Ժամանակի պահանջներին համընթաց պարտքերի հավաքագրման գործընթացի կազմակերպումը «Դելեքս» փաստաբանական գրասենյակի այցեքարտն է արդեն 10 տարի։ «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ-ի շրջանակում գործող մասնագիտացված թիմը 2020թ.-ից ներկայանում է արդեն նոր՝ առանձին ապրանքանիշով։«Դելեքս» փաստաբանական գրասենյակի ղեկավար Մարիամ Սանթրոսյանը Banks.am-ի հետ զրույցում պատմել է այն մոտեցումների մասին, որոնք գրասենյակն առաջատար են դարձնում ժամկետանց պարտքերի հավաքագրման ոլորտում, ինչպես նաեւ խոսել է ոլորտի հայաստանյան ու միջազգային զարգացումներից։ «Ընկերությունում աշխատում ենք հատուկ մշակված ծրագրով»«Դելեքս» փաստաբանական գրասենյակի առաքելությունն է ապահովել վստահորդների պարտքերի հավաքագրումը հնարավորինս սեղմ ժամկետներում: Դրանով պայմանավորված՝ գործերի մեծ մասի դեպքում փորձում ենք պարտապանին առաջարկել պարտքի մարման անհատական լուծումներ ու ժամանակացույց՝ խստորեն հետեւելով, որ պայմանավորվածություններն իրականացվեն։ Միեւնույն ժամանակ, պարտքերի մի մասի դեպքում ցանկացած բանակցային գործընթացի նախորդում է իրավականը՝ բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Յուրաքանչյուր պարտք՝ նույնիսկ ստանդարտացված, այս առումով յուրահատուկ է եւ ենթադրում է յուրահատուկ մոտեցում: Վստահորդը կարող է հանգիստ լինել, որ պարտապանի նկատմամբ կիրառելու ենք օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները՝ ժամկետանց պարտքի հավաքագրման համար: Մարիամ Սանթրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ընկերությունում աշխատում ենք հատուկ մշակված ծրագրով, որը հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել պարտքերի հավաքագրումը՝ անկախ վստահորդի պարտապանների քանակից եւ պարտքերի ծավալից։ Տարիների փորձին եւ տեխնոլոգիական զարգացումներին համընթաց զարգացնում ենք նաեւ կիրառվող լուծումները: Գործը վստահորդից ստանալուց, մշակելուց եւ վերլուծելուց հետո ներբեռնվում է ծրագրային համակարգ, որին հաջորդում է բուն պարտքերի հավաքագրման գործընթացը: Ավտոմատացված ծրագրային համակարգի միջոցով հնարավորություն է ստեղծվում ցանկացած պահի հետեւել գործի ընթացքին, կատարել վերլուծություններ եւ հետեւողական լինել այն բոլոր ժամկետներին, որոնց խախտումները կարող են հանգեցնել բացասական հետեւանքների: Իրականացվում են նաեւ համեմատական վերլուծություններ, որպեսզի կարողանանք դուրս բերել ստանդարտ ընթացակարգերից առանձնացող դեպքերն ու օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր շեղումներին: Ծրագրային ապահովման գործիքների շնորհիվ՝ կարճ ժամանակահատվածում աշխատակիցները կարող են կազմել եւ ներկայացնել գումարի բռնագանձման պահանջով կարգադրություններ, հայցադիմումներ, կատարողական թերթերը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (ՀԿԱԾ) ներկայացնելու դիմումներ, միջնորդություններ, ինչպես նաեւ իրականացնել վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ։Անկախ գործերի քանակից՝ կարող ենք վստահորդին ցանկացած պահի տրամադրել հաշվետվություններ դրանց ընթացքի եւ կարգավիճակի վերաբերյալ: Օրինակ՝ այս պահին ունենք վստահորդ, որը մեզ ժամանակի ընթացքում փոխանցել է մոտ 150 հազար գործ։ 10 տարվա փորձառություն եւ անհատական մոտեցում՝ յուրաքանչյուր վստահորդիՏարիների փորձը ցույց է տվել, որ նախապես որոշված գործողությունների անփոփոխ հաջորդականությամբ, այսինքն՝ գծային մեթոդով հավաքագրումը, չի ապահովում անհրաժեշտ արդյունավետություն: Եթե նախկինում հավաքագրման գործընթացը սկսում էինք զանգով եւ դատական փուլ անցնելուց հետո տվյալ հաճախորդին այլեւս չէինք զանգահարում՝ մտածելով, որ զանգի միջոցով հավաքագրումը չի հաջողվել, հիմա մոտեցումը փոխել ենք: Զուգահեռ զանգահարում ենք եւ հորդորում ավելի շուտ վճարել՝ խուսափելով տույժերի եւ տոկոսների հաշվարկից, հավելյալ ծախսերից կամ հաշտության եզրեր գտնելու համար:Բոլոր գործընթացներն ուղղված են պարտքի առավել արագ եւ ամբողջական հավաքագրման ապահովմանը: Անընդհատ վերլուծությունների արդյունքում մոտեցումները պարբերաբար փոփոխվում են: Հիմա քննարկում ենք վերլուծությունների իրականացման համար նաեւ արհեստական բանականության (AI) կիրառման հնարավորությունը: Հուսով ենք՝ սա էլ ավելի կբարձրացնի գործընթացների արդյունավետությունը։ Մարիամ Սանթրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Չնայած՝ բուն գործունեությունն իրականացվում է վերը նշված ավտոմատացված համակարգի միջոցով, այնուամենայնիվ, յուրաքանչյուր աշխատակից ունի հստակ տարանջատված գործառույթ: «Դելեքս»-ում կան զանգերի կենտրոնի, դատարանների եւ ՀԿԱԾ-ի հետ աշխատանքները կարգավորող, հաշտության համաձայնության եւ օպերատիվ թիմեր: Օրինակ, երբ որեւէ գործով հայցադիմում ենք ներկայացնում դատարան եւ սահմանված ժամկետում որոշում չենք ստանում, համապատասխան աշխատակիցները խնդիրը կարգավորելու համար կապ են հաստատում դատարանների աշխատակազմերի հետ: Մարիամ Սանթրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Աշխատակիցները հետեւում են նաեւ դեպքերին, երբ կատարողական թերթը հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացնելու դիմումը ուղարկում ենք դատարան եւ սահմանված ժամկետներում կատարողական վարույթ հարուցելու որոշում չենք ստանում,: Նմանատիպ վերլուծական գործիքներ մշակվել են նաեւ նոտարների կողմից ԳԲՎԿ արձակելու գործընթացների, արբիտրաժային վարույթների եւ այլ գործընթացների ժամկետներին հետեւելու համար: Վերլուծությունները վերաբերում են ոչ միայն ժամկետներին, այլեւ՝ գործընթացների բովանդակությանը։ Օրինակ՝ մանրակրկիտ վերլուծվում է ՀԿԱԾ ծառայության կողմից (ըստ առանձին ծառայողների) հավաքագրման արդյունավետությունն ու որոշակի շեղումներ հայտնաբերելու դեպքում՝ աշխատանք է տարվում խնդիրները պարզելու ուղղությամբ: Աշխատանքը թվերովԺամկետանց պարտքերի հավաքագրման արդյունավետությունն անմիջապես կախված է գործը հավաքագրողին հնարավորինս շուտ փոխանցելուց։ Օրինակ՝ 30-60 օր կետանցված գործերով պարտքերի փաստացի հավաքագրումը բավականին բարձր է՝ մեկ տարվա ընթացքում կարող է հասնել կամ հաճախ անցնել 60%-ը՝ կախված պարտքի հավաքագրման համար անհրաժեշտ հիմքերի առկայությունից։Այս պահին «Դելեքս»-ում ունենք 110 հազարից ավելի ընթացիկ գործ: Մեր հաճախորդների թվում են բանկեր, ՈՒՎԿ-ներ, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններ, ինչպես նաեւ՝ ներմուծմամբ, մեծածախ եւ մանրամեծածախ վաճառքով զբաղվող ընկերություններ, մատակարարներ:Վերջին 4 տարում «Դելեքսը» 22 հազարից ավելի ավարտված գործ ունի դրական ելքով: Սրանք այն դեպքերն են, երբ հավաքագրումն իրականացրել ենք թե՛ բանակցությունների, թե՛ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: Գնագոյացում՝ հաջողության վրա հիմնված մեթոդի կիրառմամբՓաստաբանական ծառայությունների եւ պարտքերի հավաքագրման ծառայությունների շուկայում գործում են գնագոյացման տարբեր մեխանիզմներ: «Դելեքսի» մոտեցումն այս հարցում ուղղակիորեն կապված է մեր առաքելությունից՝ սեղմ ժամկետում ապահովել պարտքի հավաքագրումը․ մենք հոնորար ենք ստանում բացառապես վստահորդի բանկային հաշվին մուտք եղած գումարից, այսինքն՝ փաստացի հավաքագրված գումարից։ Առկա են դեպքերը, երբ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում գործն ավարտվում է գույք կամ դրամական միջոցներ չհայտնաբերելու հիմքով։ Այս դեպքում, անկախ մեր կատարած աշխատանքից, վստահորդը վճարում է միայն դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրքը, որոշ դեպքերում՝ այս կամ այն փորձաքննությունների գումարը: Նա ազատվում է գործընթացի հետ կապված ցանկացած այլ ծախսից (տպագրություն, տվյալների մշակում, աշխատավարձ, փոստային ծախսեր եւ այլն): Միայն այն բանից հետո, երբ վստահորդը փաստացի ստանում է պարտքի գումարը, վճարում է մատուցված ծառայությունների համար՝ փաստացի հավաքագրված գումարի որոշակի տոկոս:Դիմակայել ոլորտի մարտահրավերներինԱյս պահին ժամկետանց պարտքերի հավաքագրման իրավական գործընթացում տեղի են ունենում փոփոխություններ: Սահմանվել է, որ բանկերը, վարկային կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, սպառողների կամ հաճախորդների հետ կնքված պայմանագրերի հիման վրա, մինչեւ 2 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջը ներկայացնելու են նոտարին՝ դատարան դիմելու փոխարեն: Այս գործընթացի իրականացման համար նոտարին պետք է վճարել 10 հազար դրամ, որը նախնական փուլում վճարում է պարտատերը, իսկ կարգադրության բավարարման դեպքում՝ այն ավելանում է պարտապանի չվճարած պարտավորության գումարին։ Մարիամ Սանթրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ հայցադիմումները դատարան ներկայացնելու գործընթացում, մասնավորապես՝ գործարկման փուլում է էլեկտրոնային հայցադիմումների հարթակը: Դրա աշխատանքում դեռեւս բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կան եւ այն հարմարեցված չէ տվյալների առավել ավտոմատացված փոխանակմանը: Սա լրացուցիչ բարդացնում է համակարգն օգտագործողների աշխատանքը: Հուսով ենք՝ տեխնիկական խնդիրները կվերացվեն եւ առկա լուծումները դիտարկում ենք որպես նվազագույն կիրառելի արտադրանք (MVP – minimal viable product): Միջազգային փորձն ու մենթալիտետի փոփոխության կարեւորությունը Սպառողական վարկերի, ապառիկ վաճառքների եւ դրանց հետեւանքով կետանցվող պարտքերի ավելացմանը զուգահեռ, մեծանում է նաեւ հավաքագրող ընկերությունների դերը տնտեսություններում: Աշխարհում հավաքագրման գործընթացում այսօր արդեն ակտիվ կիրառվում է արհեստական բանականությունը: Այն հնարավորություն է տալիս կենտրոնանալ առավել հավանական հավաքագրվող գործերի վրա, մշակել անհատականացված մարտավարություններ առանձին պարտքերի հետ կապված, գտնել առաջին հայացքից անտեսանելի եւ չնկատվող շեղումներ ու կորելացիաներ՝ մշակելով պարտքի հավաքագրմանն ուղղված գործընթացներ: Նշված լուծումների կիրառումը նույնիսկ փոքր պարտքերի հավաքագրման գործընթացը դարձնում է անհատականացված ու առավել արդյունավետ: «Դելեքս»-ի հաջողության գաղտնիքը նաեւ ժամկետանց պարտքերի հավաքագրման միջազգային չափանիշներին հետեւելու եւ դրանք լավագույնս տեղայնացնելու մեջ է։ Յանա Շախրամանյան Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 15591