Ռուբեն Հարությունյան. «Սխալվել կարելի է, բայց կարեւոր է սխալը չկրկնել»

11.06.2023 | 22:03 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Տղամարդու հագուստի HENDERSON ապրանքանիշը դառնում է 30 տարեկան։ «Եթե հստակ գիտես, թե ուր ես գնում, նշանակություն չունի, թե որտեղից է փչում քամին»,- ասում է HENDERSON-ի նախագահ Ռուբեն Հարությունյանը: Banks.am-ի հետ զրույցում նա պատմել է անցած ճանապարհի, ապագա ծրագրերի, պրոֆեսիոնալիզմի եւ տուրբուլենտ ժամանակներում կառավարման առանձնահատկությունների մասին։

- 2023 թվականին HENDERSON ապրանքանիշը դառնում է 30 տարեկան։ Ինչպե՞ս  ամեն ինչ սկսվեց:

- Ապրանքանիշը 1993 թվականին հիմնադրել էին լեհ ձեռնարկատերեր Մարեկ Պեխոցկին եւ Եժի Լուբյանեցը: Ի սկզբանե HENDERSON-ն արտադրում էր միայն վերնաշապիկներ եւ ներքնազգեստ: 1996 թվականին, երբ մենք ծանոթացանք նրանց հետ, ռուսական շուկայում շատ թանկարժեք, որակյալ հագուստ կար, բայց ավելի շատ` էժան ու անորակ: Միջին հատված գրեթե գոյություն չուներ։

Որոշեցինք լրացնել այս բացը եւ սկսեցինք զբաղվել HENDERSON-ի դիստրիբուցիայով ռուսական շուկայում, իսկ ավելի ուշ գնեցինք ապրանքանիշը եւ սկսեցինք ինքնուրույն զարգացնել այն: Այսպիսով, ապրանքանիշի «երկրորդ ծնունդը» տեղի ունեցավ 10 տարի անց, եւ վերջին 20 տարիների ընթացքում HENDERSON-ը գտնվում է մեր կառավարման ներքո:

Այսօր HENDERSON-ը տղամարդկանց նորաձեւության ամենախոշոր ռիթեյլերն է Ռուսաստանում ՝ affordable luxury («մատչելի լյուքս») սեգմենտում: Մենք տղամարդկանց նորաձեւության տուն ենք՝ առաջարկում ենք մեր հաճախորդներին ոչ միայն տարբեր ոճերի հագուստի եւ աքսեսուարների պատրաստի հավաքածուների լայն ընտրանի՝ դասական, առօրյա, երեկոյան եւ այլն, այլեւ կարի անհատական ծառայություն, իսկ դա ապրանքանիշի հասունության նշան է: Վերջին 30 տարիների ընթացքում մենք ստեղծել ենք մեր սրահների հեռակառավարման համակարգ, քանի որ դրանք գտնվում են Ռուսաստանի հսկայական տարածքում՝ Կալինինգրադից մինչեւ Վլադիվոստոկ, Մուրմանսկից մինչեւ Գրոզնի: Ցանցի ամենաարեւելյան եւ ամենաարեւմտյան սրահների միջեւ 8 ժամային գոտիներ կան, եւ չափազանց կարեւոր է, որ ամեն ինչ հավասարապես լավ աշխատի: Հեշտ գործ չէ ապահովել, որ մեր բոլոր սրահների հաճախորդները ստանան գերազանց սպասարկում եւ իրենց հավասարապես հարմարավետ զգան:

- Աշխարհում անկայուն իրավիճակ է՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Դա հսկայական ազդեցություն ունի բազմաթիվ բիզնեսների վրա: Ինչպե՞ս է HENDERSON-ն իրեն զգում նման պայմաններում։

- Մի կողմից, HENDERSON-ը ռուսաստանյան ընկերություն է, բայց, եթե նայեք մեր արտադրանքի ստեղծման շղթային, ապա իրականում մենք միջազգային ընկերություն ենք։ Մեր հագուստն արտադրվում է Եվրոպայի, Ասիայի եւ Հարավային Ամերիկայի 14 երկրներում գտնվող մոտ 100 գործարաններում եւ, հաշվի առնելով, որ մեր բրդյա արտադրանքի հումքը ձեռք է բերվում Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում, կարելի է ասել, որ համագործակցում ենք մոլորակի 4 մայրցամաքների ընկերությունների հետ։ Այս առումով մենք շատ դիվերսիֆիկացված ենք, ինչն օգնում է ֆորս-մաժորային իրավիճակներում։ Փորձը մեզ սովորեցրել է, որ ապրանքների յուրաքանչյուր խմբի համար անհրաժեշտ է ունենալ առնվազն երկու, իսկ գերադասելի է՝ երեք որակյալ մատակարար, ցանկալի է՝ տարբեր երկրներից։

Մեր բազմամյա փորձը սովորեցրել է, որ պետք է պատրաստ լինենք ամեն ինչին. տարեցտարի աշխարհն ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում, եւ ռիսկերի արդյունավետ կառավարման խնդիրը դառնում է կարեւորագույններից մեկը ընկերության կայուն աճն ապահովելու համար:

Մենք բազմամշակութային ընկերություն ենք. այսօր HENDERSON-ում աշխատակիցներ կան Եվրոպայի, Ասիայի եւ Հարավային Ամերիկայի 20 երկրներից: Նրանք բոլորն էլ ընկերություն են բերում ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլեւ հարստացնում են դրա մշակույթը: Մենք բիզնեսը զարգացնում ենք ոչ միայն բնական էվոլյուցիայի միջոցով, այլեւ հրավիրելով շուկայի պրոֆեսիոնալներին ամբողջ աշխարհից:

- Ինչպե՞ս ստացվեց, որ ընկերությունը կարողացավ դառնալ Ռուսաստանի շուկայի առաջատարը:

- Բազմաթիվ գործոններ կան: Առաջին հերթին մեզ հաջողվեց ստեղծել եւ մշտապես բարելավել ընկերության ոգեշնչող կորպորատիվ մշակույթը, առաքելությունը, նպատակներն ու արժեքները: Այն օգնում է մեզ գտնել եւ համախմբել շուկայի լավագույն մասնագետներին՝ ստեղծելով համախոհների թիմ: Այս տարիների ընթացքում մենք փոխշահավետ եւ վստահելի հարաբերություններ ենք կառուցել հավաքածու արտադրողների, բանկերի եւ ֆինանսական հաստատությունների, խորհրդատուների եւ Ռուսաստանի լավագույն առեւտրային կենտրոնները կառավարող ընկերությունների հետ: Բիզնեսում ուժեղ թիմը սխալներից կամ ձախողումներից խուսափելու երաշխիք չէ, բայց ի վիճակի է ժամանակին ճանաչել եւ ընդունել դրանք, այնուհետև՝ համակողմանիորեն վերլուծել պատճառները, մշակել դրանք ուղղելու լավագույն լուծումը եւ համակարգված ու արագ իրականացնել անհրաժեշտ շտկող գործողություններ: Ցավոք, եթե ընկերության կորպորատիվ մշակույթը չի աջակցում իր աշխատակիցների միջեւ վստահության եւ հարգանքի մշակույթին, եթե չի կարեւորվում թիմային աշխատանքը, ապա, հավանաբար, իմ բաղադրատոմսերն օգտակար չեն լինի: Ինչպես եւ կյանքում, բիզնեսում անհնար է չսխալվել, սակայն կարեւոր է ժամանակին ընդունել սխալը եւ չկրկնել այն ապագայում։

- HENDERSON-ը նշեց իր 30-ամյակը` բացելով գլխավոր վաճառասրահը Մոսկվայի պատմական կենտրոնում՝ Կուզնեցկի կամրջի հատվածում: Դա խորհրդանշական իրադարձությու՞ն էր ընկերության համար:

- Յուրաքանչյուր ապրանքանիշ ունի վաճառասրահներ, որոնցով կարող է հպարտանալ, որոնք մարմնավորում են նրա արժեքները։ Դրանք բարձրացնում են ապրանքանիշի նշաձողը, եւ այդ խանութների բոլոր լավ գծերն աստիճանաբար ներդրվում են մյուս խանութներում։

HENDERSON-ի կենտրոնական գլխավոր վաճառասրահը


Մեր առաջին գլխավոր վաճառասրահը բացվեց 2008 թվականին, երբ HENDERSON ապրանքանիշը մեզ էր պատկանում ընդամենը 5 տարի: Այդ կարճ ժամանակահատվածում բացել էինք 50 վաճառասրահ եւ ցանկանում էինք ֆիքսել «կլոր թիվը»՝ 50-րդ խանութը բացելով Մոսկվայի Տվերսկայա փողոցում։ Խանութի մակերեսը 300 ք․մետր էր, մինչդեռ մեր սրահների միջին մակերեսն այդ տարիներին մոտ 100 ք․մետր էր։ Այդ գլխավոր վաճառասրահը ցանցի հետագա զարգացման համար օրինակ դարձավ՝ ինչպես սպասարկման ստանդարտի, այնպես էլ ընդլայնված հավաքածուի առումով: Կարմիր ժապավենը կտրեցին թատրոնի եւ կինոյի անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանը եւ լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը. HENDERSON-ն ավանդաբար համագործակցում է արվեստի, սպորտի եւ մշակույթի գործիչների հետ։

Ռուբեն Հարությունյանը եւ Գոռ Նահապետյանը


Նոր կենտրոնական վաճառասրահը գտնվում է Կուզնեցկի կամրջի վրա. դա պատմական վայր է, որն այսօր նորաձեւության գլխավոր փողոցներից մեկն է ոչ միայն Մոսկվայում, այլեւ Ռուսաստանում: Այս փողոցում պատմականորեն գտնվել են խոշորագույն միջազգային ապրանքանիշերի՝ D&G, Hugo Boss, Nike, Massimo Dutti եւ մյուսների գլխավոր վաճառասրահները։ Մի քանի քայլ այն կողմ Կենտրոնական հանրախանութն է (ЦУМ), որտեղ հավաքված են ամենախոշոր միջազգային ապրանքանիշերը։ Այս աշխույժ տարածքում սրահ բացելով՝ մենք ընդլայնում ենք նորաձեւության սիրահարների եւ Մոսկվայի հյուրերի ընտրության հնարավորությունները։

Ռուբեն Հարությունյանը եւ Վահագն Հայրապետյանը


Մանրակրկիտ ուսումնասիրել ենք այդ շենքի պատմությունը։ Նախորդ դարի կեսերին այնտեղ հոսում էր Նեգլինկա գետը, այնուհետեւ այն հողով լցրեցին՝ վերածելով Նեգլիննայա փողոցի։ Նեգլիննայայի եւ Կուզնեցկի կամրջի խաչմերուկում գտնվող տարածքը՝ այն վայրը, որտեղ այժմ գտնվում է մեր խանութը, գնել էին հայտնի ձեռներեցներ ու մեկենասներ Տրետյակով եղբայրները՝ աշխարհահռչակ Տրետյակովյան պատկերասրահի հիմնադիրները: Այստեղ նրանք կառուցեցին նաեւ մեր վաճառասրահի շենքը, որը մինչ հոկտեմբերյան հեղափոխությունը վարձով բնակարաններ էր առաջարկում: Խորհրդային տարիներին այս վայրը դարձավ կառավարական շենքերի համալիրի մի մաս, իսկ անմիջապես դիմացը 1940-ականներին բացվեց հանրահայտ Հագուստի մոդելների համամիութենական տունը (ОДМО): Իրականում դա նորաձեւության լաբորատորիա էր, որի հաջող մոդելները հետագայում արտադրվում էին երկրի բոլոր նորաձեւության խանութների համար: Այժմ նորաձեւության աշխարհի համար այս խորհրդանշական վայրում բացվել է HENDERSON-ի նոր գլխավոր վաճառասրահը:

- Երեւանի գլխավոր HENDERSON սրահը նույնպես գտնվում է քաղաքի սրտում՝ Սայաթ-Նովա պողոտայում։ Արդեն մի քանի ամիս է, ինչ ներկայացված եք Հայաստանում։ Ինչպիսի՞ արձագանքներ եք ստանում։

- Սերը չի կարող մեկ մասնակից ունենալ։ Մոտավորապես նույն հարաբերություններն ապրանքանիշի եւ նրա հաճախորդների միջեւ են: Փոխադարձ սերը ժամանակ է պահանջում։ Ցանկացած նոր սրահ ցույց է տալիս իր պահանջված լինելը առնվազն մեկ տարի հետո։ Մարդիկ ամեն օր հագուստ չեն գնում։ Մեզ մոտ գալիս են, երբ սեզոնը փոխվում է եւ զգեստապահարանը թարմացնելու կարիք կա։ Մեր հաճախորդները գալիս են մեզ մոտ առնվազն տարին երկու անգամ եւ, հետեւաբար, առաջարկում եմ ամփոփել արդյունքները բացումից մեկ տարի անց։

Մենք պետք է լավ կատարենք մեր աշխատանքը՝ ստեղծենք արժեքային առումով լավագույն հավաքածուն եւ գերազանց սպասարկում մատուցենք մեր հաճախորդներին: Մեր փորձից գիտենք, որ առաջին անգամ գնում կատարած գնորդը, որպես կանոն, մնում է մեզ հետ։ Վերջին 20 տարիների ընթացքում HENDERSON-ը խանութներ է բացել Ռուսաստանի ավելի քան 60 քաղաքներում, եւ մենք փակում ենք նախկինում բացված խանութները միայն նրա համար, որ փոխարենն ավելի մեծ խանութ բացենք: Օրինակ՝ վերջին մեկ տարվա ընթացքում մեր վաճառասրահները եւ առցանց խանութն ավելի քան 18 միլիոն մարդ է այցելել՝ չհաշված Հայաստանը։ Շատ կարեւոր է, որ ապրանքանիշը բաց լինի գնորդների համար, որ նրանք կարողանան հասկանալ գնային տրամաբանությունը, տեսնել, թե ինչ գործվածքից է պատրաստված հավաքածուն, որ երկրներում են գնվում կտորները եւ արտադրվում հավաքածուները։

Հաճախ եմ համեմատում մեր բիզնեսը գինեգործության հետ։ Կարելի է ունենալ երկու շիշ կարմիր գինի, երկուսն էլ՝ գեղեցիկ, լավ պիտակներով, հարուստ կարմիր գույնով, բայց մեկից հետո առավոտյան լավ տրամադրություն կունենաս, մյուսից՝ գլխացավ։

Գեղեցիկ նկարից բացի, գնորդը պետք է իմանա, ապրանքը լավ որակի է. ապրանքանիշն առաջին հերթին խոստում է, որը տրվում է գնորդին եւ որին պետք է հետեւել: Այսօր մեր հանդիպմանը եկել եմ իտալական Zignone գործվածքից մեր բաճկոնով, որն արդեն 10 տարեկան է, բայց ե՛ւ ժամանակակից տեսք ունի, ե՛ւ որակի հետ խնդիրներ չունի։

- Ի՞նչ նյութեր եք օգտագործում, որպեսզի «պատկերը» ոչ միայն գեղեցիկ, այլեւ որակյալ լինի։

- Տղամարդկանց նորաձեւությունն առաջին հերթին կոստյումներն են։ Սովորաբար դրանք պատրաստվում են բրդից։ Պատմականորեն բրդյա գործվածքների կենտրոնը Իտալիան է, ավելի ճիշտ՝ Իտալիայի Պիեմոնտ նահանգի Բիելլա քաղաքը։ Դա բրդյա գործվածքների «Սիլիկոնային հովիտն» է։ Այնտեղ հավաքված են բոլոր «գրանդները», 200-300 տարվա պատմություն ունեցող ապրանքանիշերը։ Այնտեղ տարեկան արտադրում է ընդամենը 35-40 միլիոն մետր կտոր, ինչը համարժեք է մոտ 10 միլիոն կոստյումի։

Այս գործվածքների արտադրողներն աշխատում են բացառապես խոշոր եւ հայտնի ապրանքանիշերի հետ, որոնք գնահատում են որակը եւ պատրաստ են գնել այս մակարդակի գործվածքներ:

Անցյալ աշնանը մասնակցում էի FAST հիմնադրամի միջոցառումներից մեկին, որին հրավիրված էին հյուրեր ամբողջ աշխարհից։ HENDERSON-ն աջակցում էր այս միջոցառմանը, եւ մենք հյուրերին նվիրեցինք մետաքսե փողկապներ եւ թաշկինակներ: Շատ հաճելի էր տեսնել, թե ինչպես են մարդիկ հանում իրենց փողկապը եւ կապում մերը հենց դահլիճում։ Մեկ այլ միջոցառման ժամանակ՝ UWC Dilijan քոլեջում, հանդիպեցի ամերիկացի մի զույգի, եւ կինը դիմեց ինձ. «Սովորաբար ամուսինս բաժանում կամ վերանվիրում է ստացած նվերները, բայց ձեր նվիրած փողկապն ինքն է կրում»։ Այ սա է լավագույն պրոմոուշնը՝ ստեղծել այնպիսի ապրանք, որը երկար ժամանակ կմնա մարդու հետ:

- Դուք հիշատակեցիք FAST-ը եւ UWC Dilijan-ը: Հայաստանում դուք ակտիվորեն աջակցում եք կրթական նախագծերին, իսկ վերջերս սկսել եք համագործակցել առաջնորդության եւ մասնագիտական զարգացման «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ։

- Անկեղծորեն ուրախանում եմ, երբ Հայաստանում հայտնվում են այնպիսի նախագծեր, ինչպիսին է «Մատենան», քանի որ ցանկացած հաջողության թիկունքում պրոֆեսիոնալիզմն է։ Բոլորս հպարտանում ենք Հենրիխ Մխիթարյանով, սակայն քչերն են գիտակցում, թե մանկուց քանի տարի է նա անցկացրել տարբեր մարզիչների ղեկավարությամբ քրտնաջան մարզումներում, միջազգային ակումբներում ուսումնամարզական հավաքներին։ Նա չի դադարում սովորել եւ նրա բոլոր նոր գիտելիքները դրսեւորվում են դաշտում։ Շատերը ցանկանում են ապրել այնպես, ինչպես հեքիաթում. պառկել վառարանի վրա, երեք ցանկություն պահել եւ վերջ: Այդպես չի լինում․առանց մշտական աշխատանքի եւ հմտությունների զարգացման երազանքները իրականություն երբեք չեն դառնա։

«Մատենա» դպրոցը համագործակցում է բազմաթիվ միջազգային բիզնես դպրոցների հետ՝ Հայաստանին բոլոր ոլորտներում անհրաժեշտ առաջնորդներին դաստիարակելու նպատակով: Ոչ բոլոր ցանկացողները կամ ընտրություն անցածները կարող են իրենց թույլ տալ սովորել «Մատենա»-ում: Մենք պայմանավորվել ենք, որ ֆինանսավորելու ենք մի քանի թեկնածուների կրթությունը, ովքեր հետագայում իրենց գիտելիքները կուղղեն ի շահ Հայաստանի։

Ավելի քան 10 տարի ես աջակցում եմ տարբեր կրթական նախագծերի Հայաստանում՝ «Այբ» դպրոցին եւ հիմնադրամին, UWC Dilijan դպրոցին, «LEGO Education» լաբորատորիային, իսկ այժմ՝ նաեւ «Մատենա» դպրոցին:

Կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն հրավիրել «Այբ» դպրոցի վրա. Հայաստանի եւ Սփյուռքի համար այն դարձել եւ մնում է երկրում կրթական միջավայրը զարգացնելու ջանքերի համադրման հազվագյուտ օրինակ: 15 տարի առաջ, երբ մեկնարկեց այդ նախագիծը, որոշեցինք չբողոքել ճակատագրից՝ անվերջ քննարկելով Հայաստանում կրթական համակարգի ցածր մակարդակի հարցը, որը սուր է բոլորիս համար։ Մենք պարտավորվեցինք ստեղծել այն եւ հասանելի դարձնել հայ երեխաների համար։ «Այբ» ավագ դպրոցում սովորելու համար ընդունելության միակ չափանիշը դիմորդների գիտելիքների եւ արժեքների համապատասխան մակարդակի հաստատումն է: Եթե ընտանիքները չեն կարող վճարել իրենց ընդունված երեխաների կրթության համար, ապա բազմաթիվ դոնորներ նրանց տրամադրում են կրթաթոշակներ: Մենք հպարտ ենք մեր շրջանավարտներով եւ հուսով ենք, որ նրանցից շատերը, շարունակելով ուսումը երկրում եւ արտերկրում, կբացահայտեն իրենց տաղանդները եւ կիրականացնեն երազանքները Հայաստանում։ Ափսոս, որ մինչ այժմ մեր ուսումնական ծրագրերով հիմնականում հետաքրքրվում են օտարերկրյա դպրոցներն ու հաստատությունները, որոնց հետ հաստատված է ակտիվ համագործակցություն: Այդուհանդերձ մենք հավատում ենք, որ մեր կրթական ծրագիրը կարեւոր է մեր երկրի բոլոր երեխաների համար, եւ պատրաստ ենք փոխանցել մեր փորձն ու գիտելիքները նաեւ Հայաստանի մյուս դպրոցներին։
 
Դպրոցական համակարգի զարգացումից բացի, Հայաստանում անհրաժեշտ է կառուցել շատ ուժեղ համալսարան, սակայն այս հարցում շատ կարեւոր է Սփյուռքի եւ պետության աջակցությունն ու մասնակցությունը։ Արագ զարգացող երկրների մեծ մասը հատկապես կարեւորում է բարձրագույն կրթության զարգացումն իրենց երկրներում:

Որոշումներ կայացնող մարդիկ պետք է հասկանան, թե ինչպես են կյանքի կոչվելու այդ որոշումները եւ ով է կրելու պատասխանատվությունը: Մեզ անհրաժեշտ են պրոֆեսիոնալներ բոլոր, հատկապես՝ կենսական նշանակություն ունեցող ոլորտներում։ Եթե կոնկրետ մարդու կյանքը կախված է բժշկից, ընկերության աշխատակիցների արժանավայել կյանքը՝ ձեռնարկատիրոջից, ապա քաղաքական գործչի եւ զինվորականի պրոֆեսիոնալիզմից կախված է ոչ միայն միլիոնավոր մարդկանց կյանքը, այլեւ՝ երկրի ապագան։

Հարավային Աֆրիկայի Սթելենբոսի համալսարանի մուտքի մոտ կտեսնեք հետեւյալ տողերը.

«Ցանկացած ազգ ոչնչացնելու համար պետք չեն ատոմային ռումբեր կամ հեռահար հրթիռներ։ Պետք է միայն կրթության որակի նվազում եւ քննությունների ժամանակ ուսանողներին խաբելու թույլտվության շնորհում։ Այդպիսի բժիշկների ձեռքով հիվանդներ են մահանում։ Նման ինժեներների ձեռքով շենքեր են քանդվում։ Այդպիսի տնտեսագետների ու հաշվապահների ձեռքով փողեր են անհետանում։ Նման փաստաբանների ու դատավորների ձեռքով արդարությունն է կորում։ Կրթության կործանումը ազգի կործանումն է»։

- Հոբելյանը լավ առիթ է ոչ միայն անցած ուղին արժեւորելու, այլեւ ապագայի ծրագրերը ուրվագծելու համար։

- Այժմ մենք ապրանքանիշի հերթական վերափոխման փուլում ենք: Այսօր թվայնացումը հսկայական նշանակություն ունի։ Նկատի ունեմ ոչ միայն առցանց խանութները կամ առցանց առեւտրային հարթակները, այլեւ ընկերության բազմաթիվ գործընթացների ավտոմատացումը՝ թղթային փաստաթղթաշրջանառությունից հրաժարվելը, ֆունկցիոնալության մի մասի փոխանցումը արհեստական բանականությանը: Առջեւում բազմաթիվ մարտահրավերներ կան, եւ մենք պետք է աշխատենք ընկերության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ստեղծենք նոր, հետաքրքիր եւ ավելի հարմարավետ վաճառասրահներ մեր հաճախորդների համար, նոր ժամանակակից հավաքածուներ: HENDERSON-ը միշտ ուշադիր հետեւում է նորաձեւության աշխարհի նորարարություններին եւ օգտագործում դրանք իր հավաքածուներում։ Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդները մտածեն իրենց կյանքում ամենակարեւոր բաների՝ ընտանիքի, իրենց ծրագրերը կյանքի կոչելու մասին, իսկ իրենց ոճն ու հագուստի ընտրությունը վստահեն պրոֆեսիոնալներին՝ HENDERSON-ի թիմին:

Ռուբեն Հարությունյանի հետ զրուցել է Յանա Շախրամանյանը

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 40498
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW