Staff.am կարիերայի օնլայն հարթակը վերջերս հրապարակել էր 2021թ. Հայաստանի աշխատաշուկայի ակտիվության վերլուծության զեկույցը: Զեկույցի հիմնական շեշտադրումն աշխատաշուկայի փոփոխությունն է՝ 2020թ. կորոնավիրուսի համավարակով ու Արցախյան պատերազմով պայմանավորված: Վերլուծությունն իրականացրել է Staff.am-ը՝ սեփական տվյալների, ուսումնասիրությունների ու հարցումների արդյունքում հավաքագրված տվյալների հիման վրա: Օգտագործվել է նաեւ ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տեղեկատվությունը: Զեկույցում առաջին անգամ ներառվել է աշխատաշուկայի հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծություն, որը կատարել է «Մոդեքս» ընկերությունը: Ֆինանսաբանկային ոլորտի աշխատաշուկայի, դրա վրա ճգնաժամի ազդեցության ու ոլորտում աշխատավարձերի փոփոխության միտումների մասին Banks.am-ը զրուցել է զեկույցի հեղինակ, Staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանի հետ: - 2021թ. ընթացքում ամենամեծ համալրում ունեցող 20 ընկերություններից 4-ը ֆինանսաբանկային ոլորտից են: Ընդհանուր առմամբ, ի՞նչ միտումներ են նկատվել այս ոլորտի աշխատաշուկայում համավարակի, պատերազմի հետ կապված: - Ֆինանսաբանկային ոլորտը Հայաստանում բավականին կայացած է, ինչի արդյունքում ցնցումները սովորաբար ավելի քիչ նկատելի են լինում: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, բանկային ոլորտում արձանագրվեց հավաքագրման անկում, որոշ դեպքերում նոր թիմակիցների հավաքագրումը նույնիսկ սառեցվեց: Սա 2020թ.-ին: 2021թ.-ին, երբ բիզնեսը շարունակեց բնականոն աճը, արձանագրվեց նաեւ մասնագետների պահանջարկի կտրուկ աճ: Համավարակը մեծ հետք թողեց ֆինանսաբանկային ոլորտի վրա՝ թվայնացման, կիբերանվտանգության եւ ավելի ճկուն համակարգ ունենալու տեսանկյունից: Շատ բանկերում ինովացիոն ոլորտի մասնագետների, ՏՏ, պրոդուկտների մշակման մասնագետների կարիք առաջացավ: Բանկային ոլորտում փոխվեց ու կշարունակի փոխվել ուսումնական ու թրեյնինգների ուղղվածությունը՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում: Ճգնաժամի հետեւանքով աշխատակիցներին վերապատրաստելու, նոր հմտություններ սովորեցնելու ու «նոր աշխարհին» ադապտացնելու կարիք առաջացավ: - Տարիներ առաջ ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքը բավականին պահանջված էր Հայաստանում: Շատ ընտանիքներ ձգտում էին, որ իրենց երեխաները հենց այս ոլորտի մասնագետ դառնան: Հիմա նման միտում ՏՏ ոլորտում է նկատվում: Այնուամենայնիվ, ֆինանսաբանկային ոլորտը շարունակո՞ւմ է պահանջված մնալ: - Պահանջարկն ինչ-որ չափով փոխվել է, բայց այսօր էլ կան շատ երիտասարդներ, որոնց համար ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքը երազանքային է ու ցանկալի: Այնպես չէ, որ բոլոր երիտասարդներն իրենց ՏՏ ոլորտում են տեսնում: Բանկը, որպես գործատու, մնացել է ցանկալի, որովհետեւ առաջարկում է կարիերայի աճի հնարավորություն ու կայունություն: Եթե զուգահեռ տանեմ ՏՏ ոլորտի հետ, ապա այն երիտասարդների համար, որոնք չունեն հստակ ընտրված մասնագիտական ուղղվածություն, ավելի բաց են, պատրաստ են գտնվել ոչ այնքան ավանդական աշխատավայրում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ավելի գրավիչ է: Ֆինանսաբանկային ոլորտում ամեն ինչ ավելի հստակ ու կանոնադրային է: Միաժամանակ, շատ բանկեր՝ հատկապես դրանց նոր պրոդուկտների ու նոր տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող բաժինները, իրենց աշխատանքային միջավայրը բավականին մոտեցրել են ՏՏ ընկերությունների միջավայրին: Ֆինանսաբանկային ոլորտի ընկերություններն այսպիսով ցանկանում են գրավիչ ու հետաքրքիր լինել նորարար, բաց ու ճկուն երիտասարդների համար: - Որքա՞ն է միջին աշխատավարձը ոլորտում ու ինչպե՞ս է այն փոփոխվել վերջին տարիներին: - 2021թ.-ին գրանցվել է աշխատավարձերի աճ բոլոր ոլորտներում: Սա, իհարկե, այնքան էլ ոգեւորիչ չէ, որովհետեւ ունենք գնաճի բավականին վատ պատկեր: Ամեն դեպքում, ֆինանսաբանկային ոլորտում եւս վերջին տարիներին աշխատավարձերի աճ է գրանցվել: Եթե նայենք Վիճակագրական կոմիտեի տվյալները, ապա ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն իրականացնող ընկերություններում միջին աշխատավարձը 420 հազար դրամ է: Կոմիտեի տվյալներից բացի, մենք աշխատանք փնտրողների եւ անհատների շրջանում անցկացրել ենք անանուն հարցում, ըստ որի՝ ֆինանսաբանկային ոլորտում միջին աշխատավարձը 210 հազար դրամ է: Թվերի տարբերության պատճառը հետեւյալն է՝ մեր հարցմանը չեն մասնակցել ոլորտի թոփ մենեջերները, իսկ Վիճակագրական կոմիտեն միջին աշխատավարձը հաշվարկելիս ներառել է նաեւ նրանց աշխատավարձերը, որոնք բավականին բարձր են ու մրցակցային նաեւ ՏՏ ոլորտի աշխատավարձերի հետ: Հետեւաբար, ստացվել է ավելի բարձր միջին աշխատավարձ: Մեր հարցումների հիման վրա ձեւավորված 210 հազար դրամ միջին աշխատավարձը վերաբերում է հիմնականում կրտսեր եւ միջին օղակի աշխատակիցներին: Միանշանակ է, որ այս ոլորտում չկա աշխատավարձի կտրուկ աճ, ինչպես ՏՏ ոլորտում է: Ֆինանսաբանկային ոլորտում բավականին ժամանակ է պետք, որպեսզի կրտսեր մասնագետն աշխատավարձի զգալի աճ ունենա: Պատճառը ոլորտի ավելի կայացած ու կայունացած լինելն է: - Ուսումնասիրության ընթացքում անսպասելի միտումներ նկատե՞լ եք:- Ընդհանուր առմամբ, տվյալներն անսպասելի չեն:Դրական է, որ ֆինանսաբանկային ոլորտում նույնպես 2019թ.-ի եւ 2020թ.-ի համեմատությամբ բավականին աճ ունենք: Նաեւ ակնառու է, որ ֆինանսաբանկային ոլորտից հոսքը դեպի ՏՏ ոլորտ ամենաակտիվներից է: Իհարկե, նշանակություն ունեն նաեւ ոլորտի նեղ մասնագիտացումները: Օրինակ՝ ֆինանսիստները, աուդիտորական կամ կոմերցիոն բանկային ծառայությունների մասնագետները հիմնականում չեն փոխում իրենց աշխատանքը: Ֆինանսաբանկային ոլորտում երկարաժամկետ կարիերա կառուցելու ցանկություն ունեցող մարդիկ շարունակում են մնալ այստեղ ու աճել: Լուիզա Ավետիսյանի հետ զրուցել է Յանա Շախրամանյանը Tweet Դիտում՝ 44054