Top-10 բանկային իրադարձությունները 2011-ին

28.12.2011 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մոտենում է ավարտին 2011 թվականը: Ինչպիսի՞ն էր այն Հայաստանի բանկային համակարգի համար, որո՞նք էին գլխավոր ձեռքբերումները եւ չօգտագործված հնարավորությունները: Կարծում ենք, այս հարցերի պատասխանները մենք դեռ կստանանք բանկային ոլորտը կարգավորող վերլուծաբանների, միջազգային կառույցների  եւ հենց իրենց` շուկայի մասնակիցների կողմից:

Ակնկալում ենք, որ բանկերի տարեկան ամփոփումները կլինեն առավելագույնս օբյեկտիվ եւ անկեղծ, ձեռքբերումներից բացի կներկայացվեն նաեւ հնարավոր բացթողումները, կբարձրաձայնվեն այս կամ այն հիմնահարցերը: 

Մինչ այդ փորձեցինք Banks.am-ի լրահոսից առանձնացնել անցնող տարվա առավել նշանակալից 10 բանկային իրադարձությունները:

Ամենախոշոր արտաքին վարկային ներհոսքերը

- Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համար բացեց  $ 20 մլն-ի վարկային գիծ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ գյուղատնտեսության ֆինանսավորման համար:

- Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Ամերիաբանկին 5 տարի ժամկետով $20 մլն-ի չափով վարկ  տրամադրեց փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար:  

Կապիտալի ամենասրընթաց աճը


- 2011 թվականի առաջին եռամսյակում Պրոմեթեյ Բանկի կանոնադրական կապիտալը կրկնապատկվեց՝ 7.2 մլրդ-ից աճելով մինչեւ 14.4 մլրդ դրամ` «Պրոմեթեյ-Սիթի» ռուսաստանյան ընկերության մասնակցության հաշվին:

Հրապարակված ամենախոշոր բիզնես վարկը


- ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարեց «Միկա» ընկերությունների խմբին տարբեր նախագծերի ֆինանսավորման նպատակով $20 մլն-ի վարկային գիծ տրամադրելու մասին:

«Ամենամարզային» սոցիալական ծրագիրը


- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իրագործեց «Կինոթատրոն անիվների վրա» նախագիծը՝ Հայաստանի սահմանամերձ եւ հեռավոր բնակավայրերի բնակիչների համար: Նախագիծն իրագործվեց Հայաստանի 5 մարզերի 28 բնակավայրերում:

«Ամենաերեւանյան» սոցիալական ծրագիրը

- Արդշինինվեստբանկը իրականացրել է Երեւանի Հաղթանակի կամուրջի գեղարվեստական լուսավորության հովանավորչությունը` Երեւանի քաղաքապետարանին հատկացնելով 15 մլն դրամ:

«Ամենակրթական» բանկային ծրագիրը

- Հայաստանում մեկնարկեց ՊրոԿրեդիտ Բանկի «Երիտասարդ Բանկիրների ծրագիրը»:  Վեց ամիս տեւողությամբ ծրագրին մասնակցում են մրցութային կարգով ընտրված 24 երիտասարդներ: Նրանք տարբեր բուհերի տնտեսագիտական եւ տեխնիկական ֆակուլտետների շրջանավարտներ եւ մագիստրատուրայի ուսանողներ են:

«Ամենահամատեղ» ծառայությունը

Անելիք Բանկը  եւ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ Հայաստանում առաջարկում են մաքսային վճարումները կատարել Անելիք Բանկի «Բանկ-Հաճախորդ» էլեկտրոնային համակարգի միջոցով (ինտերնետ բանկինգ):

«Ամենանորաձեւ» պրոդուկտը


-  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկեց American Express Blue քարտը: Քարտի նորաձեւ դիզայնը ստեղծված է American Express-ի կողմից արտոնագրված հատուկ տեխնոլոգիայով: Սա միակ քարտն է Հայաստանում, որը ստեղծվել է այս տեխնոլոգիայի կիրառմամբ:

«Ամենաերկարաձգված»  գործընթացը

- Այս տարվա հունիսին Համահայկական բանկը լիցենզիա ստացավ: Մինչդեռ ակնկալվում էր, որ Համահայկական բանկը կստեղծվի մինչեւ 2008 թվականի վերջը:

Ամենանոր խաղացողը

- Ընթացիկ տարվա նոյեմբերի 21-ին Հայաստանում գրանցվեց «Rietumu բանկ» ԲԸ ներկայացուցչությունը:  Բանկը Լատվիայի ամենախոշոր բանկերից է եւ ակտիվ գործունեություն է ծավալում արտերկրում: 

Եվ  ամենակարեւորը. անցնող տարին առանձնացավ բանկերի կողմից երեխաների հանդեպ ցուցաբերած ուշադրությամբ: Մենք միտումնավոր չենք առանձնացնում այս ուղղությամբ իրագործված ծրագրերը, կարծելով, որ յուրաքանչյուրն ամենակարեւորն էր, եւ չկա այն սանդղակը, որով հնարավոր է չափել մեր մանուկների աչքերի փայլը: 
  

Դիտում՝ 8756
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai