Արամ Նալբանդյան. Այսօրվա հնարավորությունները չպետք է բաց թողնել

12.07.2022 | 00:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Արամ Նալբանդյան #ANIF
Աշխարհաքաղաքական իրադարձությունները, փոխարժեքի տատանումները շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ Հայաստանի ներդրումային միջավայրի եւ տնտեսական իրավիճակի վրա:

Banks.am-ը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF-ԱՆԻՖ) տնտեսական վերլուծության գծով փոխնախագահ Արամ Նալբանդյանի հետ զրուցել է ներդրումային միջավայրի զարգացման, խթանիչ գործիքների ներդրման եւ դրամ-դոլար-ռուբլի տատանումների պատճառների մասին:

- Պարոն Նալբանդյան, զրույցը սկսենք Հայաստանի ներդրումային իրավիճակի մասին Ձեր գնահատականից: Ինչպիսի՞ն է այն ներկայում եւ զարգանալու ի՞նչ պոտենցիալ եք տեսնում:

- Հայաստանի ներդրումային իրավիճակը ներկայիս պայմաններում, կարծում եմ բավականին մեծ պոտենցիալ ունի: 2020թ.-ի կրճատումներից հետո, 2021թ.-ին ակտիվություն սկսվեց, ինչն այս տարի ավելի տեսանելի ձեւով է շարունակվում:

Այժմյան աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանը գտնվում է շատ հետաքրքիր վիճակում, ինչից պետք է օգտվի: Նոր միջավայր, նոր հնարավորություններ են ստեղծվում: Օրինակ՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով ամբողջ երկրում տեխնիկայի, նոր տեխնոլոգիաների ներմուծման հետ կապված դեֆիցիտ կա: Եվրասիական միջկառավարական խորհրդի վերջին նիստերի ժամանակ խորհրդի անդամները որոշում ընդունեցին ԵԱՏՄ անդամ երկրներում ներդրումներ կատարել՝ նոր տեխնոլոգիաների արտադրություն սկսելու նպատակով: Սա մեծ հնարավորություն է, մեծ շուկա է բացվում ԵԱՏՄ տեսքով Հայաստանի համար եւ պետք է աշխատել այդ ուղղությամբ:

Քանի որ Հայաստանը հայտարարում ենք բարձր տեխնոլոգիաների զարգացման համար բարենպաստ երկիր, այսօրվա հնարավորությունները չպետք է բաց թողնել, պետք է գործել շատ արագ, տեղի ունեցող բոլոր գործընթացներին արդյունավետ եւ ավելի արագ արձագանքել: Այսօր Հայաստանը հնարավորություն է ստանում ներգրավվել այլ երկրներից ոչ միայն զուտ տեխնոլոգիաներ, այլեւ գիտական, բարձրակարգ մասնագետների, տեղի է ունենում այսպես ասած «ուղեղների ներհոսք», որը, իհարկե, յուրահատուկ է մեր երկրի համար։

Արամ Նալբանդյանը


Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսությունն ընտրել է որպես երկրի զարգացման ռազմավարական երկարաժամկետ ուղղություններից մեկը (2014-2025 թթ)։ Արդյունքում գյուղատնտեսական արտադրության համար ընդունվել է բարենպաստ հարկային համակարգ՝ ներառյալ շահութահարկից ազատելը ։

Հայաստանում ընդհանուր հողի ռեսուրսների մոտ 70% -ը ունի գյուղատնտեսական նշանակություն։ Ջերմոցային գյուղատնտեսական արտադրությունը Հայաստանում արտադրության եւ արտահանման աճի մեծ ներուժ ունի։ Վերջին տարիներին այն դրսեւորում է աճի եւ զարգացման բարձր տեմպ։

Հայաստանում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները ջերմոցային տնտեսությունների զարգացման եւ ընդլայնման համար։

Ներդրումների մեկ այլ ուղղություն է ծանր, խոշոր արդյունաբերության զարգացումը, որը բարդ եւ երկարատեւ գործընթաց է, քանի որ բնական ռեսուսներից հարուստ ենք միայն մետաղական հանքերով, բայց կա նաեւ հնարավորություն արտադրություն զարգացնելու համար։    

Սոցիալական ոլորտում նույնպես անհրաժեշտ են ներդրումների ներգրավումը, կրթության (ի թիվս ֆինանսական կրթության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման), սպորտի եւ ամենակարեւորը առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված։ Մենք տեսնում ենք այսօր մասնագետների, ինչպես նաեւ ներդրումներ կատարելու ցանկացողների մեծ հոսք ԱՄՆ-ից, Եվրոպաից եւ հատկապես Ռուսաստանից։  

Մի փոքր վատատեսական հայացքներ կան այն առումով, որ տեխնոլոգիաների մասնակի արտադրություն իրականացնելու ընթացքում ԵԱՏՄ անդամների հետ համագործակցության հետեւանքով Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից կարող են պատժամիջոցներ կիրառվել, բայց չեմ կարծում, թե պետք է վախենալ դրանցից ու ոչինչ չանել: Ուղղակի այս պարագայում պետք է դիվանագիտական հարաբերություններ  զարգացնել բոլոր գործընկեր երկրների հետ՝ բաց չթողնել այս հնարավորությունները զարգացնելու թե առեւտրային, թե ֆինանսական, թե տրանսպորտային համագործակցությունը:

- Իսկ արեւմտյան երկրների հետ համագործակցելու ի՞նչ հեռանկարներ կան՝ ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ:

- Ներկայում, փաստացի, Արեւմուտքի ներդրումները Ռուսաստանի եւ ԵԱՏՄ երկրների ուղղությամբ փակվել է: Իրենց պետք է նոր ուղղություն, եւ այս պարագայում Հայաստանը կարող է երկու կողմից ներդրումներ ակումուլացնել՝ թե՛ Արեւմուտքի համար, թե՛ ԵԱՏՄ անդամների համար:

ՀՀ-ն որպես ԵԱՏՄ անդամ, հնարավորություն ունի մտնել մեծ շուկա՝ առանց մաքսատուրքի, առանց հարկային բեռի: Այսինքն` ներդրողները պետք է հասկանան, որ այստեղ արտահանելուն միտված արտադրություն դնելով՝ հնարավորություն ունեն դուրս գալու Ռուսաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Բելառուս:

Ռուսաստանը ընդլայնում է համագործակցության շրջանակները Բրիքսի անդամ երկրների հետ, ներգրավելով ԵԱՏՄ անդամ երկրներին: Այստեղ եւս Հայաստանը նոր հնարավորություն է ստանում ե՛ւ արտահանման, ե՛ւ անտեղից ներդրումներ ստանալու ուղղությամբ:

- Ի՞նչ նոր գործիքներ են ներդրվում ներդրումները խթանելու համար:

- Կարծում եմ, ներդրումների խթանմանն ուղղված այսօր իրականացվող կարեւոր բարեփոխումներից ամենակարեւորը ֆինանսական համակարգի կատարելագործումն է, որն առաջին գործիքներից մեկն է ներդրողների  համար, ինչպես նաեւ ֆինանսական հոսքերի կարգավորման համար:

Զարգանում է նաեւ կրիպտոարժութային շուկան, ինչը, կարծում եմ, եւս մեկ միջոց է ներդրումային միջավայրը բարելավելու համար: Սակայն ներկայումս դեռ չկա այս ոլորտը կարգավորելու բավարար նորմատիվային բազա, այնուամենայնիվ Կառավարությունը եւ Կենտրոնական Բանկը այդ ուղղությամբ աշխատում են:

Արամ Նալբանդյանը


Հայաստանում ECOS Հրազդան ազատ տնտեսական գոտու ստեղծումը բլոկչեյն նախագծերի զարգացման համար, որը նպաստում է երկրում բարձր տեխնոլոգիական զարգացումների զարգացմանը, ներդրումների ներգրավմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Ընդհանուր առմամբ սա լրացուցիչ խթան է երկրի տնտեսության զարգացման համար։

Կրիպտոարժույթների եւ բլոկչեյն էկոհամակարգի զարգացման առումով Հայաստանի դիրքերն ամրապնդվում են բարձր մարդկային ռեսուրսներով. կան մեծ թվով մասնագետներ գիտահետազոտական եւ տեխնոլոգիական ոլորտում, ինչը թույլ է տալիս արագ գտնել ու ներգրավվել որակյալ կադրեր։

- Խնդրում եմ անդրադառնալ նաեւ դրամ-դոլար տատանումներին, ռուբլու ամրապնդմանը: Ըստ Ձեզ՝ դոլարի նման արժեզրկումն ինչո՞վ է պայմանավորված:

-  Դոլարի դիրքի անկում նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես աշխարհում: Սա հիմնականում աշխարհաքաղաքական բացատրություն ունի:

Եթե անդրադառնանք այսօրվա դրամի արժեւորմանը, ապա սրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ Հայաստան եկող գազի դիմաց վճարումներն այլեւս դոլարով չեն կատարվում: Վճարումները արվում են ռուբլիով, ինչի հետեւանքով պահանջարկը դոլարի նկատմամբ ընկել է:

Ավելացել է նաեւ Ռուսաստանից ժամանած քաղաքացիների տրանսֆերտների աճը, ինչն իր հետ բերել է դոլարի քանակի ավելացման, ինչն էլ իր հերթին բերել է էժանացման: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, մարտի սկզբից մոտ 100 հազար ռուսաստանցի է եկել Հայաստան, որոնք բանկերում հաշիվներ են բացում, ընկերություններ գրանցում, ակտիվներ են բերում, վճարվում են դոլարով:

Ընդհանուր առմամբ, 2022թ.-ի առաջին չորս ամսվա ընթացքում՝ հունվար-ապրիլին, ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են փոխանցել մոտ 919 մլն ԱՄՆ դոլար։ 2021թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 345 մլն դոլարով կամ 60%-ով։

Մասնավորապես, միայն Ռուսաստանից այս տարվա հունվար-ապրիլին ուղարկվել է 472 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրկնակի աճել է՝ 254 մլն դոլարով։ Սրանով էլ հիմնականում պայմանավորված է տրանսֆերտների ընդհանուր ցուցանիշի աճը։ Այս գումարները ոչ միայն Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների ուղարկած, այլեւ՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան ժամանած ռուսաստանցիներին ուղարկվող փողերն են։

4 ամսվա ընթացքում Հայաստանից 524 մլն դոլար է փոխանցվել արտասահման ֆիզիկական անձանց կողմից, որը 2021թ.-ի նույն ամիսների համեմատ աճել է 154 մլն դոլարով կամ 42%-ով։

Եթե խոսենք սրանից Հայաստանի ստացած օգուտներից եւ վնասներից, ապա կարելի է ասել, որ դրամի արժեւորումն իր հետ բերում է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն: Դրամի արժեւորումը ե՛ւ կարճաժամկետ, ե՛ւ երկարաժամկետ հեռանկարում բացասական ազդեցություն է թողնում արտահանող ընկերությունների եւ արտահանման հետ կապված ոլորտների վրա՝ դժվարացնելով վաճառքը եւ երբեմն՝ նվազեցնելով մրցունակությունը արտաքին շուկաներում։

Տուժում են նաեւ տեխնոլոգիական ընկերությունները, որոնք այս պահին արդեն ստիպված են եղել մոտ 20%-ով բարձրացնել իրենց ծառայությունների գները, ինչը անխուսափելիորեն կթուլացնի նրանց մրցակցային դիրքերը արտաքին շուկաներում եւ կհանգեցնի հաճախորդների կորստի:

Տուժում են գինի, կոնյակ, հյութեր եւ այլ գյուղատնտեսական ապրանքներ արտահանող հայկական ընկերությունները, որոնք, ելնելով շուկայի դիվերսիֆիկացիայի նկատառումներից, Ռուսաստանից բացի, վաճառվում են նաեւ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ասիայում։

Պետք է հաշվի առնել, որ արտահանողները թե քանակական, թե ծավալային ցուցանիշներով շատ քիչ են Հայաստանում, կարող են իրենց գնային քաղաքականությունը գնորդների հետ կարգավորել եւ այդ իջեցումը կոմպենսացնել:

Ներմուծողներին, իհարկե, այս վիճակն ավելի ձեռնտու է, ինչն էլ իր հերթին լավ է բնակչության համար, քանի որ ավելի էժան բազայով է ապրանքը ձեռք բերվում:

2022թ.-ի հունվար-ապրիլին արտահանումը Հայաստանից կազմել է շուրջ 1 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 25%-ով աճել է, իսկ 2021թ.-ին 19%-ով 2020թ.-ի նկատմամբ։ Միեւնույն ժամանակ, սակայն, ավելի արագ է աճել ներմուծումը՝ մոտ 40% եւ կազմել 1.9 մլրդ դրամ։

Արամ Նալբանդյանը


Ամեն դեպքում այս իրավիճակն իր դրական հետեւանքներն ունի, բայց չեմ կարծում, որ դրամի արժեւորումը երկար կտեւի, քանի որ Ռուսաստանը կսկսի թուլացնել ռուբլին: ՌԴ բյուջեն տարվա սկզբին ֆիքսվել է դոլարի բարձր կուրսով եւ այն չկատարելու պատճառով կսկսի թուլացնել ռուբլու դիրքերը, սա էլ իր հերթին կբերի դոլարի ամրապնդման: Դոլարի կուրսի վրա կազդի անհապաղ «զուգահեռ ներմուծման» զարգացումը Ռուսաստանում: Քանի որ մեր տնտեսությունն էլ ամեն դեպքում ունի կախվածություն Ռուսաստանի տնտեսությունից, համեմատաբար դանդաղ, բայց մեզ մոտ էլ դոլարի բարձրացման տենդենցը կնկատենք:

- Մոսկվայի բորսայում դրամի առկայության մասին ի՞նչ կարող եք ասել:

- Սա մեծ նորություն է: Առեւտուրը կարելի է ոչ միայն ռուբլիով, այլեւ հայկական դրամով իրականացնել: Սա շատ լավ նորություն է, քանի որ երբեք հայկական արժույթը չի հայտնվել որեւէ բորսայում:

Այս պարագայում արտաքին շուկայում սկսվում է դրամի իրացվելիության բարձրացում, այսինքն՝ ապրանքաշրջանառության, առեւտրի զարգացումը տեղի է ունենում դրամով։ Ռուսաստանում կակտիվանան դրամային գործարքները, ռուսական ներմուծողները կարող են բորսայից միանգամից դրամ ձեռք բերել հետագա գործարքների համար։

Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերն է. առաջին տեղում է ինչպես ներմուծման, այնպես էլ՝ արտահանման գծով։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2021թ.-ին ՌԴ է արտահանվել մոտ 850 մլն դոլարի ապրանք, որը 2020թ.-ի համեմատ մոտ 25% աճ է ունեցել: Իսկ Ռուսաստանից Հայաստան 1 մլրդ 800 մլն-ի չափով ապրանք է տեղափոխվել, որը եւս 20% աճ է արձանագրել: 2021թ.-ին Հայաստանի արտահանման կազմում Ռուսաստանի տեսակարար կշիռը կազմել է 28%, իսկ ներմուծման կազմում՝ 33.3%:

Համեմատության համար նշեմ, որ արտահանման գծով Ռուսաստանին հաջորդում է Չինաստանը՝ 13% տեսակարար կշռով, ներմուծման գծով եւս նշված երկիրն է՝ 16.2% կշռով։

Այսպիսով, դրամի առկայությունը բորսայում կարող է ձեւավորել դրամ-ռուբլի շուկան, առանց կրոս փոխարկման, իսկ դա իր հերթին կապահովի շուկայում իրացվելիությունը, որը, անշուշտ, դրական կազդի թե առեւտրային եւ թե ներդրումային գործընթացների բարելավմանը:  

Արփի Ջիլավյան

Լուսանկարները Էլեն Գասպարյանի
Դիտում՝ 48709
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW