2021թ. սեպտեմբերին դիմել էինք ՀՀ էկոնոմիկայի նախարարություն եւ Քաղաքաշինության պետական կոմիտե՝ տեղեկանալու, թե ո՞ր փուլում է գտնվում Արագած լեռան լանջին «Արագեյթ ինվեսթմենթս» ՍՊԸ կողմից ներկայացված լեռնադահուկային հանգստավայրի կառուցման նախագծի քննարկումը: Երկու գերատեսչություններից էլ ստացել էինք, ըստ էության ոչինչ չասող պատասխաններ: Ավելին, Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր դիմել Քաղաքաշինության պետական կոմիտե, իսկ Քաղաքաշինության պետական կոմիտեն առաջարկել էր դիմել Էկոնոմիկայի նախարարություն:Ս.թ. փետրվարի 7-ին Civilnet-ը հրապարակեց «Ֆրանսիան դժգոհ է Արագածի լեռնադահուկային ծրագրում ՀՀ կառավարության մոտեցումից» հոդվածը, որում, մասնավորապես, ասվում էր, որ «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերության կողմից լեռնադահուկային համալիր կառուցելու ներդրումային ծրագիրը «անախորժություններ է առաջացրել Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ»։ Փետրվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ Արագած լեռան լանջին լեռնադահուկային հանգստավայրի կառուցման համար ներդրող ընտրելիս «աշխատանքային խումբն առաջնորդվել է Հայաստանի քաղաքացիների, այլ ոչ թե Ֆրանսիայի կառավարության շահերով»։ Նա պարզաբանել էր, որ ներկայացվել է երկու նախագիծ, եւ աշխատանքային խումբը կանգ է առել Ռուսաստանից ներդրողի առաջարկի վրա։ Civilnet-ի հրապարակման մեջ ասվում էր, որ «Արագեյթ ինվեսթմենթս»-ի սեփականատերը ռուսաստանցի խոշոր գործարար Նիկոլայ Սարկիսովն է, իսկ ծրագրի օպերատորը ֆրանսիական Société des Trois Vallées ընկերությունն է, որը Քուրշեւել հանգստավայրի կառավարիչ ընկերությունն է։Մեդիամաքսը զրուցել է Société des Trois Vallées ընկերության գործադիր տնօրեն, «Արագեյթ ինվեսթմենթս»-ի տնօրենների խորհրդի անդամ Պասկալ դը Տիերսանթի հետ:- Դուք ասել եք, որ «Արագեյթ ինվեսթմենթս»-ի ներդրումային ծրագիրը քննարկվել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային նիստում: Եթե կարելի է մանրամասնեք, ի՞նչ է քննարկվել եւ արդյոք հայկական կողմը որեւէ նախնական համաձայնություն է տվել ծրագրին:- Ֆրանսիական կողմի հարցումը հիմնականում վերաբերում էր նախագծի կարգավիճակին։ Նախագծի գնահատման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովն իր աշխատանքն ավարտել է 2021 թվականի սեպտեմբերի կեսերին: Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի նիստը: Հանձնաժողովի աշխատանքներն արդեն տեւական ժամանակ է, ինչ ավարտվել էին, սակայն մեզ համար նախագծի կարգավիճակը պարզ չէր:Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ Քաղաքաշինության կոմիտեն, Էկոնոմիկայի նախարարությունը, Արագածոտնի մարզպետարանը եւ Կադաստրի կոմիտեն քաջատեղյակ էին մեր աշխատանքի եւ Հայաստան կատարած բազմաթիվ այցելությունների մասին։ Մենք համագործակցության հուշագիր էինք ստորագրել Քաղաքաշինության կոմիտեի հետ 2020 թվականի հունվարի 13-ին Ֆրանսիայի Քուրշեւել քաղաքում: Պասկալ դը Տիերսանթը՝ Արագածի լանջերին Լուսանկարը՝ Société des Trois Vallées Մեզ տեղեկացրեցին, որ միջկառավարական հանձնաժողովը միայն փորձագիտական եզրակացություն տալու մանդատ ունի եւ վերջնական որոշում կայացնելու լիազորություն չունի։ Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ։ Այդ եզրակացությունը մեզ համար բարենպաստ չէր, եւ մենք ցանկանում էինք ավելին իմանալ հանձնաժողովի կարգավիճակի եւ աշխատանքային չափանիշների մասին։- Դուք նաեւ նշել եք, որ ներկայում Ֆրանսիայի ԱԳՆ-ն բանակցում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ։ Ինչի՞ շուրջ են ընթանում բանակցությունները:- Ֆրանսիան մի պետություն է, որը միշտ աջակցում է արտերկրում գտնվող ֆրանսիական բիզնեսին։ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարությունը նպաստում է ֆրանսիական ընկերությունների միջազգային զարգացմանը եւ աջակցում կառավարության գործողություններին, որոնք ուղղված են մրցունակության, աճի եւ աշխատատեղերի ստեղծմանը: Ֆրանսիայի դեսպանները եւ նրանց խորհրդականները օգնում են ֆրանսիական բիզնեսին դուրս գալ միջազգային շուկաներ:Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը շարունակաբար աջակցել է «Արագեյթ» ծրագրին։ Դեսպանն նկարագրել էր Արագեյթը որպես ձեր տարածաշրջանի ամենամեծ լեռնադահուկային հանգստավայր, որը շուտով մուտք գործելու է Հայաստան։ Նա այն բնորոշել էր որպես Հայաստանում ֆրանսիական հիմնական ներդրումային նախագիծ։Մեր նպատակն է հասկանալ այդ հանձնաժողովի աշխատանքի չափանիշները, քանի որ կան տարբեր ֆրանսիական ընկերություններ, որոնք ներգրավված են Արագեյթ լեռնադահուկային եւ տարվա չորս եղանակների համար նախատեսված հանգստավայրի նախագծում եւ, ինչպես ասացի, Ֆրանսիան ֆրանսիական բիզնեսին աջակցող երկիր է:- Ցանկացած երկրի կառավարություն կարող է տարբեր ներդրումային ծրագրերի առկայության դեպքում նախապատվությունը տալ դրանցից որեւէ մեկին: Ելնելով այն հանգամանքից, որ դուք դժգոհություն եք հայտնում, կարելի՞ է ենթադրություն անել, որ հակամրցակցային կամ ոչ թափանցիկ գործելաոճ եք նկատել հայկական կողմից:- Առաջին խնդիրը միջկառավարական հանձնաժողովի կազմն է։ Ցավոք, հանձնաժողովի անդամները, կարծես, միայն վարչական աշխատակիցներ էին, եւ չկար երբեւէ ներկայացուցիչ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայից, այլ մարզական ֆեդերացիաներից, Զբոսաշրջության կոմիտեից կամ հյուրընկալության ոլորտի ղեկավարներից։Հանձնաժողովում ներկայացուցիչ չի եղել նաեւ Հայաստանում սպորտի պատասխանատու պետական գերատեսչությունից։ Որքան գիտեմ, նախարարություններից մեկում ունեք սպորտի համար պատասխանատու փոխնախարար։ Պասկալ դը Տիերսանթը՝ Արագածի լանջերին Լուսանկարը՝ Société des Trois Vallées Ինչպե՞ս կարող են վարչական աշխատակիցները գնահատել լեռնադահուկային եւ տարվա չորս եղանակների համար նախատեսված հանգստավայրի քաղաքաշինական ծրագիրը՝ առանց սպորտի, հյուրընկալության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում գիտելիքների եւ փորձի:Երկրորդ խնդիրն այն է, որ էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվում է ներկայացնել տեղեկատվություն, թե ինչպես են այդ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը գնահատել նախագիծը եւ քվեարկել։ Այստեղ այլ շահեր պետք է որ լինեն։- Արդյո՞ք մտադիր եք որեւէ իրավական գործընթաց սկսել այդ դեպքում, եթե «Արագեյթ ինվեսթմենթս»-ի ծրագիրը վերջնականապես մերժվի ՀՀ կառավարության կողմից:- Հայաստանը եւ Արագածոտնի մարզն են կորցնելու, եթե նախագիծը չվերագնահատվի եւ չհաստատվի։ Արագեյթ հանգստավայրը կլիներ թիվ մեկ լեռնադահուկային հանգստավայրը տարածաշրջանում։ Մենք իրականացրել ենք տարածքի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը, ինչպես նաեւ այլ ուսումնասիրություններ եւ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեր ծրագրի տվյալները.• Դահուկուղիների թիվը՝ 80, ներառյալ սկսնակների, միջին մակարդակի եւ փորձառու դահուկորդների համար• Դահուկուղիների ընդհանուր երկարությունը – 125,8 կմ• Ճոպանուղիների քանակը – 30• Հյուրանոցներում մահճակալների թիվը՝ 9000 (առաջին փուլում միայն երեք տարվա ընթացքում):Այս թվերը կարող եք համեմատել Գուդաուրիի եւ Բակուրիանի (Վրաստան), Սոչիի (Ռուսաստան) եւ թուրքական հանգստավայրերի հետ: Արագեյթ հանգստավայրը կարող էր թիվ մեկը լինել այս տարածաշրջանում։ Ավելին, շինարարության փուլում մենք պետք է ներգրավեինք 1600 աշխատողների եւ բանվորների ու ստեղծեինք 800 աշխատատեղ առաջին երեք տարիների շահագործման փուլի համար։ Եթե նախագիծը հաստատվեր, ապա մեր հայկական շահագործող ընկերությունը կհայտնվեր Հայաստանի առաջին 50 հարկատուների ցուցակում։Արագեյթ նախագիծը զգալի հնարավորություններ է ընձեռում Հայաստանում միջազգային զբոսաշրջության զարգացման համար եւ հրաշալի հնարավորություններ՝ զարգացնելու սպորտը եւ առողջ ապրելակերպը: Այս նախագիծը կարող է նաեւ ամրապնդել Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները եւ շատ օգուտներ բերել Հայաստանին: Մեր ընկերությունը՝ Société des Trois Vallées-ը, ստանում է բազմաթիվ նախագծերի առաջարկներ ամբողջ աշխարհից եւ իր վարկանիշի շնորհիվ ընտրում է միայն լավագույնները: Արագեյթը դրանցից մեկն է։ Հայաստանում ավելի լավ տեղ չկա ֆանտաստիկ լեռնադահուկային հանգստավայր բացելու համար։ Վստահեք իմ փորձին:Ներգրավված ֆրանսիական ընկերությունները, ինչպիսիք են Société des Trois Vallées, MDP Consulting, ESF (Ecole du Ski Français), POMA եւ այլն, կարող են լավագույններից լավագույնը բերել Հայաստան, բայց, ինչպես ասացի, Հայաստանն է, որը կկորցնի, եթե նախագիծը չհաստատվի:Կարծում եմ, որ Հայաստանի իրավապահ մարմինների եւ հայ հասարակության գործն է իմանալ ավելին այս նախագծի չհաստատման իրական պատճառների մասին: Tweet Դիտում՝ 54945