Ներկայացնում ենք Մյունխենի տեխնիկական համալսարանի Կառավարման դպրոցի միջազգային տնտեսագիտության պրոֆեսոր Դալիա Մարինի հոդվածը:Դալիա ՄարինՆոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետ Փոլ Կրուգմանը կարեւոր բանավեճ է սկսել՝ կասկածի տակ դնելով, թե արդյոք Եվրոպան իսկապես անկում է ապրում, ինչպես իր Եվրոպայի մրցունակությանը նվիրված 2024 թվականի զեկույցում պնդում էր Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ եւ Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին։Մի քանի մեկնաբանություններում Կրուգմանը ցույց է տալիս, որ երբ Եվրոպայի հարաբերական ՀՆԱ-ն չափվում է ընթացիկ գնողունակության համարժեքության (PPP) գներով (այսինքն՝ ՀՆԱ-ն ճշգրտվում է՝ հաշվի առնելով երկրների միջեւ գների ընդհանուր մակարդակների տարբերությունները), այլ ոչ թե հաստատուն գներով հաշվարկված մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշներով, ապա Եվրոպան Միացյալ Նահանգների համեմատ բավականին լավ դիրքեր է պահպանում։ Հետեւաբար, Եվրոպան չպետք է չափազանց մտահոգվի, որ տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից զիջում է, այլ արժեւորի այն կենսամակարդակը, որին հասել է։ Եթե ցանկանում ենք պարզել, թե որտեղ է կենսամակարդակը ավելի բարձր, ապա համապատասխան չափանիշը եկամտի գնողունակությունն է, այսինքն՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ հաշվարկված ընթացիկ գնողունակության համարժեքության (PPP) գներով։Այս չափանիշի համաձայն՝ Եվրոպան չի զիջում ԱՄՆ-ին։ Սակայն, ինչպես նշում է Կրուգմանը՝ սա առաջացնում է մի էմպիրիկ հանելուկ. ինչպե՞ս կարող են եվրոպացիները վայելել նույն կենսամակարդակը, ինչ ամերիկացիները՝ չնայած արտադրողականության զգալիորեն դանդաղ աճին, որն արտացոլվում է հաստատուն գներով հաշվարկված մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճի ավելի ցածր տեմպերով։Հաստատուն գներով հաշվարկված ՀՆԱ-ն արտացոլում է արտադրողականության աճը ժամանակի ընթացքում, քանի որ այն չափում է մեկ աշխատաժամի ընթացքում արտադրված արտադրանքի ծավալը։ Ինչպես ընդգծել է Դրագին, ԱՄՆ-ում արտադրողականության աճի հիմնական շարժիչ ուժը եղել է Սիլիկոնյան հովիտը: ԱՄՆ-ը արտադրում եւ սպառում է առաջատար բարձր տեխնոլոգիական արտադրանք, մինչդեռ Եվրոպան հիմնականում ոչ թե արտադրում, այլ սպառում է դրանք։ Եթե հաշվարկից բացառենք Սիլիկոնյան հովիտը, ապա երկու տարածաշրջանների միջեւ արտադրողականության տարբերությունը մեծ մասամբ կվերանա։Ի պատասխան՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի տնտեսագետ Լուիս Գարիկանոն ասաց, որ Կրուգմանի փաստարկը թերի է, քանի որ այն հաշվի չի առնում Սիլիկոնյան հովտի նորարարության դրական անուղղակի ազդեցությունը տնտեսության վրա, ինչի արդյունքում ԱՄՆ տնտեսության տարբեր հատվածներում աշխատողները զգալիորեն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան Եվրոպայում նրանց համադրելի գործընկերները։ Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետ Ֆիլիպ Ագիոնը, HEC Paris-ի Անտոնեն Բերժոն եւ Լուիս Գարիկանոն նաեւ պնդեցին, որ Կրուգմանը հիմնվում է արտադրողականության սխալ չափանիշի վրա։ Լուսանկարը՝ Reuters Բայց արդյո՞ք եվրոպացիների կենսամակարդակի համար իսկապես կարեւոր է, թե որտեղ է տեղի ունենում նորարարությունը։ Նորարարությունը, անշուշտ, կարեւոր է տնտեսական աճի համար, սակայն պարտադիր չէ, որ այն նույնքան կարեւոր լինի երկրի կենսամակարդակի համար: Սիլիկոնյան հովտում արտադրված ապրանքները ներքին եւ միջազգային մրցակցության պատճառով ժամանակի ընթացքում շարունակաբար էժանացել են, ինչը ՏՏ ընկերություններին ստիպում է արտադրողականության աճի շնորհիվ ստացած օգուտները փոխանցել սպառողներին՝ ավելի ցածր գների տեսքով։Արդյունքում, եվրոպացի սպառողների գնողունակությունն աճել է ամերիկացի սպառողների գնողունակության հետ մեկտեղ: Եվրոպան օգուտ է քաղել այլ երկրներում մշակված տեխնոլոգիաների կիրառումից: Կրուգմանի «պարադոքսը» լուծվում է. եվրոպացիները մեկ աշխատաժամում ավելի քիչ արտադրանք են ստեղծում, քան ամերիկացիները, սակայն նրանց եկամուտը, այնուամենայնիվ, թույլ է տալիս է ապահովել գրեթե նույն սպառման մակարդակը, քանի որ եվրոպացիները օգուտ են քաղել ԱՄՆ-ի հետ առեւտրից։Այս փաստարկը հիմնավորվում է Ջին Գրոսմանի (Փրինսթոնի համալսարան) եւ Էլհանան Հելփմանի (Հարվարդի համալսարան) հիմնարար աշխատությամբ, որն ուսումնասիրում է համաշխարհային նորարարական գործընթացներում ներգրավված երկրների տնտեսական աճն ու բարեկեցությունը պայմանավորող գործոնները։ Նորարարության ոլորտում հետ մնացող երկիրը, ինչպիսին Եվրոպան է, կարող է կորցնել համաշխարհային շուկաների շարունակաբար աճող մասնաբաժինը, իսկ նրա տնտեսական աճի տեմպերը կարող են դանդաղել, քանի որ միջազգային մրցակցությունը վերացնում է նորարարական ջանքերի կրկնօրինակումը: Այնուամենայնիվ, չնայած տնտեսական աճի ավելի դանդաղ տեմպերին, այդ երկիրը կարող է բարելավել իր տնտեսական բարեկեցությունը, քանի որ մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների միջեւ միջազգային մրցակցությունը հնարավորություն է տալիս սպառողներին օգտվել առավել նորարարական երկրում ստեղծվող նորարարություններից։Կարճ ասած՝ եվրոպացի սպառողները կարող են օգտվել Սիլիկոնյան հովտում ստեղծված ապրանքների բոլոր առավելություններից: Ամերիկյան ընկերությունների բարձր մենաշնորհային շահույթները չեն փոխում այս եզրակացությունը, քանի դեռ ՏՏ ոլորտի գները Եվրոպայում նվազում են նույն չափով, ինչ ԱՄՆ-ում, ինչը մեծ մասամբ այդպես է։Սակայն Եվրոպան իսկապես պետք է մտահոգվի տնտեսական աճի ցուցանիշներով: Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը՝ Գերմանիան, 2019 թվականից ի վեր լճացման մեջ է՝ ըստ հաստատուն գներով հաշվարկված ՀՆԱ-ի: Գերմանիայի թույլ տնտեսական ցուցանիշները ավելի շատ պայմանավորված են Չինաստանի, քան ԱՄՆ-ի գործոնով՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին: Լուսանկարը՝ REUTERS Գերմանիայի տնտեսության շրջադարձային պահը մոտավորապես համընկավ Չինաստանի տեխնոլոգիական ներուժի արագ աճի եւ բարձրարժեք արտահանման սրընթաց ընդլայնման հետ, ինչի վկայությունն է այն, որ այսօր Չինաստանը համարվում է կանաչ եւ թվային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային նորարարության առաջատար։Սա ծանր հարված է հասցրել Գերմանիային, քանի որ Չինաստանն այժմ մրցակցային լուրջ մարտահրավեր է նետում գերմանական գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների (R&D) մի շարք առանցքային ճյուղերին, այդ թվում՝ ավտոմոբիլաշինությանը, հաստոցաշինությանը եւ քիմիական արդյունաբերությանը: Քանի որ Գերմանիան համաշխարհային շուկայական դիրքերը զիջում է Չինաստանին հենց այս առանցքային ոլորտներում, տնտեսական աճը կանգ է առել։ Եթե այս միտումը շարունակվի, Գերմանիան, իսկ ավելի լայն իմաստով՝ Եվրոպան, կարող են տուժել ոչ միայն նորարարությունների, այլ նաեւ կենսամակարդակի առումով՝ նույնիսկ օգտվելով չինական էլեկտրական մեքենաների եւ հաստոցների ավելի էժան ներմուծումից։Տնտեսական աճը կախված է արտադրության գործոնների՝ մասնավորապես աշխատուժի եւ ֆիզիկական կապիտալի ծավալից, որոնք տնտեսությունն օգտագործում է արտադրանք ստեղծելու համար։ ԱՄՆ-ում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն մասամբ ավելի բարձր է, քանի որ ամերիկացիներն ավելի շատ են աշխատում: Գերմանիայում, սակայն, աշխատանքի ծավալը մյուս երկրների համեմատ ցածր է. աշխատողները տարեկան միջինում աշխատում են մոտ 1350 ժամ, մինչդեռ Ֆրանսիայում այդ ցուցանիշը կազմում է 1500, իսկ ԱՄՆ-ում՝ 1800 ժամ։Յոթ տարվա տնտեսական լճացումից հետո կենսամակարդակի անկմամբ մտահոգված՝ Գերմանիայի իշխանությունները նախատեսում են ավելացնել աշխատաժամերի քանակը: Մասնավորապես, նրանք ցանկանում են խթանել կանանց մասնակցությունը աշխատաշուկայում՝ վերացնելով այն հարկային արտոնությունները, որոնք խրախուսում են մայրերին մնալ տանը:Սրա մեջ որոշակի տրամաբանություն կա։ Գերմանիայում տարեկան միջին աշխատաժամերի քանակը համեմատաբար ցածր է, քանի որ շատ կանայք աշխատաշուկա են մուտք գործել կես դրույքով զբաղվածությամբ, ինչը բարձրացրել է աշխատուժի մասնակցության մակարդակը։ Միեւնույն ժամանակ, դա նվազեցրել է մեկ աշխատողի հաշվով աշխատած ժամերի միջին քանակը։ Գերմանիան Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) երկրների շարքում ունի աշխատուժի մասնակցության ամենաբարձր մակարդակներից մեկը, սակայն տարեկան միջին աշխատաժամերի ցուցանիշը ամենացածրերից է։Ցավոք, աշխատանքի ծավալի ավելացումը դժվար թե բավարար լինի Գերմանիայի տնտեսությունը վերակենդանացնելու համար։ Երկարաժամկետ տնտեսական աճը պայմանավորող ամենակարեւոր գործոնը երկրի՝ նորարարություններ ստեղծելու եւ նոր գաղափարներ գեներացնելու կարողությունն է։ Այնուամենայնիվ, Գերմանիան կանգնած է մեծ վտանգի առաջ՝ Չինաստանին կորցնելու հենց այն ոլորտները, որոնք պատմականորեն եղել են նրա տնտեսական հաջողության շարժիչ ուժը, քանի որ այդ ոլորտներում վերջին տարիներին իրականացված նորարարությունների մեծ մասը տեղի է ունեցել Չինաստանում։ Գերմանիայի եւ Եվրոպայի համար խնդիրը միայն տնտեսական աճը չէ (մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ հաստատուն գներով). վտանգված է նաեւ նրանց կենսամակարդակը (մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ գնողունակության համարժեքության (PPP) գներով։ Կրուգմանի սկսած բանավեճը, վերջին հաշվով, ընդգծում է տնտեսական աճի եւ տնտեսական բարեկեցության միջեւ տարբերությունը։ Չնայած նորարարության ոլորտում Եվրոպան հետ է մնում Միացյալ Նահանգներից, այն կարողացել է պահպանել կենսամակարդակը՝ հիմնականում այն պատճառով, որ գլոբալիզացիան եվրոպացի սպառողներին հնարավորություն է տվել օգտվել այլ երկրներում ստեղծված տեխնոլոգիական առաջընթացից։Սակայն չի կարելի ենթադրել, որ այս առավելությունը հավերժ կպահպանվի։ Ինչպես ցույց է տալիս Գերմանիայի փորձը, նորարարական կարողությունների եւ արդյունաբերական մրցունակության երկարատեւ կորուստը, ի վերջո, կարող է հանգեցնել տնտեսական աճի դանդաղմանը, եկամուտների նվազմանը եւ կենսամակարդակի անկմանը։Աշխատուժի առաջարկի աճը կարող է ժամանակավորապես խթանել արտադրությունը, սակայն այն չի կարող փոխարինել նոր տեխնոլոգիաների եւ տնտեսության նոր ճյուղերի ստեղծմանը։ Եվրոպայի երկարաժամկետ բարգավաճման գրավականը ոչ թե ավելի շատ աշխատելն է, այլ տեխնոլոգիական առաջնագծում նորարարելու եւ մրցակցելու իր կարողության վերականգնումը։Թարգմանությունը՝ Լիլիթ ԽաչատրյանիԱյս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է«Յունիբանկի» գործընկերությամբ: Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն:Copyright: Project Syndicate, 2026.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 361