Հայաստանի կառուցապատման ոլորտի առաջատար ընկերություններից «Միկշին»-ն այս տարի նշում է գործունեության 15 ամյակը։ Ընկերության հիմնադիր Տիգրան Հարությունյանի հետ զրուցել ենք հաջողակ բիզնեսմեն դառնալու, «Միկշին»-ի պատմության, ընկերությունների խոշոր խմբի ձեւավորման եւ առաջիկա նախագծերի մասին։ - Արդեն 15 տարի է կայացած ընկերության ղեկավար ու հաջողակ բիզնեսմեն եք: Կպատմե՞ք անցած ուղու մասին։- Փոքրուց բիզնես միջավայրում եմ մեծացել։ Բայց ծնողներս մասնագիտությամբ ռադիոֆիզիկոսներ են, ես էլ մանկուց տարված էի բնագիտական առարկաներով եւ այն ամենով, ինչը կարող էր տրամաբանություն զարգացնել։ Առաջին դասարանից շախմատով եմ զբաղվել: Շատ եմ սիրում այս սպորտաձեւը, այն իմ կյանքում բավականին մեծ ազդեցություն է ունեցել ու դրա շնորհիվ կենսական կարեւորության հմտություն եմ ձեռք բերել՝ համբերությունը։ Ամենաջերմ ու բարի հիշողություններս հենց մանկության տարիներից են։ Չկա երեւանյան մի փողոց, որտեղ չեմ եղել. թե՛ հեծանիվով ու թե՛ոտքով ընկերների հետ միասին բացահայտել ենք Երեւանի անգամ ամենանեղ փողոցներն ու փոքրիկ բակերը։ Այն ժամանակ դա այնքան էլ բարդ չէր, որովհետեւ մեքենաները շատ չէին, ու ազատ փողոցները մեծ մասամբ մերը՝ երեխաներինն էին, ֆուտբոլի, սքեյթ քշելու եւ այլ խաղերի համար։ Յոթերորդ դասարանում էի, երբ որոշեցի, որ բժիշկ եմ դառնալու։ 2000-ականներն էին, մեր կենցաղում դեռ նոր էին շրջանառության մեջ մտնում համակարգչային տեխնոլոգիաներն ու նորարարությունները, եւ այդ ժամանակ միտք առաջացավ համատեղել դրանք բժշկության հետ խորանալ բիոինժեներիայի ուղղությամբ։ Արդեն որոշել էի, որ պետք է ավարտեմ ԵՊԲՀ-ն հետո նաեւ Պոլիտեխնիկական համալսարանի ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Բայց, քանի որ Բժշկական համալսարան ընդունվելն ավելի երկար ժամանակ էր պահանջում, որոշեցինք, որ առաջինն այդտեղ ընդունվելու համար կպարապեմ համապատասխան առարկաները։ Հենց այդ տարիներին էլ ծանոթացել եմ կնոջս՝ Անժելայի հետ։ Հետագայում էլ միասին սովորեցինք եւ ավարտեցինք Բժշկական համալսարանը։ Իրականում, Անժելայի հետ շատ մտերիմ ընկերներ ենք եղել։ Նա մեր չորս ընկերների մեջ ամենապարտաճանաչն էր, ու համալսարանում էլ արդեն գիտեին, որ եթե ես որեւէ դասի ինչ-որ պատճառով ներկա չեմ, ուրեմն միանշանակ միայն Անժելան գիտի, թե ինչու։ Հետագայում Անժելայի հետ ընկերական եւ մտերմիկ կապը վերածվեց ավելի ամուր հարաբերությունների։ - Երբեւէ բժշկությամբ չեք զբաղվել, ո՞րն է պատճառը, ինչպե՞ս բժշկությունից եկաք բիզնես դաշտ։ - Երբ երկրորդ կուրսում էի սովորում, սկսեցի հիվանդանոցներում գիշերային հերթապահությունների գնալ։ Հենց այդ ժամանակ էլ առերեսվեցի ներհիվանդանոցային, համակարգային խնդիրներին եւ վերջնականապես հասկացա, որ երբեւէ բժիշկ չեմ դառնալու: Բայց, իհարկե, սովորեցի եւ հաջողությամբ ավարտեցի համալսարանը։ Մինչեւ սեփական նախաձեռնությամբ ու ջանքերով բիզնես հիմնելը երկար, մարտահրավերներով ու դասերով լի ճանապարհ եմ անցել։ Առաջին աշխատանքս առաքիչն էր. դեղին «Մոսկվիչով» մի քանի ընկերներով միրգ էինք առաքում։ Իհարկե, չի կարելի ասել, որ որպես աշխատանք հաջողություն ունեցավ, բայց կարեւորը շատ լավ փորձ էր մեզ համար։ Դրանից հետո մի քանի ամիս ԱՄՆ-ում եմ աշխատել՝ «Աշխատանք եւ ճանապարհորդություն» ծրագրով։ Այնտեղ էլ պիցցայի առաքիչ էի: ԱՄՆ-ում որեւէ տեսակի աշխատանքից ամաչելու եւ կաշկանդվեու խնդիր չունես. դա դրական կողմերից մեկն է։ Բայց կա կարծրատիպ, որով գնում ես այնտեղ, ու սպասումներդ բախվում են դառն իրականությանը։ Ամեն դեպքում, ամենամեծ փորձառությունը հենց այնտեղ եմ ստացել՝ ոչ միայն աշխատանքային հմտությունների ձեռքբերման, այլեւ մարդկային հարաբերությունների, բարքերի եւ սովորույթների առումով: Այնպես ստացվեց, որ մի միջադեպի պատճառով ես նույնիսկ զրկվեցի աշխատանքից, բայց կարեւորը՝ պատվով դուրս եկա, որովհետեւ ինձ համար ազնվությունն ու արդար աշխատանքը միշտ գերակա սկզբունք են։ Բնականաբար, վերադարձա հայրենիք. այնտեղ մնալը չէր էլ քննարկվում, որովհետեւ միշտ էլ հստակ գիտակցել եմ, որ գործունեությունս այստեղ եմ շարունակելու։ Մինչեւ սեփական ընկերությունը հիմնելը տարբեր աշխատանքներում եմ ներգրավված եղել, որոնք եւս իրենց ազդեցությունն են ունեցել հմտություններիս ձեռք բերման գործում։ Հետո, 2007 թվականին արդեն հիմնեցինք «Միկշին» ընկերությունը, որը դարձավ Հայաստանի առաջին կառուցապատող ընկերություններից մեկը։ - Արդեն 15-ամյա պատմություն ունի «Միկշինը». պատմեք ընկերության ստեղծման գաղափարի եւ անցած ճանապարհի մասին։ - Մեր երկրի համար տնտեսական առումով այնքան էլ լավ տարիներ չէին, բայց ես, բնավորությանս համաձայն, ռիսկի դիմելու եւ նպատակին հասնելու մեծ կամք ու ցանկություն ունեի։ Շինարարական ընկերություն հիմնելու գաղափարն ինձ մոտ վաղուց կար, որովհետեւ տեսնում էի դաշտի բացերն ու հնարավորությունները։ Մտածեցի՝ երբ, եթե ոչ հիմա։ Լուսանկարը՝ «Միկշին» «Միկշինի» առաջին խոշոր նախագիծը 2008-ին ենք մեկնարկել, դա «Երազ» բնակելի թաղամասի կառուցումն էր։ Պատկերացրեք՝ 2008 թվական, համաշխարհային տնտեսական ճգնաժամ, եւ մենք, որ որոշում ենք Հայաստանում շինարարական լայնածավալ աշխատանքներ սկսել. անիրական է թվում, չէ՞։ Նման պայմաններում բազմաբնակարան շենք կառուցելը նշանակում էր սկսել ծրագիր, եւ այն ավարտին հասցնել անհայտ ժամանակահատվածում: Բանկերը պարզապես մերժում էին ցանկացած գործարք ու վարկավորում, զարմանում էին, նույնիսկ ծիծաղում, երբ որեւէ առաջարկով դիմում էիր։ Բայց ես չէի հանձնվում, համառ փնտրտուքների մեջ էի…երկար-բարակ բանակցություններից եւ պրպտումներից հետո հետաքրքիր ինովացիա արեցինք, դա հիփոթեքային վարկավորումն էր։ Մինչ այդ, կարելի է ասել, Հայաստանում նման փորձ չէր եղել, այն էլ, որ վարկավորման տոկոսը միանիշ թիվ լիներ։ Դա չլսված բան էր։ Ի վերջո՝ գործարք կնքեցինք բանկերից մեկի հետ, որը մեզ վստահեց։ Մենք էլ առավելագույն շահավետ պայմաններն էինք առաջարկել, ընդհուպ, որ եթե շենքի ավարտից հետո հաճախորդը հրաժարվի գնել բնակարանը, մենք ենք պարտավորվում այն ձեռք բերել։ Հետո արդեն բնակարանների առաջարկը հետաքրքրեց շատերին, ու հիմնականում երիտասարդ ընտանիքներին։ Խոստացել էինք, որ երեք տարուց կավարտենք շենքը եւ այդպես էլ արեցինք։ Տնտեսական վիճակը դեռ այնքան էլ բարվոք չէր, բայց, ամեն դեպքում, որոշեցինք եւս մեկ շենք կառուցել, եւ այդպես սկսվեց մեր բուռն գործունեությունը։ 2014 թվականից արդեն եկամտահարկի վերադարձի օրենքի ուժի մեջ մտնելու մասին լուրեր կային, դրանից հետո պետական ծրագրով 1000 բնակարան ենք կառուցել։ Երազ թաղամասը Լուսանկարը՝ «Միկշին» Ընդհանուր առմամբ, «Միկշին» ընկերությունը «Երազ» բնակելի թաղամասում կառուցել է 1700 բնակարան, եւս այդքան բնակարան ներառող ծրագիրն էլ արդեն ընթացքում է: «Միկշին» ընկերությունը մեր առաջին մեծ մարտահրավերն ու հաջողությունն է։ Գիտեք, շատ քչերն էին հավատում «Միկշինի» կայացմանը, ինչպես եւ մեր մի շարք նախագծերի գաղափարներին։ Բայց մենք բազմիցս ապացուցել ենք, որ մեր թիմի համար անհնարին ոչինչ չկա, որովհետեւ բոլորին միավորում է երբեք չհանձնվելու, ուժերին հավատալու եւ միայն պրոֆեսիոնալ մոտեցմամբ աշխատելու մեծ կամքն ու պատասխանատվությունը։ Երազ թաղամասը Լուսանկարը՝ «Միկշին» Մեծ նշանակություն ունի, թե քեզ հետ միասին ովքեր են համախմբված նպատակիդ շուրջ։ Բիզնես գործունեություն սկսելու առաջին օրվանից էլ իմ շուրջ հավաքվել են մարդիկ՝ ընկերներ, հարազատներ, ովքեր ինձ պես հավատացել են արդյունքին, եւ մենք միմյանց վարակել ենք այն հավատով, որ անհնարին ոչինչ չկա։ Այսօր արդեն ունենք ընկերությունների խոշոր խումբ, որի կազմում տարբեր ոլորտների եւ տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ են՝ «Միկշին» կառուցապատող ընկերությունը, «Լոկատոր» ՏՏ ընկերությունը, «Երազ» հիմնադրամը, «Երազ» բիզնես կենտրոնը, «Երազ Փրոջեքթսը», որը ներառում է «Երազ» այգին եւ ռեստորանը, «Էնջլս հոմ» խանութ-սրահը եւ «ՄայԼեռ» նախագիծը։ Այս ուղղություններից յուրաքանչյուրը նպաստում է Հայաստանի համար ռազմավարական ոլորտների զարգացմանը։ - Կմանրամասնե՞ք խմբի կազմում գտնվող ընկերությունների մասին, ի՞նչ ուղղություններ են ինչո՞վ են զբաղվում։ - Ինչպես նշեցի՝ խմբում բազմաբնույթ կազմակերպություններ եւ նախագծեր են ներառված, որոնց շարքում իր ուրույն տեղն ունի «Երազ» հիմնադրամը. դրա գործարկումը շատ կարեւոր նպատակով եւ առաքելությամբ էինք սկսում։ Կինս՝ Անժելան էլ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու ընթացքում հանդիպում էր բազմաթիվ մարտահրավերների՝ կապված հատկապես մանկական հիվանդությունների, երեխաների բուժման հիմնախնդիրների հետ։ Երկուսս էլ դադարեցինք զբաղվել բժշկությամբ, բայց երբեք չէինք կարող դադարել լինել այն երեխաների կողքին, ովքեր ունեն դրա կարիքը։ 2010 թվականին ստեղծեցինք «Երազ» հիմնադրամը՝ տեսնելով ու գիտակցելով, թե Հայաստանում մանկական շաքարային դիաբետով երեխաների խնդիրները որքան առաջնային են, բայց դրա հետ մեկտեղ՝ անուշադրության մատնված։ Ստեղծման առաջին իսկ օրվանից հիմնադրամը զբաղվել է մանկական շաքարային դիաբետի հիմնախնդիրներով, տրամադրել անհրաժեշտ բուժպարագաներ, դեղորայք, հոգեբանական օգնություն, զբաղվել նրանց շահերի պաշտպանությամբ, կազմակերպել, տարաբնույթ միջոցառումներ: Տիգրան Հարությունյանը եւ Անժելա Պետրոսյանը Լուսանկարը՝ «Միկշին» Հիմնադրամի գործունեությամբ բավականին դրական տեղաշարժեր են եղել դաշտում, մինչեւ անգամ՝ մանկական շաքարային դիաբետով երեխաների աջակցումը պետական ծրագրում ներգրավելը։ Այսօր արդեն «Երազ» հիմնադրամն ընդլայնում է գործունեության ուղղությունները՝ զբաղվելով սոցիալական ծրագրերով եւ համայնքային զարգացմամբ։ Իհարկե, չենք դադարեցնում նաեւ երեխաներին տրվող աջակցությունն ու իրականացվող նախագծերը։ Երազ այգին Լուսանկարը՝ «Միկշին» «Երազ» այգին էլ կառուցեցինք, որովհետև մեծ ցանկություն ունեինք Հայաստանում ունենալ փոքրիկ Լապլանդիա ու հայ մանուկներին հասանելի դարձնել ամանորյա հրաշքը։ Այս նախագծին էլ քչերն էին հավատում՝ մտածում էին՝ չի հաջողի, որովհետեւ այգին նախկինում, մեղմ ասած, անխնամ վիճակում էր։ Բայց մենք մեր ողջ թիմով, գիշեր-ցերեկ աշխատելով, այգին ամբողջովին վերափոխել ենք եւ շարունակում ենք ամեն տարի կատարելագործել։ Ձմեռային այգին Լուսանկարը՝ «Միկշին» Մեր ընկերությունների խումբը մեծ է եւ տարբեր ոլորտներում է գործունեություն ծավալում։ Այսօր ցանկացած ոլորտում էլ նորարարությունների կարիք կա ու պետք է հետեւել նաեւ տեխնոլոգիական առաջընթացին։ Ուստի մեր ծառայությունների որակը կատարելագործելու եւ նախագծերն ամբողջական սպասարկելու համար ձեռք բերեցինք նաեւ «Լոկատոր» ընկերությունը։ Լուսանկարը՝ «Միկշին» «Լոկատորը» զբաղվում է արբանյակային վերահսկման եւ անվտանգության համակարգերի, հեռաչափության, տվյալների անլար փոխանցման տեխնոլոգիաների, կառավարման ավտոմատացված համակարգերի, բժշկական հաստատությունների կառավարման համակարգերի, անվտանգության համակարգերի, ճանապարհային երթեւեկության կառավարման համակարգերի մշակմամբ եւ ներդրմամբ։ - Պարոն Հարությունյան, ո՞րն է այս պահի ընթացիկ խոշոր նախագիծը։ Ի՞նչ ծրագրեր կան առջեւում։- Այս պահին մեր, թերեւս, ամենախոշոր նախագիծը «Մայլեռ»-ն է։ «Մայլեռ»-ն իմ մանկության վաղեմի ցանկություններից է։ «Մայլեռ» նախագծի հատակագիծը Լուսանկարը՝ «Միկշին» Լեռնադահուկային սպորտի մեծ սիրահար եմ դեռ փոքրուց. տասներեք տարեկան էի, մի խումբ ընկերներով ամեն կիրակի գնում էինք Ծաղկաձոր եւ Արագած լեռ դահուկ քշելու։ Իհարկե, այդ ժամանակ այսօրվա պայմանները չկային, եւ մենք ստիպված կիլոմետրեր ոտքով էինք քայլում։ Մեր ամենալավ տարիներն էին. թեպետ հարմարություններ չկային, բայց կար մեծ ցանկությունն ու կիրքը։ Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ գաղափար ծնվեց Հայաստանում ունենալ զարգացած լեռնադահուկային համալիր։ Լուսանկարը՝ «Միկշին» Այս տարի որոշեցինք մեկնարկել նախագիծն ու որպես վայր ընտրեցինք Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղը։ Տեղանքի թե՛ աշխարհագրական դիրքը ու թե՛ բնակլիմայական պայմանները թույլ են տալիս կառուցել բոլոր ենթակառուցվածքներով հագեցած ամբողջական համալիր։ «ՄայԼեռը» երկարաժամկետ նախագիծ է, սկզբնական փուլը, որի ներդրումների ծավալն ավելի քան 60 մլն եվրո է, կավարտվի 2022-ի ձմռանը, իսկ ընդհանուր նախագիծը նախատեսում ենք ավարտին հասցնել 2032-ին: Ինչպես մեր բոլոր նախագծերը «ՄայԼեռ»-ը եւս միտված է Հայաստանում մնայուն արժեք ստեղծելուն եւ հուսով եմ, որ կայացման դեպքում մենք կնպաստենք Հայաստանում սպորտի, զբոսաշրջության ու մի շարք հարակից ոլորտների զարգացմանը։Արդեն 15 տարի շարունակ խմբի ընկերությունները բարձրորակ ծառայություններ ու որակյալ արտադրանք մատուցելով դարձել են իրենց ոլորտում էական դերակատարներ։ Tweet Դիտում՝ 76439