Վերջերս ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հերթական անգամ ընտրվել է Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) կողմից իրականացվող ֆինանսավորման ծրագրի գործընկեր: Այս առիթով զրուցել ենք «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ, բիզնեսի զարգացման դեպարտամենտի Տնօրեն Արա Մակարյանի հետ:- Պարոն Մակարյան, որքանո՞վ եք կարեւորում համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ: Տվյալ դեպքում՝ ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրոպական Ներդրումային Բանկի ծրագիրը: - Միջազգային ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցությունը եղել եւ մնում է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ռազմավարական կարեւորության ուղղություններից: Նման համագործակցությունները կարեւոր են ոչ միայն հաճախորդների համար նպաստավոր պայմաններով միջոցներ ներգրավելու տեսանկյունից, այլ նաեւ այդ կառույցների կողմից տրվող կարողությունների բարձրացման աջակցության առումով: Մասնավորապես, նման աջակցությունների միջոցով մենք տեղայնացնում ենք միջազգային լավագույն փորձը մեր շուկայում: Եվրոպական Ներդրումային Բանկի կողմից «Հայաստանի տնտեսական դիմակայունություն» անվանմամբ այս ծրագիրն իրականացվում է ՀՀ Կենտրոնական բանկի եւ ԵՆԲ-ի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում` «Գերմանահայկական Հիմնադրամ» Ծրագրի Կառավարման Գրասենյակի միջոցով: Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 70,000,000 Եվրո: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը՝ բավարարելով այս ծրագրի շրջանակում գործընկեր ֆինանսական կառույցներին ներկայացվող պահանջներին, հերթական անգամ ընտրվել է գործընկեր կառույց եւ իրականացնում է հաճախորդների ֆինանսավորումը վերջինիս ներքո:- Ո՞ւմ է ուղղված, ի՞նչ է առաջարկում եւ ի՞նչ հիմնական մրցակցային առավելություններ ունի ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից իրականացվող այս ֆինանսավորումը:- Ծրագրի նպատակն է ֆինանսավորել ՀՀ արտադրության, գյուղատնտեսության եւ տուրիզմի ոլորտում գործող մասնավոր փոքր եւ միջին ձեռնարկություններին: Թիրախային ուղղություններ են համարվում էներգաարդյունավետության, կանանց ձեռներեցության, մարզային զարգացման խթանման, թվայնացման եւ ավտոմատացման նախագծերի ֆինանսավորումը: «Կայունության» բաղադրիչը հանդիսանում է ցանկալի նախապայման բոլոր նախագծերում:Վարկային միջոցները ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից տրամադրվում են միայն ՀՀ դրամով եւ մինչեւ 90 ամիս ժամկետով, որից, ըստ ծրագրերի առանձնահատկության, կարող է տրամադրվել մինչեւ 12 ամիս արտոնյալ ժամկետ: Մեկ հաճախորդին եւ փոխկապակցված խմբին հասանելի առավելագույն ֆինանսավորման ծավալը կազմում է մինչեւ 12,000,000 Եվրո:Այս ծրագրի հիմնական առավելություններն են համեմատաբար երկար ժամկետը, արտոնյալ ժամկետների տրամադրման հնարավորությունը, թիրախային ընդարձակ ոլորտները, ինչպես նաեւ ՀՀ դրամով շուկայականից ցածր տարեկան տոկոսադրույքը (մինչեւ 10.5%): - Նշեցիք «Կայուն» ֆինանսավորման հատուկ բաղադրիչը. ի՞նչ նոր քայլեր է ձեռնարկում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն այս ուղղությունը զարգացնելու համար։- Չնայած վերջին տարիներին «Կանաչ» եւ «Կայուն» ֆինանսավորումն աստիճանաբար ավելի ու ավելի են ներառվում ՀՀ ֆինանսական կառույցների օրակարգում, այնուամենայնիվ, դեռ մեծ չօգտագործված ներուժ է առկա այս ուղղության զարգացման համար: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը «Կանաչ» եւ «Կայուն» ֆինանսավորման ուղղությունները հայտարարել է որպես առաջնային ուղղություն ֆինանսավորման համար եւ ամբողջ ներուժով զարգացնում է այն: Վերջին տարիներին նշված ուղղություններով ֆինանսավորման պորտֆելն էական աճ է գրանցել, իրականացվել են նաեւ որակական աշխատանքներ, որոնց թվում են անձնակազմի կարողությունների բարձրացումը, համապատասխան ներքին իրավական ակտերի ընդունումը, Green Climate Fund-ի կողմից ֆինանսավորված պատրաստվածության աջակցության ծրագրի կառավարումը եւ այլն: Վերջերս ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը, առաջինը Հայաստանում, անդամակցել է Partnership For Carbon Accounting Financials (PCAF) միջազգային կառույցին, ինչը հնարավորություն կտա մեզ մեկ քայլ առաջ գնալ բանկի «Կանաչ» եւ «Կայուն» վարկային ու ներդրումային պորտֆելի վերաբերյալ հաշվետվողականության աշխատանքներում: Ավարտական փուլում են գտնվում մեկ այլ եվրոպական ասոցիացիային անդամակցելու աշխատանքները, որտեղ հնարավորություն կունենանք փորձի փոխանակում կատարել եվրոպական այլ ֆինանսական կառույցների հետ: Առկա են ընթացիկ այլ աշխատանքներ, որոնց մասին շուտով կտեղեկացնենք հանրությանը:- Որո՞նք են այս նպատակի իրականացման ընթացքում հանդիպող հիմնական խոչընդոտները, եւ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրանք հաղթահարելու համար: - Մինչ խոչընդոտներին անդրադառնալը՝ կարեւոր եմ համարում նշել, որ առաջընթացն այս ուղղությամբ ակնհայտ է: Շարունակական հաջողություններ ունենալու համար պետք է նախեւառաջ բարձրացնել իրազեկվածության մակարդակը մասնավոր հատվածում, որպեսզի ներդրողներն իրենց ներդրումային ծրագրերում տնտեսական արդյունքից բացի հաշվի առնեն նաեւ սոցիալական եւ բնապահպանական հետեւանքները, նախապատվությունը տան ավելի կայուն եւ սոցիալապես պատասխանատու ծրագրերին:Հաջորդ կարեւոր քայլը ֆինանսաբանկային համակարգի կողմից համընդհանուր մոտեցումների որդեգրումն է: Մասնավորապես, անհրաժեշտ է վարկային եւ ներդրումային պորտֆելի «կայունության» կամ «կանաչ լինելու» միանման չափելի համակարգ ներդնել: Չափելիությունը համատեղելով պարբերաբար հաշվետվողականության հետ՝ կստեղծվի վիճակագրություն, որն էլ համապատասխան խթանների կիրառման արդյունքում կնպաստի առաջընթացին:Եվ վերջինը՝ ցանկանում եմ նշել միջազգային լավագույն փորձի տեղայնացումը մասնավոր եւ պետական համակարգում: - Մոտ ժամանակահատվածում ինչպիսի՞ նոր զարգացումների կարող են սպասել հաճախորդներն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ից:- Բարելավումները եւ կատարելագործումը անդադար աշխատանքներ են, որոնք ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում իրականացվում են ամեն օր: Լինելով ոչ մասսայական ծառայություններ մատուցող բանկ եւ թիրախավորելով կորպորատիվ եւ ներդրումային ծառայությունների ուղղությունը` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը խիստ կարեւորում է հաճախորդների սպասարկման որակը եւ հարմարավետությունը:Ներկայումս ուղիղ բանակցություններ են ընթանում երկու խոշոր ֆինանսական կառույցների հետ, որոնց կողմից առաջարկվող գործիքակազմը կարող է փոխել ավանդական վարկավորման մասին մոտեցումները: Այդպիսով նախատեսվում է մեծացնել ՓՄՁ-ների հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին: Վարկավորման եւ ներդրումային ծառայություններից զատ, մոտակա ժամանակներում բանկի հաճախորդները հնարավորություն կունենան սպասարկվել գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած եւ ցանկացած խստապահանջ հաճախորդի պահանջներին բավարարող միջավայրում, որի մասին կխոսվի առաջիկայում: Tweet Դիտում՝ 10706