Կոնվերս Բանկի գործառնական դեպարտամենտի տնօրեն Արթուր Մխիթարյանի հարցազրույցը Banks.am-ին- Մարտի 6-ին Երեւանում կկայանա «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսը եւ Կոնվերս Բանկը դրա գործընկերներից է: Որո՞նք են Ձեր ակնկալիքները կոնֆերանսից:- Տնտեսական եւ սոցիալական փոփոխությունների պայմաններում անչափ կարեւոր է մարդկանց կյանքի որակի բարելավումը, համաշխարհային ֆինանսների հասանելիությունը: Միասնական մոտեցում է անհրաժեշտ բնական միջոցների օգտագործմանը, տեխնոլոգիական զարգացմանը, ներդրումային ուղղություններին:Այս կոնֆերանսը կդառնա այն հարթակը, որտեղ պարբերաբար կքննարկվեն ներքին եւ արտաքին մարտահրավերները, կառաջարկվեն դրանց հաղթահարման եղանակներ: Կոնֆերանսը հիանալի հնարավորություն է նաեւ նախանշելու մեր երկրի ու տեղական բիզնեսի զարգացման հեռանկարը:- Երբ խոսում ենք ESG-ի մասին, տեսնո՞ւմ եք հնարավորություն խելամիտ բալանս պահպանել միջազգային օրակարգի եւ տեղական կարիքների միջեւ:- ESG-ն առաջնահերթություն է. բոլորիս ներկա եւ ապագա օրակարգը: Տեւական ժամանակ է, ինչ Կոնվերս Բանկը վարում է բնապահպանական ռիսկերի կառավարման քաղաքականություն: Բանկը վարկավորման հատուկ ընթացակարգ ունի, որտեղ սահմանվում են բնապահպանական չափորոշիչներն ու ռիսկերը: Բանկի համար առանցքային նշանակություն ունեն նաեւ սոցիալական նշանակության հարցերը:Բանկը ֆինանսավորել է Հայաստանում առաջին խոշոր ֆոտովոլտային կայանի շինարարությունը, եւ դա մի ժամանակահատվածում, երբ «կայուն զարգացում» տերմինը Հայաստանում նոր էր սկսում շրջանառվել: Կայուն ֆինանսավորումը սկսել եւ իրականացնում ենք գերազանցապես սեփական ռեսուրսներով: Բանկի ներդրումն ու արդյունավետ փորձառությունն այս ոլորտում բարձր գնահատականի է արժանացել նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, ՎԶԵԲ-ի «Տարվա Գործարք - Կանաչ Առեւտուր» մրցանակին Հայաստանում առաջինը՝ այն էլ, երկու տարի անընդմեջ, արժանացել է Կոնվերս Բանկը: Միայն նախորդ տարի Բանկը ֆինանսավորել է ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի էներգաարդյունավետ հիփոթեք։ Արտադրության արդյունավետության բարձրացման, վնասակար արտանետումների նվազեցման նպատակով միայն մեկ պրոդուկտի շրջանակում կատարվել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամի չափով ֆինանսավորում։ Ինտենսիվ այգեգործության ոլորտում մեր ներդրումը գերազանցել է 452 մլն ՀՀ դրամը։ - Այս տեսանկյունից բիզնեսը, այդ թվում՝ բանկերը, կարո՞ղ են որոշակի պատասխանատվություն ստանձնել:- Այո, պատասխանատու ֆինանսավորումն այլընտրանք չունի: Եթե հարցին պատասխանեմ Կոնվերս Բանկի տեսանկյունից, ապա նոր՝ ESG օրակարգի մշակման ու ներդրման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացան COVID-19-ի, հաջորդող պատերազմի ու տարածաշրջանային անկայունության պայմաններում. տեխնոլոգիական աճին զուգահեռ արագացան թվայնացման գործընթացները, ինչի արդյունքում ապահովվեց բանկային ծառայությունների հասանելիությունը նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր գյուղերում բնակվող քաղաքացիների համար:Այսօր թարմացնում ենք Բանկի ռազմավարությունը՝ հաշվի առնելով միջազգային օրակարգն ու միտումները, տեղական բիզնեսի փորձառությունը: - Moody's-ը կանխատեսում է, որ 2024 թվականին աշխարհում տնտեսության կայունության հետ կապված $950 միլիարդի պարտատոմսեր կթողարկվեն։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում «կանաչ» պարտատոմսերի հեռանկարները: - «Կանաչ» պարտատոմսերը մեր ապագան են: Հայաստանում արդեն կա դրանց թողարկման փորձառություն: Կոնվերս Բանկը ներկայում դիտարկում է այդ ոլորտ մուտքի հնարավորությունը՝ իրականացնելով համապատասխան վերլուծություններ եւ հետազոտություններ, քննարկելով նոր պրոդուկտների ներդրման հնարավորությունը:Ի վերջո, ապագան ESG-ն է. այն կենսունակ համակարգ է եւ մեր նոր իրողությունը: Tweet Դիտում՝ 3683