ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանի հետ ամփոփել ենք 2022 թվականը, զրուցել ԱրարատԲանկի ձեռքբերումների, Հայաստանի բանկային համակարգի գործունեության, ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնության (UN Global Compact) եւ Կանանց հզորացման (WEPs) ծրագրի մասին։ - Պարոն Անանյան, ամփոփելով նախորդ տարվա գործունեության արդյունքները, ինչպիսի՞ն էր, ըստ Ձեզ, 2022 թվականը ֆինանսաբանկային ոլորտի համար ընդհանրապես։- Նախորդ երկու տարիների ընթացքում իրար հաջորդող ճգնաժամերից հետո ակնկալում էինք, որ 2022 թվականը լինելու է համեմատաբար հավասարակշռված տարի, սակայն տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական տարբեր իրադարձություններով պայմանավորված բանկային համակարգը բախվեց նոր մարտահրավերների։ Ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցության արդյունքում տարածաշրջանի ֆինանսական շուկաներում բարձր տատանողականություն առաջացավ, Հայաստանի ֆինանսաբանկային շուկան, իհարկե, անմասն չէր այդ ազդեցություններից։ Այս համատեքստում, ընդհանուր առմամբ, Հայաստանի բանկային համակարգն այս տարվա ընթացքում սովորականից ավելի ակտիվ է եղել։ Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ռեկորդային ներհոսքի արդյունքում բանկերն ունեցել են հաճախորդների սպասարկման ծավալների զգալի աճ։ Որքան էլ որ կանխատեսումներ անելը բարդ է, այնուամենայնիվ, բանկային համակարգը պատրաստ է դիմակայել հնարավոր ցնցումներին, քանի որ այն բազմիցս ապացուցել է, որ հանրապետության ամենակայացած ինստիտուտներից մեկն է։ Իհարկե, անսպասելի ճգնաժամերն էլ իրենց հերթին են ավելի կոփել եւ ճկուն դարձրել մեր բանկային համակարգը։ Ռիսկերի կառավարելիության բարձր ցուցանիշի, արդյունավետ քաղաքականության եւ համակարգի, շուկայի պարբերական վերլուծության եւ այլ կարեւոր գործոնների շնորհիվ ցանկացած անսպասելի իրավիճակի ԱրարատԲանկն արձագանքել եւ արձագանքում է առավելագույն պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Մենք արդեն գիտենք, թե հաճախորդները նման դեպքերում ինչ կերպ են արձագանքում, ինչպես են փոխվում նրանց վարքագիծն ու պահանջներն այդպիսի իրավիճակներում։ Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ այս ճգնաժամային տարիների ընթացքում, ինչպես մենք, այնպես էլ ՀՀ տարածքում գործող բոլոր առեւտրային բանկերը բարձր իրացվելիության մակարդակ ունեն, բարձր կապիտալացված եւ իրենց գործունեությունն իրականացնում են բնականոն կերպով։- Եթե ամփոփենք տարին, ապա Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն էր այն ԱրարատԲանկի համար։ - Կարող ենք ասել, որ նախորդ տարին ԱրարատԲանկի համար աննախադեպ վերելքի տարի էր։Ըստ էության՝ վերջին տուրբուլենտ ժամանակներում բանկը շարունակել է պահպանել կայունության բարձր ցուցանիշներ։ Բանկի կարեւոր ցուցանիշներից է իրացվելիության մակարդակը. մեր ներքին նորմատիվներով նախորդ տարվա համար բարձր իրացվելի ակտիվների նախընտրելի մակարդակ էինք սահմանել ընդհանուր ակտիվների 25%-ի չափով, իսկ այս պահին ցուցանիշը տատանվում է 35%-ից 40%-ի միջակայքում։ Ինչ վերաբերում է կապիտալիզացիայի մակարդակին, ապա այստեղ նույնպես առկա է բարելավում եւ այժմ կապիտալի համարժեքության ցուցանիշը տատանվում է 15.5%-ի շուրջ։ Եթե խոսենք լոյալ հաճախորդների վարքագծի մասին, ապա կարող ենք փաստել, որ ճգնաժամի ու անորոշության պայմաններում բանկերի նկատմամբ վստահության մակարդակն ավելի է բարձրացել, որովհետեւ մարդիկ սեփական փորձով են համոզվել, որ ցանկացած իրավիճակի դեպքում բանկային համակարգը կայուն է, եւ իրենց միջոցներն ապահով են։ Որպես վերջինիս ապացույց կարող է հանդիսանալ հաճախորդներից ներգրավված միջոցների 38% աճն առաջին 3 եռամսյակների ընթացքում։ Տարվա ընթացքում բանկն իրականացրեց պարտատոմսերի երկու թողարկում ընդհանուր 8 մլն ԱՄՆ դոլարի չափով եւ հաջողությամբ տեղաբաշխեց ամբողջ ծավալը։ Այս տարի նկատվել է նաեւ ժամկետից շուտ վարկերի մարման միտում։ Սա նշանակում է, որ հաճախորդների մոտ առկա է եկամուտների չպլանավորված կամ անսպասելի ավելացում։ Ստացված եկամուտները ճիշտ տեղաբաշխելու համար նրանք գերադասել են վարկը ժամկետից շուտ մարել եւ իրենց ծրագրերն իրականացնել սեփական միջոցների հաշվին։ Իրավիճակից ելնելով՝ բանկերը ստիպված են ավելի արդյունավետ գործելու տեսանկյունից նոր, ավելի մրցունակ եւ հասանելի պրոդուկտներ մշակել եւ առաջարկել իրենց հաճախորդներին։ - 2022 թվականին ԱրարատԲանկի ամենակարեւոր ձեռքբերումները որո՞նք են եղել։ - ԱրարատԲանկը 2022թ․-ը ամփոփել է պլանավորածից ավելի բարձր ցուցանիշներով։ Իհարկե, դա ուրախալի փաստ է, բայց զգոնությունը չենք կորցնում։ Այս ցուցանիշները պահպանելու համար մենք շարունակում ենք մեր հստակ քաղաքականությունն առ այն, որ յուրաքանչյուր գործարքից, նոր պրոդուկտ կամ ծառայություն ներդնելուց առաջ իրականացնում ենք բազմաթիվ վերլուծություններ, օբյեկտիվ գնահատում եւ որոշումներ կայացնում ներքին ստանդարտներին համապատասխան։ Այս պարագայում մենք ոչ միայն ուղղակի հետեւում ենք համաշխարհային միտումներին, այլեւ մշակում ենք յուրաքանչյուր իրավիճակին համապատասխան գործունեության նոր մեթոդներ, որդեգրում հակաճգնաժամային նոր ռազմավարություն եւ, շնորհիվ ճգնաժամի կառավարման եւ արտակարգ իրավիճակներում բիզնեսի անընդհատության ապահովման քաղաքականության, այս նոր մարտահրավերներին դիմակայումը սահուն է անցնում։Մենք, որպես բանկ, հավասարակշռված գործունեություն ենք ծավալում, չկա որեւէ պրոդուկտ շուկայում, որով մենք մրցունակ չենք։ Դեռեւս վերաբրենդավորման ժամանակ մենք հայտարարեցինք, որ գնում ենք դեպի թվային հարթակ։ Այս տարվա ձեռքբերումներից կարող ենք համարել մեր թվային բանկինգի հարթակի ամբողջական գործարկումն ու կայուն սպասարկումը։ ԱրարատԲանկը եւս միացել է Google Pay, Apple Pay համակարգերին եւ սերտ համագործակցում է միջազգային կառույցների հետ։ 2022թ․-ին պլանավորել եւ զարգացրել ենք լիզինգային ուղղությունը։ Այժմ ունենք լիզինգի ներքին ստորաբաժանում եւ տրամադրվող նոր գործիքակազմով, տեխնիկական օժանդակությամբ ընդլայնում ենք վարկավորման հնարավորությունները լիզինգի ոլորտում թե՛ գործող, թե՛ հավանական հաճախորդների համար։ Անդամակցում ենք «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային», արդյունավետորեն համագործակցում ենք տարբեր ընկերությունների հետ։ Մեր կարծիքով, գործունեության այս ուղղությունը Հայաստանի տնտեսության զարգացման կարեւոր նախապայմաններից է, ուստի մեծապես կարեւորում ենք դրա զարգացումը։ «Կանաչ» ծրագրերի վարկավորումը եւս ԱրարատԲանկի ռազմավարությամբ ամրագրված գերակա ուղղություններից է, որը հիմնականում էկոհամակարգերի սպասարկմանն ու էլեկտրամոբիլների ձեռքբերմանն է միտված։ Ըստ մեր ցուցանիշների, հաճախորդները մեծապես հետաքրքրված են այս պրոդուկտով։ 2022 թվականին այս մասով եւս ակտիվորեն աշխատել ենք, եւ, կարծում եմ, որ արդյունքները շոշափելի կլինեն 2023 թվականի ընթացքում։ - Միջազգային համագործակցությունների դաշտում ի՞նչ ակնառու արդյունքներ են գրանցվել։ - ԱրարատԲանկն ունի միջազգային համագործակցության խոշոր ցանց եւ դրա ընդլայնման տեսանկյունից 2022թ․-ը եւս հաջողակ տարի էր։ FMO հոլանդական զարգացման բանկի հետ համատեղ տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի ծրագիր ենք իրականացնում։ Ծրագրի հիմքում դրված է փախստականների, COVID-19 համաճարակից տուժած տնտեսությունների եւ խոցելի սոցիալական խմբերի ձեռներեցների ֆինանսավորումը, որտեղ Հոլանդական զարգացման բանկը ստանձնում է հաճախորդի կողմից չվճարման ռիսկի մեծ մասը։ Արդեն երկրորդ տարին ենք իրականացնում ծրագիրը, եւ ցուցանիշները բավականին տպավորիչ են։ Թվում էր, թե խնդրահարույց վարկերի մասնաբաժինը մեծ պետք է լիներ, բայց ի ուրախություն մեզ եւ ի զարմանս հոլանդացի մեր գործընկերների՝ այս ծրագրում չաշխատող վարկերի տոկոսը շատ ավելի փոքր է, քան ընդհանուր բանկի վարկային պորտֆելում։ Այս ծրագիրը ֆինանսավորման գերազանց հնարավորություն է մեր այն հայրենակիցների համար, ովքեր ունեն ներուժ իրենց բիզնեսը զարգացնելու, սակայն չունեն ռեսուրսներ ու համապատասխան գրավներ։ Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել, որ ի լրումն ֆինանսական ծրագրերի՝ մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ սոցիալական ծրագրերին։ 2022թ․-ին բանկը միացել է ՄԱԿ-ի ընտանիքին՝ UN GLOBAL Compact ծրագրի միջոցով։ Սա կամավոր հիմքերով ստեղծված տարբեր բիզնես կազմակերպությունների խումբ է, որոնք պատրաստակամ են իրենց ռազմավարությունը եւ գործառույթները համապատասխանեցնել 10 հիմանական սկզբունքներին՝ միտված մարդու իրավունքի, աշխատանքի իրավունքի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Մենք հասկանում ենք, որ ծառայում ենք հասարակությանը, որի վստահությունը կարեւոր դեր է խաղում բանկի զարգացման գործում։ Այս 10 հիմնական սկզբունքին հետեւելով՝ բանկը կամրապնդի ոչ միայն առկա հարաբերությունները գործընկերների եւ հաճախորդների հետ, այլ նաեւ կդառնա հենարան խոցելի սոցիալական խմբերի համար՝ ձեւավորելով նրանց համար համապատասխան գործիքներ եւ բարենպաստ միջավայր՝ ընդգրկվելու երկրի տնտեսությունում։ Ի դեպ, 2022թ․-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից մեկնարկած պարենային անապահով ընտանիքների համար սննդի աջակցության քարտերի տրամադրման փորձնական ծրագրին միացել է նաեւ ԱրարատԲանկը։ Հետեւելով ՄԱԿ-ի սկզբունքներին՝ մենք ստեղծում ենք մի միջավայր, որը խոցելի սոցիալական խմբերին վստահություն կներշնչի բանկի նկատմամբ, եւ որտեղ բանկ-հաճախորդ փոխհարաբերություններում կգործեն փոխըմբռնման եւ թափանցիկ գործելաոճի կարեւոր տարրերը՝ այդպես հասանելի դարձնելով ֆինանսական աջակցությունն ու խորհրդատվությունը հասարակության բոլոր խմբերին։ Այս ծրագիրը թույլ կտա ընդլայնել ֆինանսական ծառայությունների ծածկույթը՝ համագործակցելով ոչ միայն ֆինանսապես կայուն, այլեւ խոցելի խմբերի հետ։ - Ինչպես տեղյակ ենք, 2022 թվականի սեպտեմբերին ԱրարատԲանկը դարձել է ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքների ծրագրի (WEPs) անդամ։ Ի՞նչ է ենթադրում համագործակցությունը։ - Այս ծրագիրը բաղկացած է 7 սկզբունքներից, որոնք, կարելի է ասել, ուղեցույց են, թե ինչպես հզորացնել կանանց աշխատավայրում, բիզնեսում եւ համայնքում։ Այս ծրագրով մենք ոչ թե պարտավորություն ենք ստանձնել հետեւել արժեքներին, այլ, քանի որ բանկում արդեն իսկ առաջնորդվում ենք այդ սկզբունքներով, միացել ենք ծրագրին եւ արդյունավետ համագործակցում ենք։ ԱրարատԲանկում խտրականություն չի դրվում կին եւ տղամարդ աշխատակիցների միջեւ, բոլորն ունեն գործելու հավասար հնարավորություններ, կազմակերպվում են դասընթացներ թե՛ կին ձեռներեցների, թե՛ կին աշխատակիցների համար։ Ղեկավարությունը պետք է առաջինը հանձնառու լինի, գիտակցի, կարեւորի ու աջակցի կանանց եւ տղամարդկանց հավասարությանն աշխատավայրում։ Կին ձեռներեցների նկատմամբ հատուկ ընդգծված քաղաքականություն ունենք, միշտ աջակցում ենք եւ փորձում արտոնություններ տալ մեր պրոդուկտներով։ - Ի՞նչ կանխատեսումներ կան 2023 թվականի համար։ - Այս օրերին երկարաժամկետ կանխատեսումներ անելը բավականին դժվար է։ 2023 թվականին մենք շարունակելու ենք գործել նույն տրամաբանությամբ ու ռազմավարությամբ։ Ճանապարհելով բավականին հակասական 2022թ․-ը՝ մաղթում եմ, որ 2023թ․-ը մեր երկրի համար լինի խաղաղության եւ կայունության տարի, իսկ մեր հայրենակիցներին Նոր Տարին բերի երջանկություն, նպատակների իրականացում եւ բարեկեցություն: ՇՆորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Tweet Դիտում՝ 81720