Հարություն Նահապետյան. Wimedia-ն վերածում է WiFi-ը մարքեթինգային գործիքի

13.06.2023 | 21:57 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
WiFi-ի առկայությունն այս կամ այն վայրում էականորեն հեշտացրել է մեր կյանքը:

Հայկական Wimedia ընկերությունում, սակայն, մտածել են մեկ քայլ առաջ ու հանրային վայրերում հասանելի WiFi-ն առավել օգտակար դարձրել բիզնեսի համար՝ վերածելով այն մարքեթինգային գործիքի: Wimedia-ն 2015 թ.-ից ապահովում է անվճար WiFi հասանելիություն Հայաստանի հարյուրավոր վայրերում՝ քաղաքացիներին առաջարկելով ինտերնետ` 6 վայրկյան գովազդ դիտելու դիմաց։

Այսօր արդեն ընկերությունը տեղ է գտել իր ոլորտի համաշխարհային շուկայի լավագույն տասնյակում, Հայաստանից բացի, գործում է Իսպանիայում եւ նախկին ԽՍՀՄ մի քանի երկրում։

Wimedia-ի տնօրեն Հարություն Նահապետյանը Banks.am-ի հետ զրույցում պատմել է ընկերության, ինչպես նաեւ բանկերին առաջարկվող նոր ծառայությունների մասին:

Հարություն Նահապետյանը


- Ի՞նչ է առաջարկում Wimedia-ն բիզնեսին:

- Ընկերության հիմնական նպատակն է օգնել բիզնեսին հասնել իր պոտենցիալ սպառողին՝ օգտագործելով մեր WiFi ցանցի թիրախավորման գործիքները: Սրճարաններում, մոլերում, օդանավակայանում, բանկերի մասնաճյուղերում, այգիներում եւ այլ վայրերում Wimedia-ն ունի WiFi ծածկույթ, որին ամեն ամիս շուրջ 950 հազար օգտատեր է միանում։ Սա մեզ հնարավորություն է տալիս համագործակցել հարյուրավոր գովազդատուների հետ՝ յուրաքանչյուրին առաջարկելով իրենց սպառողին հասնելու լավագույն տարբերակը։ Բացի այդ, գովազդատուին առաջարկում ենք ամբողջությամբ ավտոմատացված ծառայություններ՝ գովազդի դիզայնից սկսած մինչեւ այն առցանց միացնելու, վճարելու, դրա ցուցադրման տարածքն ընտրելու հնարավորություն, ինչպես ֆեյսբուքյան գովազդների դեպքում է։ Գովազդատուն այս ամենը կարող է անել ինքնուրույն՝ առանց մեր միջնորդության։

- Ձեր ծառայությունն, ըստ էության, երեք շահառու ունի՝ գովազդատուները, վայրը, որտեղ հասանելի է WiFi-ն ու մարդիկ, որոնք օգտվում են դրանից:

- Այո, երեք կողմի համար էլ փորձում ենք օգտակար լինել։ Սկսենք գովազդատուներից՝ բիզնեսից: Պատկերացնենք՝ մոլերից մեկում գործող խանութը ցանկանում է տեղադրել գովազդ, որը կտեսնեն խանութի տարածքին մոտ գտնվող մարդիկ, ինչն էականորեն կբարձրացնի խանութ այցելելու հավանականությունը: WiFi-ի միջոցով գովազդն այս առումով իդեալական թիրախավորում է կատարում: Եթե մարդը միանում է տվյալ մոլի WiFi-ին, ուրեմն այդտեղ է, հետեւաբար շատ հավանական է, որ կմտնի գովազդված խանութ, քանի որ այն իրեն շատ մոտ է: Մեր առաջարկած մեխանիզմը թույլ է տալիս կրճատել գովազդը տեսնողի ու գովազդվող բիզնեսի միջեւ «ճանապարհը»:

Մի ուրիշ օրինակ`գործընկերների թվում ունենք արշավական հավելված, որն օգտատերերին տարբեր բարդության քայլարշավային երթուղիներ է առաջարկում: Այս դեպքում գովազդը միացնում ենք «Զվարթնոց» օդանավակայանում՝ թիրախավորելով Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին: Մեր համակարգի շնորհիվ այս բիզնեսը կարողանում է հասնել իր թիրախային լսարանին ու մեծ է հավանականությունը, որ գովազդը տեսնողը հենց տեղում կներբեռնի հավելվածը:

Հարություն Նահապետյանը


Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նաեւ բանկերի համար առաջարկվող ծառայություններին: Wimedia-ն կարողանում է շատ արդյունավետ ավտոմատիզացնել բանկերի մասնաճյուղերի որոշ գործառույթներ: Եթե որեւէ մեկը գալիս է բանկի տվյալ մասնաճյուղ, միանալով WiFi-ին, նա ոչ միայն կարող է տեսնել տվյալ բանկի տարբեր ծառայությունների կամ առաջարկների մասին գովազդ, այլեւ՝մասնակցել մասնաճյուղի աշխատանքի վերաբերյալ շատ արագ ու պարզ հարցման: Նրա արձագանքը միանգամից կհասնի համապատասխան բաժին, որտեղ արդեն կսկսեն վերլուծել ստացված տվյալները: Այս ճանապարհով կարող ենք նաեւ WiFi-ին միացողին որոշ բոնուսների դիմաց առաջարկել թողնել անձնական տվյալներ՝ հեռախոսահամար ու էլեկտրոնային հասցե, բնականաբար, իր ցանկությամբ։ Սրանք բանկերին առաջարկվող ծառայությունների մեծ փաթեթից մեկ-երկուսն են միայն:

- Ի՞նչով է Wimedia-ն օգտակար տարածքներին, որտեղ WiFi հասանելիություն է ապահովում:

- Այս խումբը պետք է կիսենք երկու մասի՝ քաղաքի տարբեր անկյուններ՝ փողոցներ, հրապարակներ, որոնք հանրային նշանակության վայրեր են եւ տարատեսակ սրճարաններ, մոլեր կամ այլ բիզնես տարածքներ: Վերջին խումբը գովազդի ցուցադրությունից ստանում է որոշակի եկամուտ: Եռակողմ բիզնես է՝ գովազդատուն վճարում է մեզ, մենք վճարում ենք տարածքին, որտեղ մոնետիզացնում ենք WiFi-ը: Օգտատերերի տեսանկյունից էլ առավելությունները բավականին պարզ են՝ նրանք տարբեր վայրերում որակյալ ինտերնետին միանալու հնարավորություն են ստանում: Ամենակարեւորը՝ չենք հոգնեցնում գովազդով եւ Wimedia-ի WiFi-ին միանալիս մարդը միայն մեկ անգամ կարճ գովազդ է տեսնում, ինչից հետո ստանում է 30 րոպեով համացանցին միանալու հնարավորություն:

- Նշեցիք, որ բանկերին առաջարկվող այլ ծառայություններ եւս ունեք ու առանձնահատուկ ուշադրություն եք դարձնում այս ուղղությանը:

- Այո, այս ոլորտում շատ ներդրումներ ենք կատարում՝ թե՛ ժամանակի, թե՛ ծրագրային ռեսուրսների, թե՛սարքավորումների առումով:
 
Միանշանակ է, որ թվայնացումից անկախ՝ բանկային մասնաճյուղերը շարունակում են կենսունակ մնալ, ու մարդիկ գործարքների 70%-ից ավելին կատարում են առերես՝ բանկում: Քանի դեռ բանկային մասնաճյուղերը պահանջված են, որպես հավելյալ արժեք առաջարկում ենք օգտվել մեր «խելացի» WiFi-ից, որն օգնում է կապի մեջ մնալ հաճախորդի հետ: Բանկերի մասնաճյուղերում հիմնականում լինում է ինտերնետ, մենք օգնում ենք այն ծառայեցնել նաեւ այլ նպատակների:

Այս պահին համագործակցում ենք Հայաստանի առաջատար բանկերի հետ, ոլորտում պիլոտային համագործակցություն ենք սկսում նաեւ Տաջիկստանում եւ Բելառուսում:

Հարություն Նահապետյանը


Բանկերին առաջարկվող ծառայություններից մեկը վերաբերում է տարբեր քարտերի թիրախավորված գովազդին: Բանկերը փորձում են դրանք վաճառել համապատասխան լսարաններին, ու մենք պատրաստ ենք աջակցել նաեւ այստեղ: Հաճախ այս կամ այն քարտի քարտապան դառնալու դիմաց՝ բանկն առաջարկում է բոնուսներ, օրինակ՝ զեղչեր որեւէ խանութում կամ օդանավակայանների Business սրահներից օգտվելու համար: Wimedia-ի համակարգով բանկերը կարող են թիրախավորել հաճախ ճամփորդողներին եւ սովորական մեկնման սրահում նստած մարդուն ցույց տալ գովազդ այն մասին, որ նա կարող էր այս պահին ավելի հարմարավետ Business սրահում նստել, եթե ընդամենը փոխեր քարտը:

- Խոսեցիք «Զվարթնոց» օդանավակայանում ձեր աշխատանքի մասին: Տեղյակ եմ, որ այստեղ բավականին լավ թիրախավորում եք իրականացնում՝ առանձնացնելով նույնիսկ մեկնողներին ու ժամանողներին:

- Օդանավակայանի հետ համագործակցում ենք արդեն 6 տարի եւ այս ընթացքում լուրջ ներդրումներ ենք կատարել տեղի WiFi-ն առավել որակյալ դարձնելու համար: Երբ սկսեցինք համագործակցությունը, ինտերնետի արագությունն օդանավակայանում 10 մեգաբիթ էր ու դրան կարող էր միանալ 100 օգտատերից ոչ ավելի: Մենք վերազինեցինք ամբողջ ցանցն ու արդյունքում հիմա ինտերնետի արագությունը վայրկյանում 200 մեգաբիթ է՝ առանց միացողների թվի սահմանափակման։

Օդանավակայանների հետ աշխատում ենք նաեւ արտերկրում, բայց «Զվարթնոց»-ի հանդեպ առանձնահատուկ ուշադիր ենք, քանի որ սա երկրի մուտքի առաջին կետն է ու ժամանողն այստեղ ինչ-որ փորձառություն է ունենում: Ցանկանում ենք, որ այդ փորձառությունը լինի դրական:

Վերադառնալով գովազդին՝ այո, մեր համակարգի միջոցով բիզնեսն օդանավակայանում եւս կարողանում է գովազդ ցույց տալ ցանկալի լսարանին: Օրինակ, եթե գովազդը Հայաստանում այս կամ այն ծառայությանն է վերաբերում, այն հնարավոր է միացնել միայն ժամանման գոտում: Եթե բիզնեսին հետաքրքրում են զբոսաշրջիկները, ժամանողների մեջ կարողանում ենք տարբերակել նրանց: Իդենտիֆիկացիան կատարվում է հեռախոսի MAC հասցեի պատմությամբ: Բնականաբար, հասանելիություն չունենք որեւէ անձնական տվյալի, պարզապես կարողանում ենք տեսնել՝ տվյալ սարքավորումը մինչ այդ միացե՞լ է «Զվարթնոց» օդանավակայանի WiFi-ին, թե՝ ոչ: Եթե այն վերջին 6 տարվա ընթացքում ոչ մի անգամ չի միացել օդանավակայանի WiFi-ին, ծրագիրը նրան իդենտիֆիկացնում է որպես զբոսաշրջիկ ու սկսում ցույց տալ համապատասխան գովազդ:

Այլ թիրախավորում ունենք տեղացիների համար, որոնք ուղղակի ճանապարհորդում են: Օրինակ՝ մեկնման սրահում կարող է միանալ ապահովագրական ընկերության գովազդ ու «հարցնել»՝ չե՞ք մոռացել ապահովագրվել: Բազմակի մուտքի վիզա ունեցողները հաճախ մոռանում են ճանապարհորդական ապահովագրության մասին ու գովազդի հիշեցումից հետո անմիջապես առցանց կատարում են այն:

Առանձին թիրախավորում է կատարվում Business կամ VIP սրահներում: Այս դեպքում արդյունավետ է լյուքսային ապրանքների կամ ծառայությունների գովազդը:
 
Օդանավակայանների հետ կապված հավակնոտ ծրագրեր ունենք, որոնցից մեկն օդանավակայանների WiFi գովազդի համաշխարհային ցանցի ստեղծումն է: Այս դեպքում միջազգային բիզնեսը կկարողանա աշխարհի ցանկացած օդանավակայանում հեշտությամբ գովազդ տեղադրել:

Հարություն Նահապետյանը


- Ունե՞ք վերլուծական տվյալներ՝ որքանո՞վ է ձեր հարթակի միջոցով ցուցադրվող գովազդն արդյունավետ:

- Սովորաբար մեր համակարգում CTR-ը, այսինքն՝ մարդկանց տոկոսը, որոնք նայել են գովազդն ու սեղմել դրա վրա, միջինում 4,5% է: Եթե համեմատենք այլ դիսփլեյ գովազդների CTR-ի հետ՝ 0,5%-ը լավ արդյունք է համարվում:

Ընդ որում, մեր ցուցանիշը չի ներառում պատահական քլիքերը: Այս տարբերակումը եւս կարողանում ենք անել. եթե օգտատերը քլիք է անում գովազդի նկարի վրա, դա պատահական քլիք է, քանի որ ավելին իմանալու համար տեղադրում ենք հատուկ կոճակ ու հենց դրա սեղմումը մեզ մոտ կազմում է 4,5%: Ինչ վերաբերում է մարդկանց թվին, որոնք նայել են գովազդն ու մանրամասների համար թողել իրենց անձնական տվյալները՝ հեռախոսահամարը կամ էլհասցեն, Wimedia-ի դեպքում այն 2,5% է: Այլ հարթակների դեպքում այն կարող է 0,3% լինել, հետեւաբար սա եւս շատ բարձր ցուցանիշ է:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 39883
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW