Լուիզա Պետրոսյան. Բաժնետոմսերի թողարկումից մինչեւ ռիսկերի վրա հիմնված կառավարում

30.05.2024 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Լուիզա Պետրոսյան #Հայէկոնոմբանկ
Հայէկոնոմբանկի Խորհրդի անդամ, քարտուղար Լուիզա Պետրոսյանը խոսել է բանկի բաժնետոմսերի թողարկումների, դրանց գրավչության, ներքին հսկողության արդյունավետ մեխանիզմների եւ կորպորատիվ կառավարման սկզբունքների ամրապնդման մասին:

- Վերջին տարիներին Հայէկոնոմբանկը պարբերաբար բաժնետոմսեր է թողարկում։ Առաջիկայում որեւէ նոր թողարկում սպասվո՞ւմ է եւ, ընդհանրապես, ի՞նչ սկզբունքով են իրականացվում բաժնետոմսերի թողարկումները։

- Ճիշտ նշեցիք վերջին տարիների թողարկումների մասին: 2016թ. Բանկը որդեգրեց կապիտալն ավելացնելու քաղաքականություն` նաեւ ի հաշիվ բաժնետոմսերի պարբերաբար իրականացվող տեղաբաշխումների: Այդ ժամանակից ի վեր միայն բաժնետոմսերի տեղաբաշխումների հաշվին Հայէկոնոմբանկի կապիտալն ավելացել է մոտ 13 անգամ: Վերջին թողարկումների համար լրացուցիչ խթան հանդիսացան նաեւ օրենսդրական փոփոխությունները՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներդրված կապիտալի պահպանման եւ հակացիկլիկ բուֆերների տեսքով:

Միայն այս տարվա ընթացքում Բանկի հիմնադիր բաժնետերերի կողմից կապիտալն արդեն համալրվել է մոտ 7 մլրդ ՀՀ դրամով, ինչն ամուր հիմքեր է ստեղծում Բանկի հետագա դինամիկ զարգացման համար:

Նշեմ նաեւ, որ հունիսի 14-ից մեկնարկում է Հայէկոնոմբանկի սովորական բաժնետոմսերի հերթական տեղաբաշխումը, որը նախատեսվում է ավարտել մինչեւ հոկտեմբերի վերջ: Տեղաբաշխման են ներկայացվել մոտ 2 մլրդ ՀՀ դրամի բաժնետոմսեր, մեկ բաժնետոմսի արժեքը 5.360 ՀՀ դրամ է: Բաժնետոմսեր կարող են ձեռք բերել ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք. բաժանորդագրության նվազագույն եւ առավելագույն մեծությունների սահմանափակումներ առկա չեն, այսինքն՝ հնարավոր է ձեռք բերել նույնիսկ մեկ բաժնետոմս: Ի դեպ, անցյալ տարի Բանկի բաժնետերերի ժողովի կողմից որոշում էր ընդունվել սովորական բաժնետոմսերի բաժանման վերաբերյալ, ինչի արդյունքում ապահովվեց բաժնետոմսերի մատչելիությունը պոտենցիալ բաժնետերերի ավելի լայն շրջանակի համար:

Հայէկոնոմբանկի կողմից բաժնետոմսերի տեղաբաշխումներն իրականացվում են՝ խստագույնս հետեւելով գործող օրենսդրությանը եւ զերծ մնալով բաժնետերերի իրավունքները որեւէ կերպ սահմանափակելուց: Պարտադիր ապահովվում է ինչպես տեղաբաշխման, այնպես էլ Բանկի վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունը:

Բանկի նկատմամբ առկա լոյալության մասին ինքնին խոսում է բանկի բաժնետերերի քանակը: Այս ցուցանիշով Հայէկոնոմբանկը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը բանկային հատվածում:

- Բացի նրանից, որ բաժնետոմսը ներդրողին տալիս է կազմակերպության կառավարմանը մասնակցելու իրավունք, այն նաեւ եկամտի աղբյուր է: Որքանո՞վ է արդարացված Հայէկոնոմբանկի բաժնետոմսի ձեռքբերումը զուտ ֆինանսական տեսանկյունից:

- Հունիսին կկայանա Հայէկոնոմբանկի բաժնետերերի տարեկան ժողովը, որի հաստատմանը Խորհուրդը ներկայացրել է 2023թ. արդյունքներով շահաբաժիններ վճարելու հարցը: Վերջին 9 տարիների ընթացքում բանկն անընդմեջ իրականացրել է շահաբաժինների բաշխում, իսկ շահույթի մնացած մասն ուղղել է Բանկի հետագա զարգացմանը՝ նպաստելով բաժնետերերի ներդրումների հետագա աճին:

Պատկերը պարզ է եւ տեսանելի. տարեցտարի Բանկն ունենում է կապիտալի կայուն հավելաճ, ինչը ներդրողին, բացի շահաբաժինները, թույլ է տալիս իր ներդրման դիմաց գեներացնել լրացուցիչ եկամուտ:

Հայէկոնոմբանկի բաժնետոմսերի գրավչության եւս մեկ բաղկացուցիչ է դրանց դիմաց վճարվող շահաբաժինների հարկման ենթակա չլինելը, քանի որ բաժնետոմսերը ցուցակված են ՀՀ ֆոնդային բորսայում:

