Շուրջ 30 տարի առաջ Մարատ Ջանվելյանը հիմնեց «Արզնի» թռչնաֆաբրիկան, որն այսօր հաջողված ընտանեկան բիզնեսի լավագույն օրինակներից է Հայաստանում։ «Արզնիի» հիմնադրման, սերնդեսերունդ փոխանցված ընկերության անցած ճանապարհի եւ ապագա ծրագրերի մասին զրուցել ենք երիտասարդ գործարար, «Արզնի» թռչնաֆաբրիկայի տնօրեն Գեւորգ Ջանվելյանի հետ։ - Ո՞վ է Գեւորգ Ջանվելյանը եւ ինչպե՞ս ստացվեց, որ 25 տարեկանում ղեկավարում եք Ձեզանից տարիքով մեծ ընկերությունը։- Ես Մարատ Ջանվելյանի թոռն եմ, ինձ այդպես են ճանաչում։ Պապիկս «Արզնի» թռչնաֆաբրիկայի հիմնադիրն է, ով 90-ականների կեսերին, երբ Հայաստանը նոր-նոր ոտքի էր կանգնում, հիմք դրեց մի նախաձեռնության, որն իր համար ոչ թե աշխատանք, այլ ապրելակերպ էր։ Պապիկս մեծ եռանդի տեր մարդ էր, ով իր կառավարչական ձիրքի ու անսպառ էներգիայի շնորհիվ կարողացավ ավերակների վրա ստեղծել կենսունակ տնտեսություն: Մեզ ժառանգված այդ տնտեսությունը վերաճեց լուրջ բիզնեսի, որն այսօր առաջատար դիրք է գրավում տեղական շուկայում։ Հարցնում եք՝ ինչպես ստացվեց, որ սկսեցի ղեկավարել տարիքով ինձանից մեծ ընկերությունը․․․ Կարելի է ասել՝ ես ու ընկերությունը միասին ենք մեծացել՝ պապիկիս ուշադրության ու խնամքի ներքո։ Երեք-չորս տարեկանից, երբ սկսեցի քայլել, պապիկս ինձ իր հետ աշխատանքի էր տանում, ապրում էի նրա կողմից խիստ կանոնակարգված գրաֆիկով։ Օրը սկսվում էր առավոտյան ժամը 7-ին, այցելում էինք գործարանի մի քանի մասնաճյուղեր՝ Արզնի, Արմավիր, էջմիածին, հաջորդ օրերին սարերն էինք բարձրանում՝ անասնապահության հարցերը կարգավորելու։ Պապիկս հանգիստ չուներ ու դեռ վաղ մանկությունից իմ մեջ էլ է սերմանել աշխատասեր լինելու կարեւորությունը: Լուսանկարը՝ «Արզնի» թռչնաֆաբրիկա - Մի փոքր կպատմե՞ք Ջանվելյանների ընտանիքի, Ձեր արմատների, նրանց անցած ուղու մասին։ - Ջանվելյանների տոհմը 300-ից ավելի տարեկան է, այն սերում է Ջանվել պապից, ով Արցախից էր։ Նրա սերունդները հետագայում տեղափոխվել են Նոյեմբերյանի Կոթի գյուղ, որտեղ էլ ծնվել ու մեծացել է պապս՝ Մարատ Ջանվելյանը։ Նրա հայրը՝ Գեղամ պապը, ում պատվին անվանակոչել են հորս, տանկիստ է եղել, Մարշալ Բաղրամյանի առաջնորդությամբ մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ Հայրենիքի պաշտպանության գործից անմասն չի մնացել նաեւ պապիկս, ով Արցախյան առաջին պատերազմի ընթացքում մասնակցել է Կոթիի ինքնապաշտպանական գործողություններին: 15 տարեկանից պապիկս անասնապահությամբ է զբաղվել՝ հովվից ֆերմեր դարձել։ Խորհրդային տարիներին ղեկավարել է Հայաստանի խոշորագույն՝ Սովետաշենի եւ Բարձրաշենի թռչնաֆաբրիկաները։ Որոշ ժամանակ տեղափոխվել ու ապրել է Ռուսաստանում, որտեղ խանութների ցանց էր հիմնել։ Արդեն 1995 թվականին վերադարձել է հայրենիք ու ձեռք բերել «Արզնի» թռչնաֆաբրիկան, որն այդ ժամանակ ավերակ վիճակում էր։ Նա ընկերությունը հիմնադրեց այն ժամանակ, երբ նորանկախ Հայաստանում թռչնաբուծության ոլորտն անկում էր ապրում, մեծ ծավալի ձու ներկրվում էր դրսից, ինչը նաեւ առողջապահական լուրջ հարցեր էր առաջացնում։ Չնայած թռչնաբուծության ոլորտում նրա հարուստ փորձառությանը, պապիկս ավելի շատ անասնաբուծությունն էր սիրում, նրա միտքը սարերում էր, իր խոսքով ասած՝ ալպիական մաքրության մարգագետիններում։ Շաբաթվա առնվազն կեսը սարերում էր անցկացնում, հայրս ու հորեղբայրս բոլոր հարմարությունները ստեղծել էին նրա համար։ Ինձ էլ էր իր հետ տանում ու շատ ժամանակ էինք միասին անցկացնում։ Անգամ դասերից էի բացակայում, բայց կրթության պակաս չեմ ունեցել․ բացը լրացնում էի մասնավոր դասերի միջոցով: Իսկ գործնական փորձառությունը ստանում էի ամեն օր՝ պապիկիս շնորհիվ ընկղմվելով իրական բիզնեսի նրբությունների մեջ: Լուսանկարը՝ «Արզնի» թռչնաֆաբրիկա - Ինչպե՞ս էր ձեւավորվել պապ-թոռ այդ մտերմությունը։ Պապիկս 7 թոռ ուներ, բոլորին էլ փորձում էր ներգրավել աշխատանքում, իր հետ գործարաններ ու սարեր տանել, բայց նրանք կա՛մ չէին ուզում գնալ, կա՛մ հիվանդանում էին, պապս էլ ասում էր՝ դուք բանի պետք չեք, ձեզ էլ ինձ հետ չեմ տանելու (ծիծաղում է, խմբ)։ Ես, հավանաբար, ամենակոփվածն էի: Նա դեռ վաղ տարիքից անընդհատ ինձ ասում էր, որ իր գործը ես պետք է շարունակեմ, ինձ ամեն կերպ պատրաստում էր այդ աշխատանքին, ինչը, կարծում եմ, լրջորեն արմատավորվել էր իմ մեջ։ Երբ 5-6 տարեկան էի, ինձ նշանակել էր «անասնապահության գծով տնօրեն» ու անգամ այցեքարտեր պատրաստել (ծիծաղում է, խմբ)։ Ու երբ ինձ ներկայացնում էր այլ մարդկանց, չէր ասում թոռնիկս է, ասում էր մեր «անասնապահության գծով տնօրենը»։ Մինչ մյուս քույր-եղբայրներս իրենց մանկական խաղերով էին զբաղված, ես սովորում էի ինչպես հազար գլուխ անասունին հաշվել, կարողանում էի տարբերել որակյալ կաթը անորակից, մեր գործի հետ կապված այլ մանրամասների էի տիրապետում։ Հիմա էլ անգիր հիշում եմ պապիկիս ասածները: Իր մահից հետո էլ սարեր չեմ գնացել, հիշողությունները շատ են, ամեն քայլափոխն իրեն է հիշեցնում, դժվար է առանց պապիկիս այնտեղ վերադառնալը։ Լուսանկարը՝ «Արզնի» թռչնաֆաբրիկա - Գեւորգ, ի՞նչ կրթություն եք ստացել եւ ե՞րբ ստանձնեցիք ընկերության ղեկավարումը:- 2016 թվականին ընդունվել եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, որոշ ժամանակ հետո տեղափոխվեցի Կ. Ի. Սկրյաբինի անվան Մոսկվայի անասնաբուժական բժշկագիտության եւ կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա: Դասերը Ագրարայինում էին անցկացվում` ավելի խորացված ու բազմակողմանի: Մեկ տարի էր, ինչ ուսանող էի, երբ պապիկս մահացավ ու առկայից անցա հեռակա ուսուցման, որպեսզի կարողանամ նաեւ մասնակցել ընկերության կառավարմանը: Այդ ժամանակ հայրիկս էր ղեկավարում «Արզնին», եւ ես փորձում էի օգնել նրան այդ հարցերում: Եթե մինչ այդ ավելի հազվադեպ էի լինում թռչնաֆաբրիկայում, ապա դրանից հետո ամբողջ ուժերով լծվեցի գործի: Մի կողմից` ուսումն էր, ինքնակրթությունը, որպեսզի ձեռք բերեի նեղ մասնագիտական գիտելիքներ, մյուս կողմից` ընկերության կառավարման հարցերն էին: Այդ հմտությունների պակասն էլ լրացնում էի ավագ գործընկերներիս, կայացած մասնագետների հետ շփումների արդյունքում: Այս գործում մեծ է Հրաչ Բագրատյանի դերը, ով թռչնաբուծության ոլորտում մեծ փորձառություն ունի եւ ինձ ամեն հարցում խորհրդատվություն է տրամադրում: Այդ դժվարին փուլում ինձ ուժ էր տալիս պապիկիս ջանքերով ստեղծած ընկերությունը զարգացնելու եւ կայացնելու միտքը, որ այն դառնա Հայաստանում առաջատարը: «Արզնին» ինձ համար մի փոքր երեխա է, որն անընդհատ ուշադրության, խնամքի կարիք ունի: Այն սովորել, առաջ գնալ, մեծանալ է ուզում, իսկ մենք պետք է օգնենք, որ այդ ճանապարհը հնարավորինս սահուն լինի: «Արզնին» ասոցացնում եմ ընտանիքիս հետ, որովհետեւ այն ընտանեկան բիզնես է, բոլորս մեր չափով ներդրում ունենք դրա կայացման գործում։ Լուսանկարը՝ «Արզնի» թռչնաֆաբրիկա - Ո՞րն է եղել ամենամեծ մարտահրավերը, որին բախվել եք եւ հաջողվել է հաղթահարել:- Հավանաբար, ամենամեծ մարտահրավերը եղել է 2019-2020 թթ., երբ ստանձնեցի տնօրենի պաշտոնն ու զգացի այդ գործի ողջ պատասխանատվությունը: Հասկանում էի, որ ընկերության ապագան արդիականացումն է. գործարանը նորագույն սարքավորումներով վերազինելու, կառավարման նոր համակարգ ներդնելու եւ մարդկային ռեսուրսը թարմացնելու եղանակով, ինչը մեծ ներդրումներ էր պահանջում: Որոշակի հակազդեցության հանդիպեցի, այդ թվում` հայրիկիս կողմից, բայց ի վերջո կարողացա հիմնավորել ու ստանալ համաձայնություն այդ ծրագիրն իրագործելու։ Շնորհակալ եմ հորս ինձ հավատալու եւ վստահելու համար։ Այսօր արդեն կարող ենք տեսնել այդ քայլերի արդյունքը, ինչը մեզ ավելի է մոտիվացնում գնալ առաջ: Ուրախ եմ, որ եղբայրս էլ է այսօր ընկերությունում եւ բժշկական իր գիտելիքները ներդնում է արտադրական գործընթացում: Մարատը դեռ շարունակում է կարդալ, սովորել, ամենօրյա ուսումնասիրություններ կատարել: Խորը մասնագիտական գիտելիքներ են անհրաժեշտ թռչնաբուծության բնագավառում, քանզի ընկերության համար դա ռազմավարական նշանակության ուղղություն է: - Ի՞նչն է «Արզնին» տարբերում մրցակիցներից։ - Մեր կառավարման ձեւի, արագության ու արտադրանքի որակի հաշվին` մենք կարծես դուրս ենք մրցակցությունից: Ընկերությունը շատ առողջ է, գնալով ավելի է առողջանում, որովհետեւ անընդհատ բարելավում ենք մեր արտադրանքի որակն ու գործառնական տարբեր պրոցեսներ: Շատ արագ ենք արձագանքում շուկայում կատարվող տարատեսակ փոփոխություններին, փորձում գտնել լավագույն լուծումները: Դա հեշտ գործ չէ, քանզի հաճախ կապված է կարծրատիպեր եւ ժամանակավրեպ ավանդույթներ կոտրելու, նոր մտածողություն սերմանելու հետ: Դրա համար մենք ժամանակ ու եռանդ չենք խնայում՝ լավ հասկանալով, որ ամենաարժեքավոր ռեսուրսը մարդն է, հասարակ աշխատողը: Որքան էլ որակյալ մենեջմենթ ունենաք, միեւնույն է, աշխատանքն անում են շարքային աշխատակիցները: Եվ նրանք դա անում են այնքան լավ, որքան մոտիվացված են եւ նոր մտածողության ու մշակույթի կրող: Աշխատում ենք շուրջ 1600 մանր ու միջին առեւտրի կետերի եւ սուպերմարկետների հետ, համագործակցում հեղինակավոր ռեստորանների, հյուրանոցների, դեղատների հետ։ Առաջինն ու միակն ենք, որ միջազգային փորձի տեղայնացմամբ շուկային առաջարկում ենք յոդացված ձու։ Շատ մանրակրկիտ աշխատանք է կատարվում, որ սպառողին իսկապես յոդացված ձու հասնի: Առաջիկայում շուկայում կլինի նաեւ սելենով հարստացված ձու: Լուսանկարը՝ «Արզնի» թռչնաֆաբրիկա - Որո՞նք են ընկերության ընթացիկ ծրագրերը: Որտե՞ղ եք տեսնում «Արզնին» հինգից տասը տարի հետո:- Ներկայում ընկերությունում բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են ընթանում։ Ամբողջովին նոր ջրամատակարարման գիծ է ստեղծվում, կաբելային տնտեսությունն է բարեկարգվում․ թռչնի համար առաջնային կարեւորության հարց է, որ ջուրն ու հոսանքն անխափան լինեն։ Գործարանի տարածքում ճանապարհներն ու բարձման հրապարակներն են բարեկարգվում, լուսավորության հարցն ենք լուծում։ Շինարարության փուլում են այն օբյեկտները, որոնք կոչված են բարելավելու աշխատակիցների աշխատանքային պայմանները, կենցաղային, հիգիենայի եւ սննդի հարցերը: Ինչ վերաբերում է գործարանի տեխնիկական վերազինմանը, ապա սարքավորումների 90 տոկոսը թարմացված են՝ եվրոպական վերջին ստանդարտներին համապատասխան։ Մինչ այս պահն իրականացրել ենք 4 միլիոն եվրոյից ավելի ներդրում, առաջիկայում սպասվում է 1-1,5 միլիոն եվրոյի լրացուցիչ ներդրում։ Նախատեսում ենք ձեռք բերել ճտանոցի գերմանական արտադրության հոսքագիծ: Ունենք 3-4 նոր թռչնանոցի ավելացման ծրագիր, որի դեպքում օրական կհասնենք 360 հազար ձվարտադրության: Սա թույլ կտա ընկերությանն ավելի վճռորոշ դերակատարում ունենալ հայաստանյան շուկայում։ Ձգտում ենք, որ «Արզնին» դառնա Հայաստանում թիվ մեկ թռչնաֆաբրիկան՝ ապահովելով ամենամեծ արտադրությունը։ Հինգ տարի հետո ծրագրում ենք ունենալ նաեւ մսի, որակյալ կիսապատրաստուկների արտադրություն, իսկ տասը տարի հետո` դուրս գալ տարածաշրջան։ Թռչնամթերքը դժվար արտահանվող ապրանք է, բայց մենք վստահ ենք, որ ինքնատիպ եւ որակյալ թռչնամթերք արտադրելու դեպքում դա հնարավոր է: Մեր տեսլականը հավկիթի եւ թռչնամսի արտադրության ոլորտում օրինակելի բիզնես մոդել դառնալն է ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային ասպարեզում: Tweet Դիտում՝ 21427