Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց RUMELS Management Solutions ընկերության հիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ:RUMELS Management Solutions ընկերությունը հիմնվել է 2013 թվականին: 2021 թվականից Միացյալ Արաբական Էմիրություններում նոր ստեղծված RUMELS Management Solutions FZE ընկերությունը սկսել է ֆինանսական խորհրդատվական ծառայություններ մատուցել նաեւ Պարսից ծոցի երկրներում։Վերջին 22 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ օրերս ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։- Պարոն Մելիքյան, որքանո՞վ տարբերվող կլինեն ՀՀ բանկային համակարգի ցուցանիշներն առաջին կիսամյակի արդյունքներով՝ հաշվի առնելով նաեւ գլոբալ շուկաներում տիրող ճգնաժամը: - Ըստ մեր ընկերության կանխատեսումների, ընթացիկ տարվա առաջին կիսամյակը ՀՀ բանկային համակարգի համար կդառնա ամենաշահութաբերներից մեկը։ Շահույթի սպասվող նման աճը պայմանավորված է հիմնականում ոչ տոկոսային եկամուտների զգալի աճով։Բարձր է հավանականությունը, որ վերը նշված դրական միտումը կշարունակվի մինչեւ 2022 թվականի ավարտը: Դա թույլ կտա բանկերին արձանագրել տարեկան զուտ շահույթի ռեկորդային բարձր ցուցանիշներ։ Կարծում ենք, որ ՀՀ բանկային համակարգի զուտ շահույթ/ընդհանուր կապիտալ հարաբերակցությունը (ROE) ընթացիկ տարվա համար պետք է դառնա երկնիշ, իսկ որոշ բանկերում՝ նույնիսկ ավելի քան 20%։Վերը նշվածը հիմնականում պայմանավորված է հայտնի իրադարձություններով՝ կապված Ռուսաստանի եւ Արեւմուտքի խորացված հակամարտության հետ եւ դրանցով պայմանավորված անուղղակի հետեւանքներով, ինչպիսին են Ռուսաստանից Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր քաղաքացիներով եւ հարյուրավոր նոր ընկերությունների ստեղծմամբ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ՀՀ բանկերը կարողացել են ճիշտ գործիքակազմով հնարավորինս բարելավել իրենց ցուցանիշները, միաժամանակ, արդյունավետ կառավարել եւ զսպել ռիսկերը։- Ներկայում տնտեսվարողների ուշադրության կենտրոնում է ՀՀ դրամի փոխարժեքը: Ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված դրամի նման ամրապնդումը եւ ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ գնաճային սպասումների վրա:- Աշխարհում տեղի ունեցող գնաճն, իրականում, աննախադեպ է: Այսպես, ընթացիկ տարվա մայիսի դրությամբ ԱՄՆ-ում այն կազմել է շուրջ 8.6%, Եվրամիությունում՝ 8.8%, եւ հնարավոր է՝ շուտով ականատես դառնանք նաեւ երկնիշ գնաճի ցուցանիշներին (այսօր արդեն Մերձբալթյան երկրներում այն 15%-ից ավելի է)։ Նմանատիպ բարձր գնաճ արձանագրվել է մոտ 40 տարի առաջ՝ 1980-ականների սկզբին։ Նշված արտասովոր գնաճի հիմքում բազմաթիվ պատճառներ են. Covid-ով պայմանավորված էական դրամային էմիսիաները, մատակարարման շղթաների խնդիրները, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, էներգակիրների գների զգալի աճը։ Նշված գնաճն ունի նաեւ կառուցվածքային բաղադրիչ, որն ավելի է բարդացնելու այն կառավարելի մակարդակին իջեցնելու գործընթացը։Հայաստանում գների առաջին էական աճն արձանագրվեց 2021 թվականի առաջին եռամսյակում՝ կապված, մասնավորապես, ներմուծված ապրանքների հետ: Հիմնական պատճառը ՀՀ դրամի արժեզրկումն էր՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց ՀՀ դրամի փոխարժեքը հասել էր 520-530-ի:Այնուհետեւ իրավիճակը որոշ չափով հանդարտվեց: Սակայն այս տարվա առաջին ամիսներից սկսած իրավիճակը վատթարացավ եւ գները սկսեցին էականորեն աճել։Զգալիորեն ամրապնդվեց նաեւ ՀՀ դրամը (շուրջ 20%-ով), որի փոխարժեքը հասավ 400-410 ՀՀ դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց , ինչն, ըստ էության, պետք է էականորեն ազդեր գնաճի նվազման վրա։ ՀՀ դրամի նման ամրապնդումն ունի նաեւ բացասական կողմեր, որպես օրինակ՝ արտահանող տնտեսվարողների ֆինանսական վիճակի վատթարացումը. առաջին հերթին, խոսքը գնում է ոչ Ռուսաստան ապրանքներ կամ ծառայություններ արտահանողների մասին, քանի որ նույն ժամանակահատվածում համապատասխանաբար ամրապնդվել է նաեւ ռուսական ռուբլին։ Սակայն Ռուսաստան ապրանքներ եւ ծառայություններ արտահանողների համար ի հայտ եկան այլ խոչընդոտներ. Լարսի անցակետում մեծ կուտակումներ, խնդիրներ՝ կապված Ռուսաստանի հետ բանկային փոխանցումների իրականացման հետ։Կարծում ենք, որ ՀՀ դրամի նման էական ամրապնդումը կախված է երկու հիմնական պատճառներից. արտարժույթի առաջարկի աննախադեպ եւ էական աճ, ինչպես նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի քաղաքականությամբ պայմանավորված՝ բարձր գնաճի զսպում: Գնաճը զսպելու նպատակով ՀՀ ԿԲ օգտագործել է նաեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման գործիքակազմը, որն այս պահին կազմում է 9.25%։Երկրորդ եռամսյակի տվյալների ամփոփումից հետո ավելի պարզ կդառնա՝ արդյոք ՀՀ դրամի նշված ամրապնդումն արդյունավետ է եղել Հայաստանում գնաճի նվազման հարցում:Այսօրվա դրությամբ նկատվում է որոշ անհամաձայնություն ՀՀ ԿԲ-ի եւ կառավարության միջեւ՝ պայմանավորված հիմնական նպատակների տարբերությամբ: Հուսով ենք, որ, ի վերջո, կգտնվի խելամիտ տարբերակ, որը հնարավորություն կտա զսպել գնաճը՝ առանց էական վնաս հասցնելու ՀՀ տնտեսությանը։ Ակնառու է, որ շատ թե քիչ կայուն եւ կանխատեսելի ՀՀ դրամի փոխարժեքը չափազանց կարեւոր է տնտեսվարողների արդյունավետ գործունեությունը ապահովելու համար։- Գլոբալ շուկաներում դրամավարկային քաղաքականության խստացումն ի՞նչ արձագանքներ կարող է ունենալ ՀՀ ֆինասական հատվածի վրա:- Նպատակ ունենալով զսպել գնաճը՝ այս տարվա հունիսի 15-ին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (FED) բարձրացրել է իր նպատակային դաշնային միջոցների տոկոսադրույքը միանգամից 0.75% տոկոսային կետով՝ հասցնելով այն 1.50% մինչեւ 1.75% միջակայքին։ Նշված էական բարձրացման բացասական կողմն այն է, որ որոշ չափով արգելակվում է տնտեսական ակտիվությունը, ինչն, իր հերթին, հղի է ավելի խորը հետեւանքով՝ ռեցեսիայով։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ կախված սպասվող գնաճից եւ տնտեսական ակտիվության ցուցանիշներից՝ մինչեւ տարեվերջ նշված դրույքը կարող է բարձրանալ եւ հասնել 4%-ի։Այսօր արդեն պարզ է, որ աշխարհում տոկոսադրույքները ոչ միայն միտում ունեն բարձրանալու, այլ արդեն իսկ էական բարձրացել են, օրինակ՝- Տոկոսադրույքի ցուցանիշը, ինչպիսին է Libor-ը (ի դեպ, որը փոխարինվելու է 2023թ. հունիսի 30-ից SOFR-ով (Secured Overnight Financing Rate), էականորեն աճել է մեկ տարում եւ այսօրվա դրությամբ կազմում է ավելի քան 3% (Libor, USD, 1 year)։- ԱՄՆ-ի 10 տարի ժամկետով պարտատոմսերի եկամտաբերությունը զգալի աճել է վերջին ամիսներին՝ հասնելով շուրջ 3%-ի, ինչը նույնպես աննախադեպ բարձր ցուցանիշ է վերջին տարիների համար։ 1980 թվականների առաջին տարիներին, երբ գնաճը եղել է ավելի քան 10%, նշված տոկոսադրույքը կազմում էր նույնպես 10-16%։Օրինակները կարելի է շարունակել, սակայն այսօր արդեն պարզ է, որ ցածր տոկոսադրույքների ժամանակաշրջանը մնացել է անցյալում եւ հարկավոր է պատրաստ լինել աշխատել եւ ապրել նոր իրավիճակում՝ բարձր, միգուցե նաեւ երկնիշ տոկոսադրույքների պայմաններում։Կա մեծ հավանականություն, որ Հայաստանում եւս կբարձրանան տոկոսադրույքները՝ չնայած դեռ բանկային համակարգը ունի համեմատաբար բարձր իրացվելիություն եւ նմանատիպ բարձրացման միտումներ դեռ չեն նկատվում։Քանի որ Հայաստանն ինտեգրված է միջազգային ֆինանսական համակարգում, ապա առաջին ազդակները գալիս են հենց արտասահմանյան բորսաներում թողարկած պետական եւ կորպորատիվ պարտատոմսերի տոկոսադրույքների աճով։- Ստեղծված պայմաններում որքանո՞վ զգուշավոր պետք է լինեն ֆիզիկական անձանց քայլերը՝ ֆինանսական ծառայություններից օգտվելու առումով:- Հաշվի առնելով ընթացիկ զարգացումները, խորհուրդ կտանք.- Խուսափել բարձր ռիսկային ներդրումներից, օրինակ՝ կրիպտոարժույթներում ներդրումներից,- Խուսափել կնքել վարկային պայմանագրեր՝ լողացող տոկոսադրույքով,- Ներդրումներ կատարել հնարավորինս կարճ ժամանակահատվածով (մինչեւ 1 տարի)։Ներդրողներին նաեւ խորհուրդ ենք տալիս հնարավորինս դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները՝- թե ֆինանսական կազմակերպությունների մասով (փորձել ներդրում կատարել ավանդի կամ պարտատոմսի տեսքով՝ առնվազն 3-4 տարբեր բանկերում), - թե ֆինանսական գործիքների մասով (ցպահանջ ավանդներ, ժամկետային ավանդներ, պարտատոմսեր գնել թե առաջնային, թե երկրորդային շուկայից), - թե ներդրումների տեսակների մասով (բանկերում ներդրումներ, ներդրումներ անշարժ գույքի մեջ եւ թանկարժեք մետաղներում, վերջինի մասով՝ ներդրումային պորտֆելի մոտ 5%-7% չափով)։- Պարոն Մելիքյան, վերջում կխնդրեի կիսվել RUMELS Management Solutions ընկերության վերջին նորություններով:- 2021 թվականից մատուցում ենք ֆինանսական խորհրդատվություն, ներառյալ՝ բիզնեսի գնահատումներ Միացյալ Արաբական Էմիրություններում։Առաջարկվող հիմնական ծառայություններն են.1. Բիզնեսի գնահատում,2. Մոտիվացիոն եւ պարգեւատրման համակարգերի մշակում,3. Կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության արդյունավետության գնահատում, KPI բացահայտում,4. Համալիր ֆինանսական ստուգում (due diligence),5. Ֆինանսական եւ կառավարչական հաշվետվությունների համակարգի ներդնում:Սկսած 2020 թվականից ներկայացնում ենք ՀՀ բանկային համակարգի ամփոփած արդյունքները՝ եռամսյակային կտրվածքով, որոնք բացառիկ պայմաններով հրապարակվում են Banks.am կայքում։ Նշված նախագիծը չի հետապնդում եկամուտ, այլ պարզապես փորձում ենք օգտակար լինել ֆինանսական համակարգի աշխատակիցներին, ինչպես նաեւ հանրությանը։Ընկերության ծառայություններին ծանոթանալու համար կարող եք այցելել rumels.am կայքը։Ռուբեն Մելիքյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 77845