Փիրուզ Սարգսյան. «Զեղծարարությունների դեպքեր ԱՊՊԱ-ի գծով դեռեւս չեն արձանագրվել»

12.06.2011 | 21:57 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին

- Ս.թ. մարտի կեսերին Դուք նշել էիք, որ ԱՊՊԱ-ի մասով ստացել եք 29 գրավոր դիմում-բողոքներ, ինչը, համաձայնեք, շատ փոքր թիվ է նոր եւ, ըստ էության, ամենամասսայական ֆինանսական ծառայության համար: Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր եւ կարելի՞ է ասել, որ հաճախորդների բողոքները հիմնականում արդարացված են: 

- ԱՊՊԱ-ին վերաբերող հաճախորդների բողոքների ոչ մեծ թիվը, կարծում եմ, նախ եւ առաջ կապված է այն հանգամանքի հետ, որ մինչեւ ԱՊՊԱ համակարգի ներդնումը մեծ ջանքեր են գործադրվել` ուղղված կուռ եւ գործող համակարգ ունենալուն: 

Բացի այդ, համաձայն ապահովագրական ընկերությունների տվյալների` ապահովագրական պատահարների 67-70%-ը կարգավորվում են կողմերի միջեւ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով: Սա պայմանավորված է ինչպես պատահարների արդյունքում հասցված վնասի փոքր չափով, այնպես էլ այն հանգամանքով, որ ավտոսեփականատերերը խուսափում են դիմել ճանապարհային ոստիկանությանը`լրացուցիչ քաշքշուկներից զերծ մնալու համար:

Հաշտարարի գրասենյակը 06.06.2011թ.-ի դրությամբ ստացել է ԱՊՊԱ-ի հետ կապված 61 բողոք:  Վերոնշյալ բողոքների մեծ մասը լուծվել է հաճախորդի կողմից ապահովագրական ընկերություն բողոք-պահանջ ներկայացնելուց անմիջապես հետո` առանց Հաշատարարի միջամտության: Հաշտարարի կողմից վարույթ ընդունված պահանջ-դիմումները հիմնականում վերաբերում են ապահովագրական ընկերության որոշմամբ սահմանված հատուցման չափի հետ համաձայն չլինելուն: Պետք է նշել, սակայն, որ ընկերության նշած հատուցման չափի եւ գրասենյակի կողմից ներգրավված փորձագետի որոշած չափի միջեւ շեղումները էական չեն եղել (10,000 – 20,000 ՀՀ դրամի սահմաններում):

- Որո՞նք են ապահովագրական ընկերությունների կողմից հաճախորդների իրավունքների խախտման առավել հաճախ հանդիպող դեպքերը: 

- Բողոքների մեծամասնությունը վերաբերում է ապահովագրական ընկերության կողմից իրականացված փորձաքննության արդյունքների հետ համաձայն չլինելուն: Վերոնշյալ դեպքերում հաճախորդները իրենց ծանոթ մասնագետներից ճշտում կատարելուց հետո պարզում են, որ ապահովագրական ընկերության որոշման մեջ նշված գումարը բավարար չէ մեքենան վերականգնելու համար: Հենց այդ ժամանակ էլ դիմում են Հաշտարարին: Սակայն, ինչպես արդեն նշվեց, ապահովագրական ընկերության փորձագետի եւ գրասենյակի կողմից ներգրավված փորձագետի մատնանշած վնասի չափի միջեւ տարբերությունը մինչ այժմ ունեցած պահանջների դեպքում զգալի չի եղել:

- ԱՊՊԱ-ի շրջանակներում, առողջությանը հասցված վնասի պարագայում, ներդրվել է նախնական փոխհատուցման այսպես կոչված հայկական մոդել, որը ենթադրում է ապահովագրական ընկերության եւ բուժհաստատության համակարգված գործողություններ: Հասկանալի է, որ ձեր գրասենյակը կոչված է ուսումնասիրել միայն ֆինանսական կազմակերպություններին առնչվող հարցերը, այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ, ստանո՞ւմ եք արդյոք բողոքներ ՃՏՊ-ներում տուժածների իրավունքները բացառապես բուժհաստատությունների կողմից խախտելու վերաբերյալ:

- Պատահարների արդյունքում ստացված աձնական վնասների հետ կապված դիմումներ առհասարակ քիչ ենք ստանում: Անձնական վնասների հետ կապված հիմնականում դիմում են ոչ թե բողոքելու նպատակով, այլ անկողմնակալ մարմնից որոշակի հարցերի պարզաբանում ստանալու համար, օրինակ` անձնական վնասի հաշվարկման կարգի վերաբերյալ: Ինչ վերաբերում է տուժողների իրավունքների խախտմանը բուժհաստատությունների կողմից, ասեմ, որ տեղեկություն չունեք դրա վերաբերյալ եւ հուսով ենք, որ իրականում նման խախտումներ տեղի չեն ունենում:

- Որպես նախորդ հարցի շարունակություն, ստանո՞ւմ եք արդյոք բողոքներ, որոնք վերաբերում են ոստիկանության քննչական մարմինների ապօրինի գործողություններին:

- Հիմնական դժգոհությունները կապված են ոստիկանության քննչական մարմինների կողմից եզրակացության եւ այլ ակտերի տրամադրման ժամկետների խախտման եւ անհիմն ձգձգումների հետ: Սակայն նման բողոքների ընդունումը եւ լուծումը հաշտարարի իրավասության սահմաններից դուրս է: 

- Իսկ ստացե՞լ եք արդյոք այնպիսի բողոքներ, որոնց ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է խարդախության դեպք ապահովագրական ընկերության հաճախորդի կողմից:

- Բարեբախտաբար նման դեպքեր դեռեւս չեն արձանագրվել եւ հույս ունենք, որ չեն արձանագրվի: Այդ երեւույթը միջազգային պրակտիկայում մեծ տարածում ունի եւ հայտնի է insurance fraud անվանմամբ: Ի դեպ, այս թեմայի վերաբերյալ նախատեսվում է ֆինանսական կազմակերպությունների հետ կազմակերպել քննարկում` հոկտեմբերին կայանալիք Գրասենյակի ամենամյա կոնֆերանսի ժամանակ, մասնավորապես` ներկայացվելու է Լատվիայի եւ Ֆրանսիայի փորձը ԱՊՊԱ-ում եւ ընդհանուր ապահովագրության ոլորտում զեղծարարությունների վերաբերյալ:

- Ֆինանսական հաշտարարի գրասենյակը համագործակցում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքող հաճախորդների իրավունքների պաշտպանության հարցերում: Ի՞նչ է արվել այս համագործակցության շրջանակներում:

- 2011թ. մարտի 1-ին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն համաձայնագիր է կնքել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ` ուղղված ԱՊՊԱ ոլորտում Բյուրոյի եւ Հաշտարարի համագործակցությանը: Այդ համաձայնագրի շրջանակներում մշակվել է համատեղ գործողությունների ծրագիր: 
Համաձայնագրի հիմնական նպատակն է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (այսուհետ` ԱՊՊԱ) ոլորտում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված այլ իրավական ակտերի պահանջների պահպանումը եւ ԱՊՊԱ համակարգի նկատմամբ սպառողների վստահության բարձրացումը: 

- Անցած տարեվերջին ապահովագրական ընկերություններն անցկացրեցին բավականին ագրեսիվ գովազդային արշավ՝ ուղղված ԱՊՊԱ պոլիսների վաճառքին: Համամի՞տ եք արդյոք, որ ներկայումս պետք է շարունակել այս արշավը՝ շեշտադրելով արդեն հաճախորդների տեղեկացվածության բարձրացումը:

- Իր գործունեության ընթացքում Հաշտարարի գրասենյակն առնչվել է հաճախորդների կողմից բարձրացված մի շարք հիմնախնդիրների հետ, որոնք այսպես թե այնպես արդյունք են ֆինանսական պրոդուկտների/գործիքների վերաբերյալ հանրության իրազեկվածության ցածր մակարդակի, իսկ երբեմն էլ` դրա բացակայության:  Հետեւաբար, մեր խորին համոզմամբ ապահովագրական ընկերությունները մշտապես պետք է հաճախորդների տեղեկացվածության բարձրացմանն ուղղված գործողություններ իրականացնեն: Կարծում եմ, ԱՊՊԱ-ի վերաբերյալ բավականին արդյունավետ են նաեւ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ հեռարձակվող լուսաբանող հոլովակները:

Ի դեպ, Հաշտարարի գրասենյակը 2011թ.-ի համար ունի հաստատված Սպառողների ֆինանսական կրթության/իրազեկվածության բարձրացման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ հասարակության լայն շերտերի համար` տարբեր ֆինանսական պրոդուկտների, այդ թվում ԱՊՊԱ-ի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացման նպատակով: 

Դիտում՝ 10617
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW