Արտակ Քամալյան. Այժմ գլխավոր առաջնահերթությունը ԵԱՏՄ երկրների պարենային ապահովությունն է

27.07.2022 | 23:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Արտակ Քամալյան #ԵՏՀ #ԵԱՏՄ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի բացառիկ հարցազրույցը Banks.am պորտալին

- Պարոն Քամալյան, ստեղծված բարդ պայմաններում որո՞նք են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջնահերթությունները, կոնկրետ ո՞ր նախագծերն են այսօր առաջնահերթ համարվում, իսկ որոնք՝ հեռանկարային։

- Իսկապես, վերջին 3-4 ամիսների ընթացքում շատ բան է փոխվել, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, եւ այժմ մենք աշխատում ենք առաջին հերթին իրավիճակի կայունացման օպերատիվ միջոցառումների ուղղությամբ։ Այսօր մեր հիմնական առաջնահերթությունը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովումն է։ Այդ նպատակով ինտեգրացիոն միավորման բոլոր անդամներն աշխատում են գյուղատնտեսական ապրանքների արտահանումը վերահսկելու կարգավորիչ միջոցառումներ ապահովելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, Միությունում ներքին շուկայի կարիքները բավարարելու մեծ խնդիրներ չկան, կան որոշակի դժվարություններ, բայց դրանք լուծելի են։

Հաջորդ խնդիրը ներմուծման փոխարինումն է։ ԵԱՏՄ երկրները շատ ուժեղ ինտեգրված են համաշխարհային արդյունաբերական արտադրությանը, ինչը սկզբունքորեն նորմալ է՝ գլոբալիզացիայի պայմաններում առանց դրա հնարավոր չէ։ Սակայն հիմա, երբ որոշակի պատժամիջոցներ են սահմանվում Միության երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ, որտեղ արդյունաբերությունը շատ զարգացած է, որոշ բաղադրիչների պակաս է առաջանում, տուժում են ամբողջական բնագավառներ։ Այժմ մենք գործառնական որոշումներ ենք կայացնում՝ ներքին շուկան պաշտպանելու համար։

- Պարենային անվտանգության հետ կապված հարց ունեմ. մայիսին Դուք խոսել էիք պարենային անվտանգության հարցում հստակ մոտեցման կարեւորության մասին։ Որքանո՞վ կարող են Եվրասիական միության երկրները, մասնավորապես, Հայաստանը ապահովել իր պարենային անվտանգությունը։

- Եթե խոսքը գնում է պարենային անվտանգության մասին՝ բառի դասական իմաստով, այսինքն՝ ֆիզիկական մատչելիության, պարենամթերքի տնտեսական մատչելիության եւ այդ ապրանքների անվտանգության ու որակի մասին՝ դա մի հարց է։ Իսկ եթե խոսում ենք պարենային ապահովման տեսանկյունից, այսինքն՝ ֆիզիկական մատչելիության, դարակներում ապրանքների առկայության մասին, դա այլ խնդիր է։ Երբ խոսում ենք ԵԱՏՄ-ի շրջանակում պարենային անվտանգության մասին, բոլորն ի նկատի ունեն պարենային ապահովումը, իսկ մյուս երկու բաղադրիչներին քիչ ուշադրություն է դարձվում։ Այնպես որ, եթե խոսքը գնում է պարեկային մատակարարման մասին, ապա Հայաստանի Հանրապետությունն այսօր իրեն չի ապահովում ապրանքատեսակների հիմնական տեսակներով, դա բոլորս լավ գիտենք։ Հայաստանը ներկրում է բուսական յուղի գրեթե 100 տոկոսը, թռչնի մսի 80 տոկոսը, հացահատիկի կեսից ավելին։ Այս առումով, իհարկե, երկիրը մեծ կախվածություն ունի, առաջին հերթին՝ ԵԱՏՄ գործընկերներից։

Պարենային անվտանգության մասին խոսելիս՝ նկատի ունենք Միության կոլեկտիվ պարենային անվտանգությունը։ Դա նշանակում է, որ անդամ երկրներն իրենց եւ իրենց գործընկերների համար ապահովում են ապրանքների հիմնական տեսակները։ Այստեղ կարեւոր է հաշվի առնել, որ բնական եւ կլիմայական պայմանները, օրինակ, Ռուսաստանում կամ Բելառուսում համեմատելի չեն Հայաստանի հետ, բնականաբար, այնտեղ եղած ապրանքների արտադրության հնարավորություններ այստեղ չկան, եւ հակառակը։ Այդ իսկ պատճառով խոսում ենք կոլեկտիվ պարենային անվտանգության մասին, որի զարգացման ուղղությամբ առաջ ենք շարժվում։ Օրինակ՝ վերջին միջկառավարական խորհրդում հանձնարարական էր տրվել մեր պետություններում արտադրվող գյուղատնտեսական ապրանքների հիմնական տեսակների հաշվեկշիռներ կազմել։

Այսինքն՝ եթե Հայաստանին պետք է կես միլիոն տոննա հացահատիկ, ապա ԵԱՏՄ մյուս երկրները, որտեղ հացահատիկի ավելցուկ կա, ապահովում են դրա մատակարարումը Հայաստան։

Արտակ Քամալյանը եւ Դավիթ Ալավերդյանը


- Եթե գաղտնիք չէ, ո՞ր երկրներն առայժմ համաձայն չեն այս մոտեցման հետ։

- Չեմ անվանի, սակայն կբացատրեմ նրանց տրամաբանությունը՝ պարենային անվտանգությունն ազգային անվտանգության մի մասն է, իսկ ազգային անվտանգությունը՝ ազգային պետությունների արտոնությունը։ Ի դեպ, խնդրին նման մոտեցումը նաեւ վերջին 2-3 տարիների ֆորսմաժորային հանգամանքների ազդեցության հետեւանք է՝ սկսած կորոնավիրուսի համավարակից։ Կարող եմ ասել, որ ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի հիմնական արտադրող Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանում է կոլեկտիվ պարենային անվտանգության թեզը։

- Այսինքն՝ Հայաստանը հացահատիկի ու շաքարավազի խնդիր չի՞ ունենա։
 
- Չեմ կարծում, որ այս տեսակի պարենամթերքի հայկական շուկայի կարիքները հոգալու հետ կապված խնդիրներ կառաջանան։ Այլ հարց է գների խնդիրը։ Հետաքրքիր կլիներ խոսել գների մասին, քանի որ վերջերս ուսումնասիրություն արեցինք․ վերցրեցինք 10-ից ավելի պարենային ապրանքներ, որոնցից շատերի գների առումով Հայաստանը ամենաբարձր տեղն է զբաղեցնում։ Դա լուրջ խնդիր է, որի շուրջ պետք է մտածել ու աշխատել։

- Հաջորդ հարցը. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն այս տարվա մայիսին ասել էր, որ ԵԱՏՄ երկրներն այս փուլում պետք է քննարկեն կազմակերպության շրջանակում սեփական արժութային համակարգի ներդրման հարցը։ Ո՞րն է այս գաղափարի հիմքը:

- Դա կապված է պատժամիջոցների հետ։ Խնդիրն այն է, որ մինչեւ վերջին իրադարձությունները ԵԱՏՄ երկրների միջեւ բոլոր փոխադարձ հաշվարկները ճնշող մեծամասնությամբ կատարվում էին դոլարով, իսկ երբ երկու երկրներ կտրված են դոլարի օգտագործման հնարավորությունից, մեծ խնդիր է առաջանում փոխադարձ առեւտրի առումով։ Երբ հարցեր են բարձրացվում արտարժույթի միասնական շուկայի ձեւավորման եւ ազգային արժույթների կիրառման ընդլայնման մասին, խոսքը ապագայում նման խնդիրների չառաջացման մասին է։

- Հետաքրքիր հարց բարձրացրեցիք. Հայաստանի իշխանությունները վերջերս խոստովանեցին, որ տարբեր տեխնիկական պատճառներով չեն կարող մաքսային վճարներից ստացված միջոցները փոխանցել ԵԱՏՄ ընդհանուր բյուջե։ Այս հարցը լուծվե՞լ է։ Եթե ոչ, ապա կարո՞ղ է դա վնասել մաքսային միությանը եւ ապագայում մեծ խնդիրներ ստեղծել։

- Ոչ, դա չի կարող խնդիրներ ստեղծել։ Հարցը միայն դրամային միջոցների տեխնիկական փոխանցման մեջ է։ Իսկ այս հարցը տեխնիկապես լուծելու համար անհրաժեշտ էր քաղաքական որոշում կայացնել։ Այն ընդունվել է Բարձրագույն խորհրդի նախորդ նիստում, որտեղ ԵԱՏՄ երկրների ղեկավարները հաստատեցին երկրների միջեւ մաքսատուրքերի բաշխման ժամանակավոր ընթացակարգը։

- Այսինքն՝ տեխնիկապես, հավանաբար, Հայաստանում ստացված միջոցները կմնան Հայաստանում՝ այն գումարների դիմաց, որոնք Հայաստանը պետք է տարեվերջին ստանար ընդհանուր բյուջեի՞ց։

- Բաշխումը կատարվում է գրեթե ամեն օր։ Այդ միջոցները, որոնք գնում են Հայաստանի բյուջե, բնականաբար, գալիս են դրամով, հետո պետք է փոխարկվեն, հետո բաշխվեն՝ ըստ հաստատված տոկոսների։ Նույնն անում են Միության մյուս երկրները։ Փոխանցվում է միայն սալդոն: Ով ում պարտք է, նրան էլ փոխանցվում է այդ գումարը։ Հիմա, երբ երկու երկրների մոտ առաջացել են դժվարություններ այն պատճառով, որ նրանք չեն կարողանում դոլարով փոխանցումներ կատարել, հարց առաջացավ, թե ինչպես պետք է այդ փոխանցումները կատարել։ Այսքանը: Տեխնիկական հարցերը դրանքն են:

- Փետրվարին հայտարարեցիք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկը մշակել է արդյունաբերական համագործակցության ֆինանսավորման մեխանիզմներ։ Կարո՞ղ եք պատմել մեխանիզմների մանրամասների մասին:

- Մենք իսկապես մշակել ենք Միությունում մի շարք կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ եւ գործիքներ, զեկույցն արդեն պատրաստ է, այս հարցը քննարկվել է ԵՏՀ Կոլեգիայի եւ Խորհրդի նիստերում, այնուհետեւ այն կքննարկվի Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների կողմից։ Խոսքը մեր կողմից առաջարկված ֆինանսավորման մի քանի մեխանիզմների մասին է։ Դա, մասնավորապես, զարգացման բանկերի միջոցների օգտագործումն է կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման համար: Այս թեման քննարկվել է ԵԱՏՄ երկրների ֆինանսների նախարարությունների ղեկավարների հետ, ովքեր վստահեցրել են, որ կարող են որոշակի պայմաններ դիտարկել կոոպերացիոն նախագծերի արտոնյալ ֆինանսավորման համար։ Այն, ինչ կարող է օգտագործվել ի շահ կոոպերացիոն զարգացման, ազգային եւ վերպետական զարգացման ինստիտուտների կողմից խառը ֆինանսավորման մեխանիզմն է, որի արդյունքում կարող է ապահովվել վարկավորման ծախսերի մրցունակ մակարդակ։ Կային մի շարք առաջարկներ, որոնց, ցավոք, երկրներն ի սկզբանե չաջակցեցին։ Օրինակ՝ մենք առաջարկել էինք ստեղծել հատուկ հիմնադրամ, որի միջոցները կուղղվեն միայն կոոպերացիոն նախագծերի արտոնյալ ֆինանսավորմանը։ Սակայն 2022 թվականի հուլիսի 15-ի վերջին Խորհրդում այս հարցի քննարկումը ցույց տվեց երկրների սուր հետաքրքրությունը կոոպերացիոն ֆինանսավորման կոնկրետ աղբյուրներ եւ մեխանիզմներ գտնելու հարցում, ուստի հուսով եմ, որ այս տարի մենք կմշակենք եւ միջկառավարական խորհրդին կներկայացնենք Միության համապատասխան ակտերի նախագծերը։

- Պարզ է։ Որոշ ժամանակ առաջ ԵՏՀ ինտեգրման եւ մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազեւը հանդես էր եկել ԵԱՏՄ բորսայական տարածքի ստեղծման եւ Արեւմուտքից անկախ ազգային արժույթներով գնագոյացման համակարգի անցման օգտին։ Որքանո՞վ է իրատեսական մոտ ապագայում նման հարթակի ստեղծումը, եւ ի՞նչ օգուտներ կտա դա ԵԱՏՄ-ին։

- Անձամբ ես թերահավատորեն եմ վերաբերվում այս գաղափարին։ Չեմ կարծում, որ մենք կարող ենք գոյություն ունենալ մեկուսացված համաշխարհային շուկաներից եւ համաշխարհային գնագոյացումներից։ Իսկ դա հազիվ թե անհրաժեշտ լինի, քանի որ, ի վերջո, հատկապես հիմա նույնիսկ կիսափակ տնտեսության վրա արտաքին շուկաների ազդեցությունը դեռ բավական մեծ է լինելու։ Բացի այդ, կարծում եմ, որ մեր ծավալները բավարար չեն, որպեսզի այդ բորսաները կարողանան արդյունավետ գործել։ Նկատի ունեմ դաշնակից երկրների միջեւ ներքին առեւտրի ծավալը։

- Լավ։ Այս տարվա մարտին հայտարարվել էր, որ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել հաջորդ տարի։ Որքանո՞վ է կարեւոր այս համաձայնագիրը, ի՞նչ հեռանկարներ ունի, հատկապես Հայաստանի համար։

- Կարծում եմ, որ հատկապես հիմա դա չափազանց կարեւոր է, քանի որ իրանական շուկան բավականին մեծ է թե Հայաստանի, թե, ընդհանուր առմամբ, Միության համար։ Այնտեղ ապրում է մոտավորապես 80 միլիոն մարդ։ Եվ եթե մենք ավելի մեծ մուտք ունենանք դեպի այս շուկա եվրասիական ապրանքների համար, այն շուկաների փոխարեն, որոնք փակվել են եւ պարզ չէ, թե որքան ժամանակ փակ կմնան, նկատի ունեմ Եվրոպայի եւ Ամերիկայի շուկաները, ապա այս առումով իրանական շուկան որոշակի ելք է։ Եվ քանի որ մենք ընդհանուր սահման ունենք Իրանի հետ, ապրանքների հոսքը ամեն դեպքում կանցնի Հայաստանով, որը, բնականաբար, զգալի դիվիդենտներ կստանա իրանական տարանցումից։

- Իսկ Ղազախստա՞նը։ Այնտեղ ծովային ուղի կա․․․

- Այո, ճիշտ եք։ Բայց, այնուամենայնիվ, ցամաքային հաղորդակցությունն ունի մի շարք առավելություններ, որոնք, վստահ եմ, ապրանքների հոսքի մեծ տոկոսն են գրավելու, եւ դա որոշակիորեն կխթանի ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում։

- Իսկ ճանապարհնե՞րը: Սյունիքի ճանապարհները, մեղմ ասած, այնքան էլ բարվոք չեն։

- Այո, ճանապարհներն այնքան էլ լավը չեն, սակայն, եթե բիզնեսն ու երկիրը տեսնեն, որ դրանց կարիքը կա, ապա կարելի է ընդլայնել անցակետերը, բեռնատարների համար ավելի շատ կայանատեղիներ ստեղծել, ճանապարհները նորոգել ու ընդլայնել։

Արտակ Քամալյանը


- Նմանատիպ համաձայնագիր նախատեսվում է ստորագրել նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Իսկ դա կարո՞ղ է օգուտ բերել Հայաստանին։

- Անկասկած, ցանկացած ազատ առեւտրի համաձայնագիր շատ ձեռնտու է երկրներին՝ երկրում որոշակի ապրանքներ արտադրող ձեռնարկատերերի մրցակցային առավելությունների բարձրացման տեսանկյունից: Այն ավելանում է, երբ այդ ապրանքները գնում են երրորդ շուկաներ։ Այլ հարց է, թե արդյոք մենք կկարողանա՞նք արտադրել մրցունակ ապրանքներ, որոնք այնտեղ պահանջարկ կունենան։ Պատրա՞ստ են մեր ձեռներեցները ստեղծել այնպիսի ծավալներ, որոնք արդյունավետ կտեղափոխվեն այնտեղ։ Այս հարցերի շուրջ պետք է մտածել արդեն հիմա:

- ԱՄԷ-ի դեպքում էլ ենք ակնկալում, որ Հայաստանը կրկին կլինի գլխավոր դարպասը, թե՞ այլ ճանապարհներ կան։

- Կարծում եմ, եթե այս հարցն ինձ տայիք, օրինակ, վեց ամիս առաջ, ես խիստ կկասկածեի եւ կասեի ավելի շուտ «ոչ» քան «այո»: Հիմա վստահ եմ, որ եթե ճանապարհների եւ օդանավակայանների հետ կապված ենթակառուցվածքային խնդիրները լուծվեն, Հայաստանը շատ լավ շանս ունի դառնալու նշանակալից լոգիստիկ հաբ, որտեղ հնարավոր կլինի պահեստներ կառուցել, կազմակերպել ապրանքների տեսակավորում, փաթեթավորում եւ առաքում դեպի ԱՄԷ։

- Պարզ է։ Փետրվարին հայտարարվել էր, որ ԵԱՏՄ երկրները ծրագրում են իրականացնել «Եվրասիական ագրոէքսպրես» նախագիծը՝ Ասիա եւ Եվրոպա գյուղատնտեսական եւ սննդի ապրանքների արագացված փոխադրման համար ։ Ի՞նչ զարգացումներ կան ծրագրի իրականացման առումով։

- Կարծում եմ, նախագիծը, ընդհանուր առմամբ, ավարտական փուլում է, այն ավելի շատ նախատեսված է արտահանմանը խթանելուն եւ ուղղված է դեպի Չինաստան։ Այժմ, քանի որ բոլոր երկրներն ունեն արտահանման որոշակի սահմանափակում, հարցը հետին պլան է մղվել, բայց, կարծում եմ, երբ իրավիճակը փոխվի, «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի իրականացման հարցը կրկին ակտուալ կդառնա։

- Շատ լավ։ ԵԱՏՄ-ի շրջանակում առաջարկվում է ստեղծել միջազգային արբիտրաժ։ Ձեր կարծիքով, որքանո՞վ կարող է արդյունավետ լինել այս կառույցը։

- Նման միտք կար, դա քննարկվում էր մեր հանձնաժողովում, սակայն, ցավոք, կոնսենսուսային որոշման չեկանք։ Երկրները վկայակոչեցին այն փաստը, որ կա Եվրասիական դատարան, որը կարող է որոշումներ կայացնել նաեւ արբիտրաժային գործերով եւ որոշակի հանձնարարականներ տալ։ Որոշ երկրներ համաձայն էին դրա հետ, որոշ երկրներ՝ ոչ։ Եթե հարցնեք իմ անձնական կարծիքը, ինձ թվում է, որ նման դատարան անհրաժեշտ է, եւ այդ դատարանին պետք է որոշակի լիազորություններ տրվեն, որպեսզի դրա որոշումները պարտադիր, ոչ թե խորհրդատվական բնույթ կրեն, քանի որ երբեմն դա զսպում է ինտեգրացիոն գործընթացների զարգացումը։ Երբ բիզնեսը բիզնեսի հետ չի կարող ինքնուրույն համաձայնության գալ, եւ գործը հասնում է դատարան, երբ դա երկու տարբեր երկրներից երկու ձեռնարկատերերի համատեղ բիզնես է, ավելի օբյեկտիվ կլիներ, եթե որոշումը կայացներ եվրասիական արբիտրաժը, այլ ոչ թե հայկականը, ռուսականը, կամ ղազախականը։

- Իսկ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։

- Անհրաժեշտ է քաղաքական որոշում եւ փոփոխություններ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում։ Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ պայմանագիրը նման լիազորություններ չի պարունակում, այնտեղ նշվում է միայն Եվրասիական դատարանը։

- Հաջորդ հարցը։ Դուք ներկայացնում եք Հայաստանը հանձնաժողովում։ Կցանկանայի իմանալ, թե որո՞նք են այժմ հայկական կողմի առաջնահերթությունները ԵԱՏՄ-ում եւ ի՞նչն է մեզ համար հիմա ամենաարդիականը։

- Իմ կարծիքով, ներկա իրողություններում Հայաստանի առաջնահերթությունները նման են Ղազախստանի ու Ղրղզստանի առաջնահերթություններին։ Մեր պետությունները մի կողմից փորձում են, չխախտելով միջազգային իրավունքը, կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, մյուս կողմից՝ օգտագործել որոշակի շանս, որոշակի աշխարհաքաղաքական իրավիճակ՝ արտադրության կազմակերպման առումով որոշակի իրավասություններ զարգացնելու, ծառայություններ մատուցելու համար։ Եվ բոլոր երկրները, ի դեպ, դա անում են։ Օրինակ, Եվրասիական ֆորումում Ղազախստանի նախագահն առաջարկել էր փորձել Ռուսաստանից եւ Բելառուսից հեռացող օտարերկրյա ընկերությունների ռելոկացիայի մեխանիզմներ մշակել, որպեսզի նրանք չլքեն Միությունը ամբողջությամբ։ Ամեն ինչին պետք է մոտենալ խելամիտ եւ համակարգված՝ կշռադատելով բոլոր դրական ու բացասական կողմերը։ Հայաստանի իշխանությունն այսօր հենց այսպես է աշխատում։

- Ըստ Ձեր ներքին զգացողության, ինչպիսի՞ն է Հայաստանի ներկայիս կշիռը, դերը Եվրասիական միությունում։ Արդյո՞ք մեր դիրքերն ամուր են։

- Անկասկած։ Հայաստանը շատ հավասարակշռված եւ ռացիոնալ է մոտենում ԵԱՏՄ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացներին, եւ բոլոր երկրները դա գնահատում են։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի ներկայացուցիչները միշտ պաշտպանում են իրենց երկրի շահերը։

- Վերջին հարցս՝ փոքր-ինչ փիլիսոփայական. ինչպե՞ս եք աշխատում Մոսկվայում այլ երկրների ներկայացուցիչների հետ: Լա՞վ եք զգում Ձեզ այնտեղ:

- Ավելի քան: Կյանքիս մեծ մասն ապրել եմ Հայաստանից դուրս, ուստի ավելի շուտ ռուս-արեւմտյան մտածելակերպ ունեմ, եւ մեր հարաբերությունները գործընկեր նախարարների հետ ռացիոնալ են, բարի եւ ընկերական։ Մենք քննարկում ենք, որոշումներ ենք կայացնում, իհարկե, երբեմն առանց բուռն բանավեճերի հնարավոր չէ, սակայն, իմ կարծիքով, կայացված որոշումների արդյունավետությունը դրանից միայն ավելանում է։

Զրուցել է Դավիթ Ալավերդյանը
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 72499
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW