2020թ. ապրիլին խորհրդարանն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը: Չնայած՝ ի սկզբանե այն պետք է կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներից մեկը դառնար, այսօր շատերն են ահազանգում, որ այս օրենքը փորձում են կիրառել անձանց ունեզրկելու եւ սեփականությունը վերաբաշխելու նպատակով:Banks.am-ի հետ զրույցում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը պատմել է եղած վտանգների, դրանց դիմակայելու տարբերակների, ինչպես նաեւ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համաշխարհային փորձի մասին: Նա ընկերությունում ղեկավարում է հարկային ու վարչական իրավունքի ոլորտները, դատական ներկայացուցչություն է իրականացնում քաղաքացիական եւ վարչական գործերով: Արթուր Հովհաննիսյանի գործերի թվում են ապօրինի գույքի բռնագանձման մի շարք վարույթներ, որոնցից որոշների փաստական հիմքերն, ըստ նրա, անգամ զավեշտալի են։ Գույքի ու հանցավոր գործունեության միջեւ պատճառահետեւանքային կապըԵվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանը միացավ շատ կոնվենցիաների եւ փորձում էր ու առ այսօր էլ փորձում է քայլել եվրոպական արժեքներին համահունչ: Այսօր ամբողջ աշխարհում կարեւորվում է կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարը, որը երկրի կայուն զարգացման համար կարեւորագույն դեր ունի: Կոռուպցիոն արարքները հիմնականում դիտարկվում են որպես հանցագործություն, ՀՀ Քրեական օրենսգիրքը եւս ունի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ դրույթներ: Բայց կա մի նրբություն՝ անձին հանցագործության համար մեղադրելու ու պատժելու ապացուցման շեմը շատ բարձր է (կամ առնվազն բարձր պետք է լինի): Եթե կա գոնե փոքր կասկած, որ նա անմեղ է, հաշվի է առնվում անմեղության կանխավարկածն ու քրեական պատասխանատվության ենթարկելը դառնում է անհնար: Միեւնույն ժամանակ, կոռուպցիոն հանցագործությունների բնույթից ելնելով` դրանց բացահայտումը բավականին բարդ է, որոշ դեպքերում՝ գործնականում անհնար: Մյուս կողմից, կոռուպցիոն հանցագործությունների դեպքում պայքարի արդյունավետ գործիք կարող է լինել նշված հանցագործությունների արդյունքում ստացվող գույքը՝ օրինական գործընթացի հիման վրա բռնագանձելը, ինչը կնվազեցնի կոռուպցիոն դրսեւորումների «գրավչությունը», քանի որ ստացված գույքը հնարավոր կլինի բռնագանձել: Նշված տրամաբանությամբ եւ հաշվի առնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում առկա է բարձր հանրային շահ՝ աշխարհի բազմաթիվ երկրներում այս կամ այն տարբերակով կիրառում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեխանիզմը: Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի օրենսդրությամբ: Եթե այս կամ այն անձը կասկածվում է հանցավոր գործունեության մեջ, սակայն ինչ-ինչ պատճառներով նրա դեմ քրեական հետապնդում չի կարող իրականացվել (օրինակ՝ վաղեմության ժամկետն անցել է, համաներում է կիրառվել, անձը մահացել է), օրենքը հնարավորություն է տալիս սկսել մեկ այլ՝ քաղաքացիական վարույթ, եւ քննել կոնկրետ գույքի օրինականության հարցը: Այսինքն՝ տրամաբանորեն, եթե տվյալ անձը հանցավոր գործունեություն է ծավալել, մեծ է հավանականությունը, որ նրա այս կամ այն գույքն ունի ապօրինի ծագում, ձեռք է բերվել այս գործունեության արդյունքում եւ պետք է բռնագանձվի: Ընդ որում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դեպքում ապացուցման շեմը բավականին ցածր է. պետությունը պետք է ապացուցի, որ այդ գույքը հնարավոր չէր ձեռք բերել առկա եկամուտներով, իսկ անձը կարող է ցույց տալ եկամուտի այլ աղբյուրները, որոնք անհայտ էին պետությանը (նշվածը հաճախ սխալ է ընկալվում եւ կարելի է հանդիպել՝ «գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկած» դատավարության տեսակետից սխալ ձեւակերպումը):Սրան զուգահեռ, շատ կարեւոր է ընդգծել, որ թե՛ ՄԻԵԴ նախադեպային որոշումներում, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիաների հիմքում դրված է հանցավոր գործունեության ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման միջեւ պատճառահետեւանքային կապի կարեւորությունը: Այսինքն, ընդհանուր ազատության սկզբունքից ելնելով, ամեն դեպքում չէ, որ պետությունը կարող է կասկածի տակ առնել անձի սեփականությունը։ Պարտադիր է, որ լինի հավելյալ հանրային շահ՝ տվյալ դեպքում կապը հանցագործության հետ: ՀՀ օրենքը՝ դատախազության կողմից տրված մեկնաբանությամբ, սրան միայն մասնակի է անդրադառնում: Դատական պրակտիկա ամբողջությամբ դեռ չի ձեւավորվել։ Ակնկալում ենք, որ դատարանները դրան ճիշտ կերպ կանդրադառնան: Արթուր Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ըստ մեր օրենքի՝ եթե անձի հանդեպ ինչ-որ ենթադրյալ հանցագործության հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվում, հետագայում նա նույնիսկ արդարացվում է կամ գործն է կարճվում, սա հիմք է տալիս Դատախազությանը սկսել անձի գույքի եւ ֆինանսական հոսքերի ուսումնասիրություն։ Դատախազությունը կարող է հետ գնալ մինչեւ 1991թ. ու քննել այդ շրջանից առ այսօր տվյալ անձի ունեցած ամբողջ գույքի օրինականությունը, պահանջել ապացույցներ, հակառակ դեպքում՝ փորձել բռնագանձել գույքը: Այս դեպքում ոչ մի խոսք չկա հանցավոր գործունեության ու տվյալ գույքի ձեռքբերման միջեւ պատճառահետեւանքային կապի մասին: Անձին կարող են մեղադրել 2016թ.-ին կատարված արարքի համար, մինչ այդ նա նույնիսկ որեւէ պաշտոն զբաղեցրած չլինի, կոռուպցիոն հանցագործություն կատարելու հնարավորություն էլ չունենա, բայց հետ գնան ու ապացույցներ պահանջեն, օրինակ, 1995թ.-ին նրա կողմից ձեռք բերված գույքի վերաբերյալ: Այստեղ շատ կարեւոր է հանրային շահի հարաբերակցությունն անձի սեփականության իրավունքի պաշտպանության հետ: Երբ եվրոպական երկրներում մշակվեց կոռուպցիայի դեմ պայքարի այս մեխանիզմը, շեշտվում էր՝ հանրային շահը կարեւոր է, եւ կոռուպցիայի դեմ պայքարը բխում է հենց հանրային շահից, որն ինչ-որ տեղ կարող է հնարավորություն տալ «կասկածի տակ առնել» անձի սեփականության իրավունքը եւ ընդհանրապես իրականացնել գույքի ձեռքբերման հիմքերի ստուգում: Ստացվում է՝ եթե չես կարողանում ապացուցել, որ գույքն ինչ-որ կապ ունի կոռուպցիոն արարքի հետ, դրա բռնագանձումն այլեւս ոչ մի կերպ չի կարող բխել հանրային շահից ու սա ավելի շատ նմանվում է պարզապես ունեզրկման կամ սեփականության վերաբաշխման փորձի: Մինչդեռ Դատախազության կողմից օրենքի մեկնաբանությունը, փաստորեն ոչ միայն հանրային շահ է դիտարկում կոռուպցիայի դեմ պայքարը եւ կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված գույքի բռնագանձումը, այլեւ՝ ցանկացած գույքի բռնագանձումը, որի ձեռք բերման օրինականությունը չի ապացուցվում գույքի սեփականատիրոջ կողմից: Այսինքն, անձը կարող է առհասարակ սեփականազրկվել, միայն նրա համար, որ, օրինակ, չի պահպանել գույքի ձեռքբերման հիմքերը, երբ նույնիսկ ՀՀ պետական մարմիններում չեն պահպանվել ապացույցները:Օրենքն արդեն գալիս է «հասարակ մահկանացուների» հետեւից Պետք է հստակ գիտակցենք, որ այսօր մեզանից ոչ մեկ ապահովագրված չէ այս օրենքի նման կիրառման փորձից: Փորձեք մտաբերել 90-ականները, կկարողանա՞ք փաստաթղթերով ապացուցել, օրինակ, 1994թ.-ին ձեռք բերված ձեր փոքրիկ հողակտորի օրինականությունը։ Այս շրջանում դեռ նոր-նոր ձեւավորվում էր ՀՀ հարկային օրենսդրությունը, բազմաթիվ արխիվներ առհասարակ պահպանված չեն, տեղի էր ունենում փոխարժեքի փոփոխություն ռուբլուց դրամի: 90-ականներին կարելի էր ամեն քայլափոխի հանդիպել սեղանիկների վրա փողոցներում մաստակ ու պարսկական վաֆլի վաճառողների, տարադրամի փոխանակմամբ զբաղվող մարդկանց, գործում էին տարբեր ձեւաչափի տոնավաճառներ, որտեղ վաճառվում էր ամեն ինչ՝ հագուստ, սննդամթերք, կենցաղային տեխնիկա։ Պատկերացնո՞ւմ եք, որ որեւէ մեկն այդ սեղանիկների օրինականությունն ապացուցող թուղթ ունենար, առավել եւս՝ պահպաներ առ այսօր: Չկար հարկային ռեժիմ, ով ինչպես կարողանում էր՝ վաճառում էր: Եվ սա տնտեսական համակարգի միայն մի մասն է: Մնացածը նույնպես առավել փաստաթղթավորված չի եղել: Ստացվում է՝ անձիք, որոնք բիզնես գործունեություն են ծավալել իննսունականներից, իսկ հետո ստանձնել են այս կամ այն պաշտոնը եւ ինչ-որ գործով մեղադրվել են, անկախ նշված քրեական գործի արդյունքից՝ ստիպված պետք է լինեն ներկայացնել ապացույցներ (ըստ դատախազության՝ փոխանցումներ եւ գրավոր պայմանագրեր դեռ «այն ժամանակներից») իրենց գույքի վերաբերյալ։ Դեպքերի մեծ մասում մարդիկ չեն կարողանալու ապացուցել այդ թվականներին իրենց բիզնեսի օրինականությունն ու մեծ է հավանականությունը, որ այս օրենքով ունեզրկվելու վտանգի առաջ են կանգնելու:Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ օրենքը հանգիստ կարող է թակել «հասարակ մահկանացուների» դուռը, եւ այն որեւէ կերպ չի սահմանափակվում հանրության մեջ որպես «օլիգարխ» կամ «կոռուպցիոներ» հայտնի անձանց: Անձը կարող է նույնիսկ պետական պաշտոն չզբաղեցնել, քանի որ ուսումնասիրության համար հիմք հանդիսացող քրեական օրենսգրքի հոդվածների մեջ են մտնում ոչ միայն պաշտոնի հետ կապված հանցակազմեր:Շատ է խոսվում ունեզրկման ռիսկի մասին, սակայն ոչ պակաս կարեւոր են ընդհանրապես կոմերցիոն եւ բանկային գաղտնիքի, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ռիսկերը։ Վարույթի ընթացքում դատախազությունը կարող է պահանջել եւ ստանալ տեղեկատվություն իրենց կարծիքով փոխկապակցված ցանկացած անձի եւ ցանկացած ժամանակահատվածի վերաբերյալ։ Այն դեպքերում, երբ դրա համար անհրաժեշտ է դատական ակտ, դատարանները տալիս են թույլտվություն, իսկ դատական պաշտպանության հնարավորությունը խիստ սահմանափակ է:Այս օրենքն, առնվազն այնպես, ինչպես այն մեկնաբանվում եւ կիրառվում է ՀՀ դատախազության կողմից, լուրջ հակասություններ ունի ինչպես ՀՀ Սահմանադրության, այնպես էլ՝ եվրոպական չափանիշների հետ նաեւ հետեւյալ դրույթով: Ենթադրենք՝ անձը չի կարողանում հիմնավորել, որ իր՝ 1997թ.-ին ունեցած որեւէ գույք օրինական է եղել, եւ առկա է որոշակի կապ հանցագործության հետ, բայց այն այսօր բռնագանձել հնարավոր չէ, քանի որ պարզապես չկա. օտարվել է, քանդվել է, նվիրատվությամբ տրվել է այլ անձի: Ըստ ՀՀ օրենքի՝ եթե այդ ապօրինի գույքն այլեւս չկա, անձը դրա համար պետք է վճարի այսօր՝ իր օրինական եկամտից, ընդ որում՝ այսօրվա շուկայական արժեքով: Այս դեպքում պատկերացնո՞ւմ եք այսօր եւ իննսունականներին Երեւանում երկու սենյականոց բնակարանի գնի հսկայական տարբերությունը։Վենետիկի հանձնաժողովի հորդորըԱզգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանն այժմ քննում է այս օրենքի սահմանադրականությունը: Վերջերս ՍԴ-ն դիմել էր Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու: Հանձնաժողովն անդրադարձել էր օրենքի հետադարձ ուժի կիրառմանը, որովհետեւ ստացվում է՝ 2020թ.-ին ընդունված օրենքով բռնագանձվում է 90-ականներին ունեցած գույք, այսինքն՝ ծանրացնող օրենքին հետադարձ ուժ է տրվում, ինչն արգելված է մեր իսկ Սահմանադրությամբ: Վենետիկի հանձնաժողովը, դիտարկելով գործող օրենքի կարգավորումները Սահմանադրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի լույսի ներքո, եւ չհամադրելով այլ օրենսդրության հետ (ինչը դուրս է իրենց մանդատից), արձանագրել է, որ որոշակի հանգամանքներում այստեղ չկա հետադարձության խնդիր, քանի որ օրենքով բռնագանձվում է գույք, որն այսօր էլ ապօրինի է, իսկ Սահմանադրությունը պաշտպանում է օրինական սեփականությունը: Այսինքն, եթե կա ապօրինի գույք ու այն հիմա էլ է ապօրինի, չի ստացվում, որ օրենքին տրվում է հետադարձ ուժ: Բայց մի քիչ առաջ նշեցի, որ շատ դեպքերում տվյալ գույքն այլեւս ֆիզիկապես չկա ու դատախազությունը փորձում է պահանջել, որ անձը դրա համար վճարի այսօր՝ իր օրինական եկամտից: Այստեղ միանշանակ է, որ փորձ է արվում ծանրացնող օրենքին հետադարձ ուժ տալ, եւ անձից բռնագանձել ոչ թե ի սկզբանե անօրինական գույքն, այլ՝ լիովին օրինականը: Արթուր Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Միեւնույն ժամանակ, հետադարձության հարցը քննարկելիս Վենետիկի հանձնաժողովը այլ տեսանկյունից է խնդիր տեսել: Նշվել է, որ 1991թ. վերադառնալը նպատակահարմար չէ, քանի որ ժամանակահատվածը երկար է, շատ բաներ մոռացվել են եւ գույքի օրինականության մասին ապացույցներ ձեռք բերելը կարող է բարդ լինել: Հանձնաժողովն առաջարկել է սահմանել 15 տարվա հետադարձություն՝ որպես իրենց կողմից նախկինում առաջարկվող ժամանակահատված: Վենետիկի հանձնաժողովը խնդրահարույց է համարել նաեւ ՀՀ օրենսդրությամբ կիրառվող ապացուցման շեմը՝ կարեւորելով տարբեր տեսակի ապացույցների, ներառյալ՝ վկայի ցուցմունքի ավելի ինտենսիվ կիրառումը: Կրկնում եմ՝ այդ շրջանի բազմաթիվ փաստաթղթեր այսօր չեն պահպանվել: Դատախազությունը նշվածը, միանշանակ, հաշվի չի առնում, սակայն ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը կարձանագրի խնդիրը, իսկ դատարանները՝ գործերը քննելիս ճիշտ կմեկնաբանեն եւ կիրառեն ապացույցների թույլատրելիության դրույթները: Ծիծաղելի կարող է թվալ, բայց մարդիկ հաճախ նույնիսկ ստիպված են լինում դատարան բերել ժամանակին իրենց ունեցած մեքենայի հետ լուսանկարներ կամ նկարներ, որոնցում երեւում են դրամական միջոցներ, օրինակ՝ լուսանկար, որում իրենք գումար են հաշվում։ Այսպիսով նրանք փորձում են ապացուցել, որ ունեցել են միջոցներ այս կամ այն գույքը ձեռք բերելու համար։Կարեւոր զուգահեռ եմ ուզում տանել քրեական կամ այլ քաղաքացիական գործերի հետ: Նույնիսկ սպանության դեպքում անձը 20 տարի անց կարող է որեւէ պատասխանատվություն չկրել, քանի որ լրացել է հանցանքի վաղեմության ժամկետը: Ստացվում է՝ ապօրինի գույք ունենալն ավելի մեծ վտանգ ներկայացնող արարք է, քան՝ սպանությունը: Նաեւ օրենքը չի կարող կիրառվել գործող քաղաքացիական եւ քաղաքացիադատավարական կարգավորումներից դուրս եւ պետք է կիրառվի հայցային վաղեմությունը (կոռուպցիոն դեպքերի համար սահմանված է տասը տարի) եւ այլ կարգավորումներ: Այստեղ մեծ վտանգ ենք տեսնում, երբ միջազգային փորձագետները, ծանոթ չլինելով ՀՀ օրենսդրությանը, դասավանդում են դատախազության մասնագետներին եւ հակակոռպուցիոն դատարանի դատավորներին՝ օրենքի աբստրակտ եւ տեսական՝ ՀՀ օրենսդրությունից դուրս կիրառման վերաբերյալ։ Դատախազությունն էլ, համոզված լինելով, որ իրենք իրավացի են (չէ՞ որ միջազգային փորձագետն է այդպես ասել), փորձում են կիրառել կարգավորումներ, որոնք ուղղակիորեն չեն տեղավորվում ՀՀ գործող քաղաքացիական դատավարության շրջանակներում:Դատարանների մոտեցումները նման գործերով դեռեւս պարզ եւ հստակ չենՇատ կարեւոր է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի հետ ցանկացած առնչություն ունենալու դեպքում անմիջապես դիմել փաստաբանի: Այս պահին դեռ պատկերացում չկա՝ նման գործերով դատարաններն ինչ ակտեր կկայացնեն, չեմ ուզում շատ սկեպտիկ լինել: Եթե ուսումնասիրենք ՄԻԵԴ վճիռները, օրինակ՝ 2021թ.-ին «Թոդորովն ընդդեմ Բուլղարիայի» գործում բարձրացվում է այս մեխանիզմի՝ պատժի մեթոդ լինելու հարցը: Արդյոք բռնագանձվող գույքը չի՞ կարող դիտարկվել որպես լրացուցիչ քրեական պատիժ, օրինակ՝ տուգանքի տեսքով: Այս գործում եւս բարձրացվում է հանրային շահի եւ անձի սեփականության իրավունքի միջեւ համաչափության հարցը: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը չպետք է դառնա հավելյալ պատժի գործիք, բայց եղած գործերով փաստերը դրա մասին են վկայում:Եթե պետական մարմինը՝ մեր դեպքում դատախազությունը, դատարանում չապացուցի հանցավոր գործունեության ու ձեռք բերված գույքի միջեւ պատճառահետեւանքային կապը, բայց դատարանը գույքը բռնագանձելու որոշում կայացնի, չեմ բացառում, որ ՄԻԵԴ-ը նման բոլոր գործերով վճիռներ կայացնի հօգուտ դիմողի, ի վնաս պետության: Արդյունքում, իհարկե, պետությունը փոխհատուցելու է այլ քաղաքացու՝ բյուջե վճարված հարկերով: Սա միակ հիմքը չի, որով հետագայում որոշումները կարող են վերանայվել. խնդիրների շրջանակը լայն է եւ պետք է քննարկման առարկա դառնան արդեն իսկ ՀՀ-ում իրականացվող դատավարության շրջանակներում:Ապօրինի գույքի բռնագանձման դրական փորձըԴրական փորձ, միանշանակ, կա: Եվրոպական դատարանում մի շարք նախադեպային գործեր կան: Օրինակ՝ անձն իսկապես ներգրավված է եղել հանցավոր գործունեության մեջ, այդ ժամանակահատվածից մի փոքր առաջ ու հետո ունեցել է գույք, որի օրինականությունը չի կարողացել հիմնավորել, այստեղ պատճառահետեւանքային կապն ակնհայտ է եղել եւ այո՛, սա կոռուպցիայի դեմ պայքարի օրինակ է, կա հանրային շահ եւ գույքը պետք է բռնագանձել: Միեւնույն ժամանակ, նշված կապը գնահատվել է առկա ապացույցների շրջանակում, ոչ թե՝ այս կամ այն պատճառով ձեւավորված հանրային կարծիքի:Եթե ՀՀ օրենքում մի շարք փոփոխություններ կատարվեն, այն եւս կարող է դրական արդյունք ապահովել: Այսօր, ցավոք, օրենքը գրված է այնպես, որ կոռուպցիոն հանցագործության առկայությունն ընդամենը պատրվակ է՝ անձի ամբողջ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը մանրադիտակով զննելու ու նրան ունեզրկելու համար:Մեր գործերից մեկով անձը դատապարտվել է քրեադատավարական կարգով եւ փոխհատուցել է վնասն ամբողջությամբ: Դրանից հետո, սակայն, դատախազությունը նախաձեռնել է ուսումնասիրություն եւ հիմա պնդում է, որ 1998 թվականին անձը չուներ 7500 դրամ ՍՊԸ բացելու համար, հետեւաբար՝ այդ թվականից անձի հիմնադրած ՍՊԸ-ն ապօրինի է: Ընդ որում, նշված անձը պետական պաշտոն է զբաղեցրել միայն 2000-ականների վերջից: 1998 թվականին 7500 ՀՀ դրամ վճարելու հանգամանքն ընդհանրապես չպետք է քննարկման առարկա դառնար՝ որպես ապացուցման ոչ ենթակա հանգամանք: Նման դեպքերն են փաստաբաններին հիմք տալիս պնդելու, որ օրենքը պարզապես կարող է կիրառվել որպես պատժի միջոց։ Յանա ՇախրամանյանԼուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 39222