Հայկ Ոսկանյան. «Ինեկոբանկը քո կողքին» ծրագրի հիմքում երիտասարդների կրթությունն ու մասնագիտական զարգացումն է

16.07.2024 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Յուրաքանչյուր ընկերություն իր գործունեության ընթացքում ազդեցություն է թողնում հասարակության եւ շրջակա միջավայրի վրա: Այս առումով շատ կարեւոր են նրանց ընտրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ուղղությունները: Թե ո՞ր ուղղությամբ է սահմանել իր ԿՍՊ սկզբունքներն Ինեկոբանկը՝ Banks.am-ի հետ զրույցում պատմել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը:

-Կազմակերպությունները մեծ ուշադրություն են դարձնում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Յուրաքանչյուրն ընտրում է ընկերության պատասխանատվության կտորը լրացնելու իր ուղղությունը։ Կխնդրեմ ներկայացնել՝ Ինեկոբանկում ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:

- Ինչպես համաշխարհային, այնպես էլ հայաստանյան շուկայում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, երբեմն, նույնացվում է բարեգործության հետ, բայց ԿՍՊ-ն շատ ավելի լայն հասկացություն է քան վերջինս: Այն պատասխանատվություն վերցնելու եւ հստակ ոլորտի հետ կապված գործողություններ ձեռնարկելու մասին է: Ինեկոբանկում մենք հաճախ ենք տարվում հարցերով՝ ի՞նչ հավելյալ արժեք ենք ստեղծում, ի՞նչ առաջարկով ենք հանդես գալիս:



Այս հարցերը մեզ ստիպում են ճիշտ թիրախավորել այն բացերը, որոնք կան հասարակության մեջ ու ներդնել մեր ամբողջ կորպորատիվ ներուժն՝ այդ բացերը լրացնելու համար։ Այսօր Ինեկոբանկում ունենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության երեք հիմնական ուղղություն՝ կրթություն, առողջապահություն եւ շրջակա միջավայր: Այս ոլորտներում եւս մենք ունենք սահմանած առաջնահերթություններ:

- Խոսենք կրթության ոլորտում իրականացվող ծրագրերից: Որո՞նք են դրանք:

- Կրթությունը հասարակության բարեկեցության եւ տնտեսական զարգացման հիմքն է եւ այն ակտիվը, որը ոչ ոք չի կարող քեզնից վերցնել։ Ցանկացած ներդրում տալիս է բազմապատկվող արդյունք։ Կրթված եւ մասնագիտական փորձառություն ձեռք բերած ուսանողներն են պետության ապագան: Պետության մրցունակության համար պետք է մրցունակ լինեն ընկերությունները, իսկ ընկերությունների մրցունակության համար պետք է մրցունակ լինենք յուրաքանչյուրս։ Այս գաղափարն է ընկած ԲՈՒՀ-երի հետ համագործակցությունների, ուսանողների համար կազմակերպվող տարբեր ծրագրերի եւ միջոցառումների հիմքում:

Հայկ Ոսկանյանը


Ինեկոբանկում մի մոտեցում ունենք․ կիսվել մեր կուտակած գիտելիքներով ու մասնագիտական փորձով։ Կարծում եմ դա օգնում է ֆինանսապես գրագետ դարձնել երիտասարդներին եւ ուղղորդել մասնագիտական ընտրության հարցում։ Նման մի նախաձեռնություն է մեկ տարի առաջ մեկնարկած «Ինեկոբանկը քո կողքին» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ վարձավճարի 100% փոխհատուցում կամ մասնակցել արտերկրում ֆինանսավորվող պրակտիկայի։

- Ծրագիրն այս տարի իրականացնում եք երկրորդ անգամ։ Կկսիվե՞ք 2023 թ․-ի արդյունքներով։

- 2023թ.-ին հաղթող ուսանողներին աջակցեցինք ուսման վարձի փոխհատուցման տեսքով, հաղթողներից երկուսն էլ մեկնեցին արտերկիր՝ Ֆրանսիա, Չեխիա փորձառություն ձեռք բերելու։ Շատ ուրախ եմ, որ այդ երիտասարդներից ոմանք նախընտրում են գնալ, սովորել, հետո փորձով կիսվել Բանկի ներսում եւ ընտրում են դառնալ մեր թիմի անդամ։ Այս ծրագիրը մեր Բանկի համար կարեւոր է նաեւ երիտասարդների հետ շփման տեսանկյունից: Իրականացման ժամանակ ունեցել ենք հատուկ առանձնացված մենթորների խումբ, ովքեր մասնակիցներին օգնել են իրագործել նախագծերը եւ դրանց արդյունքում նրանց առաջարկած որոշ գաղափարներ նաեւ կիրառել ենք բանկում: Օրինակ՝ երիտասարդները մեզ օգնեցին այնպիսի մարքեթինգային արշավ մտածել, որը կթիրախավորի հենց իրենց շրջապատին։ Ի դեպ՝ այն բավականին արդյունավետ էր ստացվել: Մեր օրերում չկան մասնագիտությունների ավանդական բաժանումներ եւ մեր նպատակն է առանձնացնել այն ուսանողներին, ովքեր տեսակով արդյունքին միտված են, ունեն վերլուծական միտք եւ կարող են նմանատիպ ծրագրերի շնորհիվ, գտնվելով աշխատանքային ճիշտ միջավայրում, զարգացնել նաեւ իրենց փափուկ հմտությունները։

«Ինեկոբանկը քո կողքին» ծրագրի շրջանակում ԵՊՀ, ՀՊՏՀ, ՀՖՀՀ, ՀՌՀ եւ ՀԱՊՀ հետաքրքրված ուսանողները մասնակցել են Բանկում կազմակերպվող մրցութային փուլերի, որի արդյունքում նրանցից ընտրվել են 20 լավագույն մասնակիցները։ Մենթորների աջակցությամբ ուսանողներն իրականացրել են ծրագրեր եւ հանդես եկել առաջարկներով։ 20 ուսանողները 8 օրվա ընթացքում կատարել են խմբային առաջադրանքներ, որոնց արդյունքներով ընտրվել է 8 հաղթող։ Նրանցից 6-ը ստացել են կրթության ֆինանսավորում 1 ուսումնական տարվա համար, իսկ 2-ը՝ Ֆրանսիայում եւ Չեխիայում ֆինանսավորվող պրակտիկաներ են անցել։ Ծրագրի մասնակիցներից 11-ը հնարավորություն են ստացել միանալ Ինեկոբանկի թիմին:

-Ի՞նչ պլաններ ունեք «Ինեկոբանկը քո կողքին» ծրագրի հետ կապված՝ 2024թ․-ին։

- Մեր նպատակն է զարգացնել եւ ընդլայնել ծրագիրը, ավելի շատ ուսանողների տալ հնարավորություն մասնակցելու, բայց միեւնույն ժամանակ շարունակել պահպանել ընտրության բարձր ստանդարտներ։ Շատ կարեւոր է, որ ցանկացած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիր չխեղաթյուրի խթանային համակարգը, լինի հստակ սահմանված չափանիշներով եւ նպատակներով։

Ծրագիրը լինելու է շարունակական` հաշվի առնելով ստացված դրական արդյունքները։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան
Դիտում՝ 7825
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW