Հունիսի 24-ին Երեւանում կկայանա Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան Բանկի (ՍԱԶԲ) տարեկան ժողովը, որին նախորդելու է բանկի կողմից կազմակերպված գործարար համաժողովը, որտեղ ներկայացվելու են մեր երկրի ներդրումային հնարավորությունները: Հայաստանն այս միջազգային ֆինանսական կազմակերպության հիմնադիրներից մեկն է, որի հիմնական առաքելությունն է՝ աջակցել անդամ երկրների տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանային համագործակցությանը՝ պետական եւ մասնավոր հատվածներին առեւտրային եւ ծրագրային ֆինանսավորման տրամադրման միջոցով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի մասնաբաժինը բանկի կանոնադրական կապիտալում կազմում է ընդամենը 1%, մեր երկրի տեսակարար կշիռը բանկի պորտֆելում կազմում է 4,6% (6-րդ տեղը 11 անդամ երկրների շարքում): Հայաստանում ԱԶՍԲ-ի ծրագրերի, ինչպես նաեւ Երեւանում կայանալիք միջոցառումների մասին Մեդիամաքս-ի եւ Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել է բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը:- Պարոն Կոնդակով, որո՞նք են ԱԶՍԲ-ի տարեկան ժողովում քննարկվելիք հիմնական հարցերը, եւ արդյո՞ք ժողովի անցկացման երկիրը որոշելիս առաջնորդվում եք ռոտացիոն սկզբունքով, թե՞ կան այլ պատճառներ:- Բանկի կառավարիչները, որպես կանոն, հանդիպում են ամեն տարի, եւ այս հանդիպումների ընթացքում, որոնք սովորաբար տեղի են ունենում հունիսին, քննարկվում են բանկի գործունեության առավել կարեւոր ռազմավարական հարցերը: Այդպիսիք են բանկի միջնաժամկետ ռազմավարության կատարման ընթացքը 2011-2014թթ. համար, բանկի նոր տարեկան բյուջեն, մեր զեկույցն այն մասին, թե ինչ ազդեցություն է թողնում բանկի վրա Հունաստանում եւ եվրագոտում տիրող իրավիճակը եւ պետք են արդյո՞ք շտկող միջոցառումներ: Կարծում ենք, դրանց անհրաժեշտությունը դեռ չկա. բանկը զարգանում է այնպես, ինչպես ծրագրվել էր, 7 տարի անընդմեջ մենք գրանցում ենք զուտ շահույթի շատ լավ ցուցանիշներ:Ինչ վերաբերում է համաժողովի եւ տարեկան ժողովի անցկացման վայրին, այն որոշվում է այբբենական կարգով:- Որքանո՞վ է, ըստ Ձեզ, հավանական բանկի ռազմավարության փոփոխությունը հունական ճգնաժամի պատճառով:- Հունական ճգնաժամը սպեցիֆիկ է, եւ այն հազիվ թե ազդի բանկի ռազմավարության վրա, թեեւ որոշակի հոգեբանական գործոն առկա է, քանի որ մեր որոշ պոտենցիալ ներդրողներ այնքան էլ լավ չեն հասկանում, որ բանկը միջազգային կազմակերպություն է` ուղղակի տեղակայված Հունաստանում: Մեր հունական պորտֆելն այնքան էլ մեծ չէ, եւ այնտեղ խնդիրներ չենք տեսնում:Այլ հարց է, որ բանկի ռազմավարությունը նախատեսում էր բավականին ագրեսիվ աճ` տարեկան մոտ 15%: Նույնիսկ եթե խնդիրներն ազդեն մեզ վրա, ապա դա կվերաբերի միայն աճի տեմպին. գործառույթների դադարեցման կամ որեւէ կրճատումների մասին խոսք չի գնում:- Անցյալ տարի Հայաստան Ձեր այցի ժամանակ Դուք նշել եք, որ հունիսին կայանալիք գործարար համաժողովի նպատակն է ցույց տալ Հայաստանը, որպես հետաքրքիր ներդրումային հնարավորություններով երկիր: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ շնորհիվ է Հայաստանն ի վիճակի ներգրավել մեծածավալ արտասահմանյան ներդրումներ, եթե հաշվի առնենք նրա փոքր շուկան եւ համեմատաբար մեկուսացված լինելը: Ինչո՞ւմ եք տեսնում մեր երկրի առավելությունները՝ ի համեմատություն տարածաշրջանի այլ երկրների:- Համաժողովը կկայանա հունիսի 22-ին՝ բանկի Տնօրենների խորհրդի եւ կառավարիչների նիստի նախորդ օրը: Նման համաժողովները դարձել են մեր տարեկան հանդիպումների բաղկացուցիչ մասը: Մենք ուզում ենք, որպեսզի այս ֆորումին ցուցադրվեն ձեր երկրի ներդրումային հնարավորությունները:Իրոք, ներդրումային հնարավորություններն այստեղ սահմանափակ են, եւ հենց դա է, որ թույլ չի տալիս երկրին հանգստանալ` ստիպելով նրան ակտիվ եւ ուշադիր աշխատել տնտեսության հետագա զարգացման վրա: Առաջին հերթին, ձեզ մոտ լավ մակրոտնտեսական ցուցանիշներ են, Հայաստանը այն հազվադեպ երկրներից է, որտեղ առավել արագ տեղի ունեցավ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարումը, ՀՆԱ-ն 2011-ին աճել է 4.6%-ով, երկրում ցածր գնաճ է, ինչը մեզ համար շատ կարեւոր ցուցանիշ է, ինչպես նաեւ դուք ունեք չափավոր պետական պարտք:Ներդրումային ոլորտը, որտեղ մենք մեզ հարմարավետ ենք զգում, Հայաստանի բանկային համակարգն է, որը շատ գրագետ է կառավարվում: Բանկերը բավականին կայուն են, թափանցիկ եւ կանխատեսելի: Մենք օգտագործում ենք նրանց որպես ֆինանսական միջնորդների, որոնք իրենց հերթին վարկավորում են փոքր ու միջին ձեռնարկատիրությունը: Մենք նաեւ ուզում ենք փորձարկել Հայաստանում հիփոթեքային վարկավորումը եւ նորաստեղծ Կովկասյան ներդրումային հիմնադրամի միջոցով ձեռնարկությունների ֆինանսավորումը:Իրական հատվածում մենք աշխատում ենք սննդարդյունաբերության եւ ագրոբիզնեսի հետ եւ շարունակելու ենք մեծացնել մեր պորտֆելն այս ոլորտներում: Մանրածախ հատվածում մենք աշխատում ենք SAS ընկերության հետ: Անցյալ տարի ընկերությունն որոշեց ընդլայնել իր բիզնեսը դեպի Վրաստան՝ բացելով այնտեղ Next հագուստի խանութների ցանց: Ցանցի խանութներից մեկը գտնվում էր Թբիլիսիում մեր հյուրանոցի հարեւանությամբ: Որոշեցինք մտնել այնտեղ եւ հանդիպեցինք հերթի:Նշեմ նաեւ, որ մենք գտել ենք բավականին հետաքրքիր նախագիծ հեռահաղորդակցության ոլորտում: Դա մի ընկերության ուղիղ ծրագրային ֆինանսավորում է լինելու, որի շնորհիվ այն բարելավելու է Հայաստանում լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքը:- Որքան հայտնի է, վերոհիշյալ Կովկասյան ներդրումային հիմնադրամը զբաղվելու է հեռանկարային ընկերությունների կապիտալի ֆինանսավորմամբ: Միջոցների ի՞նչ ծավալ է ԱԶՍԲ-ն տրամադրել հիմնադրամին, եւ ինչպիսի՞ նախագծեր են այս հիմնադրամի շրջանակներում լինելու Ձեր ուշադրության կենտրոնում:- Հիմնադրամը գործարկվել է ապրիլի 27-ին, եւ Հայաստանը դարձել է դրա մեկնարկի երկիրը: Հիմնադրամի կապիտալը $40 մլն է, որից $10 մլն-ը մեր բանկի մասնաբաժինն է: Առաջիկայում հիմնադրամի կապիտալը նախատեսվում է հասցնել $70 մլն-ի: Այն մասնագիտանալու է մասնավոր հատվածի փոքր ու միջին ձեռնարկություններում ներդրումների վրա:- Անցյալ տարի ԱԶՍԲ-ի ներդրումները Հայաստանում կազմել են €15 մլն: Ներդրումների ինչպիսի՞ ծավալ եք նախատեսում մեր երկրում այս տարի:- Հայաստանում մենք նախատեսում ենք կրկնապատկել մեր պորտֆելի ծավալը 4 տարվա ընթացքում: ԱԶՍԲ-ն այստեղ ֆինանսավորել է 12 ծրագիր՝ €50 մլն ընդհանուր ծավալով: Եթե մեզ հաջողվի այս տարի իրականացնել այն նախագծերը, որոնց վրա մենք հիմա աշխատում ենք, ներդրումների ծավալը կկազմի նվազագույնը կրկին €15 մլն, իսկ հնարավոր է՝ նույնիսկ ավելի շատ:Ընդհանուր առմամբ, մենք մեզ բավականին հարմարավետ ենք զգում Հայաստանում, բարձր մակարդակի երկխոսություն ունենք ձեւավորված կառավարության եւ Կենտրոնական բանկի հետ:- Անցյալ տարի բանկը ՀՀ կառավարության հետ համաձայնեցրել է Հայաստանի վերաբերյալ իր նոր ռազմավարությունը: Հայտնի է, որ կառավարությունը բանկի ուշադրությունը հրավիրել է ագրոբիզնեսի՝ որպես առաջնահերթության ֆինանսավորման վրա: Ինչպիսի՞ զարգացումներ կան այս ուղղությամբ: - Մենք արդեն մի քանի ծրագրեր ունենք ագրոբիզնեսի ոլորտում: Նաթֆուդ ընկերության հետ աշխատում ենք մսամթերք արտադրող գործարանի կառուցման ուղղությամբ, որը շուտով կգործարկվի: Մենք ֆինանսավորում ենք նաեւ Եվրոթերմ ընկերությանը, որն արտադրում է գյուղատնտեսական ապրանքների փաթեթավորման պարագաներ: Սննդարդյունաբերության ոլորտում մեր կողմից ֆինանսավորված նախագծերից է նաեւ Beer of Yerevan գարեջրի գործարանը:- Ինչպիսի՞ հիմնական նմանություններ եւ տարբերություններ եք զգում հարավկովկասյան երեք հանրապետություններում աշխատելիս: - Բոլոր երեք երկրներում էլ մեզ հարմարավետ ենք զգում: Բոլոր հանրապետություններում մենք սկսել ենք բանկային հատվածից, սակայն եթե Վրաստանում եւ Ադրբեջանում բանկային հատվածը շարունակում է գերիշխել, Հայաստանում մեզ հաջողվել է դիվերսիֆիկացնել մեր պորտֆելը տնտեսության իրական հատվածի հաշվին:Այնպես է ստացվել, որ մենք կարողացանք հետաքրքիր ծրագրեր գտնել Հայաստանի իրական հատվածում, եւ ուզում ենք հասնել նույնին նաեւ Ադրբեջանում ու Վրաստանում: Անդրեյ Կոնդակովի հետ զրուցեց Ռուբեն Հարությունյանը Tweet Դիտում՝ 11396