Շահաբաժինների վճարման հարցում մշտապես առաջնորդվում ենք Բանկի հետագա արդյունավետ զարգացումն ապահովելու եւ բաժնետերերի շահերը հաշվի առնելու սկզբունքով:

- Կորպորատիվ կառավարումը խոշոր ֆինանսական կառույցի արդյունավետ գործունեության կարեւորագույն երաշխիքներից մեկն է։ Ի՞նչ քայլեր են կատարվել Հայէկոնոմբանկում վերջին տարիներին՝ ուղղված կորպորատիվ կառավարման սկզբունքների ամրապնդմանը։

- Հայաստանում Բանկն առաջիններից էր, որ սկսեց ներդնել կորպորատիվ կառավարման տարրերը: Այսօր Հայէկոնոմբանկն անընդհատ կատարելագործում է իր կորպորատիվ կառավարման համակարգը միջազգային չափանիշներին համապատասխան, քանի որ այն անհրաժեշտ բաղադրիչ է հանդիսանում շուկայում Բանկի մրցունակությունն ապահովելու համար: Բանկում ներդրված համակարգը թույլ է տալիս արդյունավետ կառավարել բաժնետերերի, Խորհրդի եւ Գործադիր մարմնի միջեւ հարաբերությունները:



Առաջնորդվելով կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձով՝ Բանկի Խորհրդի կազմում ներգրավված են անկախ անդամներ, ձեւավորվել եւ գործում են խորհրդատվական ձայնի իրավունքով Խորհրդին կից հանձնաժողովներ՝ Աուդիտի, Կադրային քաղաքականության եւ Ռիսկերի:

- Բանկի հաջողության գրավականներից մեկը ներքին հսկողության արդյունավետ մեխանիզմների առկայությունն է։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Հայէկոնոմբանկում այս ուղղությամբ։

- Խորհրդի հիմնական խնդիրներից են ներքին հսկողության արդյունավետ համակարգի ներդրումը եւ կատարելագործումը, ռիսկերի կառավարման ռազմավարության, քաղաքականությունների հաստատումը եւ ռիսկի ախորժակի սահմանումը:

Հայէկոնոմբանկում արդյունավետ գործում են Ներքին աուդիտի, Ռիսկերի կառավարման, Համապատասխանության, Ներքին դիտարկումների (ՓԼ/ԱՖ դեմ պայքարի) եւ վարկերի մոնիտորինգի հսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները, որոնց գործունեությունը կոչված է ապահովելու եւ բարձրացնելու Բանկի ընթացիկ գործունեության նկատմամբ կիրառվող հսկողությունը:

Կցանկանայի հատուկ անդրադառնալ Բանկում ռիսկերի կառավարման թեմային՝ առանձնացնելով ՓԼ/ԱՖ ռիսկի, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների հարցը:

Ռիսկերի կառավարման գործառույթի կարեւորությունն ընդգծելու նպատակով Բանկում անցյալ տարի կատարվել են փոփոխություններ թե՛ կառուցվածքային առումով, թե՛ ռիսկերի գնահատման գործիքներում եւ մոտեցումներում:

Ինչ վերաբերում է ՓԼ/ԱՖ ռիսկին, ապա Հայէկոնոմբանկն ավանդաբար աչքի է ընկնում ՓԼ/ԱՖ գծով հնարավոր ռիսկի նկատմամբ պահպանողական մոտեցմամբ՝ սահմանելով ռիսկի «ախորժակի» ցածր մակարդակ: Մերօրյա հրամայականով պայմանավորված՝ Խորհրդի կողմից հաստատվել եւ Բանկում խստագույնս պահպանվում են «Միջազգային պատժամիջոցներին համապատասխանության ապահովման» քաղաքականության դրույթները, ինչի վկայությունն է Հայէկոնոմբանկի ոչ ռեզիդենտ հաճախորդների թվի գրեթե փոփոխության չենթարկվելը հայտնի աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին: Ի դեպ, այդ փաստը հատուկ արձանագրվել է նաեւ «Ֆիթչ» միջազգային վարկանշային գործակալության զեկույցում: Միջազգային պատժամիջոցների հարցում Բանկի ղեկավարությունը միաձայն ընդունել է առավելագույն շրջահայացության սկզբունքը՝ գիտակցված հրաժարվելով ոչ ռեզիդենտների հետ գործարքների պոտենցիալ շահույթից: Բանկի կողմից ներդրված տեխնիկածրագրային լուծումները, որոնց կատարելագործման ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացվում, թույլ են տալիս ժամանակին բացահայտել եւ կանխարգելել ֆինանսական հանցագործությունները եւ պատժամիջոցների շրջանցման փորձերը:

Արտաքին եւ ներքին միջավայրի փոփոխություններին պատշաճ արձագանքելու, ինչպես նաեւ ռիսկերի կանխարգելումն ապահովելու նպատակով Բանկի ղեկավարությունը մշտադիտարկում է ռիսկերի զսպման մեխանիզմների կատարելագործման գործընթացը:
Դիտում՝ 7390
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW