Մհեր Անանյան. 2024թ. ընթացքում նոր «կանաչ» միջոցներ կբերենք Հայաստան

23.02.2024 | 09:16 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանի հարցազրույցը Banks.am-ին

- Պարոն Անանյան, ԱրարատԲանկը հանդիսանում է մարտի 6-ին կայանալիք «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսի գործընկեր: Ի՞նչ ակնկալիքներ ունեք կոնֆերանսից, որն, ի դեպ, ամենամյա է լինելու:

- Նախ ողջունում ենք «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսի կազմակերպիչների մտահաղացումը  եւ ուրախ ենք, որ ԱրարատԲանկը հանդիսանում է միջոցառման գործընկեր։ Կոնֆերանսի միջոցով կազմակերպված այս հարթակը կմիավորի պետական հատվածը մասնավորի հետ, բարեգործական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, գիտնականներին, հետազոտողներին, ESG ոլորտի ներկայացուցիչներին, արտադրողներին եւ բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն վերազինվել եւ արդիականացնել իրենց կառավարման մշակույթը։

Համաժողովի առանցքում կլինի Do Something! կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ Ջոն Դին, ով հանդիսանում է Ավստրալիայի կայուն զարգացման եւ բնապահպանության ոլորտում առաջատար մասնագետ։ Կարեւոր է լսել նրա կարծիքը եւ տեղեկանալ նրա կողմից ձեռք բերված փորձի մասին, թե ինչպես կարելի է բիզնեսը դարձնել էկոլոգիապես ավելի մաքուր եւ արդյունավետ։  

Իմ կարծիքով, այս կոնֆերանսը կստեղծի մի միջավայր, որտեղ բոլոր ներգրավված կողմերը հնարավորություն կունենան փոխանակվել կայուն զարգացման ռազմավարության վերաբերյալ իրենց փորձով եւ գաղափարներով, ինչպես նաեւ կիսվել ձեռքբերումներով ներկայիս փոփոխվող պայմաններում։

- Կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանում ESG-ն ավելի շատ ցանկություն է, քան իրականություն: Պատրա՞ստ եք վիճարկել նման կարծիքը եւ արդյո՞ք կան իրական հնարավորություններ միջազգային օրակարգի եւ տեղական կարիքների միջեւ խելամիտ բալանս ձեւավորելու համար:

- Թույլ տվեք չհամաձայնել այն կարծիքին, որ Հայաստանում ESG-ն ավելի շատ ցանկություն է, քան իրականություն։ ESG-ն միայն ընտրյալ ընկերությունների համար չէ, բիզնեսի վարման այս մոտեցումը դառնում Է արդիական եւ ժամանակի հրամայական, անհրաժեշտ  այն ընկերություններին, որոնք մտահոգված են ոչ միայն իրենց, այլեւ շրջակա միջավայրի ապագայով: ESG ռազմավարություն մշակելը եւ այն հետեւողական կիրառելը թույլ է տալիս ընկերությանը փոխել գործարար մտածելակերպը, ունենալ  երկարաժամկետ արժեք ստեղծելու կարողություն՝ գնահատելով ռիսկերն ու հնարավորությունները: Դրանց հետ հաշվի չնստող ընկերությունները կարող են բախվել ֆինանսական ռիսկերի հետ եւ կորցնել իրենց ներդրումային գրավչությունն ու շահակիցների վստահությունը: Պատասխանատու ընկերությունները կարեւորում եւ գնահատում են ESG գործընթացների առաջնորդումը` որպես երկարաժամկետ հաջողության գրավական:

Դրա հիմնական մարտահրավերն աշխարհայացքի փոփոխությունն է, որն անխուսափելիորեն ուղեկցվելու է սեփական դերի ու նպատակների վերաիմաստավորմամբ:

Կայուն զարգացման հրամայականով ESG-ին դրդելու է ընկերություններին վերանայել իրենց ռազմավարական նպատակները, կառավարման եղանակներն ու ընթացակարգերը, կորպորատիվ մշակույթը եւ ռիսկերի կառավարումը, կատարողականի թիրախային ցուցանիշներն ու փոխհարաբերությունները շահակիցների հետ ոչ միայն տնտեսական, այլեւ սոցիալական եւ բնապահպանական առումներով:

2022 թվականին ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» (UN Global Compact) միջազգային նախաձեռնությանը՝ ի դեպ լինելով առաջին եւ միակ ֆինանսական հաստատությունը ու պատրաստակամություն հայտնելով ներառել ՄԱԿ-ի կայուն զարգացման սկզբունքները իր ռազմավարությունում եւ գործել այդ սկզբունքների համաձայն։

«Գլոբալ պայմանագրի» տասը սկզբունքները բխում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ աշխատանքի հիմնարար սկզբունքների եւ իրավունքների մասին հռչակագրից, Շրջակա միջավայրի եւ զարգացման մասին Ռիոյի հռչակագրից եւ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայից: Մենք հանձնառու ենք ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիրը» եւ դրա սկզբունքները դարձնել մեր ընկերության ռազմավարության, մշակույթի եւ առօրյա գործունեության մաս եւ ներգրավվել համագործակցային նախագծերում, որոնք առաջ են մղում ՄԱԿ-ի զարգացման ավելի լայն նպատակներ, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակները։

ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիրը»՝ աշխարհում խոշորագույն կորպորատիվ կայունության նախաձեռնությունը, ապահովում է կորպորատիվ պատասխանատվության համընդհանուր շրջանակ եւ սահմանում է սկզբունքներ բիզնեսների պատասխանատու կառավարումն ուղղորդելու համար։ Միանալով ՄԱԿ-ի ընտանիքին ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» միջոցով, որը միավորում է 160 երկրում ավելի քան 12,000 ձեռնարկություններ եւ 3,000 շահույթ չհետապնդող կողմերի, ԱրարատԲանկը կարեւոր հանձնառություն ունի Հայաստանում ամրապնդելու համագործակցային, փոխաջակցող միջավայրը՝ հանուն ավելի կայուն եւ ներառական ապագայի։

- Ի՞նչ եք կարծում, պետական կարգավորումից եւ վերահսկողությունից զատ, կարո՞ղ են հայաստանյան բանկերը սեփական չափանիշները սահմանել, օրինակ, կառուցապատող ընկերությունների կամ արդյունաբերական ձեռնարկությունների համար: Այսինքն, բանկերը ինչ-որ իմաստով «կամավոր պատասխանատվություն» ստանձնեն:

- ESG-ի հիմքում ընկած է այն գիտակցումը, որ շրջակա միջավայրի, սոցիալական եւ պատշաճ կառավարման հիմնախնդիրներն ազդում են ընկերության` արժեք ձեւավորելու կարողության վրա: ՀՀ բանկերն, անշուշտ, հանդիսանալով ՀՀ տնտեսության կարեւորագույն բաղադրիչ՝ կարող են որդեգրել եւ վարել վարկավորման եւ հետագա մոնիթորինգի այնպիսի քաղաքականություն, որի բաղկացուցիչ մասը կլինի  ESG ռազմավարության հիմնադրույթները՝ այդպիսով սահմանելով չափորոշիչներ, որոնց համապատասխան պետք է հետագայում գործեն իրենց կողմից վարկավորված եւ սպասարկվող կազմակերպությունները, այդ թվում կառուցապատող ընկերությունները եւ արդյունաբերական ձեռնարկությունները։ Այդ դիրքորոշումը հնարավորություն կտա նաեւ ձեռնարկություններին բիզնեսի վարման կարճաժամկետ մոտեցումներից անցում կատարել երկարաժամկետի` ձգտելով բնապահպանական առումով մաքուր ու անվտանգ գործունեությանը, ինչպես նաեւ հասարակության եւ շրջակա միջավայրի վրա ընկերության գործունեության ազդեցության գնահատմանը։

- Moody's-ը կանխատեսում է, որ 2024 թվականին աշխարհում տնտեսության կայունության հետ կապված $950 միլիարդի պարտատոմսեր կթողարկվեն։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում «կանաչ» պարտատոմսերի հեռանկարները:

- Պետք է նշեմ, որ ԱրարատԲանկն արդեն ունի «կանաչ» պարտատոմսերի հետ կապված համագործակցության փորձ այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են շվեյցարական «Symbiotics» ներդրումային ընկերությունը եւ «Agence Française de Développement Group»-ի դուստր «Proparco» ընկերությունը։ «Symbiotics» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված $ 15.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղվել են ԱրարատԲանկին: Միջոցները օգտագործվել են սահմանված չափանիշներին համապատասխանող սոցիալական, ինչպես նաեւ «կանաչ» վարկերի ֆինանսավորման համար։ Սոցիալական վարկերի միջոցով միկրո ձեռնարկություններն ու ՓՄՁ-ները խթանում են երկրում աշխատատեղերի ստեղծումն ու գործարար միջավայրի ակտիվությունը, իսկ «կանաչ» վարկերը տրամադրվել են վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, էկոշենքերի ստեղծման եւ էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների ձեռքբերման խթանման նպատակով: Որդեգրելով «կայուն զարգացում երկարաժամկետ հատվածում» գործելաոճը՝ ԱրարատԲանկը կարեւորում է հասարակության ու ձեռնարկությունների համար բարեկեցիկ եւ կայուն ապագա ստեղծելու համար նպաստավոր ֆինանսավորումն ու ներդրումները` առաջնահերթություն տալով այնպիսի ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք երկարաժամկետ հատվածում քաղաքները եւ համայնքները կդարձնեն էկոլոգիապես անվնաս եւ բնապահպանական տեսանկյունից անվտանգ։ Կայունության պարտատոմսերը ցուցակվել են Լյուքսեմբուրգի «Կանաչ» պարտատոմսերի ֆոնդային բորսայում՝ Կայունության պարտատոմսեր հարթակում:

Սա եղել է մեր առաջին փորձը, սակայն համոզված եմ, որ գործընթացը ունենալու է շարունակական բնույթ, ոչ միայն ԱրարատԲանկի, այլեւ ՀՀ այլ կազմակերպությունների համար, որոնք քայլ առ քայլ ինտեգրվում են միջազգային նորարարությունների գործընթացներին՝ ներդրումներ կատարելով կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմման ուղղությամբ, որն ուղղակիորեն կապված է կանաչ ֆինանսավորման հետ: Նոր վերլուծական գործիքների կիրառումը եւ կանաչ ֆինանսավորման հասանելիության բարելավումը ուղղակիորեն կնպաստի կանաչ տնտեսության անցմանը։

- ԱրարատԲանկը վերջերս հայտարարեց Green for Growth Fund (GGF) սոցիալական ազդեցության ներդրումային հիմնադրամից $5 միլիոն վարկի ներգրավման մասին: Կարո՞ղ ենք սպասել, որ 2024 թվականի ընթացքում բանկը նոր «կանաչ» միջոցներ կբերի Հայաստան:

- Ինստիտուցիոնալ ներդրողները հակված են դիտարկել ESG-ն որպես երկարաժամկետ արժեք եւ ESG չափորոշիչների միջոցով գնահատում են ընկերություններին` բնապահպանական կամ սոցիալական հնարավոր ռիսկերից խուսափելու համար: ԱրարատԲանկը դեռեւս 2012 թվականից համագործակցել է  Green for Growth Fund (GGF)  հիմնադրամի հետ՝ կնքելով էներգախնայողությանն ուղղված ֆինանսավորման պայմանագիր։ Արդեն իսկ այդ ժամանակ Բանկը ստացել է տեխնիկական աջակցման մեծ ծրագիր, որը միտված է եղել «կանաչ» պորտֆելի վարկային մասնագետների եւ «կանաչ» պորտֆելի մոնիթորինգային խմբի մասնագետների պատրաստմանն, ինչը հիմք է հանդիսացել առողջ «կանաչ» վարկային պորտֆել ձեւավորելու համար։ Հետագայում եւս ունեցել ենք մի շարք «կանաչ» ծրագրեր՝ ֆինանսավորման տարբեր աղբյուրներից եւ, իհարկե, բանկը միտված է ապահովել գործընթացի անընդհատությունը՝ ներգրավելով նոր «կանաչ» միջոցներ։

Ներկայում ունենք առաջարկներ, որոնց շուրջ վարում ենք բանակցություններ, եւ, կարծում եմ, 2024 թվականի ընթացքում բանկը նոր «կանաչ» միջոցներ կբերի Հայաստան՝ նպատակ ունենալով ապահովել «կանաչ» ֆինանսավորման հասանելիությունը հայաստանյան տնտեսվարող սուբյեկտների համար:

«Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսը կայանալու է 2024թ. մարտի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով կամ գրեք news@mediamax.am հասցեին:

Կոնֆերանսի ծրագիրը հասանելի է այստեղ. https://banks.am/am/news/newsfeed/27298
Դիտում՝ 11563
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW