Ալեքսանդր Շաղիկյան. Ֆինանսաբանկային ոլորտում կորպորատիվ կառավարումը բարձր ինստիտուցիոնալ մակարդակում է

20.06.2023 | 22:21 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#«ԲիԴիՕ Արմենիա»
Ընկերություններն ավելի թափանցիկ, հաշվետվողական ու որպես արդյունք՝ ներդրողների համար առավել վստահելի դարձնելու ճանապարհին կազմակերպությունների միանձնյա կառավարումն ամբողջ աշխարհում փոխարինվում է կորպորատիվ կառավարմամբ:

Անհատ-ինստիտուտներ գործակցության, կորպորատիվ կառավարման առավելությունների ու այս առումով հայաստանյան ընկերությունների փորձի մասին Banks.am-ը զրուցել է «ԲիԴիՕ Արմենիա» աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ընկերության գործընկեր Ալեքսանդր Շաղիկյանի հետ:

- Ի՞նչ է կազմակերպության կորպորատիվ կառավարումը, ինչո՞ւ է կարեւոր եւ ի՞նչ առավելություններ է տալիս ընկերությանը:  

- Կորպորատիվ կառավարումը կանոնների, գործելակերպի ու գործընթացների համակարգ է, որոնցով ղեկավարվում եւ վերահսկվում է կազմակերպությունը: Կառավարման այս ձեւը համակարգում է կազմակերպության շահառուների հարաբերությունները՝ բաժնետերերի, տնօրենների խորհուրդների, ղեկավարության, աշխատակիցների, հաճախորդների, ավելի լայն իմաստով՝ նաեւ հանրության: Կորպորատիվ կառավարման առաջնային նպատակն է ապահովել ընկերության գործունեության թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու ամբողջականությունը:

Թափանցիկությունը ենթադրում է, որ կազմակերպության բոլոր շահառուներին պետք է տրամադրվի համապատասխան տեղեկատվություն՝ նպաստելով բաժնետերերի, ներդրողների եւ հասարակության միջեւ վստահության ձեւավորմանը: Լավ կորպորատիվ կառավարումը կազմակերպության ներսում հաստատում է հաշվետվողականության հստակ սկզբունքներ, ապահովում է ղեկավարության եւ տնօրենների խորհրդի պատասխանատվությունն իրենց գործողությունների եւ որոշումների համար:

Ալեքսանդր Շաղիկյանը


Կառավարման այս ձեւը նպաստում է նաեւ բաժնետերերի իրավունքների պաշտպանությանը։ Այն առաջարկում է մեխանիզմներ, որոնցով բաժնետերերը մասնակցում են որոշումների կայացմանը, օգտվում իրենց ձայնի իրավունքից եւ ծանոթանում ընկերության մասին տեղեկատվությանը: Արդյունավետ կորպորատիվ կառավարումը ներառում է ընկերության գործունեության ռիսկերի բացահայտման եւ կառավարման պատշաճ մեխանիզմներ, որոնք ապահովում են բաժնետերերի եւ շահառուների շահերը ռիսկերի մոնիտորինգի, գնահատման ու մեղմացման միջոցով:

Կորպորատիվ կառավարումն անդրադառնում է նաեւ վարքագծի կանոններին եւ սահմանում էթիկական ուղեցույցներ կազմակերպությունների համար:

Այսպիսով, կազմակերպության կորպորատիվ կառավարումը մի շարք առավելություններ ունի.

Ներդրողների վստահության բարձրացում - Թափանցիկ եւ լավ կառավարվող ընկերությունները, բնականաբար, ավելի շատ ներդրողներ կունենան: Վերջիններն իրենց առավել վստահ են զգում՝ ներդրում կատարելով ուժեղ կորպորատիվ կառավարման փորձ ունեցող ընկերություններում, քանի որ սա նվազեցնում է սխալ կառավարման ռիսկն ու բարելավում կայուն աճի հավանականությունը:

Տաղանդների ներգրավում ու պահպանում - Կորպորատիվ կառավարման փորձ ունեցող կազմակերպությունները հաճախ գրավում եւ պահպանում են լավագույն տաղանդներին: Առավել հավանական է, որ աշխատակիցներն իրենց արդյունավետ կդրսեւորեն ու մոտիվացված կզգան թափանցիկ ու արդար միջավայրում:

Կայուն աճ -  Արդյունավետ կորպորատիվ կառավարումը խթանում է կայուն աճը՝ ապահովելով ընկերության երկարաժամկետ կենսունակությունը: Այն օգնում է ամուր հիմք ստեղծել ռազմավարական որոշումների կայացման, ռիսկերի կառավարման ու նորարարության համար՝ նպաստելով հավելյալ արժեքի ստեղծմանը:

Առավելությունների թվում են նաեւ արդյունավետ որոշումների կայացման համար այնպիսի ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք նվազեցնում են իրավական եւ հեղինակության հետ կապված ռիսկերը։

Իհարկե, կառավարման այս ձեւի հիմքում բարդ համակարգ է, որը համեմատաբար երիտասարդ ընկերությունների համար կարող է կենսունակ չլինել: Այս դեպքում ճիշտ հարցադրումը ոչ թե կազմակերպության համար կորպորատիվ կառավարման անհրաժեշտությունն է, այլ՝ ո՞ր փուլում է այն պետք:  

- Հայաստանյան ընկերություններում գիտակցո՞ւմ են ձեր նշած առավելությունները: Կառավարման ձեւի փոփոխություններ նկատո՞ւմ եք:

- Կորպորատիվ կառավարման ներդրման առումով Հայաստանն ընդլայնման փուլում է: Պայմանականորեն կարող ենք համարել, որ անցել ենք զարգացման վաղ փուլն ու այսօր առավել մեծ թվով կազմակերպություններ են կիրառում կորպորատիվ կառավարման լավագույն փորձը:

Ալեքսանդր Շաղիկյանը


Իհարկե, կան ոլորտներ, օրինակ՝ ֆինանսաբանկային հատվածը, որտեղ կորպորատիվ կառավարումը բավականին բարձր ինստիտուցիոնալ զարգացվածության մակարդակում է։ Միեւնույն ժամանակ, շատ այլ ոլորտներում՝ հատկապես տնտեսության իրական հատվածում գործող կազմակերպությունների դեպքում, կորպորատիվ կառավարումը կա՛մ թույլ է զարգացած, կա՛մ առհասարակ չկա:  

Հայաստանում կորպորատիվ կառավարման ինստիտուցիոնալ զարգացմանն աջակցում են Տնօրենների հայկական ինստիտուտ եւ Կորպորատիվ կառավարման կենտրոն ոչ առեւտրային կազմակերպությունները: Դրանց դերը երկրում կորպորատիվ կառավարման զարգացման առումով անկյունաքարային է:

Էական դեր ունեն նաեւ կարգավորիչները, ֆոնդային բորսան, մասնավոր կապիտալի ֆոնդերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները։

Մասնավորապես` Հայաստանի Կենտրոնական բանկը, որպես ֆինանսաբանկային ոլորտի մեգակարգավորիչ, ուղղակիորեն կամ Հայաստանի ֆոնդային բորսայի միջոցով վերահսկում եւ կանոնակարգում է սահմանված պահանջներին համապատասխանությունը, նպաստում է ներդրողների պաշտպանությանն ու աշխատում է կորպորատիվ կառավարման չափանիշների բարելավման ուղղությամբ:

Մասնավոր կապիտալի ֆոնդերը, ներդրումներ կատարելով իրենց պորտֆելային ընկերություններում, սովորաբար պարտադրում են կորպորատիվ կառավարման որոշակի ինստիտուցիոնալ էլեմենտների ներդնում, ինչպես նաեւ ստանձնում են պորտֆելային ընկերություններում խորհրդի անդամի դեր՝ ռազմավարական որոշումների կայացմանը մասնակցելու նպատակով:  

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները՝ Համաշխարհային բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, խրախուսում եւ ֆինանսավորում են երկրում կորպորատիվ կառավարման ինստիտուցիոնալ զարգացումը՝ տեխնիկական օժանդակությամբ, աշխատաժողովերով, թիրախային ծրագրերով ու այլ միջոցառումներով:

Հանրային հատվածում գործող պետական ձեռնարկությունների մի մասը նույնպես անմասն չէ կորպորատիվ կառավարման զարգացումներից։ Նշանակալի հաստատություններում հիմնականում կան հոգաբարձուների խորհուրդներ, սակայն դրանք կորպորատիվ կառավարման հաջորդ մակարդակ դուրս բերելու համար անհրաժեշտ է ներդնել խորհրդի անդամների ընտրության եւ խորհրդի աշխատանքի գնահատման առավել առաջադեմ չափորոշիչներ եւ համակարգեր։

- ԲիԴիՕ-ն եւս առաջնորդվո՞ւմ է կորպորատիվ կառավարման սկզբունքով:

- Հայաստանում մեր ոլորտի համար կորպորատիվ կառավարման շատ լավ փորձ ունենք: Ընկերության հիմքում բավականին հասուն բաժնետիրական համաձայնագիր է, որն ինստիտուցիոնալ կերպով կարգավորում է բաժնետերերի միջեւ փոխհարաբերությունները։

Ընկերությունը ղեկավարվում է կառավարող խմբի կողմից, եւ բոլոր կարեւոր որոշումները կայացվում են կոլեգիալ քննարկումների արդյունքում։

ԲիԴիՕ-ն Տնօրենների հայկական ինստիտուտի անդամ է, ընկերության գործընկերներն ու թիմակիցներն ակտիվ մասնակցում են դրա եւ Կորպորատիվ կառավարման կենտրոնի գործունեությանը։

Ալեքսանդր Շաղիկյանը


ԲիԴիՕ-ն՝ որպես գլոբալ ցանց, ոչ միայն խրախուսում է կորպորատիվ կառավարումը համաշխարհային մակարդակով, այլեւ՝ հանձնառու է բնապահպանական, սոցիալական եւ կառավարման (ԲՍԿ) ընդհանուր սկզբունքի առաջխաղացմանը: ԲիԴիՕ-ն հաճախորդներին օգնում է մշակել եւ ներդնել նման համակարգեր՝ կայուն զարգացմանը նպաստելու համար։

Հայաստանում եւս ունենք հաճախորդներ, որոնց օգնում ենք կորպորատիվ կառավարման համակարգեր նախագծելու եւ ներդնելու, ԲՍԿ համակարգեր, ստանդարտներ ու հաշվետվություններ մշակելու, ներդնելու եւ դրանց պահանջներին համապատասխանելու գործում։   

- Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ լուծումներ պետք է փնտրել ոչ թե մարդկանց կամ մարդկանց խմբերի մեջ, այլ՝ կայուն ինստիտուտների: Ինչո՞վ է կարեւոր ինստիտուցիոնալ մտածելակերպը:

- Ինստիտուցիոնալացումը կայունություն եւ կանխատեսելիություն է հաղորդում սոցիալական, տնտեսական, քաղաքական համակարգերին: Ինստիտուցիոնալ մտածողությունը գիտակցում է այս կառույցների կարեւորությունը, ձգտում է հասկանալ եւ աշխատել դրանց ներսում՝ ցանկալի արդյունքին հասնելու համար:

Ինստիտուտները վճռորոշ դեր են խաղում հասարակություններում եւ կազմակերպություններում վստահության, օրինականության ձեւավորման գործում: Եթե մարդիկ վստահ լինեն՝ հաստատություններն արդար են, անկողմնակալ ու հուսալի, առավել հավանական է, որ կհամագործակցեն դրանց հետ:  

Ինստիտուտներն ապահովում են գործունեության շարունակականություն: Հաստատության կյանքը հաճախ գերազանցում է անհատի կյանքի տեւողությանը. ինստիտուցիոնալացումը երաշխավորում է որոշակի պրակտիկաների եւ արժեքների պահպանումը սերնդեսերունդ՝ թույլ տալով գիտելիքների եւ փորձի կուտակում: Միեւնույն ժամանակ, հաստատությունները նույնպես զարգանում, ադապտացվում են փոփոխվող կարիքներին ու հանգամանքներին: Ինստիտուցիոնալ մտածողությունն ընդունում է եւ՛ շարունակականության, եւ՛ հարմարվողականության անհրաժեշտությունն՝ առաջընթացի ու ճկունության համար: Առհասարակ, աշխարհում նկատվում է անհատի դերի նվազում եւ ինստիտուտների դերի աճ: Նիցշեական «Այսպես է ասել Զարատուստրան» գաղափարախոսության ժամանակներն այս համատեքստում, կարելի է ասել, անցել են։ Անհատները ստեղծում են ինստիտուտներ, իսկ ինստիտուտները՝ վերարտադրում բավարար քանակի անհատներ՝ իրենց գործունեության անընդհատությունն ապահովելու համար։

Հասկանալով եւ աշխատելով ինստիտուտների հետ՝ անհատները եւ խմբերը կարող են առավել արդյունավետ գործել բարդ համակարգերում, կայացնել տեղեկացված որոշումներ՝ նպաստելով կայուն զարգացմանն ու առաջընթացին:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 23956
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW