Հայկ Ստեփանյան. Արդյունավետ համագործակցելու հիմնական նախապայմանը հարգալից վերաբերմունքն է

05.09.2024 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
«Առանց փողկապի» հարցազրույցների շարքում զրուցել ենք Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ:

- Պարոն Ստեփանյան, այսօր Դուք առանց փողկապի եք եկել հարցազրույցի: Ի՞նչ փողկապ կկապեիք, եթե մեր հարցազրույցի ձեւաչափն այլ լիներ: Եվ առհասարակ, ունե՞ք սիրելի փողկապ, որի հետ կապված հետաքրքիր կամ հիշարժան պատմություն կա։

- Փողկապներ, առհասարակ, շատ եմ սիրում: 19 տարեկանից փողկապ եմ կապել, բայց հիմա քիչ եմ կապում, քանի որ մշակույթը շատ է փոխվել, մենք էլ մեզ, երեւի, ավելի ազատ ենք զգում առանց փողկապի: Նախկինում շատ ընդունված էր, որ բոլոր ղեկավարները, գործարարները փողկապով լինեին: Այն ինչ-որ տեղ դիտվում էր որպես կարգավիճակի կամ աշխատանքի ձեւի նշան: Ավելի մեծ սերնդի մարդիկ կան, որ փողկապը նաեւ որպես կարեւորության նշան էին դիտարկում:

Հիմա ավելի ազատ հագուստով եմ, շփման ֆորմատն էլ է ավելի ազատ: Դա ինձ դուր է գալիս, քանի որ ավելի կարեւորվում է բովանդակությունը, քան փողկապը: Բայց զուտ որպես հագուստի աքսեսուար հաճելի է այն կրելը: Հիմա արդեն մեկ-մեկ, երբ առիթ է լինում կրել, տրամադրությունս բարձրանում է:

Այսօր մեծ հաճույքով մանուշակագույն փողկապ կկապեի: Ե՛վ շատ եմ սիրում այդ գույնը, ե՛ւ մեր Բանկը խորհրդանշող գույներից է: Սիրելի փողկապ ունեմ, այն կնոջս ինձ նվիրած առաջին փողկապն է:

-  Մի փոքր խոսենք Ձեր ուսանողական տարիներից․ ի՞նչ կրթություն եք ստացել եւ ինչու՞ ընտրեցիք հենց բանկային համակարգը:

- Սովորել եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում: Տնտեսագիտությունը, որպես ուղղություն, սկսել եմ դիտարկել յոթերորդ դասարանից: Հետաքրքրել է, քանի որ եղբայրներ եմ ունեցել, որոնք այդ ոլորտում հաջողությունների են հասել: Իմ ցանկությունը եւս տնտեսագետ դառնալն էր: Իսկ բանկային համակարգում հայտնվելը պատահական ստացվեց: Երրորդ կուրսի սկզբից պրակտիկայի գնացի բանկ, եւ այնտեղ ինձ աշխատանքի առաջարկ արեցին, համաձայնվեցի եւ սկսեցի սովորելուն զուգահեռ կես դրույքով աշխատել:

Ուսանողական տարիները շատ լուսավոր ու պայծառ էին: Լավ եմ սովորել համալսարանում, անհամեստ կարող է հնչել, բայց փաստ է, եւ ես սիրում եմ դրա մասին խոսել՝ հատկապես երիտասարդների հետ, քանի որ շատ տարածված մտածողություն կա, որ համալսարանը ժամանակի կորուստ է: Ուզում եմ ցույց տալ, որ չէ, պետք է սովորել, նաեւ՝ ինքնակրթվել: Շատ լավ դասախոսներ եմ ունեցել, բայց նաեւ շատ մեծ ազդեցություն է ունեցել ինքնակրթությունը՝ դասախոսություններից դուրս գրականություն կարդալը եւ այլն:

- 2017 թ.-ից Բիբլոս Բանկ Արմենիայի գործադիր տնօրենն եք: Ի՞նչ փոփոխություններ եք հասցրել իրականացնել եւ որո՞նք են առջեւում:

- Շատ փոփոխություններ ենք իրականացրել: Այդ ժամանակ Բանկը զգալի վնասներ ուներ, ամբողջովին վերականգնել ենք դրանք, կապիտալի բարձիկները բոլորովին այլ մակարդակի ենք հասցրել, բազմաթիվ նոր ծառայություններ ենք ներդրել ե՛ւ վարկավորման, ե՛ւ ավանդային, ե՛ւ քարտային, ե՛ւ թվային՝ մոբայլ եւ հեռահար ծառայությունների հարթակների հետ կապված: Մեր ուղղությունը, որով հիմա առաջ ենք շարժվում, հաճախորդների սպասարկման բնույթը էապես փոխելն է՝ կիրառելով ավելի շատ թվային տեխնոլոգիաներ: Մեր ներքին աշխատանքում եւս թվային տեխնոլոգիաների կիրառման տեսակարար կշիռը մեծացել է: Վերաֆորմատավորել ենք նաեւ Բանկի մասնաճյուղային ցանցը:

Հայկ Ստեփանյանը


Ամենաշատը գոհացնում է այն, որ ինձ համար ընդունելի արժեքային համակարգ ունեցող անձանցով թիմ ենք կառուցել: Մեզ համար առաջնային է հաճախորդի սպասարկումն ու անհատական մոտեցումը յուրաքանչյուրին: Այն համբավը, որն ունի Բիբլոս Բանկ Արմենիան անհատականացված սպասարկում իրականացնելու հետ կապված, փորձում ենք նաեւ ինչ-որ կերպ ներդնել մեր թվային պրոդուկտների մեջ, որ հաճախորդն այդտեղ էլ անհատական մոտեցման զգացողություն ունենա:

- Եթե խոսենք ղեկավար-ենթակա փոխհարաբերություններից, ո՞րն է ձեր բանաձեւը ենթակաների հետ արդյունավետ համագործակցելու:

- Կարծում եմ շատ տարբեր են բանաձեւերը: Ղեկավարից շատ բան է կախված, բայց ինձ համար արդյունավետ համագործակցելու հիմնական նախապայմանը հարգալից վերաբերմունքն է, երբ իմ եւ իմ ենթակաների, թիմի անդամների հարաբերությունները հարգանքի մթնոլորտում են: Իսկ մնացածն արդեն շատ սպեցիֆիկ է՝ անգամ իմ պարագայում, քանի որ ամեն անձի հետ աշխատանքի որոշակի մոտեցումներ կան:

Կարեւոր է նաեւ այն, որ թիմի անդամները հնարավորինս շատ պատկերացում ունենան, թե որն է իմ տեսլականը: Դրա համար օգտագործում եմ կոմունիկացիայի բոլոր միջոցները, գործիքակազմերը՝ ֆորմալ եւ ոչ ֆորմալ շփումներից մինչեւ խնդիրների քննարկումներ: Սիրում եմ նաեւ, երբ թիմի անդամները լավ իմաստով ագրեսիվ են լինում, երբ քննարկումները շատ թեժ են լինում, քանի որ ինքս էլ այդպիսին եմ՝ ինչ-որ խնդրի լուծմանը բավականին «ագրեսիվ» մոտեցում եմ ունենում:

- Պատասխանատու պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ՝ ինչպե՞ս եք կարողանում պահպանել աշխատանք եւ ընտանիք ներդաշնակությունը:

- Իրականում առաջ շատ էի մտածում դրա մասին, բայց վերջերս եկել եմ այն համոզմանը, որ մի քիչ կեղծ կատեգորիա է աշխատանք-ընտանիք բալանս ասվածը, ուղղակի պետք է կյանքդ այնպես կազմակերպես, որ ամբողջական լինես եւ վերջ: Ինչ-որ հատուկ բանաձև չկա: Կարծում եմ այն մարդիկ, որոնք սկսում են անհանգստանալ ընտանիք-աշխատանք բալանսի մասին, նրանց առաջնահերթություններում, աշխատանքի ձեւում ինչ-որ խնդիր կա, դրա համար ստիպված են լինում ամբողջ կյանքն անցկացնել աշխատանքի մեջ: Ամբողջական մարդ լինելը միայն աշխատանքին եւ ընտանիքին չի վերաբերում, այլ կյանքի այլ ասպեկտներին եւս:

Երբ ավելի երիտասարդ էի, նոր էի աշխատում, թվում էր՝ թե չափից շատ պետք է աշխատել, բայց ժամանակի ընթացքում հասկանում ես, որ ուղղակի պետք է առաջնահերթություններ սահմանել եւ արդյունավետ ձեւով հետեւել դրանց: Հիմա հատուկ բանաձեւ չունեմ աշխատանք-ընտանիք ներդաշնակության, ուղղակի երբ առաջնահերթություններդ ճիշտ ես դնում, ամեն ինչ ինքնըստինքյան ստացվում է:

- Ֆինանսական կառույց ղեկավարելը հեշտ գործ չէ: Բացի մասնագիտական որակներից՝ ի՞նչ անձնային հատկանիշներ են պետք բանկի ղեկավար լինելու համար:

- Առաջնորդության, կառավարման տարբեր ոճ ունեցող ղեկավարներ կան, բայց մի քանի հատկանիշ կա, որոնք, կարծում եմ, ընդհանուր պետք է լինեն բոլորի համար՝ չափազանց բարձր պատասխանատվության զգացում եւ մտքի կարգապահություն: Պետք է հստակ մտածելու մեթոդաբանություն ունենալ, արժեքային համակարգ, սկզբունքներ, որ կարողանաս մտքիդ աշխատանքի կարգապահությունը պահպանել, հակառակ դեպքում բանկիրի համար շատ դժվար կլինի, քանի որ միշտ բարդ, բազմակողմանի խնդիրների հետ ես առնչվում, որոնք կապված են այլ անձանց ֆինանսների հետ:

Մենք աշխատում ենք մարդկանց տասնամյակների խնայողությունների հետ, որոնք նրանց ընտանիքների բարեկեցության կամ, օրինակ, առողջական խնդիրներ լուծելու, երեխաների կրթության տալու միջոցներն են: Սա բարձր կարգապահություն է պահանջում ղեկավարից մինչեւ ամենանորեկ աշխատակից:

- Գիտեմ, որ բանկն ու անձամբ Դուք շատ եք կարեւորում շարունակական կրթությունը։ Կիսվեք մեզ հետ փորձով՝ ինչպե՞ս կարելի է շարունակ սովորել, նույնիսկ երբ ակադեմիական կրթությունը վաղուց ավարտել ես եւ ունես հաջողակ կարիերա։

- Մեզ համար շատ կարեւոր է կրթության ոլորտում ներդրումներ անելը: Բիբլոս Բանկ Արմենիան յուրաքանչյուր տարի ավելացնում է դրանք: Շատ ուրախ ու հպարտ ենք մեր կողմից իրականացվող ծրագրերով: Բանկը ֆինանսավորում է ուսանողների ուսման վարձը, աջակցություն է տրամադրում կրթություն ստանալու հնարավորություն չունեցող դպրոցական տարիքի երեխաներին, ինչպես նաեւ հովանավորում է ոչ ֆորմալ կրթության ոլորտում CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը: Որպես գործատու՝ մեզ համար ամենակարեւոր խնդիրն է՝ օգնել հասարակության մեջ բարձրացնել կրթության մակարդակը, ինչն էլ երկրի զարգացման համար առաջնային նշանակություն ունի:  

Հայկ Ստեփանյանը


Ինչ վերաբերում է ֆորմալ կրթությունից հետո կրթություն ստանալուն, ապա ես դա շատ եմ կարևորում: Կարծում եմ՝ դա ընտրության հարց է: Մարդը, եթե  ուզում է աճել, զարգանալ, պետք է դրան ժամանակ հատկացնի: Երբ ստացած գիտելիքով չբավարարվելու գիտակցումը կա, անընդհատ զբաղվում ես ինքնակրթությամբ, իսկ երբ չկա այդ գիտակցումը, կարծում եմ, որպես աճող միավոր, սպառվում ես: Դրա համար պետք է միշտ ժամանակ գտնել կրթվելու համար:

- Կարողանո՞ւմ եք ժամանակ գտնել ընթերցանության համար: Նախընտրում եք մասնագիտակա՞ն գրականություն, թե՞ այլ:

- Դժվար է, բայց փորձում եմ ժամանակ գտնել: Հիմա ավելի շատ, բայց մի քիչ էլ ստիպված ժամանակս տրամադրում եմ մասնագիտական գրականությանը, բայց պարբերաբար լրացնում եմ նաեւ կարդացածս գեղարվեստական գրականության ցանկը: Շատ եմ կարեւորում գեղարվեստական գրքեր կարդալը, քանի որ դա նպաստում է արժեքային համակարգի զարգացմանը: Եթե ասեմ, որ գոհ եմ հիմա իմ ընթերցանության տեմպից, այդպես չէ: Շատ եմ սիրում եվրոպական էքզիստենցիալիստների եւ ռուսական դասական գրականություն: Վերջերս նաեւ հայկական ժամանակակից հեղինակների գրքերից եմ նվեր ստացել, բավականին հետաքրքիր էին: Մասնագիտականից սիրում եմ կարդալ հաջողության հասած տնտեսագետների, պետական գործիչների մեմուարները, խնդիրների վերաբերյալ իրենց մեկնաբանությունները:

- Եվ վերջում՝ աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունի Հայկ Ստեփանյանը, որոնք զուգահեռներ չունեն ֆինանսական ոլորտի հետ:

- Նախասիրություններիցս ոչ մեկն էլ զուգահեռներ չունի ֆինանսական ոլորտի հետ՝ մեծ թենիս խաղալ, ֆիլմեր դիտել, գրքեր կարդալ: Չնայած, վերջիվերջո, ամեն ինչն էլ կապ ունի ֆինանսական համակարգի հետ (ծիծաղում է-խմբ):

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 8441
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW