Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Հայաստանի ավիացիոն ոլորտը հայտնվել էր հանրային ուշադրության կենտրոնում, Banks.am-ը որոշեց զրուցել Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսի հետ: Fly Arna-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկությունն է, իսկ Էնթոնի Փրայսն ավիացիայի ոլորտում աշխատելու ավելի քան 25 տարվա փորձ ունի:Մինչ Fly Arna-ն գլխավորելը նա աշխատել է British Airways-ում, Նոր Զելանդիայի Air New Zealand-ում, Fly BMI-ում, Air Arabia Group-ում: 11 տարի աշխատել է ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում եւ 4 տարի՝ Նոր Զելանդիայում: - Fly Arna-ն գործում է 2022 թվականի հուլիսի սկզբից: Ամփոփելով նախորդ տարին, ի՞նչը կարող եք առանձնացնել եւ ի՞նչ ծրագրեր ունեք 2023 թվականի համար:- Այս պահին թռիչքներ ենք իրականացնում հինգ ուղղություններով՝ դեպի Մոսկվա («Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո» օդանավակայաններ), Սոչի, Թբիլիսի եւ Շարմ Էլ-Շեյխ: Այս տարվա սկզբից հայտնել ենք արդեն երեք նոր ուղղությունների մասին. հունվարի 27-ից մեկնարկել են թռիչքները Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայան, հունվարի 29-ից շաբաթական երեք չվերթ կիրականացնենք դեպի Սանկտ Պետերբուրգ, իսկ փետրվարի 7-ից՝ շաբաթական երկու չվերթ դեպի Նովոսիբիրսկ:2023 թվականին թռիչքների աշխարհագրությունը ընդլայնելու մտադրություն ունենք եւ առաջիկա ամիսներին կհայտնենք նոր ուղղությունների մասին: - Շատերին հետաքրքրում է եվրոպական ուղղությունը:- Մենք ծրագրում ենք եվրոպական շուկա մուտք գործել 2023 թվականին: Ցավոք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն եւ բոլոր հայկական ավիափոխադրողները, գտնվում են ԵՄ թռիչքային անվտանգության «սեւ ցուցակում»։ Fly Arna-ն դիմել է այդ ցուցակից բացառության կարգով դուրս գալու համար եւ սպասում ենք այդ գործընթացին հաջորդող աուդիտին, որը հաջողությամբ անցնելուց հետո կկարողանանք թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա։ Մենք լավատեսորեն են տրամադրված, քանի որ ընդամենը վեց ամսում հասցրել ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ճանաչվել որպես օրինակելի ավիաընկերություն, որին պետք է ձգտեն նմանվել մյուս հայկական ավիաընկերությունները՝ հաշվետվություններ ներկայացնելու, հաղորդակցությունը կառուցելու, կարգավորիչ գործընթացները կառավարելու հարցերում: Մեզ հաջողվել է ստեղծել լավագույն թիմը՝ կազմված ավիացիայի լավագույն մասնագետներից, եւ հույս ունենք, որ նաեւ դրա շնորհիվ կյանքի կկոչենք դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու մեր ստանձնած պարտավորությունը: Դա կարեւոր շուկա է, որտեղ բավարար մրցակցության պակասի պատճառով այսօր մարդիկ, հավանաբար, ավելի շատ են վճարում այդ ուղղություններով ճամփորդելու համար, քան հարկավոր է։ - Քանի որ խոսեցիք մրցակցության մասին. այսօր Հայաստանի շուկայում կա՞ն բոլորի կողմից պահպանվող խաղի կանոններ:- Մեր գործունեությունը սկսելուց ի վեր տեսնում ենք, որ ավելի շատ ավիաընկերություններ են հիմնվում Հայաստանում՝ առաջարկելով ավելի հարմար ժամանակացույցով եւ գներով թռիչքների նոր հնարավորություններ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Միեւնույն ժամանակ, 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար ավիաընկերությունների քանակը շատ մեծ է. այսօր կա վեց ընկերություն, յոթերորդն էլ հիմնադրման ճանապարհին է: Կարծում եմ, ապագայում ավելի ռացիոնալ մոտեցման կարիք կառաջանա, քանի որ առկա պայմաններում աշխատելը բոլորի համար կդժվարանա: Բայց այս պահին բոլորն առաջնորդվում են իրենց բիզնես պլաններով եւ մենք կենտրոնացած ենք Fly Arna-ն Հայաստանում ամենաուժեղ ավիաընկերությունը դարձնելու ուղղությամբ: - Ձեր կարծիքով, քանի՞ ավիաընկերություն պետք է ունենա Հայաստանի նման երկիրը:- Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ, քանի որ կան տարբեր չափերի ավիաընկերություններ: Բայց, հավանաբար, նման ծավալի շուկայում տեղ կա երկու ուղեւորատար եւ մեկ բեռնափոխադրող ավիաընկերության համար: Վստահ եմ՝ ապագայում շուկայում փոփոխություններ եւ կոնսոլիդացիա կտեսնենք:- Որո՞նք են ոլորտի խնդիրները եւ ի՞նչ լուծումներ են անհրաժեշտ։- Ընդհանրապես, Հայաստանի շուկան հեշտ շուկա չէ. կան խնդիրներ, որոնք կարգավորելու համար մենք փորձում ենք լուծումներ գտնել Քաղավիացիայի կոմիտեի եւ կառավարության հետ միասին: Լուսանկարը՝ Մեդիամաքս Կառավարությունն ավիացիոն քաղաքականության վրա վերջին տարիներին մեծ ուշադրություն չի դարձրել, եւ մենք այժմ աշխատում ենք տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների հետ՝ ներկայացնելով մեր համաշխարհային փորձն ու ընդգծելով այն հնարավորությունները, որոնք կան ավիացիայի միջոցով զբոսաշրջությունը եւ բիզնես կապերը զարգացնելու համար: Խոսքը, մասնավորապես, ուղեւորահարկի, կոնկրետ երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմի, ավիացիոն վառելիքի հարկման քաղաքականության վերանայման անհրաժեշտության մասին է։ - Դուք ղեկավարում եք ազգային փոխադրող ընկերություն, որը միաժամանակ ե՛ւ մեծ պատիվ է, ե՛ւ՝ մեծ պատասխանատվություն։ - Իսկապես, շատ լուրջ պատասխանատվություն է գալ եւ զարգացնել Հայաստանի նոր ազգային ավիաընկերություն։ Մենք ունենք ուժեղ բաժնետերեր, որոնք հաջողակ բիզնեսներ հիմնելու եւ կառավարելու մեծ փորձառություն ունեն եւ մեզ համար հստակ նպատակներ են սահմանում:Մենք զգալի աշխատանք ենք կատարել՝ դնելով Fly Arna-ի հիմքերը՝ որպես ավիաընկերություն, որը կարող է շատ հաջողակ լինել ապագայում: Կան ցուցանիշներ եւ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ մենք իսկապես մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում ազգային ավիափոխադրողի մեր կարգավիճակին: Մասնավորապես, հիմնադրումից ի վեր չեք ունեցել որեւէ գործառնական չեղարկում. ոլորտին ծանոթ մարդիկ կարող են փաստել, որ նման ցուցանիշը գրանցելը լուրջ եւ պատասխանատու աշխատանքի արդյունք է:Առաջին անգամ է, երբ Հայաստանում կա մի ավիաընկերություն, որտեղ այդքան առաջավոր փորձառություն է կուտակված եւ այն կարող է նպաստել ավիացիայի զարգացմանը Հայաստանում: Մեր գործընկեր Air Arabia խմբի շնորհիվ ԱՄԷ-ում ունենք համաշխարհային դասի հիանալի ուսումնական հաստատություններ, որտեղ անց են կացվում մեր օդաչուների եւ օդանավի անձնակազմի վերապատրաստումներն ու ուսումնական պարապմունքները: Լուսանկարը՝ Մեդիամաքս Օգտագործելով Air Arabia-ի փորձը եւ ANIF-ի հետ համագործակցությունը, մենք կարողացանք ցույց տալ մարդկանց, թե ինչ մեծ արժեք կարող է բերել Fly Arna-ն շուկա: Մենք երկարաժամկետ ծրագրեր ունենք, ցանկանում ենք ներդրումներ կատարել հայկական ավիացիայի մեջ, ավելի շատ ինքնաթիռներ բերել, նոր ուղղություններ բացել դեպի հյուսիս, հարավ, արևելք և արևմուտք եւ Հայաստանը դարձնել մեծ տարանցիկ ավիացիոն շուկա, որովհետև այս երկիրը շատ լավ աշխարհագրական դիրք ունի այդ հոսքը հաջողությամբ ապահովելու եւ սպասարկելու համար։ Tweet Դիտում՝ 74466