Ջիմ Օ'Նիլ. «Հնարավոր է, սկսվում է վերադարձը իրականություն»

29.07.2023 | 00:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Goldman Sachs Asset Management-ի նախկին նախագահ, Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ջիմ Օ'Նիլի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Համաշխարհային տնտեսությունում իրավիճակն այսօր ծայրաստիճան անորոշ է, եւ դա մեզ հիշեցնում է, որ տնտեսագիտության հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, այն սոցիալական գիտություն է։ Նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած մեծ իրադարձություններից շատերը չէին համապատասխանում կոնսենսուսային կանխատեսումներին՝ բացահայտելով մեր ընկալման սահմանափակումները:

Հատկապես պետք է նշել այն փաստը, որ այս տարի շատ փորձագետներ կանխատեսում էին ԱՄՆ-ում ռեցեսիայի սկիզբը։ Սակայն հարցը միայն այն չէ, որ այն չի սկսվել (դեռ):

Գնաճի վերջին ցուցանիշները բազմաթիվ վերլուծաբաններին ստիպել են ընդհանրապես հերքել ռեցեսիայի հավանականությունը: Ֆինանսական շուկաները հանկարծ տարվեցին այն գաղափարով, որ իշխանություններն իսկապես կկարողանան «փափուկ վայրէջք» ապահովել. գնաճը կվերադառնա իր նպատակային մակարդակին (մոտ 2%)՝ առանց ռեցեսիայի եւ գործազրկության կտրուկ աճի անհրաժեշտության: Հենց այդ պատճառով են ֆոնդային շուկաներն այժմ վերելք ապրում, թեեւ ներդրողների մոտ պահպանվում են չափազանց զգուշավոր տրամադրություններ (եւ դա միանգամայն հասկանալի է):

Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում իրավիճակը նույնպես հերքում է կանխատեսումները։ Թեեւ Միացյալ Թագավորության տնտեսությունը մշտական լուրջ խնդիրների է բախվում (ՀՆԱ-ի աճը մնում է չնչին), նրան հաջողվում է խուսափել տեխնիկական ռեցեսիայից։ Արդյո՞ք հաջորդ դրական անակնկալը կլինի գնաճի կտրուկ նվազումը։ Կետերից մեկը, որի վրա կենտրոնանում են հոռետեսները (այդ թվում՝ Անգլիայի Բանկը), աշխատավարձերի գնաճն է, որը ստիպում է հիշել 1970-ականների աշխատավարձերի եւ գների աճի գալարագիծը: Այն ժամանակ դա նշանավորեց դրամային օրթոդոքսիայի նոր դարաշրջանի սկիզբը, որի համաձայն տնտեսական քաղաքականության բոլոր խնդիրներից առաջնահերթությունը տրվեց հակագնաճային խիստ միջոցառումներին։

Քանի որ Բրիտանիայի մակրոտնտեսական իրավիճակը բարդ է, ես դեռ հետեւում եմ, արդյո՞ք այս նոր լավատեսությունը կամրապնդվի։ Հարկ է հիշեցնել, որ մինչ համավարակի բռնկումը եւ պատերազմը Ուկրաինայում, բրիտանական կառավարությունը բարձրաձայն հանդես էր գալիս իրական (գնաճը հաշվի առնելով) աշխատավարձերի բարձրացման օգտին։ Այժմ այդ ցանկությունը մոտ է բավարարմանը. արհմիությունների ներկայացուցիչները վճռական են հասնելու նոմինալ աշխատավարձերի բարձրացմանը՝ ի պատասխան սպառողական գների կտրուկ եւ անսպասելի աճի: Ուստի իշխանությունները պետք է աղոթեն, որ նոմինալ  գնաճը էապես նվազի, քանի որ դա նրանց թույլ կտա պնդել, որ իրենք բարձրացրել են իրական աշխատավարձերը՝ խուսափելով նոմինալ վճարումները բարձրացնելուց:

Մեծ Բրիտանիայում եւ մի շարք այլ երկրներում մեկ այլ հեգնական իրավիճակը կապված է դրամային զանգվածի աճի հետ, որը գնաճային ճնշման հիմնական ցուցիչն է։ Այն բանից հետո, երբ համավարակի ընթացքում ընդունվեցին դրամային եւ բյուջետային խթանման մեծ փաթեթներ, դրամային զանգվածին հետեւող մեկնաբանները կանխատեսում էին, որ գնաճը կբարձրանա: Սակայն այդ փորձագետներից շատերը նույն բանն էին ասում արդեն մեկ տասնամյակ՝ մեկնաբանելով կենտրոնական բանկերի ոչ ավանդական դրամային քաղաքականությունը: Եվ նրանց կանխատեսումները չէին իրականանում մինչեւ Covid-19-ի հայտնվելը։ Եթե նրանք իսկապես հավատում են դրամային զանգվածի կարեւոր դերին, ապա հիմա պետք է հանդես գան դրամային կարգավորման մեղմացման օգտին, քանի որ դրամային զանգվածի աճի տեմպերը դանդաղել են։

Հումքի գների աննշան թուլացման, դրամային զանգվածի առաջարկի տեմպերի դանդաղման, տոկոսադրույքների զգալի աճի եւ երկարաժամկետ գնաճային սպասումների ընդհանուր կայունության ֆոնին ես ծանրակշիռ պատճառներ եմ տեսնում դեպի լավատեսների ճամբար զգուշավոր անցում կատարելու համար: Սակայն շտապում եմ ավելացնել, որ կենտրոնական բանկերը պետք է զգոն լինեն՝ կանխելով 1970-ականներին վերադառնալու ցանկացած նշան:

Ինչպես միշտ, շատ բան կախված կլինի Չինաստանից։ Երբ անցյալ տարվա վերջին Չինաստանի կառավարությունը անսպասելիորեն դադարեցրեց իր «զրոյական Covid»-ի քաղաքականությունը, տնտեսական աճի տեմպերը կարճ ժամանակով կտրուկ աճ արձանագրեցին, եւ վերլուծաբանները շտապեցին վերանայել իրենց կանխատեսումները: Սակայն վերջին երեք ամիսների ընթացքում Չինաստանի տնտեսական աճի տեմպերը հիասթափեցնող էին, ինչը ստիպեց շատերին վերանայել կանխատեսումները:

Բացի այդ, Չինաստանում գնաճի տեմպերի աճելու նշաններ չկան, ինչը հակասում է վաղեմի համոզմունքին, որ ժամանակի ընթացքում Չինաստանը գնանկման արտահանումից կանցնի գնաճի արտահանման։ Այո, կարծիք կա, որ գործարար գործունեության եւ ներդրումների վերահղումը Չինաստանից հեռու գնաճային բնույթ է կրում, սակայն ես կասկածներ ունեմ այս հարցում, քանի որ այս շարժման մի մասն ուղղվելու է դեպի այն երկրներ, որտեղ ծախսերը նույնիսկ ավելի ցածր են, քան Չինաստանում։ Ամեն դեպքում, Չինաստանի իշխանություններն ակնհայտորեն ստիպված են լինելու զբաղվել տնտեսական աճի եւ սպառման տեմպերի դանդաղման խնդրով, էլ չասած այլ լուրջ խնդիրների մասին, օրինակ՝ երիտասարդների միջավայրում գործազրկության աճը։

Հեռանկարների մասին խոսելու համար, պետք է հետեւել այնպիսի կարեւոր փոփոխականի, ինչպիսին են հումքի համաշխարհային գները։ Նրանք անսպասելի շրջադարձ կատարեցին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո։ Բայց դեռ պարզ չէ, թե ինչու է դա տեղի ունեցել, եւ որքանով է այս միտումը կայուն: Ենթադրում եմ, որ սպասվածից ավելի լայն անցում է կատարվել դեպի էներգիայի արդյունավետ սպառում, իսկ այլընտրանքային էներգիայի աղբյուրները ներդրվել են ավելի լայն, քան կանխատեսվում էր: Սակայն մեզ ավելի շատ ժամանակ եւ տվյալներ են պետք այս վարկածի կենսունակությունը պարզելու համար:

Վերջին քսան տարիների ընթացքում տնտեսագետ գիտնականների շրջանում մոդայիկ էր պնդել, որ համաշխարհային խնայողությունների ավելցուկը հանգեցրել է բնական տոկոսադրույքի նվազմանը: Ես հարգում այս կարծիքի կողմնակիցներից շատերին, սակայն այն ինձ երբեք համոզիչ չէր թվում, քանի որ ցածր տոկոսադրույքները համարում էի համառ ցածր գնաճի արդյունք, որն էլ իր հերթին պայմանավորված էր փափուկ դրամային քաղաքականությամբ։ Հնարավոր է, այժմ սկսվում է վերադարձը իրականություն: Եթե այդպես է, ապա երկարաժամկետ «նոր նորմը» իրականում շատ ավելի նորմալ կդառնա։ Տոկոսադրույքները վերջապես ավելի բարձր կլինեն, քան գնաճի իրական կամ ցանկալի ցուցանիշը։

Copyright: Project Syndicate, 2023.
www.project-syndicate.org
Դիտում՝ 11336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW