«Գրանթ Թորնթոն Հայաստան» աուդիտորական եւ խորհրդատվական ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է թվային նոր լուծում, որն առաջինն է Հայաստանում: «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը ստեղծել է վիրտուալ գրասենյակ, որի միջոցով հնարավոր է իրականացնել հաղորդակցություն, փաստաթղթերի շրջանառություն, կենդանի ռեժիմում ստանալ տարատեսակ վերլուծություններ:Ավելի պարզ՝ եթե նախկինում ձեր ընկերության հաշվապահից օրեր կպահանջվեին որեւէ հաշվետվություն պատրաստելու համար, «Գրանթ Թորնթոն»-ի վիրտուալ գրասենյակում դա կարելի է անել րոպեների ընթացքում՝ ընդամենը մի քանի «քլիքով»: Վիրտուալ գրասենյակը կիրառում է ամպային ամենաարդիական տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ ապահովված է անվտանգության բարձր աստիճան:Վիրտուալ գրասենյակի նպատակի, գործիքակազմի ու ոլորտում թվայնացման կարեւորության մասին Banks.am-ը զրուցել է «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ տնօրեն Գուրգեն Հակոբյանի հետ:- Ինչ՞ է վիրտուալ գրասենյակն ու ի՞նչ առավելություններ է տալիս:- Այսօր աշխարհում ամեն ինչ, այդ թվում՝ մեր ոլորտը, շարժվում է դեպի թվայնացում: Առօրյայում էլ բոլորս օգտվում ենք տասնյակ թվային պրոդուկտներից: Մեր ոլորտի գործիքները, որոնք կոնվենցիոնալ են եղել ու ժամանակին օգտագործվել են հաճախորդների սպասարկման համար, որոշակիորեն հնացել են ու թվայնացման կարիք ունեն: Ամենապարզը՝ կոմունիկացիայի առումով էլեկտրոնային փոստի ժամանակաշրջանն անցնում է ու մարդիկ հիմա ավելի շատ օգտագործում են տարատեսակ մեսենջերներ: Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ մենք եկանք եզրակացության, որ մեզ հարկավոր է վիրտուալ գրասենյակ, որը կդառնա մեր ու հաճախորդների կոմունիկացիայի հիմնական հարթակը: Վիրտուալ գրասենյակը ստեղծելիս առաջնորդվել ենք մի քանի նպատակով՝ օգտագործել թվային ու վերլուծական լավագույն տեխնոլոգիաներն ու մեր հաճախորդներին առաջարկել ժամանակակից, ավելի արդյունավետ ու դյուրին լուծումներ:Առաջին հերթին կանհրաժեշտ էր կարգավորել հաճախորդների հետ շփումը, որպեսզի փոխանակվող տեղեկատվությունը լինի ամբողջական, մեկ տեղում եւ ամենակարեւորը՝ անվտանգ: Գուրգեն Հակոբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Վիրտուալ գրասենյակը տեղեկատվության փոխանակման միջավայր է, բայց դրանում ներառված է նաեւ բավականին լուրջ գործիքակազմ, ինչը հավելյալ արժեք է ստեղծում հաճախորդի համար: - Հայաստանում սա առաջի՞ն նման պրոդուկտն է: - Այո, Հայաստանում նման հարթակ երբեւէ չի եղել: Շատ կարեւոր է, որ մենք ոչ թե Հայաստան ենք բերել, տեղայնացնել աշխարհում առկա ու կիրառվող հարթակներից մեկն, այլ ստեղծել ենք սեփականը: Շատ բարդ ու կարեւոր որոշում էր՝ ներդրում կատարել արդեն իսկ գոյություն ունեցող նմանատիպ լուծումների մեջ, թե՞ ստեղծել սեփականը: Արդյունքում գնացինք մերը մշակելու ճանապարհով: Բարդ ու երկարատեւ գործընթաց էր, որը տեւեց երկու տարի եւ էական ներդրում պահանջեց: Ինչպես նշեցի, մեզ համար կարեւոր էր, որ բացի տեղեկատվության փոխանակման հարթակ լինելուց, վիրտուալ գրասենյակն ունենա այլ գործառույթներ եւս: Այսպես միտք ծագեց ներդնել նաեւ վերլուծական գործիքակազմ: Միջազգային փորձն ուսումնասիրելով՝ կարող ենք ասել, որ այսօր բոլոր ծառայություն մատուցողները փորձում են անցնել նմանատիպ լուծումների: Կլինի բանկ, թե քիմմաքրման ծառայություն, բոլորը ստեղծում են իրենց հավելվածները, որպեսզի հաճախորդի հետ կապը դարձնեն հարմարավետ, անմիջական, երկկողմանի արդյունավետ ու թափանցիկ: Օրինակ՝ նախկինում բանկային գործարք կատարելու կամ ինչ-որ փաստաթուղթ ստանալու համար պետք էր բանկ գնալ, հերթ կանգնել, իսկ հիմա նույնն անում ենք հավելվածով՝ մի քանի գործողությամբ: Գուրգեն Հակոբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեր ընկերությունում մինչ այս տեղեկատվության փոխանակման մեծ մասը տեղի էր ունենում էլեկտրոնային փոստի միջոցով ու դա որոշակի բարդություններ էր ստեղծում: Օրինակ՝ միեւնույն հաճախորդի հետ մեր մի քանի աշխատակիցների շփման անհրաժեշտության, տեղեկատվության փոխանցման, շարունակականության ապահովման եւ այլ տեսանկյուններից: Այս խնդիրները կարելի է լուծել ամբողջ տեղեկատվությունը հավաքելով մի անվտանգ հարթակում, որն այդտեղ կմնա անկախ այս կամ այն կողմում մարդու փոփոխությունից, ինչն էլ հնարավոր է վիրտուալ գրասենյակի գործարկմամբ: - Անվտանգության ապահովման ուղղությամբ ի՞նչ քայլեր են կատարվել: - Մեր վիրտուալ գրասենյակի համար ապահովվում է անվտանգության բարձր աստիճան, որին հասնում ենք ամպային ամենաարդիական տեխնոլոգիաների կիրառմամբ: Առհասարակ, Գրանթ Թորնթոնում տեղեկատվության անվտանգության հարցի նկատմամբ միշտ դրսեւորում ենք ամենապատասխանատու վերաբերմունքը: Սա նաեւ մեր ցանցի պահանջն է, եւ մեր համակարգերն անցնում են ամենալուրջ ստուգումները: Դրանից բացի, մեր ընկերությունը տարածաշրջանում ՏՏ խորհրդատվական անվտանգության ոլորտի հայտնի խորհրդատուներից է: Մենք, որպես ծառայություն, անցկացնում ենք այս կամ այն կազմակերպության կիբերանվտանգության աուդիտ, զբաղվում ենք էթիկական հաքինգով եւ այլն: Այսպիսով մեր հաճախորդներին օգնում ենք կառուցել արդյունավետ եւ վստահելի անվտանգության համակարգեր: Վստահ կարող եմ ասել, որ անվտանգության նման համակարգով այլ առաջարկ շուկայում չկա: - Վերադառնալով վիրտուալ գրասենյակի գործիքակազմին՝ ի՞նչ հնարավորություններ է այն տալիս ձեր հաճախորդներին ու ի՞նչ գործողություններ կարելի է կատարել դրա միջոցով: - «Գրանթ Թորնթոն»-ն ունի տարատեսակ ծառայություններից օգտվող հաճախորդներ՝ իրավաբանական, հաշվապահական հաշվառման եւ այլ՝ շատ ավելի համալիր ծառայություններ: Որպես կոմունիկացիոն հարթակ՝ վիրտուալ գրասենյակը կարող են օգտագործել բոլոր հաճախորդները: Գուրգեն Հակոբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինչ վերաբերում է կոնկրետ գործիքակազմին, այն առանձնահատուկ է յուրաքանչյուր ծառայության համար: Ֆինանսական ծառայություններ ստացողների համար կա թվային անալիտիկ գործիքակազմ, որը կարողանում ենք կցել հաշվապահական հաշվառման ծրագրերին, կամ մեծ բազաներին ու գրաֆիկական տարատեսակ լուծումներով վերլուծական, «real time» տեղեկատվություն տրամադրել հաճախորդին: Օգտագործվող գործիքը կոչվում է Tableau: Սա վերլուծական ծրագիր է, որի պաշտոնական ներկայացուցիչն ու միակ գործընկերը Հայաստանում մենք ենք: Երկու տարուց ավելի ներդրումներ ենք կատարում, որպեսզի ուսումնասիրենք այն: Գործընթացը բավականին թանկարժեք էր, բայց այսօր վստահաբար ասում ենք՝ այդ գործիքին տիրապետում ենք ու մեր մասնագետները սերտիֆիկացված են հենց Tableau-ի կողմից: Այս գործիքը հնարավոր է կապել ցանկացած բազայի հետ ու նշելով՝ ինչ չափորոշիչներով, ինչ հաշվետվություններ են պետք, ստանալ դրանք: Tableau-ով կարող ենք աշխատել շատ խոշոր՝ մի քանի միլիոն տող ունեցող բազայի հետ: Կարող ենք ստանալ կորելյացիաներ, որոնք այլ կերպ ստանալ հնարավոր չէ: Կարող ենք ծրագրավորել միանգամից հինգ, վեց, յոթ չափորոշիչ, կապել դրանք իրար ու արդյունքում լուրջ վերլուծություն ստանալ: Ավելի պարզ լինելու համար, օրինակ բերեմ գյուղատնտեսության ոլորտից: Կարող ենք վերլուծել եղանակից կախված մրգատվության փոփոխությունը, հետո դա կապել ֆինանսական հաշվետվությունների վրա ունեցած ազդեցության հետ ու արդյունքում հաշվետվություն տրամադրել, թե, օրինակ, վերջին երեք տարվա մեջ եղանակն ինչ ազդեցություն է ունեցել կանխիկի ներհոսքի վրա: Մենք ստեղծել ենք բազային, ֆինանսական հաշվետվություններից բխող մի քանի ստանդարտ հաշվետվություններ, որոնք, կարելի է ասել, անվճար տրամադրելու ենք մեր հաճախորդներին: Իսկ սպեցիֆիկ կորելյացիաներն ու հաշվետվությունները հնարավոր կլինի պատրաստել հաճախորդի պատվերով: Այսինքն, վիրտուալ գրասենյակում հաճախորդը մեկ տեղում ստանում է եւ՛ կոմունիկացիա, եւ՛ տեղեկատվություն պահելու, փոխանակելու անվտանգ հարթակ, եւ՛ ցանկացած վերլուծություն ստանալու հնարավորություն: - Ձեր հաճախորդների կողմից այս ծառայության նկատմամբ հետաքրքրություն կա՞: - Մարտ ամսին նախատեսում ենք հաճախորդների առաջին խմբին փորձնական «տեղափոխել» վիրտուալ գրասենյակ: Մինչեւ պրոդուկտը մշակելն ուսումնասիրություն ենք կատարել՝ պարզելու հաճախորդներին ինչքանով կհետաքրքրի նման առաջարկը: Բոլորն ասել են՝ «քանի որ աշխարհն այդ ուղղությամբ է գնում, մեզ էլ հետաքրքիր կլինի տեսնել՝ ինչ լուծում եք առաջարկելու»: Նորից նշեմ, որ վիրտուալ գրասենյակը մի քանի ձեւաչափով է կարելի կիրառել՝ կոմունիկացիայի, վերլուծությունների առումով, նայած՝ հաճախորդին ինչ է պետք: Վերլուծական գործիքակազմի վերաբերյալ հետաքրքրությունը պարզելու համար նույնպես ուսումնասիրություն արեցինք ու հետաքրքիր պատկեր ստացանք: Ցավոք, այս առումով քիչ ընկերություններ են կիրառում արդի թվային լուծումներ, ու երեւի, որպես ամբողջական ոլորտ, միայն բանկային հատվածն է օգտագործում վերլուծական տարատեսակ գործիքներ: Նույնիսկ հենց մեր օրինակով կարելի է փաստել, որ եթե նախկինում աուդիտ անելիս մասնագետները հնարավոր է շաբաթներ ծախսեին մեծ բազաների վրա, այժմ մեր ստեղծած գործիքը 5-6 անգամ արագացրել է այդ գործընթացը: Բացի այդ, ծրագիրն ունի AI (արհեստական բանականություն) կիրառելու տարբերակ, կարող ես «սովորեցնել», որ կատարի քեզ համար անհրաժեշտ գործողություններ: Գուրգեն Հակոբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Շատ կարեւոր է, որ այս ծառայությունը ֆինանսական առումով հասանելի կլինի շատերին: Դրանից կկարողանան օգտվել ոչ միայն խոշոր բիզնեսներն ու ընկերությունները, այլեւ փոքր եւ միջին ձեռնարկությունները:- Զրույցի սկզբում նշեցիք՝ աշխարհը թվայնացման է գնում, ի՞նչ խնդիրներ է լուծում թվայնացումը ձեր ոլորտում, ո՞րն է դրա կարեւորությունը: - Թվայնացումն ինքնանպատակ չէ, անհրաժեշտություն է: Դրա ամենալավ բացատրությունը հետեւյալ օրինակն է՝ եթե համադրենք մարդկության պատմության ընթացքում մինչեւ 70-ականներ, 80-ականներ կուտակած տեղեկատվությունն ու դրանից հետո առ այսօր՝ երեւի 6 նիշանոց անգամներով աճ է եղել: Այսօր բոլորս եւ՛ գեներացնում ենք ինֆորմացիա, եւ՛ օգտվում ենք դրանից ու այն ճիշտ կառավարվելու, դրանում կողմնորոշվելու համար պետք է թվային գործիքներ ունենալ: Ինչ վերաբերում է մեր բնագավառին, էականորեն աճել է ֆինանսական գործարքների քանակը, մեր բազմաթիվ հաճախորդներ աշխատում են տարբեր շուկաներում, ունեն բարդ կառուցվածք եւ այլն: Ընկերությունները շատ ակտիվ տրանզակցիաների մեջ են, բնականաբար, այդ ամենը թվայնացման կարիք ունի: Մեր գլխավոր խնդիրներից մեկն է, որ Հայաստանում, ցավոք, գործընթացը դեռ շատ դանդաղ է առաջ գնում: Կարծում եմ՝ մեր վիրտուալ գրասենյակի գործարկումը շուկայում էական փոփոխություն կբերի եւ միանշանակ շատ ավելի արդյունավետ, որակական միանգամայն այլ մակարդակ կհաղորդի մեր հաճախորդներին մատուցվող ծառայություններին: Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 38179