«Առանց փողկապի» հարցազրույցների շարքում զրուցել ենք Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի հետ:- Պարոն Եղիազարյան, մեր օրերում ժամանակի սղությունը դարձել է գերխնդիր: Այնուամենայնիվ, Ձեր պարագայում, կարծես թե, այդ խնդիրը արդյունավետ լուծում է ստացել՝ հաշվի առնելով վերջերս ԱՄՆ-ում ուսանելու հանգամանքը: - Կարծում եմ, որ ժամանակի սղությունը հարաբերական հասկացություն է: Այո, կյանքի տեմպն արագացել է: Հաճախ դժվար է օրվա բոլոր պլանները տեղավորել 24 ժամի շրջանակում: Սակայն բազմաթիվ անհավասար հնարավորությունների պայմաններում ժամանակն այն հազվադեպ երեւույթներից է, որը հավասարաչափ է բաշխվում յուրաքանչյուրին: Բոլորի համար շաբաթն ունի 7 օր, իսկ օրը՝ 24 ժամ: Յուրաքանչյուր մարդ ստանում է իր հասանելիք 24 ժամն ու ինքն է որոշում ինչպես այն տնօրինել՝ ելնելով իր նպատակներից եւ առաջնահերթություններից: Հերթական նպատակս՝ Հարվարդի բիզնես դպրոցի Executive կրթության ամենաառաջատար՝ “Advanced Management Program” ծրագրին մասնակցելն էր: Դժվար էր տեւական ժամանակ բացակայել երկրից, քանի որ ծրագրի մեծ մասը Բոստոնում՝ Հարվարդի համալսարանում էր անցնում: Այն նոր գիտելիքների, փորձի փոխանակման եւ նեթվորքինգի անհավանական ճանապարհ էր։ Մասնակցում էին 170 բարձրագույն ղեկավարներ աշխարհի շուրջ 50 երկրներից՝ տնտեսության տարբեր ճյուղերից եւ պետական կառավարման համակարգից: Սովորում ես լավագույններից, քննարկում ես խնդիրներն աշխարհի լավագույն պրոֆեսորների եւ բիզնես աշխարհի ամենահայտնի դեմքերի հետ: Սա նաեւ լավ հնարավորություն էր՝ նոր ծանոթությունների, փորձի փոխանակման ու խնդիրներին նորովի, նոր տեսանկյունից եւ բազմակողմանի նայելու առումով: Այս փորձառությունը, վստահաբար, շատ օգտակար կլինի մեր բիզնես նպատակների իրագործման ճանապարհին։ Մենք ապրում ենք անընդհատ փոփոխվող միջավայրում, որտեղ փոփոխություններն արագ են եւ շարունակական։ Առաջ շարժվելու եւ հաջողություններ գրանցելու համար շատ կարեւոր պայման է life-long learning-ը՝ շարունակական կրթությունը՝ ամեն օր սովորելու ոչ միայն կարողությունը, այլեւ ցանկությունը։ Այդ պատճառով, չնայած ժամանակի սղությանը, կարեւոր է շարունակական կրթությունը սահմանել որպես առաջնահերթություն։ Նաեւ, կարծում եմ, շատ արդյունավետ է, երբ բոլորի համար օրինակ են ծառայում հենց ղեկավարներն՝ իրենց զարգացմանը միտված արժեքներով եւ վարքագծով: Ինձ դուր է գալիս գիտելիքի շրջանագծի մասին համեմատությունը: Գիտելիքը շրջանագծի ներսի պարունակությունն է, իսկ շրջանագծից դուրս՝ մեր չիմացածն է: Երբ գիտելիքներդ ավելանում են, մեծանում է գիտելիքի շրջանը, մեծանում Է նաեւ շրջանագծի երկարությունն ու չիմացածի հետ շփման մակերեսը՝ բացահայտելով շատ ավելի նոր բաներ, որ դեռեւս չգիտես: - Մինչ այդ Դուք ստացել եք MBA որակավորում Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, վերապատրաստում անցել Լոնդոնում, մասնակցել դասընթացների Ֆրանկֆուրտում եւ Նյու Յորքում: Որքանո՞վ են այդ գիտելիքները կիրառելի հայաստանյան իրականության մեջ՝ Ձեր առօրյա աշխատանքում:- Իհարկե, կարծիքներ կան, որ Հայաստանում ակադեմիական կրթությունն ու աշխատաշուկայի պահանջներն անհամապատասխան են: Հայաստանի Ամերիկյան Համալսարանը տարիներ առաջ ընտրեցի հենց այն պատճառով, որ այդ հաստատության տրամադրած գիտելիքներն ու հմտությունները ոչ թե տեսական, այլեւ գործնական բնույթ էին կրում: Կարեւոր է, երբ դասախոսը տալիս է իրական աշխարհի հետ կապված հանձնարարություն, ուղղորդում է, խորհուրդներ է տալիս, իսկ ուսանողը լուծումները գտնում է ինքնուրույն, իրական միջավայրից՝ համացանց, հետազոտություններ, սեփական մտքեր: Իրականությունից հեռու զուտ «գրքային» մտքերն արդիական չեն բիզնես կրթության պայմաններում:Միջազգային կրթությունն ու արտերկրի տարբեր կրթական ծրագրերը շատ լավ հնարավորություն են ընդլայնելու ընդհանուր ակադեմիական փորձը՝ միեւնույն ժամանակ, ծանոթանալով տարբեր ընկերությունների լավագույն եւ հաջողված փորձերին։ Այնուամենայնիվ, ցանկացած նոր գիտելիք տեղայնացվում եւ ադապտացվում է՝ կախված երկրի, ոլորտի, կազմակերպական մշակույթի եւ այլ առանձնահատկություններից։ Լոնդոնում, Ֆրանկֆուրտում, Նյու Յորքում եւ այլուր մասնակցել եմ բազմաթիվ՝ արդեն ավելի մասնագիտական դասընթացների: Հատուկ ընտրել եմ այնպիսի ծրագրեր, որ ստացած գիտելիքները կիրառելի լինեն իմ աշխատանքում:Բացի այդ, ցանկացած կրթության մեջ, հատկապես մենեջմենթի ոլորտի կրթական ծրագրերում, մեծ տեղ են զբաղեցնում soft skill-երը, որոնք այժմ արդեն համարվում են power skill-եր՝ բանակցելու, կոմունիկացվելու, համոզելու հմտությունները, էմպատիան, էմոցիոնալ ինտելեկտը եւ այլն…Ղեկավարի համար սրանք ամենակարեւոր հմտություններն են, չէ՞ որ մարդկանց հետ աշխատելն ու մարդկանց առաջնորդելը ղեկավարի աշխատանքի ամենաբարդ, ամենապատասխանատու ու ամենահետաքրքիր մասն է: - Տեղյակ եմ, որ գիտական թեզ եք պաշտպանել եւ գիտելիքներով կիսվում եք նաեւ ուսանողների հետ: Որքանո՞վ է հոգեհարազատ Ձեզ համար դասավանդելու գործընթացը եւ ի՞նչ կարծիք եք ձեւավորել այսօրվա երիտասարդության մասին: - Վստահ եմ, որ կիրթ, առաջադեմ եւ շարունակ զարգացող հասարակության ձեւավորման մեծ գործում յուրաքանչյուրս կարող ենք մեր փոքր ներդրումն ունենալ։ Հաճույքով եմ իմ փորձն ու գիտելիքները կիսում նոր սերնդի հետ: Սա ինձ օգնում է մշտապես տեղյակ լինել երիտասարդների կյանքից, հետ չմնալ թրենդերից ու, բացի գիտելիք տալուց, նաեւ նրանցից ստանալ հետաքրքիր տեսակետներ, կարծիքներ եւ, ինչու ոչ՝ նաեւ ծանոթություններ ու էներգիա:Երկար տարիներ դասավանդել եմ Ֆինանսաբանկային քոլեջում: Իմ ուսանողներից շատերը պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում բանկային համակարգում, նաեւ մեր բանկում: Գիտական թեզի պաշտպանությունից հետո առաջարկ ստացա եւ սկսեցի դասավանդել նաեւ Երեւանի պետական համալսարանում: Ցավոք, հաճախակի գործուղումների պատճառով ստիպված եմ որոշակի դադար վերցնել: Նկատել եմ, որ այսօրվա երիտասարդությունն առավել համարձակ է, նպատակասլաց, ունի մեծ ձգտում, ճկունություն եւ բաց է փոփոխություններին, ինչը մեր օրերում շատ կարեւոր նախապայման է կարիերայում հաջողելու համար։ Շատ տաղանդավոր սերունդ ունենք: Ճիշտ է, Generation Z-ի կենսակերպը, կարիքները, պահանջներն ու չափանիշներն այլ են, սակայն, եթե կարողանանք ճիշտ մոտիվացնել նրանց, կստանանք շոշափելի արդյունքներ: Նրանք ինքնուրույն են, ինքնավստահ, գիտեն՝ ինչ են ուզում: Սա կարեւոր նախապայման է մրցունակ սերունդ ու առաջադեմ հասարակություն ունենալու համար:Երիտասարդների զարգացման գործում մեծ ներդրում ունի նաեւ Evocabank-ը։ Տարիներ շարունակ իրականացնում ենք “EvocaLab” ուսումնական ծրագիրը, որի ավարտին լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողներին ընձեռվում է աշխատանքի հնարավորություն մեր բանկում։ Տարեկան ծրագրին մասնակցում են միջինում 40 ուսանողներ, որոնց 80%-ը միանում է մեր թիմին։ Բացի այդ, սերտ համագործակցում ենք տարբեր ուսումնական հաստատությունների հետ, կազմակերպում պրակտիկաներ, մեր թիմի փորձառու մասնագետները տարբեր թեմաներով դասախոսություններ են անցկացնում համալսարաններում, կիսվում պրակտիկ գիտելիքներով եւ փորձով։ - Ղեկավարի եւ ենթակաների միջեւ արդյունավետ փոխհարաբերություններ կառուցելու մասին տարբեր, հաճախ՝ իրարամերժ կարծիքներ կան։ Բայց եւ այնպես, համաձա՞յն եք, որ յուրաքանչյուր ղեկավար ունի այն թիմը, որին նա արժանի է։ - Համաձայն եմ: Ղեկավարի հիմնական առաքելությունը հենց ուժեղ թիմ կառուցելն է ու թիմի ամեն մի անդամի հմտությունների շնորհիվ ընկերության համար առավելագույն արժեք ստեղծելը: Մարդիկ հաճախ ասում են, որ իրենց ընկերությունը ընտանիք է: Ժամանակակից բիզնես աշխարհում ընթանում են թեժ քննարկումներ. ընկերությունը ընտանի՞ք է, թե սպորտային թիմ:Իհարկե, ընտանիքի գաղափարն ավելի ջերմ է ու տրամադրող: Ընտանիքում սերն ու նվիրումը տրվում են անվերադարձ ու առանց նախապայմանի: Ընտանիքում դժվար է ձեւավորել արդյունքին միտված մշակույթ: Դժվար է սահմանել պահանջներ եւ պահանջել համապատասխան արդյունք:Ի տարբերություն ընտանիքի, սպորտային թիմն ունի թիրախ, որին ձգտում է հասնել, եւ թիմի անդամները գիտակցաբար համախմբվում են՝ այդ նպատակին հասնելու համար: Թիմի կազմը կարող է ժամանակի ընթացքում փոխվել, քանի որ թիմակիցների կյանքում լինում են փոփոխություններ, երբեմն նրանք որոշում են միանալ այլ թիմերի ու հասնել այլ արդյունքների:Կարծում եմ՝ սա առողջ բիզնես գործընթաց է: Իմ պատկերացմամբ, Evoca-ն ուժեղ սպորտային թիմ է՝ համախմբված գաղափարի ու նպատակների շուրջ, այստեղ մենք գործում ենք ազնվության, վստահության ու հարգանքի սկզբունքներով: Միանման աշխատանք կատարող 3 աշխատակից կարող են ունենալ շատ տարբեր մոտիվացիա եւ վերաբերմունք սեփական աշխատանքի հանդեպ: Հայտի առակ կա 3 պատշարների մասին, որոնք նույն կառույցի վրա են աշխատում: Երբ առաջինին հարցնում են՝ ինչ է նա անում, պատասխանում է, որ պատ է շարում տուն գումար տանելու համար: Երկրորդը պատասխանում է, որ պատ է շարում, որպեսզի դառնա լավագույն պատշարը քաղաքում: Երրորդին երբ նույն հարցն են տալիս, նա պատասխանում է․ «ես օգնում եմ կառուցել այս տաճարը»: Գաղափարի շուրջ համախմբումն ամենահզոր միջոցն է նպատակին հասնելու համար:Ժամանակակից աշխարհում կան մի շարք մեթոդաբանություններ ու տեսություններ, թե ինչպես լինել լավ ղեկավար։ Աշխարհի լավագույն համալսարաններում, առաջատար կազմակերպություններում ներդրվում են ահռելի գումարներ՝ թիմին «ղեկավարման հմտություններով զինելու» համար։ Սակայն, հաշվի առնելով եւ՛ սեփական փորձը, եւ՛ ուսումնասիրելով հայտնի առաջնորդների մոտեցումները, կնշեմ, որ առողջ փոխհարաբերությունների եւ հաջողակ առաջնորդման գրավականը ղեկավարի եւ թիմի միանման արժեհամակարգ եւ նպատակներ ունենալն է։ - Ասում են՝ փողն է ամեն չարիքի արմատը, միաժամանակ, նույնը վերագրում են փողի բացակայությանը։ Ինչպե՞ս գտնել ոսկե միջինն այդ «երկու չարիքների» միջեւ:- Կյանքում ամեն ինչի ծայրահեղ շատ կամ ծայրահեղ քիչ լինելը կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների: Ինչեւիցե, չեմ կարծում, որ փողն է ամեն չարիքի արմատը: Այն պարզապես յուրաքանչյուրին տալիս է ազատություն եւ հնարավորություն՝ իրագործելու իր գաղափարները՝ լինեն դրանք դրական, թե բացասական հետեւանքներով: Կարեւոր է, թե ինչ նպատակների համար է փողը ծառայեցվում: Փողը նման է մեքենայի, որը կարող է հասցնել քեզ որտեղ պետք է, բայց վարորդը դու ես: - Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանը բոլորիցս նոր մոտեցումներ ու հատկություններ է պահանջում: Ինչպե՞ս հաղթահարել անորոշության սինդրոմը եւ առաջ շարժվել:- Իհարկե, մեր օրերում շատացել է անորոշությունը: Միգուցե, հիմա ավելի դժվար է կազմել երկարաժամկետ պլաններ, սակայն չենք կարող պարզապես պատճառաբանել անորոշությունն ու ոչինչ չանել: Փոփոխության դեմ անիմաստ է պայքարել: Փոփոխությունները նման են ալիքների: Դու չես կարող պայքարել ալիքների դեմ, բայց պետք է սովորես սանձել եւ այդ ալիքները:Kodak-ը, Nokia-ն, Blockbuster-ը, Blackberry-ն, վերջերս՝ Toys R Us-ն ու, ինչու ոչ՝ նաեւ Skype-ը, որոնք նախկինում գերիշխող դիրքեր էին զբաղեցնում իրենց ոլորտներում, չկարողացան ճիշտ կողմնորոշվել անորոշության պայմաններում, ի վիճակի չեղան ժամանակին ադապտացնել իրենց գործունեությունն արագ փոփոխվող միջավայրին եւ զիջեցին դիրքերը, կորցրեցին իրենց շուկան: Նման պայմաններում պետք է նոր հմտություններ զարգացնել՝ լինել ճկուն, արագ եւ կշռադատված որոշումներ կայացնել, բաց լինել նոր գաղափարների համար, հրաժարվել կարծրատիպերից, ընդունել, որ աշխարհը փոխվում է շատ արագ ու չհակադարձել դրան, կարողանալ տրանսֆորմացվել եւ ադապտացվել փոփոխություններին: - Թվային դարաշրջանը ջնջել է սահմաններն աշխատանքի եւ տան միջեւ: Ձեզ հաջողվո՞ւմ է գոնե տանը կտրվել գործերից եւ հնարավորինս շատ ժամանակ հատկացնել ընտանիքին: Միաժամանակ, ո՞րն է Ձեր այն նախասիրությունը, որը կարող է թարմություն հաղորդել մտքերին եւ նոր գաղափարների աղբյուր դառնալ:- Տանը, քաղաքից դուրս կամ հանգստի ժամանակ հաճախ չի հաջողվում գործերից կտրվել: Մշտապես կապի մեջ եմ թիմի հետ հաղորդակցության տարբեր միջոցներով: Work-Life balance չի հաջողվում պահել եւ դժվար եմ պատկերացնում, որ կարելի է ժամը 18:00-ից հետո չաշխատել կամ չմտածել աշխատանքի մասին: Սիրում եմ ընտանիքիս հետ ճամփորդել: Նոր մտքեր ու գաղափարներ հիմնականում ճամփորդելիս են ծնվում: Նույնիսկ կարճ ճամփորդությունը կամ գործուղումը մտածելակերպ է փոխում: Միջավայրի փոփոխությունը թույլ է տալիս նորովի նայել շատ երեւույթներին: Աշխատանքային հոսքի ու ինֆորմացիոն աղմուկի մեջ, իհարկե, անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ դադար տալ: Կիրակի օրերը բացառապես իմ ընտանիքի համար են:Խորեն ՕրմանյանԼուսանկարները՝ Կարեն Եղիազարյանի անձնական արխիվից Tweet Դիտում՝ 19274