Յուրի Գուսեւ. «Սպորտն ինձ համար միշտ հաղթանակ է»

10.12.2012 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Դուք արդեն երեք տարի է աշխատում եք Հայաստանում. որքանո՞վ  տեւեց հոգեբանական մերման շրջանը, արդյոք եղա՞ն պահեր, երբ ցանկանում էիք հավաքել ճամպրուկներն ու վերադառնալ:

- Անկեղծ ասած, հոգեբանական մերման խնդիր որպես այդպիսին չեմ ունեցել: Հայաստանում միանգամից ունեցա ընկերներ, շատ լավ կառուցվեցին հարաբերությունները գործընկերների հետ, ձեւավորվեց շրջապատ աշխատանքից դուրս: Բնականաբար, յուրաքանչյուր տեղափոխություն ենթադրում է որոշակի կենցաղային հարցերի լուծում, սակայն այստեղ եւս ամեն ինչ շատ հարթ եւ արագ ընթացավ, անհարմարություն բացարձակապես չկար:

Ինչ վերաբերվում է Հայաստանից մեկնելուն, ապա ասեմ, որ այս տարի քննարկվում էր ՎՏԲ Խմբի ներկայության նոր երկրում աշխատանքը շարունակելու հնարավորությունը, եւ այդ պահին ես հասկացա, թե որքան մեծ է այստեղ մնալու իմ ցանկությունը: Իսկ ընտանիքս ընդհանրապես վերջնագիր ներկայացրեց` «մենք ուզում ենք մնալ»:

- Ձեզ համար կանխատեսելի՞ էր նշանակումը բանկի ղեկավարի պաշտոնում:

- Ոչ, բացարձակապես, սա ինձ համար մարտահրավեր էր: Մինչ այսօր էլ կարծում եմ, որ իմ ամբողջ կարիերան Հայաստանում՝ շատ մեծ «ավանս» է ինձ համար ՎՏԲ Խմբի կողմից: Եվ իմ հիմնական խնդիրն է՝ արդարացնել այդ ավանսը:

- «Ղեկավարն այն մարդն է, ով երբեք չի թողնի վաղվան այն գործը, որը կարող է ստիպել ուրիշներին անել այսօր», - եթե հետեւել այս տրամաբանությանը, ապա այնքան էլ դժվար չէ ղեկավար լինել: Ի՞նչ կասեք:

- «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարում շատ լավ դրվագ կա, երբ հերոսուհուն հարցնում են, արդյո՞ք դժվար չէ ղեկավարել 3000 հոգուց բաղկացած կոլեկտիվը, իսկ նա պատասխանում է. «Դժվար է երեք հոգու հետ, իսկ երբ սովորում ես ղեկավարել երեքին, քանակն արդեն նշանակություն չունի»:

Ղեկավարի դերում բոլոր իմ հատկությունները կայանում են նրանում, որ կարողանամ փոխզիջումներ գտնել եւ կառուցել 3-5 աշխատակիցների աշխատանքը: Որպես կանոն, այն թիմը, որի հետ աշխատում ու ղեկավարում ես՝ մեծ չէ, այնուհետեւ կառուցվում է յուրահատուկ հիերարխիկ համակարգը: Գլխավորը՝ կարողանալ կառուցել այնպիսի թիմային հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան արդյունքի հասնել:

- Դժվար չէ՞ ապրել եւ աշխատել հայալեզու միջավայրում:

- Հայաստանում գտնվելուս ողջ ընթացքում ընդամենը 2 անգամ է պատահել, երբ ինձ չեն հասկացել: Հայաստանը մինչ օրս բարեկամական երկիր է ռուսերեն լեզվի համար: Բոլոր մեր գործընկերները բավականին լավ են խոսում ռուսերեն: Հայաստանում աշխատող ռուսաստանյան ընկերությունների գլխավոր առաքելություններից է՝ աջակցել հայ-ռուսական ինտեգրմանը, ընդ որում ոչ միայն գործարար կապերի մակարդակում, այլ ավելի լայն իմաստով, այդ թվում` նաեւ լեզվի առումով:

Բիզնես-հաղորդակցման առումով եւս անհարմարավետություն չեմ զգում, քանի որ Հայաստանի բանկային համակարգի եւ ընկերությունների ղեկավարությունը հանգիստ խոսում է ռուսերեն: Ճիշտ է, կան առանձին ղեկավարներ, որոնք նախընտրում են շփվել անգլերենով, բայց այստեղ եւս ոչ մի խնդիր չեմ տեսնում:

- Գործի բերումով հաճախ եք լինում Հայաստանի մարզերում՝ ո՞րտեղ է Ձեզ ավելի շատ դուր գալիս: Ձեզ կարծիքով, Հայաստանը գրավի՞չ երկիր է զբոսաշրջիկության  համար, մասնավորապես, խորհուրդ կտայի՞ք Ձեր ընկերներին իրենց արձակուրդն անցկացնել Հայաստանում:

- Գրեթե բոլոր իմ մտերիմ ընկերներն արդեն եղել են Հայաստանում, մենք միասին շրջագայել ենք երկրի տարածքով:

Արդեն հասցրել եմ լինել երկրի բոլոր անկյուններում, միակ տեղը, որտեղ դեռ չեմ եղել, դա Մեղրին է: Ինձ շատ է դուր գալիս Նորավանքը: Սիրում եմ Վրաստան տանող ճանապարհը, հատկապես Դիլիջանից հետո՝ Իջեւանը եւ Նոյեմբերյանը:  

- Իսկ ո՞րն է Ձեր ամենասիրած վայրը Երեւանում:

- Օպերայի շենքին հարող տարածքը եւ քաղաքի հին հատվածը՝ Օպերայից մինչեւ «Պոպլավոկ»:

- Ինչպե՞ս եք վերաբերվում հայկական խոհանոցին, Ձեզ հաջողվե՞լ է բացահայտել Երեւանի  «ամենահամեղ վայրը»:

- Անկեղծ ասեմ, որ ինձ ավելի շատ դուր է գալիս ասիականին մոտ խոհանոցը, մասնավորապես` բրնձից պատրաստված ուտեստները: Դրանից բացի, շատ եմ սիրում իտալական խոհանոցը: Եթե խոսենք հայկականի մասին, ապա՝ միանշանակ խաշլաման, ընդ որում` պատրաստված տնային պայմաններում:

- Գիտեմ, որ նախընտրում եք ակտիվ հանգիստ՝ սպորտը Ձեզ համար  մասնակցությու՞ն  է թե՞ հաղթանակ:

- Սպորտն ինձ համար միշտ հաղթանակ է, շատ եմ տխրում, երբ պարտվում եմ: Ինձ համար մեծ ողբերգություն է, երբ պարտվում է բանկի ֆուտբոլի հավաքականը:

6 տարեկանից ֆուտբոլ եմ խաղում, զբաղվում եմ ծանրամարտով, վերջին տարիներին սկսեցի զբաղվել նաեւ լեռնադահուկային սպորտով: Վերջերս ինձ համար բացահայտեցի վինդսերֆինգը: Հայաստանում 3 տարի ապրելուց հետո միայն իմացա, որ Սեւանում գործում է սերֆինգի ակումբ, ընդ որում, շատ լավ պայմաններով:  

- Պատմեք Ձեր ընտանիքի մասին: Ձեր որդին Հայաստանու՞մ է ծնվել:

- Այո, տղաս Հայաստանում է ծնվել, նա արդեն 2.5 տարեկան է: Ի դեպ, ամուսնացել եմ եւս Հայաստանում, ամուսնության արարողությունը կազմակերպվել էր Ռուսաստանի դեսպանատանը: Կուզենայի ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքիս, ինչը, ցավոք, միշտ չէ, որ ստացվում է:

Ծնողներս, եղբայրս ու քույրս ապրում են Ռուսաստանում, հաճախ են լինում Հայաստանում: Եղբայրս լեռնադահուկային սպորտի մեծ սիրահար է, հունվարին նախատեսում ենք հանդիպել եւ նվիրել մեզ այդ զբաղմունքին:

- Նորից վերադառնանք գործերին: Եթե դուրս գանք ֆինանսական համակարգի շրջանակներից եւ դիտարկենք հայաստանյան շուկան մասնավոր ներդրողի աչքերով, ապա ո՞ր բիզնեսում է, ըստ Ձեզ,  այսօր ավելի ճիշտ ներդրում կատարել:

- Անհերքելի է՝ հայերը գենետիկորեն շատ խելացի ազգ են եւ հենց այդ պատճառով էլ առաջին հերթին պետք է ներդրում կատարել մարդկային կապիտալի մեջ, մասնավորապես, հայկական սթարթափերի մեջ, որոնք գործում են բարձր տեխնոլոգիաների եւ IT ոլորտներում՝ Հայաստանում գլոբալ խնդիրների աութսորսինգը կազմակերպելու հեռանկարով:

Երկրորդը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, դա գյուղատնտեսության ոլորտն է: Ես այն կանվանեի հայկական «նավթ»: Այն նախագծերը, որոնք ֆինանսավորվում են մեր բանկի կողմից, ցույց են տալիս, որ ճիշտ կազմակերպված գյուղատնտեսությունը, այդ թվում` ջերմոցային տնտեսությունը, կարող է շատ հետաքրքիր լինել:

Դրանից բացի, Հայաստանում մեծ ներուժ ունի հանքարդյունաբերությունը, միայն թե պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել բիզնեսի եւ բնապահպանության տեսանկյունից:

- Ո՞րտեղ եք պատրաստվում դիմավորել Նոր Տարին եւ ի՞նչ խնդրանքով եք դիմելու Ձմեռ Պապուն:

- Դիմավորելու եմ Երեւանում, հունվարին նախատեսում ենք կարճատեւ հանգստի մեկնել, դեռ չենք որոշել՝ ուր, բայց մեծ ցանկություն կա ծովափին հանգստանալ:

Իսկ Ձմեռ Պապիկից կխնդրեմ ավելի շատ ազատ ժամանակ, որպեսզի այն ընտանիքիս նվիրեմ:

Յուրի Գուսեւի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 12672
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW