Գաբրիել Ավետիսյան. «Փորձում ենք կանգ չառնել ու առավել ակտիվ աշխատել»

11.09.2022 | 22:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Խրոնոգրաֆ #Գալաքսի
«Խրոնոգրաֆ» խանութ-սրահն առաջինն էր Հայաստանում եւ տարածաշրջանում, որ հաճախորդներին առաջարկեց բարձր դասի ժամացույցներ եւ զարդեր աշխարհահռչակ բրենդերից։

Խանութի գլխավոր տնօրեն Գաբրիել Ավետիսյանը նշում է՝ չնայած ներկայացված արտադրանքը հիմնականում լյուքսային է, խանութում ունեն նաեւ «affordable luxury»՝ գնային առումով ավելի հասանելի արտադրանք:

Մինչեւ «Խրոնոգրաֆ» տեղափոխվելը Գաբրիելն աշխատել է «Գալաքսի» ընկերությունների խմբի մի շարք այլ ընկերություններում:

Banks.am-ին նա պատմել է իրարից տարբեր ոլորտներում աշխատելու, թիմի կարեւորության, երեք երեխաների հայր եւ ընկերության կառավարիչ «պաշտոնները» համատեղելու մասին:  

Տնօրենն աշխատասենյակում նստող ու հրահանգներ տվող մարդը չէ

«Գալաքսի» ընկերությունների խմբի տարբեր բիզնեսներում աշխատում եմ 2006թ.-ից՝ արդեն 16 տարի: Սկսել եմ «Մեգաֆուդ»-ից, հետո տեղափոխվել այլ՝ ինչպես գաստրո, այնպես էլ՝ հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություններ:  

Բնականաբար, ամեն անգամ բոլորովին այլ ոլորտ տեղափոխվելը հեշտ չէ: Ամիսներ են պետք, որպեսզի պատկերացնես բիզնեսն ու շուկան: Կառավարման առումով, իհարկե, մոդելը հիմնականում նույնն է: Բայց ինձ համար կառավարիչը, տնօրենը, աշխատասենյակում նստող ու հրահանգներ տվող մարդը չէ: Նա պետք է լիովին տիրապետի ոլորտի նրբություններին: Ամեն դեպքում, կարծում եմ՝ եթե մարդը ցանկություն ու ձգտում ունի, ամեն ինչ կարող է սովորել ու թիմի հետ աշխատելով՝ հասկանալ բիզնեսի նրբությունները:

Շատերը «Խրոնոգրաֆ»-ի մոտով թանգարանի նման էին անցնում

«Գալաքսիի» հիմնադիրները նպատակ ունեին Հայաստանում ստեղծել ժամացույցների այնպիսի խանութ, որն ամուր դիրք կունենա շուկայում իր բացառիկ առաջարկի ու մատուցած բարձրակարգ ծառայությունների շնորհիվ:

Բնականաբար, սկզբում շատ դժվար էր շուկային ծանոթացնել մեզ մոտ ներկայացված արտադրանքին ու բերել խանութ: Շատերը «Խրոնոգրաֆ»-ի մոտով թանգարանի նման էին անցնում՝ չպատկերացնելով, որ ներսում բազմապիսի արտադրանք կա, որը գնային առումով հասանելի է տարբեր սեգմենտների: Տարիների աշխատանքի, ճիշտ մարքեթինգի շնորհիվ մեզ հաջողվեց հաճախորդների հետ ամուր կապ ստեղծել ու այսօր հայաստանյան շուկայում առաջատարներից ենք:

Եթե խոսեմ խանութում ներկայացված տեսականու գնային միջակայքի մասին, ապա 30-40 հազար դրամից մինչեւ շատ բարձր արժեքի առաջարկ ունենք: Երբեմն կատակով ասում ենք՝ «որքան թանկ արժեքով արտադրանք ցանկանաք, մեզ մոտ կլինի» (ժպտում է – հեղ.):

Գաբրիել Ավետիսյան


Շատ կարեւոր է, որ տարիների ընթացքում «Խրոնոգրաֆ»-ում սկսեցինք ներկայացնել «affordable luxury» բազմաթիվ բրենդեր, այսինքն` լյուքսային արտադրանք՝ ավելի հասանելի գնով: Օրինակ՝ ունենք APM Monaco, Rebecca, Rue des Mille եւ Style Avenue բիժուտերիայի բրենդեր, որոնք նվերների համար շատ հարմար արտադրանք են առաջարկում: Գնային միջակայքն ու տեսականին այնքան մեծ են, որ ցանկացած մարդ կարող է իրեն թույլ տալ որեւէ բան ընտրել:

Հայկական արտադրության ոսկյա մետաղադրամները

«Խրոնոգրաֆ»-ում տեղական արտադրանք հիմնականում չունենք, միակ բացառությունը հայկական այբուբենի տառերով ոսկյա մետաղադրամներն են: Դրանք ստեղծելու համար աշխատել ենք Կենտրոնական բանկի հետ:

Միեւնույն ժամանակ, ունենք հայկական թեմատիկայով արտադրանք, որը ստեղծվել է համաշխարհային բրենդերի կողմից հատուկ տեղի շուկայի համար: Օրինակ՝ Montegrappa-ից ունեցել ենք հայկական այբուբենով գրիչներ, եղել են ժամացույցներ, որոնց թվատախտակի վրա թռչնատառեր էին կամ Արարատ լեռը: Հայկական թեմատիկան միշտ թիրախում ենք պահում:

Self satisfaction-ի միտումը

Եթե անկեղծ լինեմ, վերջին տարիների դժվարությունները մեծ ազդեցություն չեն ունեցել այս բիզնեսի վրա: Լյուքսային արտադրանքի հետ կապված հետաքրքիր միտում կա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Կորոնավիրուսի համավարակից հետո գրեթե բոլոր երկրներում լյուքս դասի արտադրանքի գնումներն աճել են: Մի հետաքրքիր ուսումնասիրություն էի կարդում Չինաստանի վերաբերյալ, ըստ որի՝ այս երկրում աճել է լյուքսային արտադրանքի շուկան: Բացատրությունը հետեւյալն էր՝ լյուքս դասի արտադրանքը հիմնականում նախատեսված է բարձր եւ միջին եկամուտ ունեցող մարդկանց համար: Համավարակի, լոքդաունի ընթացքում այս մարդիկ շարունակել են գումար վաստակել, ֆինանսական լուրջ կորուստներ չեն կրել, բայց փոխարենը կրճատվել են նրանց առօրյա ծախսերը, քանի որ գումար ծախսելու տեղ պարզապես չի եղել: Արդյունքում մարդիկ որոշակի խնայողություններ են արել ու հոգեբանական ծանր վիճակից դուրս գալու համար աշխարհում սկսվել է «self satisfaction»-ի միտում, այսինքն՝ մարդիկ կուտակած գումարով փորձել են իրենք իրենց ինչ-որ կերպ բավարարել, ուրախություն պատճառել՝ թանկարժեք հագուստ, մեքենա, զարդ կամ ժամացույց գնելով: Սա պատճառներից մեկն է՝ ինչու այս շուկայում լուրջ ցնցումներ չեն եղել:



Մյուս կարեւոր պատճառն այն է, որ լյուքսային արտադրանք ներկայացնող բիզնեսը առավելապես հիմնվում է տեղական շուկայի վրա ու փոքր կախում ունի զբոսաշրջային հոսքերից: Զբոսաշրջիկների մեծ մասը երկիր է գալիս մի քիչ այլ հետաքրքրություններով: Մարդիկ նախընտրում են լինել տեսարժան վայրերում, փորձել տեղական խոհանոցը: Թանկարժեք իր գնելու որոշումը շատ քիչ դեպքերում է հանպատրաստից կայացվում: Այնպես որ, զբոսաշրջիկների բացակայությունը եւս գրեթե չազդեց արդյունքների վրա:

Շատ կարեւոր էր նաեւ այս ժամանակահատվածի մեր ռազմավարությունը: Ի տարբերություն մյուս բիզնեսների, որոնք որոշակի դադար էին վերցրել, «Խրոնոգրաֆ»-ն այս երկու տարվա ընթացքում սկսեց ներկայացնել հինգ նոր բրենդ, իրականացրեց ակտիվ մարքեթինգային արշավներ՝ հավատալով, որ հիմա ոչ թե լռել, այլ առավել ակտիվ լինել է պետք:

Լյուքսայինն ու ճաշակը

Միանշանակ է, որ «Խրոնոգրաֆ»-ի նման խանութները ոչ միայն բացառիկ բրենդեր են ներկայացնում Հայաստանում, այլեւ ինչ-որ առումով ճաշակ են ձեւավորում: Շատ է եղել, որ այս կամ այն բրենդն ընտրելիս հասկացել ենք՝ այն չի համապատասխանում հայկական շուկայի պահանջարկին, կարող է չընդունվել, բայց առաջնորդվել ենք տրամաբանությամբ, որ երբեմն պետք է ոչ թե շուկայի պահանջարկին նայել, այլ ճիշտ առաջարկով փոխել, զարգացնել այդ պահանջարկը: Նման խանութները հաճախ պետք է իրենք ճաշակ թելադրեն: Բնականաբար, սա շատ դժվար է եւ հաճախորդի հետ ճիշտ աշխատանք է պահանջում: Եթե օրինակ բերեմ մեքենաների վրա, Հայաստանում, ինչպես գիտենք, շատ ակտուալ է սեւ Mercedes-ը, պատկերացրեք, որ այս շուկա փորձես կարմիր Volvo բերել: Այնուամենայնիվ, ժամանակի ու հետեւողական աշխատանքի արդյունքում այսօր արդեն նկատում ենք պահանջարկի փոփոխություն: Հաճախորդների կողմից մեծ վստահության ենք արժանացել ու շատ հաճախ նրանք լսում են մեր մասնագիտական կարծիքն ու խորհուրդները:  

Չես կարող թիմային չլինել

Աշխատանքից դուրս թիվ մեկ հետաքրքրությունս, հոբբին սպորտն է: Երկար տարիներ ֆուտբոլ եմ խաղում, վերջերս մասնակցել եմ «Գալաքսի»-ի կազմակերպած ֆուտբոլային մրցաշարին: Սիրում եմ նաեւ կարդալ, երաժշտություն լսել եւ, ունենալով երեք երեխա, բնականաբար, ազատ ժամանակ գտնել ու անցկացնել նրանց հետ:

Գաբրիել Ավետիսյան


Թե՛ սպորտում, թե՛ աշխատանքում թիմային լինելն ինձ համար շատ կարեւոր է: Այս տարիների ընթացքում համոզվել եմ՝ եթե կարողանաս լավ թիմ ստեղծել, որում առողջ մթնոլորտ է ու ջերմ հարաբերություններ, միանշանակ է, որ բիզնեսը լավ կաշխատի: Ընկերներիդ եւ գործընկերներիդ հետ չես կարող թիմային «չխաղալ»:

Time management-ի գործող բանաձեւը

Ինչպես ասացի, երեք երեխա ունեմ ու ինձ համար ընտանիքին ժամանակ տրամադրելը շատ կարեւոր է: Երբ նոր ես անցնում մեկ ոլորտից մյուսը, բավականին բարդ է լինում: Հետո, երբ դու էլ, աշխատակիցներն էլ հմտանում են, քո անմիջական մասնակցության կարիքը նվազում է ու ինչ-որ չափով ազատ ժամանակ ես ունենում:

Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ դասախոսներիցս մեկը հետաքրքիր միտք ասաց՝ «time managment-ի մասին բազմաթիվ գրքեր կան, կարող եք տասնյակներով կարդալ դրանք, բայց կա մի պարզ ճշմարտություն՝ ազատ ժամանակ ես ունենում, երբ սովորում ես մարդկանց «ոչ» ասել, ուրիշ ոչինչ չի օգնում» (ծիծաղում է – հեղ.):

Այնպես որ, փորձում եմ համատեղել ու ճիշտ կառավարել ժամանակս, քանի որ ընտանիքիս հետ լինելը չափազանց կարեւորում եմ:  

Հաջողություն է, երբ մարդն աշխատանքի է գալիս հաճույքով

Չեմ կարծում, որ կա մեկն, ով կասի՝ վերջ, կարող եմ կանգ առնել, հիմա հասել եմ հաջողության: Կարիքներն ու ձգտումները փոխվում են ու ինչ-որ կետի հասնելուց հետո դու շարունակում ես ճանապարհդ ու նոր նպատակներ ձեւավորում: Բայց այսօրվա դրությամբ ինձ համար առաջնային ու մեծագույն հաջողությունն ընտանիքս է, իսկ աշխատանքի առումով՝ բիզնեսի սահուն, կայուն աշխատանքը:

Գաբրիել Ավետիսյան


Ղեկավարի համար հաջողություն է, երբ իր թիմակիցներն աշխատանքի են գալիս հաճույքով: Այդ դեպքում նրանք արդյունավետ ու պիտանի գործ են անում, ինչն էլ դրական է ազդում կազմակերպության վրա:

Վերջին երկու տարիներին՝ չնայած համավարակի ու պատերազմի հանգամանքներին, մենք միշտ փորձում ենք դրականը գտնել, աշխատել ու նոր համագործակցություններ ձեւավորել: Արդեն իսկ սկսել ենք համագործակցություն նոր հինգ խոշոր բրենդի հետ:

Այս տարի դրանց ցուցակում եւս  երեք բրենդ է ավելացել՝ OMEGA ժամացույցների բրենդն, Baume & Mercier-ը եւ Rue des Mille-ը: Մինչեւ տարվա ավարտը եւս մեկ հաճելի անակնկալ կմատուցենք մեր հաճախորդներին: Այնպես որ, փորձում ենք կանգ չառնել ու առավել ակտիվ աշխատել:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի  
Դիտում՝ 81851
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW