապրելու, քան նախորդը: Երբ այդ միտումը մեր մեջ կարողանանք ֆիքսել եւ շարունակել, ամեն ինչ լավ կլինի:

Արա Գրիգորյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Դիտում՝ 21096
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW