Արմեն Հովհաննիսյան. Աուդիտի որակի գնահատման գործընթացը պետք է լինի շարունակական

24.06.2025 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Գրանթ Թորնթոն Հայաստանի Կառավարման խորհրդի նախագահ Արմեն Հովհաննիսյանը Banks.am-ի հետ զրույցում խոսել է աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերահսկողության եւ գնահատման համակարգի, դրանում առկա մարտահրավերների, միջազգային լավագույն փորձի եւ ոլորտում ընթացող օրենսդրական բարեփոխումների մասին։

– Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ վիճակում է այսօր աուդիտորական կազմակերպությունների որակի վերահսկողության արտաքին գնահատման համակարգը Հայաստանում, եւ ինչո՞վ է պայմանավորված ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։

- Դուք շոշափում եք առանցքային մի թեմա, որի հաջող զարգացումը անմիջական ազդեցություն ունի Հայաստանում ֆինանսական հաշվետվողականության ընդհանուր որակի վրա՝ լինի դա ֆինանսական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխանություն, թե՝ հանրային վստահություն։

Մինչեւ 2020 թվականը աուդիտորական կազմակերպությունների վերահսկողությունն իրականացնում էր ՀՀ ֆինանսների նախարարությունը, սակայն համակարգը միանշանակ կարելի է բնութագրել որպես ֆորմալ։ Իսկ երբ ձեւավորվեց Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատը, եւ արտաքին գնահատման լիազորությունները փոխանցվեցին վերջինիս, համակարգը սկսեց աստիճանաբար ինստիտուցիոնալ դառնալ։ Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակում մի շարք կարեւոր բարեփոխումներ իրականացվեցին, եւ մասնագիտական վերահսկողությունը դարձավ տեսանելի ու ազդեցիկ։

Մի շարք ոչ ցանցային կազմակերպություններ առաջին անգամ անցան համակարգված արտաքին գնահատում, շատերի համար սա դարձավ սթափեցնող փորձ, իսկ որոշների դեպքում՝ նաեւ գործունեության դադարեցման պատճառ։ Սակայն ի հայտ եկան նաեւ համակարգային խոցելիություններ։

– Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։

- Ամենաառաջին ու լուրջ խնդիրը վերահսկողություն իրականացնող անձանց բարեխղճության եւ անկախության ապահովումն է։ Գործող եռաստիճան մոդելը (անկախ գնահատող, որակի հանձնաժողով, Պալատի խորհուրդ) թղթի վրա թվում է արդիական, սակայն գործնականում դժվար է այդ օղակներում ներգրավել մասնագետների, որոնք երբեւէ չեն համագործակցել այլ աուդիտորական կազմակերպությունների հետ։ Արդյունքում՝ ի հայտ է գալիս վարքագծային կողմնակալության վտանգը, որը հարվածում է համակարգի վստահելիությանը։

Մյուս խոցելի խնդիրը իրավական համակարգում է։ Չնայած որոշ աուդիտորական կազմակերպությունների անդամակցությունը դադարեցվել է, սակայն վերջիններս շարունակել են գործել, քանի դեռ դատական կարգով որոշումները չեն ամրագրվել։ Շատ դեպքերում դատարաններում հարցի խորքային ընկալման պակասն է խանգարել, որոշ դեպքերում՝ մնում է միայն ենթադրել, թե ինչու որոշումները չեն հաստատվել։

Եվ վերջինը՝ գնահատման արդյունքները շատ դեպքերում չեն ուղեկցվում իրական գործնական հետեւանքներով։ Այսինքն՝ անգամ եթե որեւէ կազմակերպություն ստանում է բացասական գնահատական, որեւէ մեխանիզմ չկա, որը կսահմանափակի նրա՝ խոշոր կամ հանրային նշանակություն ունեցող կազմակերպությունների աուդիտ իրականացնելը։ 

Այդ պատճառով էլ որոշ պետական մարմիններ եւ գերատեսչություններ, ինչպես նաեւ մասնավոր ընկերություններ մրցույթների կազմակերպման ընթացքում, նպատակ ունենալով ապահովել որոշակի վերահսկելիություն կամ կանխատեսելիություն, երբեմն կիրառում են աուդիտորական կազմակերպությունների ոչ պաշտոնական դասակարգումներ («մեծ քառյակ», «տասնյակ» եւ այլն), որոնք, սակայն, կարող են հակասել օրենսդրության պահանջներին եւ ԵՄ մրցակցային քաղաքականության սկզբունքներին։

– Ինչպիսի՞ մոտեցում եք առաջարկում։

- Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ոչ թե պարբերական, այլ՝ մշտադիտարկման համակարգ, որը կներառի մի շարք չափանիշներ՝ հասույթ, ծրագրային ապահովում, մարդկային ռեսուրսներ, միջազգային փորձ, որակի ստուգման մեխանիզմներ եւ այլն։ Մոդելը կարող է նման լինել Վրաստանում կիրառվողին՝ ըստ որի աուդիտորական ընկերությունները բաժանվում են խմբերի՝ կախված այն բանից, թե ով ինչ տեսակի աուդիտ կարող է իրականացնել:

– Կա՞ն նախանշաններ, որ այս ուղղությամբ փոփոխություններ կլինեն։

- Այո, ֆինանսների նախարարությունը սկսել է նախաձեռնություն՝ ուղղված օրենսդրական փոփոխություններին, եւ մենք լիովին աջակցում ենք դրան։ Պատրաստ ենք տրամադրել փորձագիտական աջակցություն։

– Որակով աուդիտ ապահովելու տեսանկյունից ի՞նչ չափանիշներով է ճիշտ առաջնորդվել, եւ արդյոք կազմակերպության հասույթը կարող է նման չափանիշ համարվել։

- Ոչ միշտ։ Պետք է հասկանալ, որ կազմակերպության հասույթը, անկախ դրա ծավալից, չի կարող ինքնին հանդիսանալ աուդիտորական ծառայությունների որակի չափանիշ։ Միջազգային պրակտիկայում վաղուց արդեն հրաժարվել են աուդիտորների ընտրության գործընթացում «մեծ քառյակ», «տասնյակ» եւ նման այլ դասակարգումներից։ Այս մոտեցումները հաճախ իրականում չեն արտացոլում որակը եւ խաթարում են արդար մրցակցությունը։

Այդուհանդերձ, տեղական մակարդակում հասույթը որոշիչ գործոն կարող է լինել՝ մասնավորապես աուդիտի գնի եւ ընդհանուր հասույթի հարաբերակցության գնահատման տեսանկյունից:

Բարելավված ընտրության մոդելի կարեւոր տարրերից է նաեւ հաճախորդներից կախվածության սահմանափակումը։ Թեեւ որեւէ մեկ շեմ օրենսդրորեն ամրագրված չէ, միջազգային առաջադեմ փորձը հստակ է՝ ցանկալի է, որ հաճախորդից ստացվող վճարը չգերազանցի աուդիտորական կազմակերպության տարեկան հասույթի որոշակի սահմանաչափը։ Գրանթ Թորնթոնում այս ցուցանիշը սահմանված է առավել խիստ՝ 10%, ինչը ծառայում է երաշխիք՝ աուդիտորի ֆինանսական եւ պրոֆեսիոնալ անկախության պահպանման համար։

Շուտով ակնկալվում է, որ Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատը կհրապարակի մանրամասն վերլուծություն՝ ՀՀ-ում աուդիտորական կազմակերպությունների կողմից իրենց պաշտոնական կայքերում տեղադրված հաշվետվությունների հիման վրա։ Կարծում եմ՝ այդ վերլուծությունը ցույց կտա, որ միջազգային դիրքը միշտ չէ, որ համընկնում է տեղական շուկայում զբաղեցրած դիրքի հետ։

Եվս մեկ անգամ կուզեմ նշել, որ որակի գնահատման գործընթացը պետք է լինի շարունակական՝ համակարգված մոնիթորինգի միջոցով՝ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ եւ հնարավոր է` Պալատի մասնակցությամբ։ Որակի գնահատումը պետք է հիմնվի հստակ չափելի եւ պրակտիկ գործոնների վրա, ներառյալ՝ կազմակերպության հասույթը, մասնագիտական ապահովագրության առկայությունը, աուդիտորական ծրագրային ապահովումը, որակավորված մասնագետների թիվը, միջազգային ցանցում անդամակցությունը, ոլորտային փորձառությունը եւ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված որակի վերահսկողության արդյունքները։

Ցանցային կազմակերպություններն այստեղ ունեն որոշակի առավելություն՝ հատկապես ներքին վերահսկողական գործընթացների, ստուգումների եւ մեթոդաբանական հնարավորությունների առումով։ Մասնավորապես՝ մեր դեպքում, բացի ցանցի կողմից պարբերաբար իրականացվող ստուգումներից, իրականացվել են ստուգումներ նաեւ միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից, որոնց ծրագրերում մենք ներգրավված ենք։

– Միջազգային փորձից ի՞նչ կարելի է քաղել։

- Միջազգային մակարդակում աուդիտի որակի պահպանման եւ բարելավման գործընթացները խիստ ինստիտուցիոնալացված են։ Որակի վերահսկման մշակույթը ձեւավորվում է միաժամանակ ինչպես գլոբալ աուդիտորական ցանցերի ներսում իրականացվող ներքին ստուգումների, այնպես էլ արտաքին, անկախ կառույցների կողմից կատարվող գնահատումների միջոցով։

Այս համատեքստում առանձնահատուկ է Հանրային Քաղաքականության Գլոբալ Կոմիտեի (Global Public Policy Committee – GPPC) դերակատարումը։ GPPC-ն ստեղծվել է աշխարհի վեց խոշորագույն բազմաճյուղային աուդիտորական ցանցերի՝ Դելոյթ, Գրանթ Թորնթոն, Էրնսթ ընդ Յանգ, Բի-Դի-Օ, Քեյ-Փի-Էմ-Ջի եւ ՓրայսուոթերհաուսԿուպերս (Deloitte, Grant Thornton, EY, BDO, KPMG եւ PwC) ղեկավարների նախաձեռնությամբ։ Կոմիտեն համախմբում է այս առաջատար կառույցների ղեկավարներին՝ գլոբալ մակարդակում առաջ տանելու հանրային քաղաքականության այն հարցերը, որոնք առնչվում են աուդիտորական մասնագիտության թափանցիկությանը, որակին եւ հանրային վստահությանն արժանանալու ճանապարհին։
Դիտում՝ 3889
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW