Գեւորգ Թառումյան. Աշխատանքում եւ կյանքում հանդուրժող եմ, անհանդուրժող եմ կրկնվող սխալների հանդեպ

18.08.2024 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
«Առանց փողկապի» հարցազրույցների շարքում զրուցել ենք Ամիօ Բանկի Վարչության նախագահ Գեւորգ Թառումյանի հետ։

- Պարոն Թառումյան, դուք այսօր առանց փողկապի եք, պատճառը հարցազրո՞ւյցն է, թե՞ հաճախ է այդպես լինում։

- Փողկապ բացառիկ դեպքերում եմ կապում՝ հիմնականում ֆորմալ հանդիպումների գնալիս։ Փողկապ կրելիս նախապատվությունը տալիս եմ հարմարավետությանը եւ վառ գույներին, իսկ կրելու ոճերից նախընտրում եմ «Օքսֆորդը»։ Կարծում եմ՝ այն իր դարն ապրել է։ Երբ ամեն ինչ այսքան արագ փոփոխվում է, չի կարող փողկապը հարյուր տարուց երկար կյանք ունենալ։

- Իսկ փողկապով եւ առանց փողկապի տարբե՞ր եք: Որքան հայտնի է Ձեր dress code տարբերվող է: Այս առումով դուք ազա՞տ ոճի մարդ եք:

- Հագուստն ինձ համար հարմարավետություն է, առաջինը դրանով եմ ուղղորդվում, ոչ թե՝ ով ինչ կմտածի, լավ կընդունեն, թե՝ ոչ։ Երկրորդ՝ հագուստը տրամադրություն է ստեղծում։ Լինում են միջոցառումներ, հանդիպումներ, երբ ստիպված ես ֆորմալ հագուստ կրել, բայց նույնիսկ այդ դեպքերում կարելի է ինչ-որ կերպ համեմել։ Կարող ես նաեւ կրել բիզնես կոստյում, բայց առանց փողկապի։

- Նկատել ենք, որ գրանցված չեք սոցիալական եւ ոչ մի ցանցում: Ինչո՞վ կբացատրեք այս հանգամանքը եւ ի՞նչ աղբյուրներից եք լրացնում օրվա լրահոսը կամ արտահայտում Ձեր կարծիքը:

- Այո, ինձ չեք գտնի սոցիալական ցանցերում, միայն պրոֆեսիոնալ հարթակներում եմ գրանցված, դա էլ անհրաժեշտությունից ելնելով։ Սոցցանցերը ժամանակի ընթացքում դարձան բացասական եւ իրենց խնդիրը, ըստ իս, չեն կատարում, հակառակը՝ ավելի շատ ժամանակ են խլում։ Եթե կարճ, ապա սոցցանցերում չկամ, որովհետեւ ուզում եմ հանգիստ ապրել եւ հնարավորինս հեռու մնալ բացասական էմոցիաներից:

Տեղեկացված լինելու կարիք, իհարկե, ունեմ, մեր դարում ինֆորմացված չլինելը թերություն է։ Աշխատում եմ ինֆորմացվել սկզբնաղբյուրներից։ Մի քանի հայկական ու միջազգային կայք կա, որոնցից ամեն օր ինֆորմացիա եմ ստանում։ Օրվա ընթացքում կես ժամ տրամադրում եմ տնտեսական, միջազգային, Հայաստանի ներքին լուրերը կարդալուն։

Գեւորգ Թառումյանը


- Ձեր կենսագրականը հուշում է, որ մեծ տեղ եք հատկացրել ուսմանը, բավականին երկար ժամանակ սովորել եք արտերկրի տարբեր ուսումնական հաստատություններում: Չե՞ք կարոտում այդ տարիները եւ եթե հնարավորություն ունենայինք համատեղել ուսումն աշխատանքի հետ, կանեի՞ք դա:

- Կրթությունն իմ կյանքում եղել է պահանջ։ Շարունակական կրթությունը պարտադիր է բոլորի համար, այդ թվում՝ աշխատավայրում։ Մեծ հաճույք եմ ստանում, երբ իմ կոլեգաների հետ կիսվում եմ շուրջ 30 տարում կուտակած պրակտիկ գիտելիքով, նոր գաղափարներով, որոնք ավելացնում են նրանց գիտելիքները եւ հակառակը, շատ բան ես իրենցից եմ սովորում։ Ամեն դեպքում, կարոտում եմ ուսանողական տարիները, բայց շատ ավելի հետաքրքիր է, երբ դրանք վերապրում ես արդեն չափահաս տարիքում։ Իմ կյանքում դա եղավ, երբ 30 տարեկանում պետք է JVI գնայի, մոտավորապես մեկ ակադեմիական տարի՝ 4,5 ամիս Մոսկվայում եւ նույնքան էլ Վիեննայում եղա եւ այդ ընթացքը լրիվ ուսանողական կյանքի էր նման։

- Ենթակաների հետ շփվելու եւ արդյունավետ ղեկավար լինելու տարբեր մոտեցումներ կան: Ո՞րն է այս առումով Ձեր բանաձեւը:

- Մեզ մոտ «բաց դռների» քաղաքականություն է, դա նաեւ իմ ոճն է։ Կա բանկի կառուցվածք, բայց չկան հիերարխիկ հարաբերություններ։ Դրանք անմիջական են, դիմելու ձեւը ֆորմալ չէ, մարդիկ ավելի բաց են, անկաշկանդ, ավելի ազատ են շփվում՝ արագ լուծելով բոլոր հարցերը:
 
Աշխատակիցների հետ սիրում եմ կատակել՝ նույնիսկ ֆորմալ շփման ժամանակ։ Հումորն օգնում է լիցքաթափվել, սա էլ բրիտանացիների ոճն է։ Միեւնույն ժամանակ, խստապահանջ եմ։

Կարեւորում եմ նաեւ կոլեկտիվում ինքնաճանաչողությունն ու էմպատիան։ Սրանք շատ պոպուլյար ուղղություններ են փափուկ հմտությունների ոլորտում։ Մեզ մոտ ազգային խնդիր կա, բոլորս վարչապետներ ենք, նախարարներ, նախագահներ, թագավորներ, ինքներս մեզ ճիշտ չենք գնահատում, դա շատ կարեւոր է։

Բանկային աշխատողները, բանկիրները բացասական իմիջ ունեն, բայց կյանքն այդպիսին չէ, նրանք կազմակերպված են, որովհետեւ կարգավորվող բիզնեսում այլ կերպ չի կարող լինել, պետք է ժամկետներ, պահանջներ պահել, դա կուլտուրա է, ապրելու ոճ, կյանքում էլ ես այդպիսին դառնում։ Իմ դեպքում սա համընկնում է նաեւ իմ էության հետ։

Աշխատանքում եւ, առհասարակ, կյանքում հանդուրժող եմ սխալների հանդեպ, որովհետեւ չկա մարդ, որ սխալներ չի անում։ Անհանդուրժող եմ կրկնվող սխալների հանդեպ, երբ մարդ սխալ արեց եւ ընդունեց այն, այդ սխալն այլեւս չպետք է կրկնվի։

Գեւորգ Թառումյանը


- Թվային դարաշրջանը ջնջել է սահմաններն աշխատանքի եւ տան միջեւ: Աշխատանքը ավարտելուց հետո Դուք «ազատ քաղաքացի՞ եք», թե՞, այնուամենայնիվ, աշխատանքային մտքերը ուղեկցում են ձեզ ամենուր:

- Աշխատում եմ դնել հստակ տարբերակում աշխատանքային եւ ոչ աշխատանքային ժամերի միջեւ, իհարկե չի ստացվում, քանի որ երբեմն խնդիրներ են լինում նաեւ ոչ աշխատանքային ժամերին։ Աշխատանքից դուրս ոչինչ չեմ ուղարկում գործընկերներիս, եթե դա շատ հրատապ չէ եւ ինքս էլ չեմ ուզում, որ ինձ գործի հետ կապված որեւէ բան ուղարկեն, բայց ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված։
 
Աշխատանքից դուրս երեկոներն անցկացնում եմ ընտանիքիս հետ կամ զբոսնում եմ։ Աշխատանքս նստակյաց է՝ փորձում եմ շաբաթը գոնե երեք անգամ մարզվել։ Մարզասրահ եմ գնում, նույնիսկ, երբ կորոնավիրուսի համավարակ եղավ եւ մյուս վայրերի պես մարզասրահներն էլ փակվեցին, տանը մի անկյուն կահավորեցի եւ հիմա ունեմ ցանկացած ժամի մարզվելու հնարավորություն։

- Իսկ ինչպե՞ս շարժվել առաջ, երբ մարտահրավերները մեր օրերում հաջորդում են մեկը մյուսին:

- Մարտահրավերներին ճիշտ է վերաբերվել որպես նորմա, այլապես թեւաթափ ես լինում, ոչինչ չես ուզում անել։ Արհավիրքներից հետո պետք է ավելի լավ աշխատես, որպեսզի վերականգնես բիզնեսը, տնտեսությունը, երկիրը, հարազատներիդ կյանքը։ Բոլոր ժամանակահատվածներում բանկիրների համար ծանր է եղել, բայց բանկերը, այդ թվում՝ Ամիօ Բանկը, նման իրավիճակները հաղթահարել են աշխատանքի շնորհիվ։

Մարտահրավերները հաղթահարելու երկու կարեւոր ճանապարհ կա՝ առաջինը շարունակական կրթությունն է, որովհետեւ գիտելիքը շատ մեծ ուժ է, երկրորդը` թիմն է։

- Փողը կամ տիրում է իր տիրոջը, կամ ծառայում նրան. ինչպե՞ս կմեկնաբանեք այս ասացվածքը:

- Իմ կյանքում եղել է ժամանակ, որ օրվա հացի գումարի խնդիր եմ ունեցել եւ ստիպված եմ եղել կենտրոնանալ այդ հարցի վրա։ Ստացվում է, որ այդ փուլում փողը տիրել է ինձ։ Ամեն կերպ պետք է դուրս գալ այդ իրավիճակից, այլապես պահանջները միշտ կարող են աճել եւ փողը միշտ կարող է տիրել քեզ։ Ճիշտ է, որ մարդը տիրի փողին։ Եթե մեծ ժառանգություն չես ստացել, իսկ ես ժառանգություն չեմ ստացել, դրա համար պետք է շատ ջանք ներդնել երկու ուղղությամբ, առաջինը՝ աշխատանքով, կրթությամբ, փորձով ավելացնել եկամուտների աղբյուրները, երկրորդը՝ սահմանափակել, կառավարել ծախսելու ախորժակը։ Այլապես այն միշտ կարող է լինել ավելի բարձր, քան եկամուտներն են եւ արդյունքում կլինի փողից կախվածություն եւ ծառայելու փոխարեն այն կտիրի քեզ։

Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան
Դիտում՝ 8330
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW