Հայկ Եգանյան. Առողջ շուկայի գերնպատակը պետք է լինի միջազգային ներդրողներ ներգրավելը

24.01.2024 | 23:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը Banks.am-ին պատմել է 2023 թվականին ունեցած ձեռքբերումների մասին եւ ներկայացրել կապիտալի շուկան զարգացնելու անհրաժեշտ բաղադրիչները:

- Պարոն Եգանյան, ինչպիսի՞ն էր 2023 թվականը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար: Արձանագրվեցի՞ն արդյոք նոր միտումներ բորսայական գործիքների կիրառման առումով եւ, միաժամանակ, կարո՞ղ ենք խոսել շուկայի մասնակիցների ակտիվության աճի մասին:

- 2023 թվականը բավականին հաջողված տարի էր Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար բոլոր առումներով: Նույնիսկ ստացվեց պահպանել ամեն տարի առնվազն մեկ նոր բաժնետոմսի ցուցակման միտումը: Կարող է թվալ, որ մեկ հատը շատ քիչ է, բայց, երբ հաշվի ես առնում վերջին տարիների թրենդը՝ 2020-ից հետո յուրաքանչյուր հաջորդ տարի առնվազն մեկ հատ ցուցակում ունեցել ենք, իսկ դրանից առաջ, վերջին ցուցակումները եղել են 2008 եւ 2016 թվականներին, ապա 1 հատ ցուցակումը նույնիսկ շատ գովելի է եւ արդեն խոսում է ոլորտի դրական դինամիկայի մասին:

2023 թվականին շուկայի կապիտալիզացիան բարձրացավ մի քանի տասնյակ միլիարդ դրամով: Պետական պարտատոմսերի շուկան եւս շատ ակտիվ էր: Տարվա ամենակարեւոր ձեռքբերումը նաեւ այն էր, որ միջազգային ինստիտուցիոնալ ներդրողներ ի հայտ եկան Հայաստանի տեղական, դրամային պետական պարտատոմսերի շուկայում եւ մի քանի հարյուր միլիոն դոլարին համարժեք պետական պարտատոմս ձեռք բերվեց: Սա շատ դրական ցուցանիշ է ՀՀ կապիտալի շուկայի համար:

Ընդհանրապես, կապիտալի շուկան, որպեսզի աշխատի եւ զարգանա, շատ կարեւոր է հինգ բաղկացուցիչ ունենա. լավ իրավական, կարգավորող եւ վերահսկողական մեխանիզմներ, որը պետությունն է՝ ի դեմս իր օրենսդիր, վերահսկող ու կարգավորող մարմինների, ներդրողների բազա, փողի կարիք ունեցող կառույցներ՝ տնտեսություն, ֆինանսական ծառայությունների միջնորդներ՝ ներդրումային բանկեր եւ երթակառուցվածքներ՝ դեպոզիտարիա եւ բորսա:

Հայաստանում առաջին երկուսն ունենք: Երրորդը՝ փողի կարիք ունեցող կառույցները, այսինքն՝ բիզնեսը եւս շատ է զարգացել, ունենք ընկերություններ, որոնք պատրաստ են պարտատոմսերով եւ անգամ բաժնետոմսերով փող ներգրավել, եւ միանշանակ իրավացի եւ արդարացի չէ այն թեզը, թե իբր Հայաստանյան բիզնեսը չի ցանկանում կապիտալի շուկայի միջոցով գումար ներգրավի: Հերքելու համար այդպիսի թեզերը, բավական է պատասխանել հետեւյալ հարցին՝ արդյո՞ք հայաստանյան բիզնեսներին հարկավոր չեն անգրավ եւ ավելի գրավիչ պայմաններով պարտք կամ բիզնեսի զարգացման համար նոր ինստիտուցիոնալ բաժնետերեր, որոնք կօգնեն բիզնեսի զարգացմանը։ Միանշանակ պետք է, առհասարակ զարգանալու եւ Հայաստանի սահմաններից դուրս գալու համար, իսկ նմանատիպ թեզերը հիմնականում շրջանառության մեջ են դրվում այն շահագրգիռ անձանց կողմից, որոնք պետք է կազմակերպեին այդ աշխատանքը:

Չորրորդ՝ ամենակարեւոր բաղադրիչը, ներդրումային բանկերը եւ բրոքերներն են: Սրանք այն հաստատություններն են, որոնց եկամուտը ձեւավորվում է ներդրողներ ներգրավելու միջոցով, ներդրողների խնայողությունները եկամտաբեր գործիքների մեջ ներդրում կատարելու հնարավորության ստեղծումով: Սա ենթադրում է աշխատանքի կատարում ներդրողների բազա ձեւավորելու շուրջ՝ արդյունքում աշխատելով եկամուտ՝ գործարքներից միջնորդավճար գանձելու միջոցով, ինչպես նաեւ զուգահեռաբար կազմակերպելով աշխատանք տնտեսությունում առկա ընկերությունների հետ, համոզելով, որպեսզի կատարեն արժեթղթերի թողարկում նոր գումար ներգրավելու համար եւ կազմակերպեն թողարկումից մինչեւ տեղաբաշխում եւ ցուցակում գործընթացները՝ արդյունքում աշխատելով եկամուտ տեղաբաշխումից։: Դրա համար թողարկողից գանձում են մի քանի տոկոս, իսկ ներդրողներից էլ վերցնում են բրոկերի ծառայությունների միջնորդավճարը:

Մեզ մոտ կան լիցենզավորված շատ ընկերություններ, բայց հարց է առաջանում անգամ այս հարցազրույցը կարդացողի մոտ՝ թե՛ որպես ներդրող եւ թե՛ անգամ որպես թողարկող, քանի ներդրումային ընկերություն է կապվել Ձեզ հետ համոզելու համար, որ ներդրում կատարեք իրենց միջոցով կամ թողարկում կատարեք, որը իրենք կտեղաբաշխեն: Կատարեք պարզ համեմատություն վարկային գործիքների շուկայի հետ, եւ շոշափելի կլինի արդեն իսկ տարբերությունը։ Նրանք պետք է աշխատեն եւ թողարկողի, եւ հանրության հետ, համոզեն, բացատրեն, որ բանկից դեպոզիտը հանեն եւ ներդրում անեն այլընտրանքային գործիքների մեջ՝ բաժնետոմս, պարտատոմս, ներդրումային ֆոնդեր եւ այլն, միեւնույն ժամանակ տրամադրեն տեխնիկական եւ խորհրդատվական աջակցություն՝ կայացրած որոշումը իրականացնելու համար:

Խնդիրը լուծելու համար Հայաստանում պետք է լինեն առնվազն միջազգային հաջողված փորձ ունեցող ներդրումային բանկեր եւ բրոքերներ, որոնք կունենան համապատասխան աշխատակիցներ եւ բիզնես պլան, որի համաձայն տարեկան կկազմակերպեն X քանակի թողարկումներ եւ կներգրավեն առնվազն Y քանակի ներդրողների Հայաստանից եւ արտասահմանից՝ դեպի հայաստանյան շուկա:

- 2022 թվականից Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատերը՝ հայտարարելով երկարաժամկետ եւ ռազմավարական գործընկերության մասին։ Որքանո՞վ էին կիրառելի այս ընթացքում ՎՖԲ-ի փորձն ու գիտելիքները:

- Վարշավայի ֆոնդային բորսան միջազգային լուրջ, ինստիտուցիոնալ ֆինանսական ընկերություն է, որը եթե մուտք է գործում մեկ այլ նոր երկիր, ներդրում է կատարում ենթակառուցվածքային ընկերության մեջ, նշանակում է, որ տվյալ երկիրը ներդրումների համար հետաքրքիր է եւ եվրոպացիների, ու առհասարակ, արեւմտյան ներդրողների համար համապատասխան է ոլորտի միջազգային ստանդարտներին (compliance standards): Սա ցուցանիշ է նաեւ այլ ներդրողներ ներգրավելու համար: Սա ցույց է տալիս, որ շուկան թափանցիկ է, կարգուկանոնով է, կարճաժամկետ բարձր ռիսկային հնարավորություններից չի ոգեւորվում, ինչը ներդրողներին էլ ավելի շատ վստահություն է ներշնչում: Արտասահմանյան ներդրողի համար ամենակարեւոր տարրերից մեկը թափանցիկությունը եւ արդարությունն է շուկայում, որտեղ մանիպուլյացիաներ չեն կարող լինել կամ դրանք հասնում են մինիմալի, քանի որ, եթե քո շուկայի օպերատորը միջազգային ընկերություն է, ապա ինքը հետեւում է միջազգային ստանդարտներին:

Հայկ Եգանյանը

Ինչ վերաբերում է նրանց փորձին՝ ապա այնքանով է համադրելի եւ կիրառելի մեզ մոտ, որ ե՛ւ Լեհաստանը, ե՛ւ Հայաստանը հետխորհրդային երկրներ են: Լեհաստանն այդ երկրների բլոկից ամենաակտիվն է տրանսֆորմացիայի առումով եւ պլանավորված տնտեսությունից դեպի կապիտալ բաց տնտեսության անցման տեսանկյունից ամենահաջողված օրինակն է ունեցել: Միգուցե սա է նաեւ պատճառը, որ Լեհաստանն ունի ամենաակտիվ արժեթղթերի շուկան հետխորհրդային երկրներում: Իրենք գիտեն, թե ինչն է կարեւոր կապիտալի շուկան զարգացնելու համար, բոլոր բաղադրիչներին տիրապետում են: ՎՖԲ-ն  մեզ հետ կիսվում է իր փորձով, մեզ մոտ է ուղարկում աշխատակիցներ՝ անգամ բարձաստիճան պաշտոնյաների, մեր աշխատակիցներին հրավիրում է իր մոտ թրեյնինգների: Շատ կարեւոր է, որ բաժնետերը քեզ վրա ուշադրություն դարձնի: Ցանկացած հարցի հետ կապված, եթե ունենք խորհրդատվության կարիք, նրանք միշտ պատրաստ են մեզ օգնել եւ մեզ հետ միասին զարգացնել մեր ընկերությունը եւ ընդլայնվել Հայաստանի սահմաններից դուրս:

- Իսկ ինչպիսի՞ն էին զարգացումները դեպոզիտար ծառայությունների շուկայում: Խնդրում եմ ներկայացրեք նաեւ Դեպոզիտարիայի դերը հայաստանյան եւ միջազգային կապիտալի շուկաների միջեւ կապ հաստատելու տեսանկյունից:

- Ինչպես նշեցի՝ մեզ համար շատ կարեւոր տարի էր, քանի որ առաջին անգամն էր, որ միջազգային ներդրողները սկսեցին ձեռք բերել պարտատոմսեր եւ, քանի որ այդ պարտատոմսերը պահվում են Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, ե՛ւ դրանց վճարումները, ե՛ւ այլ գործառույթները հիմնականում կատարվում են Դեպոզիտարիայի միջոցով: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք վստահելի գործընկեր ենք: Սա մեզ օգնում է այլ դեպոզիտարիաներում հաշիվներ բացել եւ նոր ներդրողներ ներգրավել:

- Ովքե՞ր են այսօր կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հիմնական դերակատարները եւ կա՞ արդյոք այս շուկան դիվերսիֆիկացնելու խնդիր: Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ դինամիկա է արձանագրվել անցած տարի ինչպես կորպորատիվ, այնպես էլ պետական պարտատոմսերի շուկայում:

- Այո, դիվերսիֆիկացման խնդիր միանշանակ կա: Առողջ շուկայի գերնպատակը պետք է լինի ներգրավել միջազգային ներդրողներ: Եթե քո շուկայում առեւտուր են անում միջազգային ներդրողներ, ուրեմն այն շատ թափանցիկ, հետաքրքիր եւ լավն է, տնտեսությունն էլ ակտիվ է, ուստի քո շուկայում թողարկում կազմակերպելը դառնում է գրավիչ, քանի որ կա ձեւավորված ներդրողների բազա: Սա է հիմքը փողի հասանելիության եւ էժանության բանաձեւի։ Սա եղել է Լեհաստանի կապիտալի շուկայի զարգացման երկարաժամկետ գերնպատակը, ինչից էլ բխել են մյուս բոլոր քայլերը: Կարճաժամկետ հնարավորություններից, որոնք կարող էին վնասել երկրի վարկանիշը, չեն փորձել օգտվել, քանի որ իրենց նպատակն է եղել միջազգային ներդրող բերելը: Շատ դժվար է ներդրող բերելը, պետք է վարկանիշ ունեցող երկիր ստեղծել, իսկ դրա համար երկիրը պետք է լինի միջազգային օրենքներին, կանոններին, սանկցիաներին համապատասխան: Այդպիսին լինելը պետք է կարողանալ նաեւ ապացուցել: Օրինակ՝ այն փաստը, որ Հայաստանի նման երկրի ֆոնդային բորսայի բաժնետեր է ՎՖԲ-ն, արդեն մեծ քայլ է Հայաստանի կապիտալի շուկան միջազգայնացնելու, հանրայնացնելու ուղղությամբ: Դրան ուղղված մյուս քայլերը պետք է լինեն միջնորդ ֆինանսական ծառայություններ մատուցողներին կրթելը, նրանց որակները բարձրացնելը, որպեսզի Հայաստանի պետական եւ կորպորատիվ պարտատոմսերը միջազգային շուկաներում հասանելի լինեն:

Միանշանակ պետք է դիվերսիֆիկացնել ներդրողների եւ թողարկողների բազան, բայց թողարկողների վրա մենք չենք կարողանում շատ ազդեցություն ունենալ: Փորձում ենք համոզել, որ թողարկում կատարեն, բայց երբ հարցնում են՝ մյուս քայլն ինչ է, ասում ես՝ պետք է գնալ ներդրումային բանկ, որպեսզի այն քո թողարկումը կատարի, այդտեղ, շատ անգամ, ցավոք, խոսակցությունն ավարտվում է: Չնայած այս ամենին, երբ կառավարությունը ծախսերի փոխհատուցման որոշում ընդունեց, նկատելի միտում կա, որ թեկուզեւ անգիտակցաբար, բայց շատերի մոտ սկսեց հետաքրքրություն առաջանալ եւ սկսեցին թողարկումով զբաղվել: Օրինակ՝ «Եվրոթերմ»-ը մի քանի օր առաջ թողարկում եւ տեղաբաշխում կատարեց: Այսինքն՝ թողարկողների կողմից միտում տեսնում ենք, մնում է ուղղակի միջնորդները ավելի շատ շահագրգռված լինեն, որ գնան համոզեն:

- Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ հայաստանյան ընկերությունները չեն շտապում դառնալ հանրային: Որո՞նք են արժեթղթերի հրապարակային առաջարկ անելու որոշման հիմնական դրդապատճառները:

- Այստեղ կրկին գալիս ենք ամենաֆունդամենտալ հարցին՝ ինչո՞ւ են ընկերությունները դառնում հանրային: Մի քանի պատճառ կա. ամենաառաջինը էժան փող բերելն է, քանի որ փայ են վաճառում եւ տոկոս չեն վճարում, կամ եթե պարտատոմս է, երկարաժամկետ վարկ են վերցնում՝ առանց գրավի, որն ավելի գրավիչ է, քանի որ ամիսը մեկ տոկոս եւ մայր գումար մարելու փոխարեն՝ վեց ամիսը մեկ կամ տարին մեկ ես մարում տոկոս, եւ մայր գումար չես մարում: Մյուս պատճառը ուղղակի գումարի անհրաժեշտությունն է կամ այն, որ բաժնետերերին պետք է լինում գնահատել իրենց ունեցվածքը, որպեսզի, օրինակ, կարողանան ժառանգությունը ճիշտ ձեւակերպել:

Հանրային դառնալու պատճառներից մեկն էլ հարկային արտոնություններից օգտվելն է: Մեզ մոտ էլ կա նման արտոնություն՝ դիվիդենտի հարկ չեն վճարում: Հիմա ոչ ոք չի կարող ասել, որ Հայաստանում չկա ընկերություն, որը չի ուզում վերոնշյալը: Միանշանակ ուզում են, բայց պետք է ինչ-որ մեկը, ով կներկայացնի, թե դրա համար ինչ պետք է անել եւ արդյունքում ինչ կշահեն, եւ կկազմակերպի այդ գործընթացը: Այդ ամենը պետք է կազմակերպեն ներդրումային բանկային ծառայություն մատուցող ընկերությունները: Հիմա հարց, ո՞ր թողարկողը կհրաժարվի։

- Պարոն Եգանյան, շարունակաբար խոսվում է նաեւ շարքային սպառողների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման մասին: Որքանո՞վ է կարեւորում այս խնդիրը Հայաստանի ֆոնդային բորսան եւ նկատելի՞ է արդյոք դրական տեղաշարժ այս առումով:

- Որպեսզի մարդիկ ֆինանսապես գրագետ լինեն, նրանց հետ պետք է բազմավեկտոր աշխատանք տարվի: Զարգացող երկրներում այդ աշխատանքները տարել են բրոկերները, դասախոսություններ, օնլայն դասընթացներ են կազմակերպել, տվել են ծրագիր, որ մարդիկ կրթվելուց հետո սկսեն առեւտուր անել: Շատ երկրներում պետությունը եւս ներգրաված է դրանում: Մեզ մոտ Կենտրոնական բանկն էլ նման կրթական նախաձեռնություն ունի՝ ABCfinance:

Հայկ Եգանյանը

Իմ կարծիքով, այս ուղղությամբ էլ ավելի շատ աշխատանք պետք է տարվի: Մեր նախագծերից մեկը AMX ակադեմիա ունենալն է, ավելին՝ մյուս ամիս Եվրոպական բանկի հետ միասին 20-ից ավելի օնլայն անվճար կուրսեր կանցկացվեն մեր բրոկեր-դիլերներին, որպեսզի նրանց մասնագիտական որակները բարձրանան: Բայց միայնակ ոչինչ չենք կարող անել, պետք է համագործակցել մնացած այլ կառույցների հետ եւս:

- Միջազգային շուկաներում սրընթաց զարգացում են ստանում «Կանաչ» պարտատոմսերի սկզբունքները (GBP): Այս առումով ինչպիսի՞ն են Բորսայում եղած մոտեցումները եւ նախատեսվող ծրագրերը:

- Այն գլոբալ թրենդ է, որին մենք պետք է հետեւենք: Արդեն մեկ անգամ թողարկել ենք կանաչ պարտատոմսեր: Սա էլ է ցույց տալիս համապատասխանությունը, ախորժակը՝ միջազգային թրենդներին հետեւելու: Կարծում եմ՝ մի քանի տարի հետո աշխարհում ավելի շատ «կանաչ ներդրողներ» են լինելու, քան սովորական: Բոլորս պետք է պատրաստվենք դրան, այսինքն՝ ընկերությունները պետք է ապացուցեն, որ իրենք «կանաչ են», որպեսզի թույլ տանք թողարկել: Չնայած դրա մասին խոսելը դեռ շուտ է, մենք հետեւում ենք այդ զարգացումներին, ունենք արդեն կանաչ պարտատոմսեր, բայց մի քանի տարի հետո դա ավելի տեսանելի կլինի:

- Անցած տարի գործարկվեց AMXTrader առեւտրային համակարգը, Դուք այն որակեցիք որպես նախադեպը չունեցող ծրագիր: Ի՞նչ նոր հնարավորություններ է այն ընձեռում շուկայի մասնակիցներին:

- Աշխարհում ստեղծվող բորսաներն ունենում են իրենց հիմնական առեւտրային համակարգը, որը տալիս են իրենց բրոքերներին՝ տեխնիկական էկրանի միջոցով: Աշխարհի զարգացած շուկաներում ընդունված է, որ բրոքերներն էլ ունենում են իրենց առեւտրային համակարգը, որի միջոցով միանում են ե՛ւ իրենց բորսային, ե՛ւ այլ երկրների բորսաներին ու բրոքերին, ե՛ւ իրենց հաճախորդներին, իրենց իսկ ծրագրի միջոցով ցույց են տալիս հասանելի արժեթղթեր եւ ներդրումային գործիքներ:

Հայկ Եգանյանը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ոչ մի բրոքեր չուներ առեւտրային համակարգ, ուստիեւ ոչ մի բրոքեր չէր կարողանում հասանելիություն տալ հաճախորդներին դեպի Հայաստանի ֆոնդային բորսա, որոշեցինք վերազինել մեր ամբողջ առեւտրային համակարգն այնպիսի ծրագրով, որը հնարավորություն կտա բրոքերին իրենց կողմից մեր ծրագիրը բաժանել հաճախորդներին, որպեսզի նրանք կարողանան առեւտուր անել օնլայն ռեժիմով: Արձագանքը դրական էր, արդեն մեկ գործընկեր ունենք՝ ի դեմս Ամերիաբանկի, որն իր հաճախորդներին ուղղակի հասանելիություն է տվել Հայաստանի պետական պարտատոմսերի շուկա:

Հիմա աշխատում ենք միջազգային ներդրողների հետ, իրենց տալու ենք ուղիղ հասանելիություն, որպեսզի տեսնեն շուկան: Այս պահին նաեւ ակտիվ աշխատանքներ են տարվում Blооmberg համակարգի հետ համագործակցությունը ընդլայնելու եւ ինտեգրում իրականացնելու համար, որպեսզի այնտեղ երեւա Հայաստանի պետական պարտատոմսերի շուկան:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 12317
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW