«Բի-Դի-Օ Արմենիա»-ի առաքելությունն ու ռազմավարության հիմնական կետերը

10.05.2022 | 08:03 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Բի-Դի-Օ Արմենիա #Մանվել Ղազարյան
«Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությունը 1963-ին հիմնադրված «Բի-Դի-Օ Գլոբալ» ցանցի անդամ է: 164 երկրում ներկայացված ընկերությունն առաջարկում է հաշվապահական, հարկային եւ գործարար խորհրդատվական ծառայություններ, ունի ավելի քան 95 000 աշխատակից:

«Բի-Դի-Օ» միջազգային ցանցը Հայաստան եկել է 2010-ին՝ ձեռք բերելով 1996թ-ից Հայաստանում գործող «Ամերիա Աուդիտ » ընկերության բաժնետոմսերը։ Ընկերությունն այսօր ունի 90 աշխատակից:

Ինչպե՞ս է «Բի-Դի-Օ Արմենիա»-ն արձագանքում երկրում եւ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին, պարզել ենք ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանի հետ զրույցի արդյունքում։

Օգնել մարդկանց հասնել իրենց երազանքներին

Մեր ընկերությունը Հայաստանում ամրապնդվել է 2010թ-ին եւ կարճ ժամանակահատվածում իր շուրջն է համախմբել պրոֆեսիոնալ մասնագիտական թիմ՝ հաջողությամբ ընդլայնելով մատուցվող ծառայությունների ցանկն ու ապահովելով իր տեղը հայկական շուկայում:

Այս պահին Բի-Դի-Օ-ն Հայաստանում մատուցում է աուդիտորական, հաշվապահական, իրավաբանական, հարկային, խորհրդատվական ծառայություններ:

Ի սկզբանե, «Բի-Դի-Օ Արմենիա»-ի գլխավոր նպատակը Հայաստանի տնտեսությունում կարեւոր դերի ամրապնդումն է եղել եւ այսօր, եթե դիտարկենք տնտեսական ցուցանիշները, պարզ է դառնում, որ մեր ընկերությունը առաջատար դիրքերից մեկն է զբաղեցնում:

Մանվել Ղազարյանը

Այսօր շուկայի խոշոր դերակատարներից ենք եւ ընկերությունում որդեգրել ենք հետեւյալ առաքելությունը՝ օգնել մարդկանց հասնել իրենց երազանքներին։ Ընդ որում, դիտարկում ենք ինչպես մեր թիմակիցներին եւ հաճախորդներին, այնպես էլ հասարակությունը:

Մոդելային ռազմավարություն

Միջազգային մեծ ընկերությունները սովորաբար կազմում են կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարություններ:

Մեր ընկերության պարագայում՝ հաշվի առնելով Հայաստանի արագընթաց կյանքն ու արագ փոփոխվող իրավիճակները, մենք սահմանել ենք եռամյա՝ 2021-2023 թթ. ռազմավարություն։

Կարծում եմ, ռազմավարություններ մշակելիս ի սկզբանե սխալ է ներառել նաեւ ֆորս մաժորային իրավիճակները, որովհետեւ շատ հաճախ, արագ արձագանքման կարիք ունեցող հարցերը ծագում են անկանխատեսելի, անսպասելի։

Վառ օրինակը վերջին 3 տարում կատարվող իրադարձություններն են՝ հեղափոխություն, համավարակ, պատերազմ, ռուս-ուկրաինական պատերազմ, աշխարհաքաղաքական զարգացումներ:

Մանվել Ղազարյանը

Սրանք բոլորը ահռելի փոփոխություններ են, որոնք անմիջական ազդեցություն ունեն ե՛ւ տնտեսության, ե՛ւ տնտեսական, ե՛ւ մարդկային հարաբերությունների վրա:

Մեկ տարի առաջ նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել, որ արտերկրից աշխատուժի ներհոսք է լինելու Հայաստանում, քանի որ մենք մշտապես արտահոսքի խնդիր ենք ունեցել: Այսօր ռազմավարության մեջ նոր կետեր ենք ավելացնում՝ նոր հարաբերությունների զարգացում, ընկերությունների գրանցում, կեցության խնդիրների ապահովում եւ այլն:

Մեր ռազմավարությունն այս բոլոր իրավիճակներին արագ է արձագանքում շնորհիվ նորարարական մոտեցումների՝ սա ներառում է եւ ծառայությունների մատուցման տարատեսակ մոդելներ, եւ ռեսուրսների թարմացում, պատրաստում եւ վերապատրաստում, ներքին կազմակերպական ունակությունների մոդել։

Ռազմավարության կետերը

Մեր ռազմավարության հիմքում ընկած են մեր պատկերացումները, թե, ի վերջո, որտե՞ղ ենք մենք ուզում հասնել միջնաժամկետ եւ երկարաժամկետ ապագայում, որն է ընկերության զարգացման մեր տեսլականը եւ որն է մեր առաքելությունը: Մեր ռազմավարությունը բաղկացած է երկու մասից՝ առաջինը վերաբերում է իրացմանը, ծավալներին, հաճախորդներին եւ հասույթներին, երկրորդը՝ կազմակերպական, որակական ունակությունների զարգացմանը:

Այստեղ էական դեր ունեն հաճախորդների հետ հարաբերությունները եւ շփումները, քանի դրանք անընդհատ վերանայման կարիք ունեն:

Մանվել Ղազարյանը

Եթե որեւէ իրավիճակում հաճախորդի համար կարեւոր է դառնում ֆինանսական հաշվետվությունների հավաստիացումը, խորհրդատվությունը, նշանակում է նրանց պահանջներն ավելացել են եւ պետք է ճիշտ արձագանքել:

Մեր արձագանքն այս իրավիճակում կարող է լինել լավ, միջին, բավարար կամ անբավարար: Սա նույնպես պետք է հասկանալ, որովհետեւ հաճախորդների հետ հարաբերությունների եւ մատուցած ծառայությունների որակի միջեւ ուղիղ կապ կա։ Հետադարձ կապը մեզ ուղղորդում է՝ ինչը մենք այնպես չենք անում, ինչը վերանայման եւ շտկման կարիք ունի, որ ոլորտում ենք ակտիվ, որում՝ պասիվ:

Որպես ռազմավարական նպատակներ ընկերությունը սահմանել է բիզնեսի աճը եւ կազմակերպական զարգացումը: Առաջին նպատակի՝ բիզնեսի աճն ապահովելու նպատակով իրականացնում ենք որոշակի ռազմավարական նախաձեռնություններ՝ եկամուտների աճ եւ արդյունավետության բարձրացում, նոր ծառայությունների զարգացում, աշխատանքային միջավայրի բարելավում, ծառայությունների բարձր որակի ապահովում եւ որակի վերահսկում, ներդրումներ հասարակության մեջ։

Թիմային ռազմավարություն

Որքան հզոր է թիմը, որքան մեծ ներուժ ունի, այնքան ընկերությունը եւ բիզնեսը կծաղկեն։ Թիմային ռազմավարության թիրախում թիմի մասնագիտական կարողությունների հզորացումն է:

Կարեւորագույն կետերից է կարողությունների զարգացման գործիքակազմի կիրառումը: Այն սկսում է տարբեր դասընթացների ֆինանսավորումից մինչեւ որակական բարձրացման խրախուսում:

Բի-Դի-Օ միացումները

Տարբեր ընկերությունների միացումները ՝ մեկ հարկի ներքո, միանշանակ մեկնաբանվող երեւույթներ չեն։

Միացման առավելությունը հետեւյալն է՝ 10-18 տարվա կայացած ընկերությունը մյուս ընկերություն է բերում կայացած թիմ, ներքին մշակույթ, ձեւավորված բարոյական կոդեքս։ Սակայն չես կարող խուսափել նաեւ երկու մշակույթների ինտեգրման հակասությունից։

Մանվել Ղազարյանը

Այս առումով՝ համատեղ աշխատանքը ժամանակ է պահանջում։ Մասնագիտական տեսանկյունից սա ավելի հեշտ հաղթահարելի է մարդկանց համար՝ կան պահանջներ եւ դրանց բավարարում։

Հոգեբանական առումով սա բավականին դժվար է՝ թիմին հարմարվելու ժամանակ է պետք։

Անկախ այս բոլոր հանգամանքներին, ընկերությունների միավորումները բնականոն աճի երաշխիք են։

Մենք կարեւորում ենք նաեւ կայացած ընկերությունների հետ միացումների միջոցով ընկերության ընդլայնման ռազմավարությունը եւ ներկա պայմաններում այն համարում ենք շատ արդիական եւ բավականին արդյունավետ: Այս մոտեցման իրավացիությունն են հավաստում նաեւ մեր ընկերության վերջին տարիների կայուն աճող ցուցանիշները:

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 48659
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW