“Հարցերը պետք է լուծվեն հնարավորինս արագ”, -համոզված է ՀԲՄ նախագահը

17.12.2009 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Ինչպիսի՞ն էր ավարտին մոտեցող տարին Հայաստանի բանկային համակարգի համար, եւ ի՞նչ զարգացումներ են սպասվում հաջորդ տարի:

- 2009թ. բավականին դժվար տարի էր ոչ միայն Հայաստանի տնտեսության, այեւ բանկային համակարգի համար: Այնուամենայնիվ երրորդ եռամսյակի արդյունքներով տնտեսությունում եւ բանկային համակարգում նկատվում են աճի միտումներ:

Մասնավորապես, ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.6%-ով, կազմելով 1266 մլրդ դրամ: Ակտիվների 57%-ը կազմող վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում աճել են 10%-ով, որոնց զգալի մասը բաժին է ընկնում տնտեսությանը տրված վարկերին (մոտ 14%): Նշեմ, որ ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակի արդյունքներով այդ ցուցանիշը նվազել էր, քանի որ բանկերն այդ ժամանակ որդեգրել էին ավելի զսպողական քաղաքանություն, ինչն իմ կարծիքով արդարացված էր:

Բանկերն անմիջապես արձագանքեցին տնտեսության մեջ նկատվող դրական միտումներին, ընդլայնելով իրենց գործունեությունը, վերականգնելով ոչ միայն վարկավորման նախկին մակարդակը, այլեւ ապահովելով վարկային պորտֆելի աճ:

Աճ է գրանցվել նաեւ պարտավորությունների եվ կապիտալի համալրման առումով: Երրորդ եռամսյակի ընթացքում 3 բանկեր կատարել են կապիտալի զգալի համալրումներ` լրացուցիչ դրամական միջոցներն անմիջապես ուղղելով տնտեսության վարկավորմանը:

Բանկային համակարգի զուտ շահույթը երրորդ եռամսյակում կազմել է 2.65 մլրդ դրամ, ինչը զգալիորեն (մոտ 6 մլրդ դրամով) զիջում է անցյալ տարվա համանման ցուցանիշին, եւ սա բնական է տնտեսական անկման պարագայում:

Բոլոր այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ ՀՀ բանկային համակարգը կարողացավ դիմակայել փորձությանը:  

Բանկերը բավականին զգուշավոր են 2010թ. իրենց սպասելիքների հարցում, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ սպասելիքները դրական են: Համենայն դեպս տնտեսական անկման հետեւանքով ստեղծված անորոշությունը արդեն իսկ անցյալում է:

- Շատ պետություններ եւ ընկերություններ ճգնաժամերի ժամանակ սկսում են հատուկ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների եւ նորարարությունների առաջխաղացմանը: Ինչպե՞ս է իրեն այս առումով դրսեւորել Հայաստանի բանկային համակարգը: 

- 2009թ. հայաստանյան բանկերն իրականացրել են զգալի ներդրումներ տեխնոլոգիական հենքի բարելավման նպատակով: Տարվա ընթացքում բանկերը գործարկել են 130 նոր բանկոմատներ, 362 POS-տերմինալներ, ինչպես նաեւ ինտերնետ-բանկային ծառայություններ:

Այս ամենը խոսում է այն մասին, որ բանկերը իրականացնում են երկարաժամկետ ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքները երեւում են արդեն այսօր: Մասնավորապես, աճում են անկանխիկ եվ հեռակառավարման համակարգերի միջոցով իրականացվող գործարքների թիվը եւ ծավալները:

- Վերջին շրջանում Բանկերի միության կողմից բարձրաձայնվող խնդիրներից կենտրոնականներն են գրավադրված անշարժ գույքի օտարման ժամանակ ծագող խոչընդոտների հաղթահարումը եւ Հայաստանում շարժական գույքի կադաստրի ներդրումը: Այդ հարցերը ստացա՞ն իրենց լուծումը:

- Անշարժ գույքի արտադատական իրացման հետ կապված հարցերը բարձրաձայնվել են համապատասխան պետական ատյանների առջեւ, եւ քննարկումները դեռ ընթանում են: Այս հարցը շատ էական է բանկային համակարգի համար եւ վերջինիս լուծումից է կախված լինելու բանկերի ներդրումային վարքագիծը:

Ըմբռնելով ընդդիմախոսներին, բանկերը ցանկանում են միայն մեկ բան` վարկատուների շահերի պաշտպանություն: Այս առումով մեր տեսակետը պարզ է. բանկային գործունեության հիմնարար սկզբունքներից մեկի` գրավառուի պահանջի նախապատվության իրավունքը չի կարելի անտեսել եւ բանկին պատրադրել մեկ այլ անձի հարկային պարտավորությունները:

Լրջագույն խնդիր է նաեւ գրավադրված շարժական գույքի տեղեկատվական բազայի ստեղծումը, որը եւս դեռ չի ստացել լուծում:

Բոլորը շատ լավ հասկանում են, որ ցանկացած իրավական անորոշություն առաջացնում է վարկային ռիսկի աճ, որի արդյունքում բանկերն ընդունում են խիստ զսպողական կեցվածք:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ ստեղծվում են գրավի իրավունքի գրանցման ինստիտուտներ եվ վարկատուների շահերի պաշտպանվածությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա, նկատվում է ֆինանսական միջնորդության աճ եվ վարկավորման տոկոսադրույքների նվազեցում:

Կան երկրներ, որոնք ՀՆԱ ծավալով հավասար են Հայաստանին կամ նույնիսկ զիջում են մեզ, բայց ֆինանսական միջնորդության մակարդակով այդ երկրները շատ են առաջադիմել, եւ, որպես կանոն, այդ երկրներում վարկատուների շահերի պաշտպանվածությունը ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, իսկ իրավական անորոշությունները հասցված են նվազագույնի:

- Ի՞նչ այլ հարցեր են գտնում ՀԲՄ օրակարգում:

- Այս պահի դրությամբ հնչեցված երկու հարցերը հիմնականն են մեր օրակարգում: Բացի այդ, մենք  ուսումնասիրում ենք առեւտրային արբիտրաժի օրենսդրական դաշտը` համապատասխան կառույց ստեղծելու նպատակով: Մենք շատ ենք հետաքրքրված նաեւ ՀԲՄ կազմում շարունակական կրթության կենտրոնի ստեղծման գաղափարով:   

Ֆինանսական օրենսդրության բարելավման նպատակով ՀԲՄ-ն մտադիր է հաջորդ տարի հանդես գալ հետաքրքիր մի նախաձեռնությամբ. ենթադրվում է ստեղծել պետական, բանկային եվ հասարակական հատվածների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը զբաղվելու է ֆինանսական օրենսդրության բարելավմամբ եւ ուղղորդելու է ոլորտի բարեփոխումները:

Տնտեսական ճգնաժամն առիթ հանդիսացավ, որպեսզի ֆինանսական օրենսդրության բացթողումներն էլ ավելի սրվեն, եւ մենք պետք է լուծենք դրանք հնարավորինս արագ:      

- Հայկական արժեթղթերի շուկայի մասնակիցները բազմիցս նշել են արտարժութային պարտատոմսերի թողարկման թույլտվության անհրաժեշտությունը, որը, սակայն, չի տրվում Կենտրոնական բանկի (ԿԲ)-ի կողմից: Քննարկվե՞լ է արդյոք այս հարցը ՀԲՄ-ում, եւ ինչպիսի՞ն Ձեր դիրքորոշումը:

- Հարցը նրանում է, թե ի՞նչ նպատակով են ցանկանում շուկայի մասնակիցները ստանալ արտարժութային պարտատոմսերի թողարկման իրավունք: Եթե խոսքը գնում է արտասահմանյան ներդրումների արագ ներգրավման մասին, ապա միգուցե այս մոտեցումը ճիշտ է: Իսկ եթե խոսքը վերաբերում է ներքին միջոցների ներգրավմանը, ապա այս դեպքում թույլատրումը կարող է բերել տնտեսության մեջ դոլարի ուժեղացմանը, ինչը, իմ կարծիքով, չի բխում Հայաստանի եւ մեր բանկային համակարգի երկարաժամկետ շահերից:

Այս հարցը չի քննարկվել ՀԲՄ-ում, բայց հնարավոր է, այն ընդգրկվի մեր օրակարգում:

- Վերջերս հայտարարություններ են արվում, որ Հայաստանյան բանկերի միաձուլումների եւ կլանումների գործընթացը չունի այլընտրանք:

- Ես աշխատում եմ բանկային համակարգում արդեն 13 տարի եւ այս թեման միշտ բարձրաձայնվել է: Ցանկացած միաձուլում, կլանում կամ նոր բանկի հիմնադրում առաջին հերթին պետք  է պատասխանի այն հարցին, թե ի՞նչ են դրանից շահելու բաժնետերերը եւ հաճախորդները: Դժվարանում եմ ասել, թե ե՞րբ տեղի կունենա առաջին միաձուլումը կամ կլանումը, կամ ընդհանրապես լինելու են դրանք, թե` ոչ: Ամեն ինչ կախված է շուկայից, եւ բոլորը դա գիտակցում են:

Ամեն դեպքում, այսօր հայկական բանկերը կանգնած են ամուր հիմքերի վրա եւ կարող են շարունակել իրենց գործունեությունն առանց որեւէ միաձուլումների կամ կլանումների:

Դիտում՝ 15896
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai