“Ես ՀՀ տնտեսությանը չեմ տալիս “մենաշնորհային” գնահատականը”

10.02.2009 | 23:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հարցազրույցը “Մեդիամաքս” լրատվական գործակալությանն ու Banks.am պորտալին

- Պարոն Խաչատրյան, տարեսկզբին ՀՀ վարչապետն ասաց, որ այսուհետ խոշոր բիզնեսը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում` հատկապես վերջինիս հարկային պարտավորությունների իրականացման հանդեպ ավելի խիստ վերահսկողության առումով: Շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, որ նման հայտարարություն անելով` կառավարության ղեկավարը յուրահատուկ նախազգուշացում արեց որոշ խոշոր տնտեսվարողների: Որքանո՞վ են իրական նմանօրինակ ըմբռնումները:

- Չեմ կարծում, թե վարչապետի հայտարարության մեջ գերակայողը խոշոր տնտեսվարողների նախազգուշացման երանգն էր, ավելի շուտ ես գնահատում եմ այն որպես Պետական եկամուտների կոմիտեին ուղղված ցուցում: 

ՀՀ կառավարության կողմից հաստատված 2008-2011 թթ. հարկային վարչարարության ռազմավարության ծրագրով սահմանված հարկային վարչարարության յոթ հիմնական նպատակներից մեկը խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք եւ ժամանակին հարկման ապահովումն է, որն էականորեն կնպաստի ողջ հարկային համակարգի կայացմանը: Այդ նպատակն իրագործվում է բազմաթիվ միջոցառումների միջոցով:

Մասնավորապես, ընդամենը մի քանի օր առաջ հաստատվել է խոշոր հարկ վճարողների նոր ցանկը, որում ընդգրկվել են 325 կազմակերպություններ, որոնց վարչարարությունն այս տարվա սկզբից չորս ոլորտային հարկային տեսչությունների փոխարեն կատարելու է մեկը` խոշոր հարկ վճարողների գծով հարկային տեսչությունը:

Ներկայումս պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելու դեպքերի բացահայտման նպատակով մշակման փուլում են գտնվում գույքի եւ եկամուտների հայտարարագրերի միջոցով արդյունավետ հսկողության մեխանիզմները, խոշոր բիզնեսը ստուգելու ուղեցույցները, խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատողների վերապատրաստման ծրագիրը եւ այլն:

- Ի՞նչն է այսօր Ձեզ առավել անհանգստացնում խոշոր բիզնեսի հարկային եւ մաքսային պարտավորությունների խնդրի համատեքստում: Ի՞նչը չի գործում այնպես, ինչպես պետք է գործեր:

- Հարցը շատ տարողունակ է, ուստի համառոտ կառանձնացնեմ ինչպես խոշոր բիզնեսի, այնպես եւ ընդհանրապես բիզնեսի հարկային պարտավորությունների հաշվարկման ու վճարման ընթացքում առաջացող հետեւյալ խնդիրները. հարկային հաշվետվություններում ապրանքների, ծառայությունների եւ շրջանառությունների ճիշտ արձանագրման խնդիրը, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային եղանակի ներդրման հարցը, ապառքների եւ գերավճարների խնդիրը, գների տրանսֆերի հետ կապված խնդիրները, խոշոր բիզնեսում առանձին դեպքերում ստվերային շրջանառությունների առկայությունը եւ այլն:

Որպես մեր տնտեսության եւ հատկապես խոշոր բիզնեսի համընդհանուր խնդիր կառանձնացնեի փաստաթղթաշրջանառության ներկայիս մակարդակը, որն առանձին տնտեսվարողների մոտ հեռու է բավարար լինելուց: Փոքր բիզնեսը մեղադրում է խոշոր բիզնեսին այն հարցում, որ ապրանքներ ձեռք բերելու դիմաց փաստաթղթեր չեն տրամադրում, իսկ խոշոր բիզնեսն էլ իր հերթին մեղադրում է փոքր բիզնեսին, որ փասթաթղթեր չեն վերցնում: Ի վերջո տուժում է նաեւ պետությունը, քանի որ առանց համապատասխան փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրի, ՀԴՄ-ի կտրոնի, պահեստի օրդերի եւ այլն) աշխատելն ուղղակիորեն մեծացնում է ստվերային շրջանառությունը:

- Տպավորություն կա, որ առայսօր Հայաստանում չի ձևավորվել գործադիր իշխանության եւ խոշոր բիզնեսի փոխհարաբերությունները կանոնակարգող քաղաքականություն կամ հայեցակարգ, եւ այդ հարաբերությունները կառուցվում են` ելնելով այս կամ այն գործարարի անձնական կապերից: Եթե համամիտ եք նման ձեւակերպման հետ, ապա կարելի՞ է արդյոք մշակել մի հայեցակարգ, որը կորոշեր կառավարության եւ խոշոր բիզնեսի հարաբերությունների հիմնական սկզբունքները:

- Չեմ կիսում այդ կարծիքը, եւ նախընտրում եմ խոսել փաստերով, քան ենթադրությունների վրա գնահատականներ կառուցել:

Մինչ հարցին անդրադառնալը կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա. եթե տարիներ առաջ խոշոր բիզնեսի հետ շփումները եւ հարաբերությունները այնքան էլ չէին խրախուսվում` դա կապելով կասկածամտության, սուբյեկտիվիզմի երեւույթների հետ, ապա ներկայումս վիճակը փոխվել է: Այժմ առանց բիզնեսի, հատկապես` խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ շփվելու, քննարկելու, կարծում եմ, հնարավոր չէ օպտիմալ լուծելում գտնել վարչարարական խնդիրներին եւ ճիշտ գնահատական տալ բարեփոխումներին:

Ներկայումս ձեւավորված են հստակ եւ նորմալ հարաբերություններ հարկային ու մաքսային մարմնի եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների միջեւ: Դրա համար հիմք են հանդիսանում վերջիններիս դերակատարությունը պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման գործում եւ նրանց մոտ անցկացվող ստուգումների արդյունքները:

Վերջին տարիներին խոշոր բիզնեսի կողմից վճարված հարկերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր հարկային մուտքերում կազմում է ավելի քան 60%: Այսինքն` խոշոր բիզնեսը կատարում է իր հիմնական հարկային պարտականությունը` կրելով պետական բյուջեի եկամուտների համար գլխավոր պատասխանատվությունը: Ուստի հարկային ու մաքսային վարչարարության գործառույթներն իրականացնելիս հարկային եւ մաքսային մարմիններն աշխատում են ավելի շատ գործընկերական հարաբերություններ ունենալ իրենց հարկային պարտականությունները կատարող հարկ վճարողների հետ եւ շեշտը դնել ոչ թե հարկադրանքի, այլ ինքնագնահատման համակարգի ուժեղացման վրա:

Դա չի նշանակում, որ խոշոր բիզնեսը պատրաստ է սիրահոժար կատարել իր պարտականությունները: Այստեղ նույնպես առկա են մեծ ռիսկեր ու անելիքներ հարկային եւ մաքսային մարմինների համար:

Մասնավորապես, խիստ անհրաժեշտություն կա ապահովելու ստվերի կրճատումը` շինարարության, հանքարդյունաբերության, լայն սպառման ապրանքների առեւտրի, ենթաակցիզային ապրանքների արտադրության եւ ներմուծման, որոշ սննդատեսակների արտադրության բնագավառներում, իսկ սպասարկման ոլորտից` հյուրանոցների, տրանսպորտի եւ տուրիզմի ճյուղերում:

Բացի այդ, դեռեւս չի ապահովվել երկրի ներսում ներմուծումների ամբողջ տեսականու եւ քանակի նկատմամբ արդյունավետ վարչարարությունը: Հարկ է նաեւ բարձրացնել հետներմուծումային շղթայի լրիվ եւ ժամանակին հարկման արդյունավետությունը, ինչպես նաեւ լուծել անիրական հաշվանցումներ կատարելու եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով առանձին տնտեսվարող սուբյեկտների կողմից արհեստական գերավճարների կուտակման խնդիրը եւ այլն:

Ինչ վերաբերում է անձնական կապերին, ապա նշեմ, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ մեզանում ցանկացած ոլորտում որեւէ չափանիշներով աչքի ընկած անձին (լինի նա ձեռնարկատեր, պատգամավոր, նախարար, թե արվեստի գործիչ) ճանաչում ենք բոլորս: Ուստի այդ պարագայում նման գնահատական կարելի է տալ ցանկացած ոլորտին: 

Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսի հետ փոխհարաբերություններում հայեցակարգի մշակմանը, ապա առաջիկա երեք տարիներին այս ոլորտում մեր անելիքները սահմանված են ՀՀ կառավարության կողմից հաստատված ՙՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրում՚: Մասնավորապես, խոշոր հարկ վճարողների առումով որդեգրված են երեք քաղաքականություններ.

- նման հարկ վճարողների հարկման բազաների նկատմամբ հասցեական մոտեցումը;
- պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելը կանխարգելելը;
- հարկ չվճարողների բացահայտման նոր մեխանիզմի մշակումը:

- Կարծիք կա նաեւ, որ եթե նման հայեցակարգ այնուամենայնիվ մշակվի, այն արդյունավետ չի լինի տնտեսության մի շարք ոլորտներում մենաշնորհային երեւույթների առկայության պարագայում:

- Կարծում եմ` նման հայեցակարգի անհրաժեշտություն չկա, եւ խոշոր բիզնեսի հետ պետք է աշխատել կոնկրետ միջոցառումներով, որոնք ընդգրկված են արդեն հիշատակած “ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրում”:

Որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահ` ես ՀՀ տնտեսությանը չեմ տալիս “մենաշնորհային” գնահատականը, քանի որ այն դուրս է իմ իրավասությունների շրջանակներից: Կասեմ, որ այսօր մեր երկրում արտոնյալ է միայն փոքր ձեռներեցությունը: Մնացած տնտեսավարող սուբյեկտները գտնվում են հարկման ընդհանուր դաշտում եւ արժանանում են հավասար վերաբերմունքի:

- Եթե անկեղծ խոսենք, ապա ի՞նչ կարող է եւ պետք է անի խոշոր բիզնեսն այսօր Հայաստանում, որ չի անում: Խոսքն այս պարագայում օրենքի ուժով պարտադրվող անելիքների մասին չէ, այլ, թերեւս, վերաբերում է բարոյական պարտավորություններին:

- Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ վճարելով հարկերը` զարգացնում են պետությունը, հետեւաբար նաեւ համապատասխան ենթակառուցվածքները, որոնք պարարտ հող են հանդիսանում առողջ տնտեսություն ունենալու համար:

Ըստ իս, խոշոր բիզնեսում բացի հարկային պարտավորությունների անթերի կատարումից, կարեւոր է գործունեության թափանցիկությունը, ինչպես նաեւ սոցիալական ծրագրերի կատարումը: Դրա վառ օրինակ կարող է հանդիսանալ “Ղ-Տելեկոմ” կազմակերպությունը, որի որդեգրած քաղաքականությունն է դարձել սոցիալական, բարեգործական ծրագրերի իրականացումը:

Վերջերս Ազգային Ժողովի կողմից ընդունվեց “Հաշվապահական հաշվառման մասին” օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” օրենքը, որի համաձայն`  խոշոր բիզնեսը պետք է անցնի պարտադիր աուդիտ: Կարծում եմ` այս դրույթի կիրառումը եւ հետագա զարգացումը ցույց կտա, թե խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից ովքե՞ր են պատրաստ թափանցիկ ու արժանահավատ ֆինանսական ցուցանիշներ ցույց տալ ինչպես իրենց բաժնետերերին, այնպես էլ հասարակությանը: Պետական եկամուտների կոմիտեն միայն կողջունի այս ուղղությամբ զարգացումը, քանի որ այն կբերի ստվերային հատվածի նվազեցմանը:

- Ի՞նչն է այսօր խանգարում կառավարությանը եւ խոշոր բիզնեսին համագործակցել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում: Եվ առհասարակ, որո՞նք են մեր երկրում մասնավոր-պետություն արդյունավետ համագործակցության ծավալմանը խոչընդոտող հիմնական հանգամանքները :

- Դուք կարեւոր հարց եք բարձրացնում: Կորպորատիվ սոցիալական կարգապահությունը մեր երկրում կապված է կառավարության հետ, եւ այնպես է ստացվել, որ կառավարությունն է հիմնական պատասխանատվությունը կրում բնակչության սոցիալական պարտավորությունների համար: Ես կարծում եմ, որ տնտեսության զարգացմանը զուգընթաց` այդ պատասխանատվությունը կփոխանցվի խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: Նախորդ պատասխանում ես բերեցի դրա վառ օրինակը:

Ինչ վերաբերում է մասնավոր-պետություն արդյունավետ համագործակցության խոչընդոտներին, ապա ասեմ, որ այստեղ պետք է լինեն փոխադարձ վստահության մթնոլորտ եւ ընդհանուր նպատակներ, որոնց թվում տնտեսության զարգացումն է:

Մեր հասարակությունում առանձին դեպքերում կասկածամտությունը եւ “թող ուրիշը վճարի, հետո ես” մոտեցումը ճիշտ չէ. այն խոչընդոտում է տնտեսության զարգացմանը: Պարզապես թող ամեն մեկը կատարի իր պարտավորությունը` առանց ուրիշին նայելու:

Դիտում՝ 18542
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW