Արա Ավագյան. Երազանքն է առաջընթացի շարժիչ ուժը

19.12.2023 | 23:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
«Առանց փողկապի» հարցազրույցների շարքում զրուցել ենք ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Արա Ավագյանի հետ:

- Ձեր կարծիքով, ի՞նչ որակներ պետք է դրսեւորի այսօր ղեկավարը, որպեսզի պահպանի թիմի ոգին, նպաստի երկարաժամկետ խնդիրների լուծմանը եւ ցույց տա ցանկալի արդյունքին հասնելու ճանապարհը։

- Հնարավոր չէ խոսել ղեկավարման մեկ միասնական անխափան աշխատող տարբերակի մասին: Ելնելով ղեկավարի երկար տարիների իմ փորձից՝ ինքս ինձ համար առանձնացրել եմ մի քանի հիմնական հատկանիշներ. ղեկավարը, առաջին հերթին, պետք է լինի անկեղծ, գործընկեր եւ մենթոր լինի իր աշխատակիցների համար, պետք է կարողանա ճանաչել եւ բարձրացնել նրանց հմտությունները՝ թիմային նպատակին հասնելու ճանապարհին:

- Կարծիք կա, որ «առաջնորդը պետք է լինի պրագմատիկ եւ իրատես, բայց պետք է խոսի երազողի եւ իդեալիստի լեզվով»։ Դուք կիսո՞ւմ եք այս մոտեցումը։

- Ես այդ մոտեցումը չեմ կիսում: Հակառակը կասեի՝ ղեկավարն առաջին հերթին պետք է երազող լինի: Երազանքն է, որ կարող է առաջընթացի շարժիչ ուժը դառնալ, եւ միայն երազելով նա կարող է ռազմավարական մտածել, իր առաջ խելահեղ նպատակներ դնել եւ վարակել թիմակիցներին։ Հետո պետք է դառնալ իրատես եւ պրագմատիկ, որպեսզի հասկանաք՝ ինչպես հասնել նպատակին՝ առկա շուկայական պայմաններում եւ հնարավորություններում:

- Պարոն Ավագյան, Դուք ավելի քան 25 տարի աշխատում եք ֆինանսական ոլորտում։ Եթե հնարավորություն ունենայիք նորից սկսել Ձեր մասնագիտական ուղին, ի՞նչ կփոխեիք:

- Հետաքրքիր հարց է, հենց երազողի համար: Շատ եմ սիրում մասնագիտությունս եւ երբեք չեմ զղջացել կատարածս ընտրության համար։ Բայց իրականում ափսոսում եմ մեկ այլ բանի համար. միշտ շատ եմ սիրել դաշնամուր նվագել, բայց ժամանակին ջանք չեմ գործադրել եւ չեմ սովորել: Հիմա էլ կարծում եմ ուշ չէ սովորել սկսելու համար, չնայած որ մի քիչ դժվար կլինի:

Արա Ավագյանը


- Հաջողվե՞լ է արդյոք Ձեզ պարզել, ինչ բաղադրիչների հիման վրա է կառուցվում ընտանեկան երջանկության մեխանիկան: Ինչպե՞ս հասնել ցանկալի հավասարակշռության աշխատանքի եւ տան միջեւ:

- Ինձ հաջողվել է կազմել երջանիկ ընտանիք, բայց բանաձեւը չգիտեմ (ծիծաղում է, խմբ.): Ինձ թվում է բանաձեւ չկա, կարելի է ասել այդ բանաձեւը ամեն օրվա աշխատանք եւ հմտությունն է՝ առաջնահերթությունների ճիշտ բաշխում, աշխատանքի եւ տան միջեւ հավասարակշռություն պահպանում:

- Ինչպե՞ս դիմակայել ժամանակի արագ ընթացքին, որպեսզի հնարավորություն լինի ուշադրություն հատկացնել ընկերներին, սիրելի զբաղմունքին եւ, գոնե ժամանակավորապես, կտրվել առօրյա հոգսերից։

- Ժամանակը հավասարապես հոսում է բոլորի համար, օրը 24 ժամ է բոլորի համար եւ, ցավոք, մենք չենք կարող եւ պետք էլ չէ դիմակայել ժամանակին։ Բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա հավասարակշռություն հաստատել աշխատանքային եւ անձնական կյանքի միջեւ եւ հասնել կարիերայի եւ ընտանեկան կյանքի միջեւ ներդաշնակության զգացողության:

Պետք է կարողանալ ճիշտ բաշխել աշխատանքային առաջադրանքները եւ կատարել դրանք, նպաստել մասնագիտական զարգացմանը՝ առանց զոհաբերելու հանգիստը, առողջությունը եւ սիրելիների հետ հարաբերությունները։ Ի դեպ՝ արդյունավետ աշխատանքի ու նոր գաղափարների համար պետք է շեղվել աշխատանքային միջավայրից ու զբաղվել սիրելի գործերով։

- Համաձա՞յն եք ամերիկացի ֆինանսիստներից մեկի այն կարծիքի հետ, որ «բանկիրն այն մարդն է, ով պատրաստ է ձեզ գումար հատկացնել, եթե ապացույցներ ներկայացնեք, որ ձեզ այդ գումարը պետք չէ»:

- Նման ասացվածքներ շատ կան: Ես այն կվերափոխեմ հետեւյալ կերպ. բանկը հաստատություն է, որը, հաշվի առնելով ձեր ֆինանսական կայունությունը, ապահովում է անհրաժեշտ գործիքներ ձեր երազանքներին եւ նպատակներին հասնելու համար:

Արա Ավագյանը


- Պարոն Ավագյան, ավարտելով զրույցը, մեր դժվար ժամանակներում, հավանաբար, յուրաքանչյուրն ինքն իրեն է տալիս՝ ինչպե՞ս հաղթահարել անորոշությունը, ինչպե՞ս դիմակայել այն մարտահրավերներին, որոնք ուղղակի կամ անուղղակիորեն ուղեկցում են մեզանից յուրաքանչյուրին։

- Ժամանակակից իրողություններում անորոշության խնդիրը բոլորիս համար առաջնային է. հնարավոր չէ պատկերացնել որևէ տնտեսվարող սուբյեկտ, որն այսպես թե այնպես այս խնդրի առջեւ չի կանգնի։ Հաճախ անորոշության ենք հանդիպում նույնիսկ այնտեղ, որտեղ, թվում է, ամեն ինչ նախապես ծրագրավորված է եղել։ Հարցն այն չէ, թե ինչպես հաղթահարել անորոշությունը, այլ ինչպես դիմակայել դրա հետ կապված մարտահրավերներին:

Անորոշությունը մի կողմից մարտահրավեր է, իսկ մյուս կողմից՝ շանս, որ պետք է ընդունենք եւ, հնարավորության դեպքում, համարժեք դուրս գանք ստեղծված իրավիճակից՝ ձեռք բերված նոր փորձով եւ դրական արդյունքներով. «Սեւ կարապներից» հնարավոր չէ խուսափել:

Արփի Ջիլավյան

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 10524
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW