«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը «Սերմից՝ սեղան» հայեցակարգի շրջանակում Վայոց ձորում հիմնել է տավարաբուծական ժամանակակից համալիր, որտեղ բուծվում են Եվրոպայից ներկրված բարձրարժեք գենետիկայով կենդանիներ։ Ֆերմայի արդյունավետ մոդելի շնորհիվ ՝ ընկերությունը կարողանում է ամբողջ տարին ապահովել Yeremyan Products ապրանքանիշի կաթի եւ կաթնամթերքի կայուն բարձր որակը։ Ամբողջ տարին կայուն որակի ապահովման, ֆերմայի գործունեության առանձնահատկությունների մասին պատմում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը։- Ի՞նչ մոդելով է գործում անասնապահական ֆերման, որո՞նք են հիմնական առանձնահատկությունները։- «Երեմյան Փրոջեքթս»-ի Ֆերման կառուցված է եվրոպական առաջատար անասնապահական ֆերմաների մոդելով, որն ունի մի շարք առավելություններ։ Մոդելի շնորհիվ հնարավոր է դառնում կենդանիների կերակրման, կթի, հանգստի, նրանց առողջական վիճակին հետեւելու եւ առհասարակ խնամքի արդյունավետ իրականացումը։ Բարձրորակ կաթի արտադրության համար կառուցել ենք եվրոպական չափանիշներին համապատասխան, ժամանակակից տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով հագեցած տոհմային տավարաբուծական ֆերմա, ներդրել ենք կովերի կերակրման եւ խնամքի առաջադեմ մեթոդաբանություն, կիրառել ու տեղայնացնում ենք արտերկրյա գործընկերների լավագույն փորձը:Մեր ֆերմայի կենդանիների ամբողջ մայրական կազմը մաքրացեղ եւ տոհմային բարձրարժեք գենետիկայով խոշոր եղջերավոր կենդանիներ են, որոնց ներկրել ենք Եվրոպայից։ Այս պահին ֆերմայում պահվում եւ բուծվում են կաթնային ուղղության հոլշտեյն ու ջերսի, կանթնամսային ուղղության ֆլեւի եւ մսային ուղղության անգուս ցեղատեսակների կենդանիներ, որոնք ապահովում են բարձր մթերատվություն։ Այս կենդանիների խնամքի եւ բուծման համար կարեւոր գործոններից մեկը շենքային պայմաններ են, եւ «Երեմյան Փրոջեքթս»-ը ֆերման կառուցել է հենց այդ պահանջներին ու չափանիշներին համապատասխան։ Այս ամենի հետ մեկտեղ՝ ֆերմայի գլխավոր առավելություններից մեկը կենդանիների ազատ, առանց կապի բոքսային պահվածքն է. այսինքն` կենդանիները միշտ հասանելիություն ունեն կերին ու ջրին։ Կենդանիները մեզ մոտ խնամվում են հիգիենայի բոլոր պահանջներին համապատասխան. տարածքը մշտապես օդափոխվում է, իսկ գոմաղբի ավտոմատ հեռացման համակարգերի միջոցով մշտապես մաքուր մնում։ Սա եւ հանգստի համար նախատեսված մնացած բաղադրիչները՝ ռետինե ներքնակները, քորիչները, կենդանիների առողջության պարբերական ստուգումը եւս նպաստում են կենդանիների բարձր մթերատվությանը։ - Հաճախ ենք լսում, որ տարվա տարբեր եղանակներին կենդանիների մթերատվությունն ու արտադրանքի որակը տարբեր է լինում։ Դուք ինչպե՞ս եք կարողանում կայուն որակ ապահովել ամբողջ տարվա ընթացքում։ - Կենդանիների կայուն մթերատվության վրա իրենց ազդեցությունն ունեն մի շարք գործոններ։ Ամբողջ տարին կայուն որակ ու արտադրանք ապահովելու գլխավոր երաշխիքը կենդանիների համար շուրջ տարին կլիմայական ու շենքային նույն պայմանները ապահովելն ու նույնատիպ կերով կերակրումն է։ Արծրուն Խաչատրյանն ու «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Հատկապես կերակրման գործում կարեւոր է յուրաքանչյուր փուլ՝ սերմի ցանումից, մինչեւ կերի ստացում եւ բաշխում։ Երբ կենդանին ձմռանն այլ կեր է ուտում, ամռանն ու մնացած ամիսներին՝ այլ, դա ազդում է կաթի եւ կաթնամթերքի կայուն որակի վրա։ Ցանկացած փոփոխություն կենդանու օրգանիզմի համար սթրես է։ Կենդանիներին միշտ նույն որակի կեր մատակարարելով եւ տարին 12 ամիս նույն պայմաններն ապահովելով՝ մենք կարողանում ենք իրականացնել որակի կառավարումը։ Ինչպես գիտեք՝ մենք գործում ենք «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, որը սննդամթերքի արդյունավետության, որակի վերահսկման ու պարենային անվտանգության ապահովման ամբողջ աշխարհում ընդունված ամենաարդյունավետ մոդելներից է։Բարձր սննդարարությամբ կեր ստանալու եւ գործընթացը կառավարելու համար այդ հայեցակարգի շրջանակում էլ «Երեմյան Փրոջեքթսը» ստեղծել է արժեշղթա։ Մենք մեր արտադրությունը սկսում ենք հենց սերմ ցանելուց։ ՀՀ Արմավիրի մարզում ձեռք ենք բերել սեփական հողատարածքներ, որտեղ էլ մեր մասնագետները ցանում են սերմը, աճեցնում են առվույտ եւ եգիպտացորեն, ստանում որակյալ ու բարձր սննդարարությամբ կերեր: Սննդային արժեշղթան ամբողջացրել ենք Արարատի մարզի Արալեզ համայնքում կերաղաց հիմնելով, որտեղ մեր մասնագետները տարբեր հատիկային կերերի՝ ցորենի, գարու, եգիպտացորենի, սոյայի եւ արեւածաղկի քուսպի համապատասխան չափաբաժիններով խառնուրդից ստանում են ճիշտ բալանսավորված համակցված կեր՝ ըստ համապատասխան ռացիոնի։ Հիմա վստահ ենք, որ ֆերմաներ մատակարարվող կերը էկոլոգիապես մաքուր է, ճիշտ բաղադրիչներից ընտրված: Մեր մասնագետներն ամեն օր հետեւում են կենդանիների առողջական վիճակին ու մթերատվությանը ու ըստ այդմ էլ, հարկ եղած դեպքում որոշակի փոփոխություններ կատարում կերի ռացիոնում։ Արծրուն Խաչատրյան Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս» Այս մոդելի արդյունավետությունը բավականին բարձր է, քանի որ մենք շուկայում ներկայանում ենք որակյալ եւ անվտանգ սննդամթերքով։ Կենդանիների ցեղատեսակները, ֆերմայի մոդելը, մեթոդաբանությունը, որով աշխատում ենք արդյունավետ են ու համապատասխան մեր կլիմայական պայմաններին։ Կենդանիները հիմնականում գտնվում են ֆերմայում, այսինքն` բաց դաշտ դուրս չեն գալիս, բայց, իհարկե, կան զբոսանքի համար նախատեսված ժամեր ու առանձնացված հատվածներ։Որակի ապահովման գործում, իհարկե, շատ կարեւոր է նաեւ կթի գործընթացը։ Ունենք ժամանակակից սարքավորումներով հագեցած կթարան, որտեղ մեքենայացված կիթ ենք իրականացնում։ Քանի որ կաթն ունի համեր եւ հոտեր արագ կլանելու հատկություն, շատ կարեւոր է, որպեսզի այն արտաքին միջավայրի հետ չշփվի։ Մեր ֆերմայի կթի սրահից կաթը միանգամից փակ խողովակներով հոսում է դեպի սառնարաններ, հետո կաթի համար նախատեսված հատուկ մեքենաներով տեղափոխվում ընկերության՝ Երեւանում գտնվող «Արցախ» գործարանի կաթի վերամշակման արտադրամաս, որտեղ էլ կաթի համապատասխան վերամշակումներն անցնելուց հետո ստանում ենք Yeremyan Products ապրանքանիշի բարձրորակ կաթնամթերքը: Մենք ունենք նաեւ լաբորատորիա, որտեղ իրականացվում է կաթնամթերքի որակի վերահսկումը:- Նշեցիք, որ կերակրումն ամենակարեւոր գործոններից մեկն է։ Ինչպե՞ս եւ ե՞րբ եք իրականացնում կերի պահեստավորումը։- Շուտով գարնանացանի ժամանակն է, եւ մեր հողատարածքներում ակտիվ ցանքի շրջանն է սկսվում։ Սերմի ցանումից եւ աճեցումից հետո հատուկ մասնագիտացված տեխնիկայով կատարվում է հունձը, որից հետո իրականացվում է սիլոսացման գործընթացը։ Վերջինս իրենից ներկայացնում է, այսպես կոչված, թարմ վիճակում պահածոյացում։ Կերի մշակումն ու պահեստավորումն իրականացվում է ժամանակակից սարքավորումների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս պատրաստել եւ պահեստավորել սիլոսի եւ սենաժի փակ տուկեր։ Սա թույլ է տալիս ամբողջությամբ եւ նույնությամբ պահպանել մշակված կերախառնուրդի բոլոր համային, որակական հատկանիշներն ու սննդարարությունը։ Ցանկացած ժամանակ փաթեթը բացելիս՝ մենք ունենում ենք կերի նույն հյութեղություն ու սննդային արժեքը։ Արդեն իսկ համոզվել ենք, որ ֆերմայի մոդելը բավականին արդյունավետ է եւ հուսով ենք, որ այն վարակիչ օրինակ կլինի մյուս ֆերմերային տնտեսությունների համար, իսկ մենք սիրով պատրաստ ենք կիսվելու մեր փորձով ու գիտելիքներով։ Tweet Դիտում՝ 48069