Աշխարհի խոշորագույն կրիպտոբորսան՝ Binance-ն, անցկացրել է Հայաստանում առաջին պաշտոնական միջոցառումը: Banks.am-ի հետ զրույցում բորսայի տարածաշրջանային ղեկավար Վլադիմիր Սմերկիսը պատմել է կրիպտոշուկայի մասին ու կիսվել Binance-ի հետաքրքրություններով Հայաստանում: Կրպտոշուկայի հանդեպ հետաքրքրությունը Հայաստանում աճում էBinance-ն աշխատանքը սկսել է 6 տարի առաջ ու ի սկզբանե բորսայի նպատակները գլոբալ էին: Մենք դիտարկում ենք ու մեզ հետաքրքիր են բոլոր շուկաներն, այդ թվում՝ հայկականը: Այստեղ մեծ թվով ՏՏ մասնագետներ կան, ոլորտը զարգացած է Հայաստանում, մենք էլ ունենք բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ ստարտափերի, գործարարների, ֆինանսական ինստիտուտների ու հիմնադրամների համար: Նկատում եմ, որ Հայաստանում աճում է կրիպտոշուկայի հանդեպ հետաքրքրությունը: Սրա ապացույցներից մեկն այն է, որ մեր միջոցառմանը մասնակցելու համար ընդամենը մեկ օրում մոտ 200 մարդ գրանցվեց: Հայաստանից մեզ պարբերաբար գրում են օգտատերեր, այստեղ արդեն ունենք «հրեշտակներ»: Սա մարդիկ են, որոնք չլինելով Binance-ի աշխատակից, նպաստում են տեղում համայնքի զարգացմանը: Հայաստանում ունենք գործընկերներ եւ, իհարկե, այստեղի շուկան մեզ համար խիստ հետաքրքիր է: Երեւանում անցկացված միջոցառումը կարելի է դիտարկել որպես առաջին քայլ, քանի որ նոր երկրներում մենք միշտ սկսում ենք շփումից եւ համայնքի զարգացումից: Binance-ն ապակենտրոնացված կազմակերպություն է ու մեր աշխատակիցների 99%-ն աշխատում է հեռավար՝ աշխարհի տարբեր ծայրերից: Այսօր նրանց թվում ավելի քան 100 ազգերի ներկայացուցիչներ կան: Անխոս, կան նաեւ հայեր, ինչն ուրախացնում է: Առհասարակ, մեզ շատ է դուր գալիս Հայաստանն ու կարծում եմ՝ կրիպտոշուկան, բլոկչեյն տեխնոլոգիաները շատ հարթ կինտեգրվեն տեղական շուկայում: Վլադիմիր Սմերկիսը Լուսանկարը՝ Մեդիամաքս Խոսելով պաշտոնական բացման, տեղում գրասենյակներ ունենալու մասին՝ կարող եմ ասել՝ այս պահին մենք հետեւում ենք, թե ինչպես է զարգանում իրավիճակը: Օրինակ՝ մոտ մեկ տարի առաջ ստացանք Ղազախստանում աշխատելու առաջին արտոնագիրը, այստեղ ունենք գրասենյակ, գործում է տեղական հարթակը: Անխոս, բոլոր երկրներում սերտորեն աշխատում ենք կարգավորիչների հետ: Այսօրվա դրությամբ Binance-ը գրանցման արտոնագրեր ունի աշխարհի 18 երկրում: Ինչ վերաբերում է Հայաստանին՝ հետեւում ենք, ուսումնասիրում ու ավելի մանրամասն ծանոթանում տեղական շուկային: Կրիպտոշուկան դասական ֆինանսական ինստիտուտներից առավել թափանցիկ էՄենք միշտ ուրախ ենք համագործակցել կառավարությունների ու կարգավորիչների հետ: Համատեղ աշխատելով՝ կարողանում ենք ապահովել սպառողների ադեկվատ պաշտպանությունն ու զուգահեռ աշխատել նորարարությունների, առաջընթացի ուղղությամբ: Այս պահին չեմ ուզում ներկայացնել Հայաստանում կատարվող գործողությունները կամ կարգավորիչների հետ հնարավոր բանակցությունները: 2022թ. հոկտեմբերին հանդիպում կազմակերպեցինք ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ՝ կրիպտոարժույթի շուկայում ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի գործիքակազմի ու գիտելիքի փոխանակման նպատակով: Այս հանդիպումն անցկացվել է մեր գլոբալ կրթական ծրագրի շրջանակում: Այն իրականացնում ենք ամբողջ աշխարհում՝ կարգավորիչների ու իրավապահ մարմինների համար: Այսպիսով ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը կիբեր եւ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում: Հայաստանյան հանդիպման ընթացքում Binance-ի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ղեկավար Տիգրան Ղամբարյանը ներկայացրել է «Հետաքննությունները կրիպտոոլորտում» թեմայով զեկույց: Կարծում ենք՝ նման հանդիպումները հիմք են դնում կարգավորիչների հետ երկարամյա համագործակցությանը, ինչն իր հերթին նպաստում է կրիպտոշուկայի հարմոնիկ զարգացմանն ու մեր օգտատերերի անվտանգությանը: Օգտատերերը միշտ եղել են ու կլինեն մեզ համար առաջին տեղում: Ցավոք, շատերին, այդ թվում՝ պետություններին, շարունակում է թվալ, թե կրիպտոշուկան անվերահսկելի գոտի է: Իրականում այն շատ ավելի թափանցիկ է, քան բազմաթիվ դասական ֆինանսական ինստիտուտներ: Հանդիպումների ընթացքում մանրամասն պատմում ենք՝ ինչպես է գործում Binance-ի անվտանգության համակարգը, նշում ենք, որ միայն այս ոլորտում ունենք ավելի քան 700 մասնագետ: Վլադիմիր Սմերկիսը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մենք ձեռնարկում ենք ինչպես կանխարգելիչ միջոցառումներ, օրինակ՝ կրթում ենք օգտատերերին, այնպես էլ քննում ենք կրիպտոոլորտում արդեն իսկ տեղի ունեցած հանցագործությունները: Binance-ն ունի հատուկ հիմնադրամ՝ SAFU-ն, որն այս պահին ավելի քան մեկ միլիարդ դոլար է նախատեսում անկանխատեսելի իրավիճակների շտկման համար: Հիմնադրամի գումարը լրացվում է ընկերության եկամտից: Այսօր սպասարկում ենք ավելի քան 150 մլն մարդ ամբողջ աշխարհից, եւ նրանց անվտանգությունն ամենակարեւորն է: Ստուգում ենք բոլոր օգտատերերին ու չենք կարող թույլ տալ, որ հարթակում մնան հանցավոր տարրեր կամ տեղի ունենան խարդախություններ: Ունենք 24-ժամյա աջակցման ծառայություն, որը միշտ պատրաստ է օգնել լուծել այս կամ այն խնդիրը: Գոյության առաջին օրվանից Binance-ն օգնել է օգտատերերին վերադարձնել անգամ այն միջոցները, որոնք հենց իրենք են սխալմամբ ուղարկել ոչ ցանկալի բլոկչեյն ցանցին: Սրանք նոր տեխնոլոգիաներ են եւ ակնհայտ է, որ դրանց մոտ «պտտվում են» հաքերներ, խարդախությամբ զբաղվողներ, ու շատերը չեն հասկանում՝ ինչպես գործակցել այս ամենի հետ: Ծանոթագրական հանդիպումների ընթացքում իրավապահներին հետաքրքիր է՝ ինչպես է Binance-ն արձագանքում նրանց հարցումներին, եթե որեւէ արտառոց կամ հանցավոր իրավիճակ է ստեղծվում: Մենք անխոս պատրաստ ենք համագործակցել իրավապահների հետ ամբողջ աշխարհում: Միայն 2022թ.-ին նրանցից ստացել ենք տասնյակ հազարավոր հարցումներ ու շատ արագ արձագանքել դրանց: Բլոկչեյն տեխնոլոգիաները մարդկանց շփման մասին ենԿրիպտոոլորտում ճանապարհս սկսել եմ 2016թ.-ին: Այն ժամանակ մեր այս համայնքը շատ փոքր էր, միայն մի քանի հարյուր մարդ էր հասկանում՝ ինչպես է այն աշխատում: Այժմ, երբ անընդհատ նոր նախագծեր են ծնվում, շատ կարեւոր է դրանց շուրջ համայնքներ ձեւավորել: Բլոկչեյն տեխնոլոգիաները մարդկանց շփման մասին են: Այնպես որ, ցանկացանք Երեւանում ծանոթանալ տեղի համայնքի հետ, հասկանալ մարդկանց հետաքրքրություններն ու, իհարկե, պատմել մեր մասին: Այսօր կրիպտոշուկան մեծ հնարավորություններ է տալիս ոչ միայն անհատներին, այլեւ՝ բիզնեսին: Այնպիսի նախագծերն, ինչպես մեր Binance Pay-ն է, հնարավորություն են տալիս ցանկացած խանութի սեփական պրոդուկտը ստեղծել: Մենք ենթակառուցվածքային էկոհամակարգ ենք: Վլադիմիր Սմերկիսը Լուսանկարը՝ Մեդիամաքս Երեւանյան միջոցառմանը կլինեն նաեւ Trust Wallet ընկերության ներկայացուցիչներ: Սա աշխարհում ամենահայտնի կրիպտոդրամապանակն է: Մենք խոսելու ենք ինչպես մեր ընկերության, այնպես էլ՝ շուկայի մասին առհասարակ: Binance-ի բաժիններից մեկը՝ Binance Research-ը, բազմաթիվ հետազոտություններ է անցկացնում եւ կքննարկենք՝ ուր է գնում կրիպտոշուկան այսօր եւ ինչու է հիմա դրական ազդակներ հաղորդում: Կկիսվենք նաեւ Binance-ի մաս դառնալու տարբերակներով: Նման հանդիպումներն օգտակար են նոր կապերի հաստատման առումով: Օրինակ՝ ունենք Binance Labs ներդրումային հիմնադրամն ու շատերն են դիմել մեզ՝ ցանկանալով ներկայացնել սեփական նախագծերն ու ստանալ ներդրում: Սիրով դիտարկում ենք նման հնարավորությունը: Binance-ը բաց է բուհերի հետ համագործակցության համարԿրթությունը կարեւորագույն բաղադրիչ է: Իհարկե, վերջին տարիներին կրիպտոոլորտում այս առումով մեծ առաջընթաց կա, սակայն շատերի համար այս աշխարհը շարունակում է անհասկանալի մնալ: Կրթական նպատակներով մենք ստեղծել ենք Binance Academy հարթակը, որում պահվում են բազմաթիվ ուսուցողական նյութեր: Դրանք բոլորովին անվճար են եւ հասանելի ավելի քան 40 լեզվով: Հայերեն, ցավոք, դեռեւս թարգմանված չեն, բայց կարծում եմ՝ հայ լսարանը կարող է օգտվել անգլերեն կամ ռուսերեն տարբերակներից: Binance Academy-ին եւս բաց է նոր համագործակցությունների համար ու հուսով եմ՝ այդպիսիք կձեւավորվեն Երեւանում անցկացվող միջոցառման ընթացքում: Օրինակ՝ մենք համատեղ կրթական նախագծեր ենք իրականացնում աշխարհի լավագույն բուհերի հետ ու պատրաստ ենք նույնն անել Հայաստանում: Վլադիմիր Սմերկիսը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ընկերությունում մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ սոցիալական նախագծերին: Վերջերս Վրաստանում աջակցել ենք կանանց կրթության զարգացմանը: Մեր ղեկավարներից շատերը կանայք են ու այս հարցում շատ ուշադիր ենք: Գործում է նաեւ Binance Charity հարթակը, որը ներդրումներ է կատարում ոչ միայն կրթական ոլորտում, այլեւ կարող է օգնել բնական աղետների, այլ ծանր իրավիճակների դեպքում: Հույս ունենք՝ Հայաստանում անցկացված միջոցառումը կլինի առաջին քայլը, որը հետագայում թույլ կտա նոր բացահայտումներ կատարել ինչպես մեր, այնպես էլ՝ տեղում կրիպտոարժույթով հետաքրքրվողների համար: Ուրախ կլինենք աջակցել այս համայնքի զարգացմանը: Յանա ՇախրամանյանԼուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 14554