Ռուբեն Մելիքյան. 2024-ը կարող է լինել բավականին բարենպաստ տարի ՀՀ բանկերի համար

14.02.2024 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Ռուբեն Մելիքյան #RUMELS Management Solutions #բանկեր
ՀՀ բանկային ոլորտում տեղի ունեցող զարգացումների շուրջ զրուցել ենք RUMELS Management Solutions ընկերության հիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ:

- Պարոն Մելիքյան, անցած տարի ՀՀ բանկերի զուտ շահույթը 12%-ով պակաս էր, քան 2022 թվականին գրանցած ռեկորդային ցուցանիշը։ Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ սրընթաց աճն այլեւս անցյալում է, եւ բանկային համակարգը վերադառնում է գործունեության բնականոն հուն:

- Պետք չէ մոռանալ, որ 2022 թվականին բանկային համակարգի շահույթն եղել է աննախադեպ բարձր՝ 262,4 մլրդ ՀՀ դրամ (ROE 23%), ինչը 4 անգամ ավելի էր քան 2021 թվականին արձանագրած արդյունքը՝ 65,5 մլրդ ՀՀ դրամ (ROE 7%):

Այդ իսկ պատճառով անցած տարի բանկային համակարգի արձանագրած շահույթը, որը թեեւ 12%-ով պակաս էր, քան 2022 թվականին եղած արդյունքը, եւ կազմել էր 230 մլրդ ՀՀ դրամ, կարող ենք համարել շատ հուսադրող: Հուսանք, որ հաջորդ տարիների ընթացքում բանկային համակարգը կկարողանա պահպանել կապիտալի շահութաբերության երկնիշ մակարդակը (ROE):

Զուտ շահույթի նվազման հիմնական պատճառը պայմանավորված է անցած տարի Արցախում տեղի ունեցած իրադարձություններով, մասնավորապես, կային բանկեր, որոնք մասնաճյուղեր ունեին այնտեղ:

Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ բանկային համակարգի հուսալիությունն էականորեն բարելավվել է, այդ ընթացքում զուտ շահույթի միայն 25%-ն է վճարվել դիվիդենտի տեսքով՝ 122 մլրդ ՀՀ դրամի չափով, իսկ մնացած 75%-ը մնացել է բանկերի կապիտալում։

Նաեւ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը նույնպես աճել է՝ գրեթե 25%-ով, եւ արդեն իսկ կազմում է 12.4 մլրդ ԱՄՆ դոլար։

- Ի՞նչ կանխատեսումներ ունեք ընթացիկ տարվա համար: Ըստ Ձեզ՝ որո՞նք են լինելու 2024 թվականին հայաստանյան բանկային ոլորտի վրա ազդող հիմնական գործոնները:

- Կարծում եմ, 2024 թվականը կարող է լինել բավականին բարենպաստ բանկային համակարգի համար, բանկերի մեծ մասը կշարունակի գրանցել բարձր շահութաբերության մակարդակ։

Ըստ մեր նախնական կանխատեսումների՝ 2024 թվականին բանկային համակարգի շահույթը մեծ հավանականությամբ կկազմի շուրջ 200 մլրդ ՀՀ դրամ (+/- 10%)։

Նաեւ չենք բացառում որոշակի խոշոր գործարքներ, իրադարձություններ բանկային համակարգում՝ միաձուլումներ, փոփոխություններ բաժնետերերի կազմում եւ այլն։

Ինչ վերաբերում է հիմնական գործոններին, ապա, կարծում ենք, դրանց մեծ մասը կարող են լինել ավելի շատ քաղաքական, աշխարհաքաղաքական, քան զուտ տնտեսական։

Այնուամենայնիվ, կանխատեսում ենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը կշարունակի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, քանի որ գնաճը գտնվում է կառավարելի մակարդակում։

Նաեւ հուսանք, որ անշարժ գույքի շուկայում ստեղծված համեմատաբար պասիվ իրավիճակը կակտիվանա արդեն իսկ մոտակա ամիսներին։

- Իսկ որքանո՞վ կարող են ազդել ՀՀ բանկային համակարգի վրա գլոբալ շուկաներում ընթացող զարգացումները

- Եթե խոսենք զուտ տնտեսական գործոններից, ապա պետք է հաշվի առնել, որ լուրջ մարտահրավերներ են ի հայտ եկել աշխարհի խոշորագույն տնտեսություններում, ինչը կարող է պատճառ դառնալ խորը տնտեսական ճգնաժամի։

- ԱՄՆ. անցած տարի միջազգային վարկանիշային գործակալություններն իջեցրել են ԱՄՆ կառավարության վարկային ռեյտինգը (ամենաբարձր «AAA» մակարդակից մինչեւ «AA+»-ի՝ մեկ աստիճան ցածր), ինչը պայմանավորված է երկրի ֆինանսական վիճակի եւ պարտքային բեռի հետ կապված մտահոգություններով: Նշված խնդիրներին նաեւ ավելացել են ներքին քաղաքական խնդիրները, հասարակության ծայրահեղ բեւեռացում՝ ընդառաջ նոյեմբերի 5-ի ընտրություններին։

- Չինաստանի տնտեսության աճի արագ տեմպերը մնացել են անցյալում, մոտակա տարիներին այն կանխատեսվում է ընդամենը 3-3.5% մակարդակում:

- ԵՄ երկրների տնտեսություններում արդեն իսկ բարձր հավանականություն կա, որ ՀՆԱ-ի անկումը, որը սկսվել էր անցած տարի, կշարունակվի եւ կխորանա այս տարվա ընթացքում:

- Ռուսաստան. չնայած այն հանգամանքին, որ ՌԴ-ն դեռ արդյունավետ կարողանում է դիմակայել աննախադեպ սանկցիոն ճնշմանը, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ այս ընթացքում ռուսական ռուբլու փոխարժեքն արդեն իսկ ավելի է քան 90 ռուբլի մեկ ԱՄՆ դոլարի դիմաց (1.5 տարի առաջ այն 60-65 մակարդակում էր), իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը արդեն հասել է 16%-ի: Նշված պայմաններում դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանի տնտեսությունը կկարողանա ունենալ կայուն աճ, եթե Արեւմուտք - Ռուսաստան հակամարտությունը չավարտվի կարճաժամկետ ապագայում:

Բայց, կարծում ենք, այս տարվա ընթացքում նշված իրադարձությունների ազդեցությունը Հայաստանում էականորեն չի զգացվի։

- Օրերս հայտնի դարձավ, որ HSBC Հայաստանը պատրաստվում է լքել հայաստանյան շուկան: Ինչպե՞ս կգնահատեք բանկի դերը ՀՀ բանկային ոլորտի կայացման ու զարգացման առումով եւ, միաժամանակ, որքանո՞վ եք կարեւորում մեր երկրում միջազգային բանկ ունենալու հեռանկարը:

- Չնայած, որ HSBC Հայաստանը ՀՀ բանկային համակարգում զուտ թվերի տեսանկյունից ներկա փուլում մեծ կշիռ չունի բանկային համակարգում (ընդամենը 3.2% բանկային համակարգի ընդհանուր ակտիվներում, 18 բանկերից զբաղեցրել է 12-րդ տեղը), այնուամենայնիվ, շատ ցավալի է, որ նմանատիպ որոշում է կայացվել։ Բանկը դարձել էր մեր ֆինանսական շուկայի խորհրդանիշներից մեկը, այն գործում էր մեր երկրում 1996 թվականից՝ բերելով իր հետ ամբողջովին նոր ու նորարար բանկային միջավայր։

Բայց եւ այնպես, բանկի հեռանալու մասին լուրերը շրջանառվում էին վաղուց՝ այն պահից, երբ 2012 թվականին HSBC-ն դուրս եկավ Վրաստանի շուկայից։

Առանձին կուզենամ նշել, որ ՀՀ տնտեսությունում եւ, մասնավորապես բանկային համակարգում, առկա են հարյուրավոր բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձառությունը ստացել էին հենց HSBC Հայաստան բանկում աշխատելու ընթացքում։ Այս գործարքից հետո, կարծում եմ, շատ արհեստավարժ աշխատակիցներ կհամալրեն Արդշինբանկի թիմը։ Նշեմ նաեւ, որ գործարքից հետո Արդշինբանկի մասնաբաժինն ըստ ընդհանուր ակտիվների կլինի ավելի քան 20%, ինչն ընդունելի եւ կառավարելի կենտրոնացման մակարդակ է համարվում։

Կարծում եմ, այսօր անհրաժեշտ է մշակել ռազմավարություն ու ճանապարհային քարտեզ եւ փորձել մեր երկիր ներգրավել միջազգային ֆինանսական բրենդներ՝ իրենց համար ստեղծելով հնարավորինս գրավիչ պայմաններ։ Եթե խոսենք բանկերից, ապա նվազագույն կապիտալի չափը (30 մլրդ ՀՀ դրամ/75 մլն ԱՄՆ դոլար) շատ բարձր է եւ համարժեք չէ մեր տնտեսությանը։

Իմ կարծիքով, կարելի է դիտարկել հնարավորություն եւ անգամներով քիչ կապիտալի պահանջ սահմանել թվային բանկերի համար, որոնք կցանկանան մուտք կգործել մեր շուկա։ Օրինակ, Վրաստանում թվային բանկերի համար նվազագույն կապիտալի պահանջը սկզբնական փուլում 10 անգամ քիչ է, քան այլ բանկերի համար, որը թվային բանկի գործունեության ընթացքում փուլ առ փուլ բարձրացվում է։ Այս պահին արդեն իսկ մի քանի թվային բանկ ստացել է նմանատիպ լիցենզիաներ Վրաստանում, դրանցից մեկը՝ Peysera Bank-ն է։

- Ի՞նչ եք կարծում, մեր բանկերին հաջողվում է անհրաժեշտ դերակատարություն ունենալ կապիտալի շուկայի զարգացման գործում: Առհասարակ, որո՞նք են կապիտալի շուկայի զարգացման հիմնական գործոնները եւ ի՞նչ է մեզ պակասում այս ոլորտում:

- Կապիտալի շուկաների զարգացումը պետք չէ, որ լինի պարզապես ինքնանպատակ, այն պետք է հետաքրքիր լինի բոլոր կողմերի համար, եւ ռիսկերը լինեն կառավարելի։ Կապիտալի շուկան զարգացնելիս հնարավորինս պետք է խուսափել այն բացասական երեւույթներից, որոնց միջով անցել են զարգացած երկրները։ Այս փուլում պարտքային գործիքները (debt instruments) կարող են դիտարկվել ավելի գրավիչ ՀՀ տնտեսության համար:

Իհարկե, բանկերը կարող են իրենց որոշակի դերակատարությունն ունենալ այս հարցում, բայց համապատասխան գերատեսչություններն են անմիջականորեն պատասխանատու կապիտալի շուկայի զարգացման համար:

Մոտ 6-7 տարի առաջ միայն 1-2 բանկ ուներ թողարկված պարտատոմսեր, իսկ այս պահին այդպիսի բանկերի թիվը 12-ն է՝ ընդհանուր ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր մնացորդային արժեքով։

Որոշ բանկեր ակտիվորեն աջակցում են մասնավոր բիզնեսներին արժեթղթեր թողարկելու գործում (underwriting), մատուցում են ներդրումային ծառայություններ։

Անցած մի քանի տարիների ընթացքում ականատես ենք եղել նաեւ տարատեսակ ներդրումային ընկերությունների եւ ֆոնդերի ստեղծմանը, ինչը նույնպես իր չափով դրական է ֆինանսական շուկաների զարգացման տեսանկյունից։

Իմ կարծիքով, մոտակա տարիներին ականատես կլինենք կանաչ պարտատոմսերի (green bonds) մի շարք թողարկումներին։ Նշված պարտատոմսերի նկատմամբ առկա է մեծ պահանջարկ միջազգային տարբեր ֆինանսական կառույցների կողմից։

 - Վերջին շրջանում թե Հայաստանում, թե հարեւան երկրներում տեղի է ունենում հիմնական տոկոսադրույքի նվազում: Չի խստացվում դրամավարկային քաղաքականությունը նաեւ միջազգային շուկաներում: Ինչի՞ մասին է սա խոսում:

- Ոչ բոլոր հարեւան երկրներում է նկատվում նշված միտումը, օրինակ՝ Թուրքիայում տոկոսադրույքը վերջերս բարձրացվել է եւ կազմում է 45%։

Բայց, ընդհանուր առմամբ, իրավացի եք՝ անցած տարիներին աշխարհում գրանցվեցին գնաճի շատ բարձր տեմպեր, ինչը դրդեց տարբեր երկրների կենտրոնական բանկերին բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ զսպելու համար գնաճային միտումները։

ՀՀ Կենտրոնական բանկը սկսեց այդ գործընթացը ավելի վաղ, քան այլ երկրներ, այդ իսկ պատճառով մենք ականատես չեղանք չափազանց բարձր գնաճին։ ՀՀ ԿԲ-ի կողմից վերջին իջեցումից հետո վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 8.75% (համեմատության համար՝ ԱՄՆ-ում այն 5%-5.25% է, Եվրոգոտում՝ 4.5%)։

Կարծում ենք, այս իջեցումները կլինեն շարունակական, ինչը կաջակցի տնտեսության ակտիվացմանը։

- Մեր օրերում մարտահրավերներին դիմակայելու խնդիրը դարձել է կարեւորագույններից թե գլոբալ աշխարհում, թե հայաստանյան իրականության մեջ: Այս առումով, որո՞նք են, ըստ Ձեզ, հիմնական մարտահրավերները՝ ինչպես մեր տնտեսության, այնպես էլ բանկային ոլորտի համար:

- Մեր պետության համար կա հիմնական մեկ մարտահրավեր, դա անվտանգության խնդիրն է, որից անմիջապես կախված են թե ներքին եւ թե օտարերկրյա ներդրումները, ՀՀ դրամի փոխարժեքը, անշարժ գույքի շուկան, բանկերի իրացվելիությունը, վարկային պորտֆելի որակը եւ այլն։

Համոզված եմ, որ եթե այս անվտանգային մարտահրավերները կարողանանք հաղթահարել, ապա զուտ տնտեսական առումով ունենալու ենք շարունակական բարձր աճ եւ բնակչության կյանքի որակի բարձրացում։

Ռուբեն Մելիքյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը
Դիտում՝ 12594
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW