Օդիլ Ռենո-Բասո. ՎԶԵԲ-ը Հայաստանի ֆինանսական հատվածի երկարաժամկետ գործընկերն է

15.09.2022 | 18:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Օդիլ Ռենո-Բասո #ՎԶԵԲ
Այսօր մեկնարկում է ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի այցը Հայաստան։  Այցի նախօրեին նա բացառիկ հարցազրույց է տվել Banks.am-ին:

- Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանը բախվեց համաշխարհային եւ տեղական բարդ մարտահրավերների, ինչպիսիք էին համավարակը եւ պատերազմը։ Բացի այդ, ուկրաինական իրադարձությունները բացասաբար են անդրադառնում Հայաստանի հիմնական գործընկեր հանդիսացող երկրների տնտեսական հեռանկարների վրա։ Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ֆինանսական հատվածի կարողությունն այս մարտահրավերներին դիմակայելու առումով:

- Իմ կարծիքով, Հայաստանի ֆինանսական հատվածը վերջին մի քանի տարիների ընթացքում ցուցաբերել է կայունության բարձր մակարդակ։ Իշխանությունների նախաձեռնած հարկաբյուջետային, ֆինանսական եւ դրամավարկային քաղաքականությունը միանշանակ օգնեց զսպել ճգնաժամերի ազդեցությունը։ Դրանից բացի, դուք ունեք առողջ ու խոհեմ կարգավորիչ որոշումների կայացման երկարամյա պատմություն, որն արտացոլում է Հայաստանի ֆինանսական հատվածի իրական ուժը։

Հետեւաբար, ձեր ֆինանսական հաստատությունները ճգնաժամը դիմավորեցին լավ վիճակում։ Դա թույլ տվեց նրանց անցնել ճգնաժամի միջոցով առանց սնանկությունների, իրացվելիության եւ կապիտալի հետ կապված խնդիրների՝ միաժամանակ պահպանելով ակտիվների որակի համապատասխան մակարդակը:

- Որո՞նք են ՎԶԵԲ-ի առաջնահերթությունները Հայաստանի ֆինանսական հատվածի հետ աշխատելու առումով: Ինչպե՞ս եք կառուցում հարաբերությունները բանկերի հետ, որոնց մի մասի համար ՎԶԵԲ-ը լուրջ վարկատու է։ Կարո՞ղ են այդ հարաբերությունները գնահատվել որպես գործընկերային:

-Միանշանակ, այդ բանկերը մեր գործընկերներն են։ Հենց այս գործընկերության ընկալումն է դրված հայկական բանկերի հետ մեր համագործակցության հիմքում:

Մեր հարաբերությունները Հայաստանի ֆինանսական հատվածի հետ հիմնված են ամուր ռազմավարական համապատասխանության վրա՝ մեր մանդատի եւ առաքելության առումով։ Մենք կենտրոնացած ենք միջազգային առեւտրի, միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացման, ինչպես նաեւ կանաչ եւ ներառական ֆինանսավորման վրա:

Ֆինանսական պրոդուկտների մեր լայն տեսականին հնարավորություն է տվել տարիների ընթացքում աստիճանաբար կառուցել մեր հարաբերությունները, իսկ մեր ներկայությունն այստեղ թույլ է տվել խորապես հասկանալ մեր հաճախորդներին եւ նրանց կարիքները:

Մեր հանձնառությունը Հայաստանի ֆինանսական հատվածին երկարաժամկետ է եւ այն հաջողությամբ հաղթահարել է նաեւ որոշ դժվար ժամանակների փորձությունները։ Մեր դոնորների հետ միասին մտադիր ենք շարունակել ներդրումային աջակցությունը Հայաստանի ֆինանսական հաստատություններին։

- Որքանով տեղյակ ենք, 2021 թվականի արդյունքներով ՎԶԵԲ-ի ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում՝ բանկային, էներգետիկ, քաղաքային տրանսպորտի ծրագրերում, կազմել է մոտ €175 միլիոն: Կարո՞ղ եք նշել՝ այդ ներդրումների ո՞ր մասն է հատկացվել բանկային հատվածին եւ ի՞նչ նախագծերի համար:

- Այս տարի մենք նշում ենք Հայաստանում մեր գործունեության 30-ամյակը: Այստեղ մենք շատ ձեռքբերումներ ենք ունեցել 1992թ.-ին մեր գրասենյակի բացումից հետո: Մինչ օրս ՎԶԵԲ-ը ավելի քան 2 միլիարդ եվրո է ներդրել 201 ծրագրերում, որոնց 91%-ը ներդրումներն են մասնավոր հատվածում։ Միջին հաշվով, Հայաստանի ֆինանսական հաստատություններում տարեկան ներդնում ենք շուրջ 100 միլիոն եվրո։ Այս միջոցները տրամադրվում են առեւտրի ֆինանսավորման, ՄՓՄՁ-ների եւ նրանց մրցունակության, կանաչ ծրագրերի եւ կանանց բիզնեսի ու ներառական ֆինանսավորման տարբեր նախագծերի միջոցով:

- Ինչպե՞ս են ընթանում գործերն այս տարի, կարելի՞ է տարվա արդյունքներով ակնկալել ներդրումների ծավալի աճ եւ կա՞ն արդյոք ծրագրեր՝ ավելացնելու ներդրումային ակտիվությունը Հայաստանի ֆինանսաբանկային հատվածում։ Մեր երկրում գործընկեր բանկերի շարքն ընդլայնելու շահագրգռվածություն ունե՞ք։

- Մենք պահպանում ենք հավատարմությունն առկա հաճախորդների հանդեպ, բայց նաեւ բաց ենք նոր գործընկերային հարաբերությունների համար՝ հաշվի առնելով այն ռազմավարական առաջնահերթությունները, որոնք նշեցի: Այս պահին մեր գործընկերներն են Հայաստանի 17 բանկերից 8-ը, ինչն ընդգրկում է ոլորտի ակտիվների ավելի քան 60%-ը։

- Օգտվելով առիթից, կցանկանայինք պարզել՝ որո՞նք են ՎԶԵԲ-ի ֆինանսական պրոդուկտների առանձնահատկությունները եւ ո՞րը կառանձնացնեք որպես այցեքարտ: Արդյո՞ք մշակվում են ֆինանսական նոր գործիքներ, որոնք կհամապատասխանեն ֆինանսական շուկայի թվային օրակարգին՝ գլոբալ եւ տեղային:

- Ես համոզված եմ, որ մեր պրոդուկտները՝ աջակցությունը միջազգային առեւտրին, ՄՓՄՁ-ներին, կանաչ եւ ներառական ֆինանսավորմանը, յուրովի կարեւոր են: Միակ էական տարբերությունն այն է, որ դրանք կոչված են աջակցելու տարբեր ճյուղերի զարգացմանը, սակայն բոլորը հավասարապես ուղղված են ապահովելու անցումը եւ զարգացումը:

Օդիլ Ռենո-Բասոն


Այնուհանդերձ, կցանկանայի ընդգծել ԵՄ աջակցությամբ մշակված եւ իրականացված ՓՄՁ մրցունակության հարթակը: Այն մեր ամենավերջին ֆինանսական պրոդուկտներից է, որը Հայաստանում գործարկել ենք 2021 թվականին։

Այն կոչված է աջակցելու հայաստանյան ՄՓՄՁ-ների երկարաժամկետ ներդրումներին՝ արդիականացնելու իրենց տեխնոլոգիաները եւ սարքավորումները, որպեսզի համապատասխանեն ԵՄ չափանիշներին՝ արտադրանքի որակով, առողջապահության ու անվտանգության, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանման առումով:

Այս նախաձեռնությունն արդեն իրականացվում է 5 տեղական բանկերի միջոցով եւ մենք շարունակում ենք տեղակայումը: Տեղում չենք կանգնում եւ դիտարկում ենք նոր պրոդուկտներ, որոնք կարձագանքեն անցումային տարբեր բացերին, օրինակ՝ թվայնացմանը:
Դիտում՝ 93548
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW