Սուրեն Ղալումյան. Կոմպլայենսն օգնում է բիզնեսին խուսափել ռիսկերից եւ նվազեցնել կորուստները

11.12.2023 | 22:42 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Եթե ընդամենը մի քանի տարի առաջ կոմպլայենս համակարգ կարելի էր հանդիպել եզակի ընկերություններում, ապա այժմ դրա առկայությունը ոչ միայն դրական առավելություն է, այլ, երբեմն, կարող է պայմանագրեր կնքելու կարեւորագույն նախապայման լինել:

Կոմպլայենսն օգնում բիզնեսին խուսափել մեծ թվով ռիսկերից, նվազեցնել ֆինանսական կորուստները, պահպանել հեղինակությունն ու ակտիվները:

«Հայաստանի համար այս թեման առավել արդիական է, քանի որ այսօր հայկական շուկայում բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ են գործում, ինչպես նաեւ ակտիվանում է հենց տեղական շուկան»,- ասում է GLT Solutions խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Սուրեն Ղալումյանը։

Banks.am-ի հետ զրույցում նա պատմել է կոմպլայենսի կարեւորության, տեսակների եւ ընկերություններում դրա ներդրման գործընթացի մասին։

- Օրեցօր ավելի շատ է կարեւորվում ընկերություններում կոմպլայենս համակարգի առկայությունը: Ի՞նչ է այն ենթադրում:

- Կոմպլայենսը միջոցառումների համակարգ է, որի միջոցով կանխվում են ընկերության կամ դրա աշխատակիցների՝ օրենքին, ոլորտի ընդունված չափանիշներին կամ ներքին էթիկայի նորմերին հակասող գործողությունները:

«Կոմպլայենս» տերմինի հիմքում անգլերեն «to comply» կամ «համապատասխանել» բառն է:

Օրինակ, եթե վարորդը չի պահպանում ճանապարհային երթեւեկության կանոնները, նրան տուգանում են։ Ընդ որում, սա լավագույն դեպքում, որովհետեւ հնարավոր է նաեւ լուրջ դժբախտ պատահարի մասնակից դառնալ: Այս դեպքում երթեւեկության կանոնների պահպանումը կոմպլայենս է:

Նույնը վերաբերում է նաեւ կոմերցիոն ոլորտին: Եթե ընկերությունը հարկեր չի վճարում, նրան սպառնում են ոչ միայն խոշոր տուգանքներ, այլեւ որոշ դեպքերում՝  նույնիսկ քրեական հետապնդում։ Հետեւաբար, օրենքով նախատեսված բոլոր հարկերը վճարելը եւս կոմպլայենս է:

Ընդհանուր առմամբ, կոմպլայենսն անհրաժեշտ է բիզնեսի ֆինանսական, ինչպես նաեւ հեղինակության հետ կապված կորուստների ռիսկը նվազեցնելու համար: Այնպես որ, այն կարելի է անվանել նաեւ ռիսկերի կառավարման համակարգ:

Ավելի պարզ՝ կոմպլայենսն այն ամենն է, ինչ ընկերությունն անում է, որ իր աշխատակիցներն ու բիզնեսն առհասարակ շուկայում պատասխանատու վարք դրսեւորեն:

- Ինչո՞ւ է բիզնեսին պետք կոմպլայենսը: Սովորաբար տեղական բիզնեսն այս հարցում փոխառո՞ւմ է այլ երկրների փորձը, թե՞ հարցին մոտենում է առավել գիտակից՝ հաշվի առնելով խախտումները կանխելու անհրաժեշտությունը:

- Կոմպլայենս ունի, այսպես ասած, «կուտակային ազդեցություն» եւ թույլ է տալիս պաշտպանել ձեր բիզնեսը նաեւ ապագայում:

«Համապատասխանություն» հասկացությունը հենց այնպես չէ առաջացել: Այսօր դա սեփական ընկերության անվտանգության համար անհրաժեշտ կարեւոր պայման է։ Օրենսդրությունը շատ արագ է փոխվում, ընդունվում են նոր կանոնակարգեր, սահմանվում նոր պահանջներ, իսկ եղածներն էլ կարող են խստացվել:

Եթե բիզնեսը պատրաստ չէ այս ամենին, ապա մի օր կարող է խոշոր տուգանքների վտանգի առաջ կանգնել կամ նույնիսկ՝ դատական գործընթացների մեջ հայտնվել:  Կոմպլայենսի հիմնական խնդիրն է անել ամեն ինչ, որ դա տեղի չունենա:

Սուրեն Ղալումյանը


Հայաստանի համար կոմպլայենսի թեման այժմ առավել արդիական է նաեւ այն պատճառով, որ հայտնվել են բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ, եւ շուկան ինքնին ակտիվ զարգանում է։ Օտարերկրյա գործընկերներն ակնկալում են, որ հավանական գործընկերներն այստեղ իրենց բիզնեսն ազնիվ կվարեն եւ պատշաճ ուշադրություն կդարձնեն անվտանգության հարցերին: Ընկերությունում կոմպլայենսի առկայությունն այսօր ոչ միայն դրական առավելություն է, այլեւ երբեմն նույնիսկ պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ նախապայման:  

Կարեւոր է, որ կոմպլայենսի առկայությունը հուսալի պաշտպանական մեխանիզմներ է ստեղծում նաեւ ընկերության ներսում:

Կոմպլայենս մշակույթի ներդրման առավելություններն ակնհայտ են.

  • ներդրումների գրավչության բարձրացում,

  • պարտավորությունների խախտման ռիսկի նվազեցում, կոնտրագենտներից պարտքերի գանձման ընթացակարգի պարզեցում,

  • ընկերության իմիջի, գործարար համբավի բարելավում,

  • վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից վստահության աճ եւ շատ այլ առավելություններ:


- Կոմպլայենս համակարգը ենթադրո՞ւմ է ընկերությունում առանձին քաղաքականության եւ ընթացակարգերի մշակում:


- Այո՛, միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր ընկերություն ինքն է որոշում փաստաթղթերի փաթեթը, որը կմշակի ու կիրականացնի իրավական նորմերին, հասարակության, հաճախորդների եւ գործընկերների ակնկալիքներին համապատասխանելու համար: Իհարկե, կան նաեւ հիմնական ընթացակարգեր, որոնց թվում կարող են լինել հետեւյալները:  

Կորպորատիվ էթիկայի եւ գործարար վարքագծի կանոններ - Դրանք սահմանում են աշխատանքի բարոյական եւ էթիկական սկզբունքները, ընկերության առաջնահերթություններն ու արժեքները, ղեկավարության եւ աշխատակիցների պարտականությունները կոմպլայենս մշակույթին համապատասխանելու համար:

Հակակոռուպցիոն քաղաքականություն – Սա ընկերության հիմնական փաստաթուղթն է, որը կոռուպցիայի ցանկացած դրսեւորման նկատմամբ սահմանում է «զրոյական հանդուրժողականության» սկզբունքը։

Փողերի լվացման դեմ քաղաքականություն - Այն նախատեսում է գործողություններ, որոնք պետք է կանխեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացումը: Այս քաղաքականությունը ներառում է նաեւ ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորմանը հակազդելու գործառույթներ:

Շահերի բախման քաղաքականություն – Դրա միջոցով սահմանվում են աշխատողների վարքագծի կանոնները շահերի բախման դեպքում:  

Նվերների քաղաքականություն – Այս քաղաքականության նպատակն է տարբերակել նվեր/ կաշառք/ «ատկատ» հասկացությունները: Սովորաբար այն սահմանում է նվերների առավելագույն թույլատրելի արժեք:

Ակնհայտ է, որ երկարաժամկետ հաջողության վրա կենտրոնացած ընկերությունների համար կոմպլայենսի օգուտները շատ ավելին են, քան դրա ներդրման ճանապարհին առկա դժվարությունները: Այսօր կոմպլայենսը ոչ միայն «նորաձեւ» է բիզնեսի համար, այլեւ անհրաժեշտ գործիք է հակամենաշնորհային, կոռուպցիոն եւ քրեական ռիսկերը կառավարելու համար:

- Կոմպլայենսի ի՞նչ տեսակներ կան:

- Հակակոռուպցիոն կոմպլայենս – Այն ներառում է բոլոր միջոցառումները, որոնք բիզնեսը կարող է իրականացնել ընկերությունում կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Այս կոմպլայենսը նվազեցնում է հավանականությունը, որ ընկերությունը կհայտնվի ֆինանսական կամ հեղինակության կորուստ ենթադրող իրավիճակում:

Խարդախության դեմ պայքարի կոմպլայենս – Սա ֆինանսական գործարքները խարդախության տեսանկյունից գնահատելու միջոցառումների համակարգ է: Այն շատ բնորոշ է բանկերին, որոնց քարտերից խարդախությամբ հնարավոր է հափշտակել հաճախորդների միջոցները: Հաճախ կիրառում են նաեւ օնլայն առեւտրով զբաղվող կազմակերպությունները:

Հակամենաշնորհային կոմպլայենս – Այն հիմնականում բնորոշ է «բնական մենաշնորհ» ունեցող ընկերություններին եւ վերահսկում է, որպեսզի պահպանվեն բոլոր հակամենաշնորհային օրենքները: Սրա հետ մեկտեղ, հակամենաշնորհային կոմպլայենս կիրառում են նաեւ կոմերցիոն ընկերությունները: Օրինակ՝ բիզնեսը կարող է ենթարկվել լուրջ տուգանքների, եթե գովազդում նշի, որ առաջարկում է «լավագույն գինը» կամ «շուկայում ապրանքի լավագույն որակն»՝ առանց փաստացի ապացույցների:

Սուրեն Ղալումյանը


Հարկային կոմպլայենս - Սա ռիսկերի կառավարման համակարգ է, որը ստուգում է բիզնես գործընթացների համապատասխանությունը գործող հարկային օրենսդրությանը եւ ձեռնարկության կողմից ստանձնած կամավոր պարտավորություններին:

Ֆինանսական կոմպլայենս - Սա ֆինանսների ոլորտում օրենքների / կանոնների վերահսկումն ու կիրառումն է: Ֆինանսական կոմպլայենսն անհրաժեշտ է ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ ներդրումային ընկերություններից մինչեւ բանկեր, որոնց գործունեությունը խստորեն կարգավորվում է վերահսկող մարմինների կողմից:

- Ո՞ր հիմնական ռիսկերի կանխարգելմանն է օգնում կոմպլայենս համակարգը:  

- Ընդհանուր առմամբ, կոմպլայենսն օգնում է բիզնեսին խուսափել մեծ թվով ռիսկերից, նվազեցնել ֆինանսական կորուստները, պահպանել սեփական հեղինակությունն ու ակտիվները: Դրանց թվում հետեւյալ ռիսկերն են:

Կարգավորող նորմերին եւ չափորոշիչներին չհամապատասխանելը - Բոլորը հիշում են չէ՞, որ «օրենքների չիմացությունն արդարացում չէ»: Շատ լուրջ վտանգ է օրենսդրական փոփոխությունների մասին տեղյակ չլինելը, առավել եւս՝ դրանց չհետեւելը:

Հեղինակության հետ կապված ռիսկեր – Եթե նախկինում ընկերության մասին որոշ բացասական տեղեկություններ կարող էին չհասնել պոտենցիալ հաճախորդներին, այսօր դա գրեթե անհնար է: Մարդիկ կարծիքներ են փոխանակում սոցիալական ցանցերում, եւ հաճախորդի շահերի ցանկացած խախտումը կամ պարզապես աշխատակցի կոպիտ վերաբերմունքն անմիջապես հայտնի է դառնում թիրախային լսարանին:

Սուրեն Ղալումյանը


Ֆինանսական ռիսկեր - Դրանք ներառում են նաեւ կորուստները, որոնք ընկերությունը կրում է մատակարարներից, քանի որ վերջիններն ընտրվել են ոչ թե օբյեկտիվ տվյալների, այլ՝ անձնական կապերի հիմքով: Ավելի պարզ՝ «ատկատների» միջոցով: Ինչպես նաեւ, օրինակ, արտադրանքը վաճառող ընկերության կողմից սանիտարական պահանջների չպահպանումը: Սա կարող է լուրջ տույժեր ենթադրել ընկերության համար եւ նույնպես ֆինանսական ռիսկ է:  

- Ինչպե՞ս ներդնել կոմպլայենս համակարգն այս կամ այն ընկերությունում:  

- Գործողությունների հիմնական հաջորդականությունը գրեթե միշտ այսպիսին է լինելու.

  •    Գնահատել բիզնեսի համար եղած ռիսկերը: Ոմանց համար սա առաջին հերթին հակամենաշնորհային օրենքներին համապատասխանությունն է, մյուսների համար՝ աշխատողների վարքագիծը շահերի բախման դեպքում, երրորդների համար՝ հարկային մարմինների հետ համագործակցությունը:

  •    Որոշում կայացնել. «Մեզ անհրաժեշտ է հարկային կոմպլայենս, ինչպես նաեւ էթիկայի ներքին կանոնակարգ, որը կհստակեցնի՝ ինչն է համարվում նվեր տվյալ ընկերության աշխատակցի համար»:

  •    Վերլուծել մրցակիցների փորձը: Հավանաբար, նրանցից ոմանք արդեն ունեն ռիսկերի վերահսկման համակարգ, եւ այն կարող է օգնել ձեր սեփական տարբերակը մշակելիս:

  •    Ներգրավել փորձագետների: Օրինակ՝ իրավաբանները կարող են մշակել բոլոր անհրաժեշտ քաղաքականությունները: Ընդ որում, փորձագետները կարող են լինել ինչպես ներքին (ընկերության աշխատակիցներ), այնպես էլ՝ հրավիրյալ:

  •    Տեղեկացնել աշխատակիցներին բոլոր կարեւոր կանոնների մասին:

  •    Պատասխանատուներ նշանակել: Այս մարդիկ պետք է վերահսկեն՝ ինչպես են կիրառվում ընդունված քաղաքականությունները:

  •    Աշխատել հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ: Արձագանքել աշխատակիցների ռիսկային կամ էթիկական կանոնակարգին չհամապատասխանող գործողություններին, վերահսկել օրենսդրության եւ ոլորտի ստանդարտների փոփոխությունները:

Այսօր ընկերություններին անհրաժեշտ է կոմպլայենս՝ նվազեցնելու բոլոր ռիսկերը՝ սկսած գործող օրենսդրության պահանջները չկատարելու վտանգից մինչեւ անձնական տվյալների արտահոսք կամ գործընկերների կողմից «ատկատների» ստացում:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի  
Դիտում՝ 13662
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW