Նախկինում՝ Deloitte, այժմ՝ GLT Solutions. ոչ միայն խորհուրդներ, այլեւ լուծումներ

26.10.2022 | 23:07 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Աուդիտի ոլորտում աշխարհի Խոշոր քառյակի (Big 4) ընկերություններից առաջատարը՝ Deloitte-ը, Հայաստանում գործում էր 2012թ.-ից: 2022թ. օգոստոսին Deloitte-ը, գլոբալ որոշման արդյունքում, հեռացավ հայկական շուկայից։

2017թ.-ից Deloitte Հայաստանին միացած Սուրեն Ղալումյանն այս որոշումից հետո ձեռք բերեց ընկերության տեղական բիզնեսն ու վերաբրենդավորեց այն՝ շարունակելով մնալ հայաստանյան շուկայում եւ մատուցել մասնագիտական ծառայություններ:

«Լինելով հայկական արմատներով ընկերություն՝ դառնալու ենք խոշոր միջազգային խաղացող», - ասում է Սուրեն Ղալումյանը:  

Նոր ընկերությունը՝ GLT Solutions-ը, շարունակելու է ակտիվ համագործակցությունը Deloitte-ի հետ, պահպանելու ու զարգացնելու է եղած կորպորատիվ մշակույթը:
 
Սուրեն Ղալումյանը Banks.am-ին պատմել է դժվարություններին դիմակայելու ու խորհուրդների փոխարեն լուծումներ առաջարկելու մասին:

Ինչո՞ւ հեռացավ Deloitte-ը

Deloitte-ում սկսեցի աշխատել 2017թ.-ից (մինչ այդ աշխատել եմ Խոշոր քառյակի մեկ այլ ընկերությունում), ղեկավարում էի հարկային ու իրավաբանական ծառայությունները: Այս տարիներին ընկերության հարկային եւ իրավաբանական ծառայությունների բիզնեսն անգամներով մեծացավ, շատ լավ համագործակցություն եւ հաջողակ գործընկերային կապեր ձեւավորվեցին Deloitte-ի՝ մի շարք այլ երկրներում գործող անդամ ընկերությունների հետ:

Հայաստանից հեռանալը գլոբալ որոշման մաս էր: Զրուցելով ընկերության արտերկրի տարբեր ներկայացուցիչների հետ՝ հասկացա, որ տարիներ առաջ Deloitte-ը որոշել էր աշխարհում ունենալ մի քանի մեծ կլաստեր, ոչ թե շարունակել աշխատել առանձին երկրներում: Ռուս-ուկրաինական դեպքերից հետո, երբ ի թիվս միջազգային այլ ընկերությունների, ռուսական շուկայից հեռացավ նաեւ Deloitte-ը, ԱՊՀ տարածաշրջանում ընկերության ներկայացվածությունն էլ ավելի «մանրացավ»:

Deloitte-ի որոշման մասին ծանուցվելուց հետո մեր միջեւ երկկողմանի համաձայնություն եղավ, որ ձեռք կբերեմ ընկերության տեղական բիզնեսն ու կշարունակեմ աշխատել այլ՝ սեփական բրենդի ներքո:

Լուծումներ՝ խորհուրդների փոխարեն

Նոր ընկերության անվանումը բավականին արագ ընտրեցի՝ GLT Solutions (Global Legal Tax Solutions): Չէի ցանկանում հայկական շուկայում ավանդական, սեփականատիրոջ ազգանունով կամ «consulting» բառով անուն լինի (ծիծաղում է – հեղ.), քանի որ նախ սա երբեք չի լինելու մարդ-ընկերություն ու երկրորդ՝ մեր նպատակը միջազգային շուկա դուրս գալն է:



Մի նրբություն էլ կա, ցանկացել եմ ընդգծել «solutions» (լուծումներ – անգլ.) բառը, քանի որ երբ նայում եմ հաճախորդի տեսանկյունից, նրան ոչ թե խորհուրդներ, այլ լուծումներ են պետք: Այս ոլորտում նույնիսկ լեզվամտածողության մեջ ընդունված է որեւէ իրավիճակի մասին խոսելիս ասել՝ «մենք կարծում ենք, որ...», «հնարավոր է, որ...»՝ ապահովագրելով ինքդ քեզ հետագա հավանական կամ ոչ հավանական խնդիրներից։ Շարունակելով խորհրդատվական աշխատանքը՝ մենք խորհուրդների հետ մեկտեղ նաեւ լուծումներ ենք առաջարկելու:

Նոր ծառայություններն ու մասնագիտական «դրայվը»

GLT Solutions-ը մատուցում եւ մատուցելու է բազմաթիվ մասնագիտացված ծառայություններ՝ խորհրդատվական, իրավաբանական, հարկային, խոշոր գործարքների ուղեկցման, բիզնեսի գնահատման, ֆինանսական մոդելավորման եւ այլ ուղղություններով: Որպես նոր ուղղություն՝ սկսում ենք շուկային առաջարկել Forensic ծառայությունը, որն օգնում է կազմակերպություններին կառավարել ու բացահայտել ռիսկերը, որոնք բխում են կոռուպցիայից եւ խարդախությունից: Եթե նախկինում Deloitte-ը Հայաստանում առավել հայտնի էր աուդիտորական, հարկային, իրավաբանական ծառայություններով, հիմա ծառայությունների շատ ավելի լայն շրջանակ ենք առաջարկելու:

Սուրեն Ղալումյանը


Սա կարողանալու ենք անել, քանի որ բացի հիմնական թիմից, որն, ի դեպ, գրեթե չփոխվեց ընկերության վերաբրենդավորումից հետո, ունենք նաեւ մտերիմ մարդիկ, հին «մարտական ընկերներ», որոնց հետ երկար ճանապարհ ենք անցել: Նրանց մի մասն այժմ ապրում է աշխարհի տարբեր երկրներում, աշխատում առաջատար ընկերություններում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ: Սրան զուգահեռ նրանք միշտ պատրաստ են ներգրավվել մեր տարբեր նախագծերում՝ ստեղծելով միջազգային չափանիշներին համապատասխան մասնագիտական «պրոդուկտ»։ Այս դեպքում ֆինանսը գրեթե դեր չի խաղում: Մեզ բոլորիս միավորում է կրկին միասին որեւէ նախագծի վրա աշխատելու «դրայվը»:  

Deloitte-ի հետ համագործակցությունը

Շատ կարեւոր է, որ GLT Solutions-ը պաշտոնապես շարունակելու է համագործակցությունը Deloitte-ի անդամ ընկերությունների հետ:

Համագործակցության համաձայնագրեր ունենք Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի անդամ ընկերություններ հետ:

Նախապատրաստական փուլում է նաեւ Deloitte Շվեյցարիայի հետ համագործակցության պայմանագիրը: Արդյունքում շարունակում ենք միջազգային չափանիշներին բավարարող բարձր որակի ծառայությունների մատուցումը Deloiotte-ի գլոբալ մուլտինացիոնալ հաճախորդներին Հայաստանում։ Անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենք համագործակցել կամ նախագծում ներգրավել այս կամ այն տարածաշրջանի Deloitte-ի անդամ ընկերությունը: Այսինքն, համագործակցության տեսանկյունից շատ բան չի փոխվել:



Հաշվի առնելով երկար տարիների համատեղ աշխատանքը, գործնական հարաբերություններից բացի, արդեն նաեւ լավ ընկերական հարաբերություններ են ձեւավորվել: Պետք է նշեմ, որ ընկերությունը ձեռք բերելու որոշման փուլում զգալի աջակցություն եմ ստացել նաեւ Deloitte-ի անդամ մի շարք ընկերությունների ղեկավարներից: Նրանք վստահեցրել են հաճախորդներին, որ շարունակելու են համագործակցել մեզ հետ:

Շնորհակալ եմ նաեւ մեր հաճախորդներին, որոնց հիմնականում այդպես չեմ անվանում, քանի որ մեզ համար նրանք գործընկերներ ու ընկերներ են. մենք մի թիմ ենք՝ նույն նպատակով: Գրեթե բոլորի հետ շարունակում ենք աշխատել: Ինչպես նշեցի, մնաց նաեւ թիմի հիմնական մասը: Այս ամենն էր, որ մոտիվացրեց ինձ ու օգնեց, որ ընկերությունը պահպանելու որոշում կայացնեմ:

Արհեստական խոչընդոտներ, որոնք հաղթահարեցինք

Հարցը՝ ինչպես այս ոչ կայուն ժամանակներում կարողացանք պահպանել ընկերության բիզնեսը եւ էլ ավելի մեծ քայլերով առաջ գնալ, երբեմն ինձ մոտ էլ է ծագում՝ «լավ, ինչպե՞ս կարողացանք» (ծիծաղում է – հեղ.): Երեւի, «չորկողությանս», ճիշտ հաշվարկած քայլերի ու հավատարիմ մարդկանց աջակցության շնորհիվ:

Ցավոք, ի թիվս օբյեկտիվ ու բնական դժվարությունների, որոշմանս կայացման պահից եղան մի շարք արհեստածին խոչընդոտներ, որոնք եւս վերը նշվածի շնորհիվ հաղթահարեցի: Շատ կարեւոր էր մտերիմ ընկերների պատրաստակամությունն ու մշտական աջակցությունը, իմաստուն ու փորձառու ավագ ընկերներիս խորհուրդները։ Միասին, ճիշտ հաշվարկելով ամեն քայլ, կարողացանք ստեղծվող արհեստական դժվարությունների միջով էլ անցնել: Իրենց օգնությունն ինձ համար անգնահատելի ու անմոռանալի է: Ի դեպ, նաեւ կնոջս «համբերության աստիճանը» չափեցի՝ հաշվի առնելով իմ բարդ բնավորությունը (ժպտում է-հեղ.):

Սուրեն Ղալումյանը


Դժվար ժամանակներում չափազանց կարեւոր է վստահությունը՝ քո, թիմի, գործընկերների միջեւ: Առանց վստահության՝ անհնար կլիներ ստեղծել այն, ինչ ունենք այսօր:

Տրանսֆերային գնագոյացման (Transfer Pricing) կարգավորումները

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները, որպես հարկային վարչարարության գործիք, Հայաստանում ուժի մեջ մտան 2020թ.-ից: Ինչպես Deloitte-ում, այնպես էլ հիմա՝ GLT Solutions-ում, շարունակելու ենք մատուցել այս ծառայությունը գործընկերներին: Մինչեւ կարգավորումների՝ Հայաստանում ուժի մեջ մտնելը, Deloitte-ում հասցրել էինք այս ուղղությամբ մեծ փորձ ձեռք բերել ու բավականին լավ եւ ուժեղ պրակտիկա ստեղծել: Ընդհանրապես տրանսֆերային գնագոյացման հետ կապված ծառայությունների մատուցումն ավելի շատ հատուկ է միջազգային ընկերություններին: Այս առումով շատ տեղական ընկերություններ «նեղանում են», ասում են՝ մենք չե՞նք կարող դա անել: Շատերի մոտ կա կարծիք, որ եթե վերցնեն Հարկային օրենսգիրքն ու գեղարվեստական գրքի նման կարդան տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ կարգավորումները, կարող են մատուցել այդ ծառայությունը: Միջազգային ընկերություններն այս առումով ավելի փորձառու են, որովհետեւ տրանսֆերային գնագոյացումն աշխարհում վաղուց է ներդրված, հետեւաբար՝ դրա հետ աշխատելու փորձը շատ ավելի մեծ է: Բացի այդ, ըստ իս, սա համաշխարհային հարկային օրենսդրության ամենասուբյեկտիվ մասն է: Ճիշտ հաշվարկը հնարավոր է միայն միջազգային փորձը վերլուծելու դեպքում: Այսինքն, դու կարող ես առանձնացնել, ուսումնասիրել ու վերլուծել ավելի քան 400 ընկերության ֆինանսական հաշվետվություն ու այդ փորձի հիման վրա որոշում կայացնել։ Ինձ համար հարկային իրավունքը, մասնավորապես միջազգային հարկային իրավունքը, փիլիսոփայություն է, որը պետք է վերլուծել, ոչ թե պարզապես կարդալ:

Սուրեն Ղալումյանը


Ինչպես ասացի, GLT Solutions-ում շարունակելու ենք նույն կազմով եւ միջազգային չափանիշներին բավարարող որակով մատուցել այս ծառայությունը, սակայն նախկինից ու շուկայի այլ միջազգային ընկերությունների կողմից առաջարկվող արժեքից զգալի ցածր, իհարկե, ոչ դեմպինգային արժեքով: Կարծում եմ՝ սա կարող է լինել մեր առավելություններից մեկը:

Կորպորատիվ կառավարումը կարեւոր է

Հայկական իրականությունում, ցավոք, տարածված են մարդ-ընկերությունները: Երբ որոշումների միակ կայացնողը ղեկավարն է, երբ նա ունի մեծ «կաբինետ», երբ ասում է՝ «ես ամեն ինչ պիտի իմանամ, առանց իմ «դաբրոյի» ոչինչ չի լինի»: Սա լիովին դեմ է իմ սկզբունքներին: Մեզ մոտ պահպանվելու է Deloitte-ից եկած կորպորատիվ մշակույթն ու ես ցանկանում եմ, որ GLT Solutions-ը ժամանակի հետ անցնի կորպորատիվ, գործընկերային կառավարման: Կստեղծվի տնօրենների խորհուրդ, ոլորտային լավագույն ու առաջատար մասնագետների կազմով, որն էլ ռազմավարական որոշումներ կկայացնի բիզնեսի զարգացման վերաբերյալ:

Յուրաքանչյուր ընկերություն աճում է, միայն եթե լավ թիմ ունի: Երբ տնօրենն իր համար մեծ առանձնասենյակ է կահավորում ու նստում այնտեղ՝ թիմից առանձին, նա կտրվում է մարդկանցից, որոնց հետ պետք է նույն նպատակի համար աշխատի:

Նպատակը՝ դառնալ միջազգային ընկերություն

GLT Solutions-ը պետք է դառնա հայկական արմատներով միջազգային ընկերություն: Սա է իմ տեսլականն ու նպատակը: Առանց վիրավորելու հայկական ընկերությունները՝ մենք ոչ մի դեպքում չենք դառնալու տեղական հաշվապահական ֆիրմա: Ինչպես ասացի, հավատարիմ գործընկերներ ու ընկերներ ունենք աշխարհի տարբեր երկրներում ու հետագայում ընկերությունը կարող է տարածվել աշխարհով մեկ: Սրան կնպաստի մեր փորձը, մեր կորպորատիվ մշակույթն ու մեր աշխատանքը:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 100430
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW