Մհեր Անանյան. Վայ այն ղեկավարին, ում թվում է, թե ինքն ամեն ինչ գիտի

13.11.2023 | 00:02 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
«Առանց փողկապի» հարցազրույցների շարքում զրուցել ենք ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանի հետ:

- Պարոն Անանյան, ինչպե՞ս է սկսվում Ձեր աշխատանքային օրը:

- Աշխատանքային օրն ինձ մոտ միշտ սկսվում է նույն կերպ՝ տնից դուրս գալ առավոտյան 08:40 եւ եթե ճանապարհներին ամեն ինչ բարեհաջող լինի՝ ուղիղ 09:00-ին լինել աշխատավայրում: Հետաքրքիրն այն է, որ ամեն օր տնից դուրս գալիս նույն խաչմերուկներում հանդիպում ես նույն մարդկանց եւ մեքենաները: Սա խոսում է նրա մասին, որ միայն դու չես այդ ամենը նույն ճշգրտությամբ անում:

Ամենակարեւորն այն է, որ մարդ գա աշխատանքի այն զգացողությամբ, որ եկել է մի նոր եւ հավելյալ արժեք ստեղծելու: Իսկ դրանք միայն նյութական կամ ֆինանսական արժեքները չեն: Մարդկային հարաբերություններում, աշխատակիցների մարդկային որակներում բացահայտումներ անելը եւս մեզ համար շատ կարեւոր եւ հաճելի ձեռքբերումներ են: Այդ սպասումներով եմ ամեն օր գալիս աշխատանքի:

- Պատասխանատու պաշտոն եք զբաղեցնում: Ինչպե՞ս եք կարողանում պահպանել աշխատանք եւ ընտանիք բալանսը:

- Բալանսի խնդիր չի լինում, քանի որ դրանք տարբեր հարթության մեջ են: Ինձ համար լավագույն մոդելն այս է՝ տնից դուրս գալ բարձր տրամադրությամբ եւ կարոտած գալ աշխատանքի, որտեղ պետք է լինի այնպիսի մթնոլորտ, որ օրվա վերջում բոլորը բարձր տրամադրությամբ, բայց կարոտով գնան տուն: Ես փորձում եմ այս երկուսը համադրել, եւ բալանսը պահելու հարց չի առաջանում:

Մհեր Անանյանը

Աշխատավայրը մի մեծ մեխանիզմ է: Այն սկսում է գործել, երբ բոլոր դետալներն իրենց տեղում են: Այդ դետալները պետք է աշխատեն համակարգված, որպեսզի բանկը դառնա առավելագույն արդյունավետություն ապահովող  մարմին:

Իմիջիայլոց, շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, որ մեր կոլեկտիվներում եւս լավ ընտանիքներ կազմվեն: Մենք այդպիսի օրինակներ ունենք, երբ մարդիկ ծանոթացել են բանկում, ամուսնացել եւ շարունակում են միասին աշխատել: Չի բացառվում, որ դա հենց բոլորիս աշխատանքի արդյունքն է: Կարծում եմ, եթե աշխատավայրում մթնոլորտը լավը չլիներ, մարդիկ իրար չէին նկատի:

Մեզ մոտ ընտանիքն ու աշխատանքը մեկը մյուսի շարունակությունն են, մեկը մյուսին լրացնող:

- Պարոն Անանյան, ենթակաների հետ փոխհարաբերություններն ինչպիսի՞ն են:

-  Կարծում եմ, այդ հարցը ճիշտ կլինի ուղղել աշխատակիցներին, ամեն դեպքում, համոզմունք ունեմ, որ ինձնից առնվազն պետք է չխուսափեն, քանի որ ինքս էլ միշտ հակված եմ մարդկանց վերաբերվել որպես բարձրագույն արժեքի:

Մհեր Անանյանը

Երբ գալիս եմ աշխատավայր, իջնում եմ մեքենայից, այդ պահից սկսած շատ ուշադիր նայում եմ շուրջս, որ բոլոր աշխատակիցներին, որոնց կհանդիպեմ, առնվազն ջերմ բարեւեմ: Կարծում եմ, սա մանրուք չէ, այդտեղից են սկսվում մեր փոխհարաբերությունները: Ամենակարեւոր խնդիրը, որը, կարծում եմ, իմ աշխատողները հասկացել են՝ իրենց պարտականությունները բարձր պատասխանատվությամբ կատարելն է: Աններելի է մտածված սխալներ անելը, միեւնույն ժամանակ մեծ համակարգում աշխատելիս բացառված չէ նաեւ սխալվելու հավանականությունը։ Դրա համար մեր ստորաբաժանումներն այնպիսի դասավորություն ունեն, որ ինչ-որ մեկի սխալը կամ վրիպակը մեկ այլ հարթության մեջ հայտնաբերվի եւ շտկվի:

Ամեն դեպքում, կարծում եմ, մեր աշխատակիցները ստացել են այդ ազդակը, որ այստեղ մասնագիտական կարողություններից եւ ակադեմիական կրթությունից բացի՝ շատ կարեւոր են մարդկային բարձր որակները:

-  Փողկապով եւ առանց փողկապի տարբե՞ր եք:

- Ես գրեթե նույնն եմ բոլոր տեղերում՝ փողկապով, թե առանց փողկապի: Հագուկապն ընդամենն արարողակարգային ինչ-որ հարց է լուծում: Ամենամեծ արժեքն ինձ համար ամոթի զգացողություն ունենալն է, դա եթե ունես, փողկապով, թե առանց դրա, ոչինչ նշանակություն չունի: Մանկությանս ընկերները գիտեն՝ ես շատ չեմ փոխվել, երեւի փոխվել են միայն նպատակների իրականացման հնարավորությունները:

Երբեմն, թվում է, թե բանկիրներն անհոգի մարդիկ են, քանի որ ամեն ինչ անում են փող աշխատելու համար, բայց այդպես չէ: Բանկային ոլորտում աշխատող իմ բոլոր ընկերներն էլ ունեն իրենց մարդկային որակները, հետաքրքրությունները, պարզապես մեր գործում շատ կարեւոր է, որ այն պատասխանատվությունը, որը ստանձնել ես՝ իրականացնես:

- Խոսեցինք աշխատանքային օրվա մասին, իսկ հանգստյան օրերն ինչպե՞ս են անցնում:

- 2003 թվականից մինչ օրս իմ շաբաթ օրերն ունեն իրենց ավանդույթը՝ սպորտով եմ զբաղվում: Արդեն 20 տարի ընկերական խմբով, որտեղ կան ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչներ, սպորտային համալիր ենք գնում: Միայն առանձին դեպքեր կարող են լինել, որ շաբաթ օրերին խախտենք այդ ավանդույթը: Սպորտից հետո արդեն ընտանիքի հետ, ընկերների հետ եմ փորձում հանգստյան օրերս կազմակերպել՝ իհարկե մեր երկրի իրականությանը ներդաշնակ: Եթե հաշվի առնենք, որ նաեւ 17 ընտանիքի կնքահայր եմ, առիթները շատ են լինում եւ, հետեւաբար, երբեմն չեմ պլանավորում օրս, այլ արդեն կյանքը պլանավորում է, թե այդ օրն ինչպես պետք է անցնի: Միայն կասեմ, որ կնքահայր լինելը մեծ օրհնություն եւ պատասխանատվություն է անձամբ ինձ համար, սակայն սա խոսակցության առանձին թեմա է։

Ցանկացած հնարավորության դեպքում հանգիստս անց եմ կացնում բնության գրկում եւ հատկապես այնտեղ, որտեղ դեռեւս ապականված չէ մարդկանց կողմից՝ դրանով իսկ ունենալով զգացողություն, որ ավելի մոտ եմ գտնվում բնության ակունքներին։

- Շուրջ 30 տարվա աշխատանքային փորձ ունեք բանկային համակարգում եւ ոչ միայն: Ճգնաժամային իրավիճակներում միշտ ղեկավար պաշտոններ եք զբաղեցրել: Կխնդրեմ խոսել մարտահրավերներին դիմակայելու Ձեր մոտեցումից:

- Տարիների փորձը ցույց է տվել, որ ֆինանսական կառույցների կառավարման դեպքում հապճեպ որոշում կայացնելը բերում է ոչ ցանկալի իրավիճակների: Այսինքն՝ պետք է մի փոքր ավելի հավասարակշռված, ավելի դանդաղ շտապելով գնալ առաջ: Կարծում եմ, ճգնաժամային կառավարման մեր հմտությունների մեջ կարելի է առանձնացնել սա:

Մհեր Անանյանը

Հայաստանի իրականությունն այնպիսին է, որ բիզնեսի զարգացման, ներդրման կամ կայուն տնտեսական աճ ապահովելու համար առնվազն 4 պարտադիր գործոն է անհրաժեշտ՝ արտաքին անվտանգություն, ներքաղաքական կայունություն, դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության կայունություն: Սրանք պետք է լինեն, որպեսզի մարդիկ կարողանան ապագային միտված ծրագրեր իրականացնել: Այս տարիների ընթացքում անընդհատ գտնվել ենք այնպիսի իրավիճակներում, որ ե՛ւ անվտանգային խնդիրներն են եղել ոչ կայուն, ե՛ւ ներքին քաղաքականության մեջ ժամանակ առ ժամանակ ունեցել ենք անկայուն իրավիճակներ, իսկ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության առումով քիչ թե շատ մեզ հաջողվել է կայուն իրավիճակ ունենալ: Սա նշանակում է, որ այս ամենի ոչ լիարժեք լինելու պարագայում, կարողացել ենք տնտեսություն զարգացնել եւ բանկային համակարգի, որպես ինստիտուցիոնալ կառույց, կայունությունն ապահովել:

Կարծում եմ, որ մեր բոլոր մենեջերները, տնօրենները, կառավարող մարմինները համարվում են ճգնաժամային կառավարման մասնագետներ: Ցանկացած իրավիճակ, երբ սրվում է, դառնում է ոչ ստանդարտ, մենք հանգիստ ենք դրան վերաբերում եւ ավելի հավասարակշռված ենք փորձում գործել:

- Շատերն են ձգտում բանկի տնօրեն լինել: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:

- ԱրարատԲանկում ունենք հազարից ավելի աշխատակից եւ շատ նորմալ է, որ հազարն էլ ձգտեն դառնալ բանկի ղեկավար, բայց որպեսզի իրենք իրենց աստիճանակարգի մեջ կարողանան առաջխաղացում ունենալ, առնվազն իրենց զբաղեցրած պաշտոնում պետք է հաջողեն: Շատ կարեւոր է նաեւ մասնագետներին լսելու ունակություն ունենալը, միշտ պետք է գիտակցել, որ միշտ սովորելու բան ունես: Վայ այն ղեկավարին, ում թվում է, թե ինքն ամեն ինչ գիտի եւ էլ սովորելու ոչինչ չունի:

Ցանկացած մարդ, ում պաշտոն են վստահել, պետք է կարողանա լիարժեք ինքնադրսեւորվել, իսկ բանկային համակարգում չկան երկրորդական պաշտոններ: Բոլոր պաշտոնները շատ կարեւոր են, քանի որ ռիսկերի գեներացման առումով բոլոր պաշտոններն ունեն իրենց տրամաբանական ներգործությունն ընդհանուր բանկային համակարգի որակի, ռիսկերի կառավարման վրա:

- Ձեր բանկը նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում իր ներդրումն ունի, որի լավագույն օրինակը «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարն է: Խնդրում եմ անդրադարձեք նաեւ ֆինանսական կառույցների սոցիալական պատասխանատվության գործառույթին:

- Կարծիք կա, որ գումար վաստակելն ու շատ փող ունենալն ամենամեծ նպատակն է, եւ մարդկանց թվում է, որ ֆինանսական ինչ-որ կարողությունների տիրապետելն արդեն բոլոր հաջողությունների բանալին է: Շատ կարեւոր է, որ ֆինանսական կառույցներն իրենց օրինակով ապացուցեն, որ ֆինանսական միջոցներ գեներացնելը դեռեւս ամենամեծ արժեքը չէ, այլ հնարավորություն է, որ կարողանանք սպասարկել մեծ արժեքներ ունենալու ճանապարհին իրականացվող ծրագրերը: Այսինքն՝ ֆինանսական միջոցները ոչ մի բան են, եթե նման ծրագրեր չիրականացվեն, քանի որ սոցիալական ծրագրերի օգուտը շատ ավելի մեծ է, քան այն գումարը, որը ծախսվում է դրանք իրականացնելու համար:

Մենք խնդիր ունենք սոցիալական պատասխանատվության ծրագրերի մեր օրինակով համախմբել առողջ ուժերին: Առողջ հասարակություն ունենալու համար պետք է այսպիսի տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնել: Եվ այդ ամենը անհրաժեշտ է անել այնքան նուրբ, որ հանկարծ մարդիկ չփորձեն այն կապել բանկի հանրայնացման հետ:

«Ոտքի կանգնելու կամքը» եռաֆիլմի երկու ֆիլմերն արդեն նկարահանված են, երրորդը նկարահանման ընթացքի մեջ է:

- Ձեր աշխատասենյակում Մարտիրոս Սարյանի «Հայաստան» գործը նկատեցի, առանձնահատուկ վերաբերմունք ունե՞ք գեղանկարչության կամ Սարյանի հանդեպ:

- Սիրում եմ, իհարկե, Մարտիրոս Սարյանի գործերը, բայց  հատկապես այս նկարը, որի մասին Դուք հարցնում եք, այլ պատմություն ունի: Մենք այն նվեր ենք ստացել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից: «Զինվորի տունը» մի նախաձեռնություն ունի, որի հիմքում Սարյանի «Հայաստան» կտավն է: Մեր բանկը եւ գործընկեր այլ կազմակերպություններ մասնակցել են «Զինվորի տանը» «Հայաստան» կտավի մոզաիկայի տարբերակի հավաքմանը, որի ամեն մի բեկորը գումար արժե եւ նվիրատվություն է վերականգնողական կենտրոնին: Յուրաքանչյուր բեկորի դիմաց վճարված գումարը շատ կարեւոր սոցիալական հարց է լուծում՝ ուղղվում զինհաշմանդամների բուժմանն ու լիարժեք կյանքի վերականգնմանը։   

Մհեր Անանյանը

Կտավի ընտրությունը պատահական չէ: Ինչպես Սարյանն է ուզել Հայաստանի ապագան արեւշատ եւ վառ գույներով տեսնել, այդպես էլ մենք ցանկանում ենք հայրենիքի պաշտպանների համար ապահով եւ լուսավոր ապագա կերտել:

- Եվ վերջում՝ գիրք, որը վերընթերցել եք կամ ժամանակ առ ժամանակ բացում կարդում եք:

- Գրքերի հարցում մոտեցումս առանձնահատուկ է, շատ եմ կարդացել, բայց գրեթե չկա գիրք, որը մինչեւ վերջ եմ կարդացել: Անհամբեր եմ, դեռ փոքր տարիքից չեմ համբերել գրքի ավարտին հասնել, սկիզբը կարդում էի, հետո անցնում մեջտեղին ու վերջին: Սիրում էի, որ գրքում պատմությունը կարճ ու հստակ ներկայացվեր: Շատ քիչ գրքեր են եղել, որ ընթերցելու ընթացքում վայելել եմ զուտ բոլոր նկարագրությունները: Իսկ վերջին տարիների ընթացքում հիմնականում իմ կարդացած գրականությունը, զբաղվածությունից ելնելով, ավելի շատ մասնագիտական է:

Մի բան հաստատ է, անկախ նրանից նախընտրում եք գեղարվեստական, թե մասնագիտական գրականություն, այսօր գիրք կարդալն առավել քան երբեւէ կարեւոր է:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 19187
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW