Դիանա Կիգուրաձե. Visa-ն չափազանց հպարտ է ներկայացնել Apple Pay-ը Հայաստանում

18.01.2022 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեի բացառիկ հարցազրույցը Banks.am-ին

- Տիկին Կիգուրաձե, ինչպե՞ս է համավարակն ազդել բիզնեսի վրա Հայաստանում։

- Համավարակը շատ առումներով է ազդել մեր առօրյա կյանքի վրա՝ սկսած նրանից, թե ինչպես ենք կազմակերպում մեր աշխատանքը, մինչեւ գնումներ կատարելու, վճարելու եւ վարձատրվելու եղանակները: Ամբողջ աշխարհում Covid-19-ից մասնավորապես տուժեց բիզնեսը, որը գրեթե մեկ գիշերվա ընթացքում ստիպված եղավ տեղափոխվել առցանց տիրույթ եւ փոխակերպվել այնպես, որ կարողանա հաղթահարել նոր իրողությունները՝ գոյատեւելու համար: Կարող է պարադոքս թվալ, բայց այս համավարակը կտրուկ մեծացրեց թվայնացման պահանջարկը: Ընդլայնվել է անհպում վճարման գործառույթի օգտագործման շրջանակը: Այս համատեքստում համավարակն ընկերություններին դրդել է անցում կատարել զարգացման նոր փուլ։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի գործարար էկոհամակարգում առկա է դրական փոփոխություն, եւ որ այն ունի նորարարությունների ներուժ, որը մեզ առաջնորդում է դեպի ավելի արդյունավետ աշխատանքային տարի։

Նաեւ կցանկանայի հավելել, որ այն երկրները, որտեղ բանկերը, բիզնեսները եւ պետությունը հասցրել էին ներդրումներ կատարել թվային ենթակառուցվածքների զարգացման մեջ, ներառյալ թվային վճարումները, էլեկտրոնային առեւտուրը, լոգիստիկան ու առաքումը եւ էլեկտրոնային ծառայությունները, կարողացել են ավելի քիչ վնասով դուրս գալ անորոշությամբ եւ համավարակով պայմանավորված մարտահրավերների միջով: Իսկ Visa-ն միշտ հանդես է գալիս անկանխիկ եւ թվային տնտեսության նորարարական ու տեխնոլոգիական զարգացման օգտին, որից շահում է հասարակությունը:

- Եթե համեմատենք Ձեր իրավասության ներքո գտնվող տարածաշրջանի երկրները, ապա ի՞նչ տեղ է զբաղեցնում Հայաստանը անկանխիկ վճարումների զարգացման եւ միեւնույն ժամանակ նորարարական քարտային տեխնոլոգիաների ներդրման առումով։

- Visa-ն ակտիվորեն աջակցում է հայկական բիզնեսին, եւ մենք ուրախ ենք սատարել երկրին ու մեր ներդրումը բերել տեղական տնտեսության մեջ։ Բիզնեսի տեխնոլոգիական պատրաստվածության առումով Հայաստանը՝ Վրաստանի համեմատ, դեռ անկանխիկ եւ թվային զարգացման ճանապարհին է։ Այստեղ մեր հիմնական առաջնահերթություններից է նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը: Ավելի քան մեկ տարի առաջ Visa-ն առաջինն էր հայաստանյան շուկայում, որը նախաձեռնեց եւ գործարկեց տոկենավորման համար անհրաժեշտ գործառույթը՝ Visa Token ծառայությունը (Visa Token Service): Այն թույլ է տալիս տոկենավորել քարտերը, որոնք կարող են օգտագործվել թվային դրամապանակներով վճարման նոր մեթոդներից օգտվելիս, նվազեցնում է զեղծարարության հնարավորությունը եւ պաշտպանում անձնական տվյալները, ինչպես նաեւ խթանում է էլեկտրոնային առեւտրի զարգացումը:

Մենք շուկային առաջարկեցինք Visa Direct լուծումը, որն արագ, ապահով եւ հարմարավետ դրամական փոխանցումների հարթակ է P2P գործարքներ կատարող սպառողների համար։ Շատ բանկեր այժմ այս լուծումն օգտագործում են՝ ավելի հարմարավետ ծառայություններ մատուցելով իրենց հաճախորդներին: Մեկ այլ գերժամանակակից լուծում, որը մենք մշակում ենք, բացառապես ստացողի հեռախոսահամարի օգտագործմամբ P2P փոխանցումներն են: Այս լուծումով քարտապանները չեն օգտագործում որեւէ քարտային տվյալ. նրանք մեր ամբողջ գործառնությունն իրականացնում են միայն իրենց բանկային հավելվածների ներսում, ուստի, ի վերջո, այն անվտանգ, արագ եւ պաշտպանված միջոց է՝ ձեր դրամական շարժը կառավարելու համար:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում Visa-ի 20-ամյակի կապակցությամբ, որը նշում ենք 2022 թվականին, մենք չափազանց հպարտ ենք ներկայացնել Apple Pay-ը Հայաստանում։ Գործընկեր բանկերի հետ միասին մենք մեր բոլոր քարտապաններին առաջարկում ենք ինչպես առերես, այնպես էլ առցանց թվային վճարումներ կատարելու հարմարավետ, անվտանգ եւ պարզ եղանակ՝ իրենց քարտերը կցելով Apple դրամապանակին եւ օգտագործելով Apple Pay-ը: Մենք հավատում ենք, որ այն կխթանի երկրում թվային վճարումների հետագա ժողովրդականությունը եւ աճը:

- Հայաստանյան բանկերը բավականին ակտիվ գովազդային ակցիաներ են իրականացնում Visa քարտապանների համար։ Ինչպիսի՞ն են նման նախագծերի բիզնես արդյունքները:

- Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանում մեր գործընկեր բանկերի հետ, որպեսզի աջակցենք եւ զարգացնենք երկրի վճարային էկոհամակարգը՝ ներդնելով մեր տեխնոլոգիաները, ռեսուրսները եւ գործիքները: Մենք ունենք լավ պրոդուկտներ եւ շահավետ առաջարկներ մեր գործընկեր բանկերի համար, որոնք, իրենց հերթին, դրանք կարող են առաջարկել սեփական հաճախորդներին, ինչպիսիք են՝ Visa-ի կոնսիերժ ծառայությունը, օդանավակայանների պրեմիում սրահներ անվճար մուտքի հնարավորությունը, ճանապարհորդական ապահովագրությունը եւ այլն: Visa քարտապանները կարող են ստանալ քեշբեք Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս գործող տարբեր ընկերություններից, իսկ համավարակի բռնկումից հետո, կարծում եմ, պարգեւներ ստանալն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել։ Մեր տեսանկյունից՝ քեշբեքի տրամադրումը հաճախորդին հավատարիմ լինելու համար խրախուսման ձեւերից մեկն է, որը միաժամանակ վստահություն է ստեղծում հաճախորդների եւ ապրանքանիշերի միջեւ:

- 2020թ. գարնանը Visa-ն հայտարարեց անհպում գործարքների սահմանաչափի բարձրացման մասին (մինչեւ 25 հազար դրամ), երբ քարտապանի նույնականացման համար PIN կոդ չի պահանջվում: Ինչպե՞ս է դա ազդել անկանխիկ վճարումների ծավալների աճի վրա։

- Անհպում վճարումների առավելությունն առաջին հերթին արագության, հարմարավետության եւ պարզության մեջ է: Visa-ի տվյալներով՝ 2020 թվականի դրությամբ Հայաստանում իրականացված գործարքների ավելի քան 43%-ը եղել է անհպում։ Մեր վճարային տեխնոլոգիաները տարածաշրջանում մեծ պահանջարկ են վայելում, եւ դա խթանում է նոր լուծումներ ներդնելու եւ գործարքները սպառողների համար ավելի հեշտ, մատչելի ու հարմարավետ դարձնելու մեր մոտիվացիան:

Հայաստանում գործարքների սահմանաչափը 25 000 դրամի հասցնելու մեր որոշումը նպատակ ունի օգնել, որպեսզի սպառողները կարողանան հարստացնել իրենց փորձը վճարման ավելի հարմար եղանակով: Ավելի խոշոր գնումների համար Visa քարտի, բջջային հեռախոսի կամ անհպում կրելի սարքի միջոցով վճարում կատարելիս սովորական սեղմման շնորհիվ թվային վճարումները դարձան ավելի տարածված երեւույթ եւ դրական ազդեցություն ունեցան անհպում վճարումների թվաքանակի վրա: Սույնով մենք բարձր ենք գնահատում ՀՀ կենտրոնական բանկի եւ անկանխիկ վճարումների ոլորտի մասնակիցների աջակցությունը՝ սահմանաչափի ավելացումը հնարավոր դարձնելու համար:

Visa-ում մենք ձգտում ենք մեր տեխնոլոգիաների ամենօրյա առաջընթացին եւ զարգացմանը, ներդնում ենք նորարարական պրոդուկտներ՝ համագործակցելով տարածաշրջանում մեր արժեքավոր գործընկերների հետ: Մենք տեսնում ենք անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված մեր գործողությունների արդյունքները եւ ուրախ ենք տարին սկսել կարեւոր հանգրվանից եւ շուկա բերել եւս մեկ բեկումնային տեխնոլոգիա՝ ի դեմս Apple Pay-ի:

- Այսօր անհպում վճարումներով ոչ մեկին չի կարելի զարմացնել. տեխնոլոգիաները չափազանց արագ են զարգանում՝ ներդնելով նոր հնարավորություններ, ինչպիսիք են, օրինակ, ձայնային վճարումները Ռուսաստանում կամ հեռախոսահամարով դրամական փոխանցումների ծառայությունը: Նախատեսո՞ւմ եք նման պիլոտային ծրագրեր իրականացնել Հայաստանում։

- Visa-ի ռազմավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը ողջ աշխարհում նորարարությունների մշակույթ ստեղծելն է: Բայց նաեւ կարեւոր է, որ երկու կողմերը՝ մի կողմից բանկերն ու բիզնեսը, մյուս կողմից՝ սպառողները, բոլորը պատրաստ լինեն օգտագործել այդ տեխնոլոգիաները։ Կովկասում մեր առաքելությունն է նպաստել առանձին անհատների, բիզնեսի եւ տնտեսությունների բարգավաճմանը։ Մենք նպաստում ենք թվային վճարումների դյուրացմանը ողջ տարածաշրջանում՝ համագործակցելով գործարարների, ֆինանսական հաստատությունների, ֆինտեխների, ստարտափների, ՓՄՁ-ների եւ պետական կառույցների հետ: Ես արդեն խոսեցի մեր գործարկած ստացողի հեռախոսահամարի օգտագործմամբ P2P գործարքների ծառայության մասին: Մենք խթանում եւ հանրահռչակում ենք գաջեթներով վճարումների նոր մեթոդները, ինչպիսին Apple Pay-ն է, եւ մենք շարունակում ենք բարձրացնել քաղաքացիների գրագիտությունը թվային վճարումների անվտանգության բնագավառում:

- Visa-ի մեկ այլ հետաքրքիր նախագիծ է Visa Commercial Pay-ը, որը B2B հատվածի համար նախատեսված վճարային լուծումների փաթեթ է: Հայաստանի գործարար համայնքը կարո՞ղ է ակնկալել նման լուծումներ։

- Visa-ն ամբողջ աշխարհում ամեն տարի ապահովում է ավելի քան 215 միլիարդ վճարային գործարքներ սպառողների, առեւտրային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Իսկ մեզ համար կարեւոր է, որ մեր նորարարական, հարմարավետ, հուսալի եւ ապահով VisaNet վճարային ցանցը, ինչպես նաեւ մեր պրոդուկտներն ու տեխնոլոգիաները նույնպես սպասարկեն բիզնեսի կարիքները՝ սկսած միկրո ձեռներեցներից եւ ՓՄՁ-ներից մինչեւ խոշոր ռիթեյլերներ եւ կորպորատիվ հատված: Բիզնեսի համար նախատեսված պրոդուկտների պորտֆելը կարող է տարբերվել՝ կախված երկրից: 2020 թվականին Visa-ն հանձնառություն ստանձնեց թվայնացնել 50 միլիոն ՓՄՁ ամբողջ աշխարհում, եւ 2021 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք արդեն հատել ենք 16 միլիոնի սահմանագիծը՝ փոքր բիզնեսի համար դուռ բացելով դեպի թվային վճարումների եւ դրանց ստացման աշխարհ: Մենք գործարկեցինք մեր գործնական բիզնես հմտությունների գլոբալ հարթակը, որն աջակցում է սկսնակ ձեռներեցներին: Որոշ շուկաներում մենք ներկայացնում ենք Visa B2B Connect լուծումը, որը ոչ քարտային վճարումներ կատարելու  հնարավորություն է տալիս խոշոր եւ կորպորատիվ բիզնեսին: Որպեսզի բավարարենք ՓՄՁ-ների՝ ցածր արժեքով վճարումների ընդունման գործիքների պահանջը, մենք մշակել ենք Tap to Phone տեխնոլոգիան, որը բանկերին հնարավորություն է տալիս ստեղծել սեփական softPOS լուծումները (հավելվածները), որոնք NFC-ի ապահովմամբ Android սմարթֆոնները վերածում են շարժական տերմինալների: Բանկերի հետ միասին մենք նաեւ հատուկ քարտեր եւ ծրագրեր ենք առաջարկում բիզնեսին։ Բիզնեսի զարգացումը նշանակում է աճող տնտեսություն։ Եվ հիմա մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Covid-19 համավարակից առավել տուժած ՓՄՁ-ներին աջակցության վրա։

- 2020 թվականին Visa-ն ներկայացրեց թարմացված Visa Secure տեխնոլոգիան, որի նպատակն է բարձրացնել առցանց գործարքների անվտանգությունը: Այս նոր արձանագրությունը ե՞րբ հասանելի կլինի հայկական շուկայի համար։

- Մենք առցանց վճարումների անվտանգության բարելավմանն ուղղված թարմացված Visa Secure տեխնոլոգիան ներկայացրել ենք 2020 թվականին: Այն հասանելի է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի (CEMEA) տարածաշրջանում: Visa Secure-ն ապահովում է ավելի հուսալի պաշտպանություն զեղծարարությունից, թույլ է տալիս քարտապաններին վճարման գործընթացը դարձնել ավելի հարմարավետ եւ ավելացնել ավարտված գնումների թիվը, դրանով իսկ առավելություններ ապահովելով գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար: Առեւտրային ձեռնարկություններին Visa Secure-ն օգնում է ավելի լավ հայտնաբերել եւ կանխել զեղծարարության փորձերը՝ մինչեւ տասն անգամ ավելի տվյալներ տրամադրելով թողարկողներին՝ ռիսկերի արդյունավետ վերլուծության եւ որոշում կայացնելու համար: Սպառողներն էլ հնարավորություն են ստանում ավելի հարմար եւ անվտանգ միջոցով վճարում կատարել՝ օգտագործելով տարբեր ուղիներ՝ այդ թվում սմարթֆոնի բրաուզերի, բջջային հավելվածի եւ էլեկտրոնային դրամապանակի օգնությամբ։

- Նախորդ տարվա սկզբին հայտարարվեց Visa-ի եւ Plaid-ի՝ ամերիկյան ֆինտեխ ագրեգատորի միջեւ 5,3 միլիարդ դոլարի գործարքի չեղարկման մասին։ ԱՄՆ արդարադատության նախարարությունն իր հայցում մասնավորապես նշել էր, որ «գնումը կարող է Visa-ին օգնել անօրինական կերպով պահպանել առցանց դեբետային քարտերի շուկայում մենաշնորհը»։ Այս կապակցությամբ ես կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը։ Արդյո՞ք Visa-ն ֆինտեխ ստարտափներին դիտարկում է որպես անհանգստացնող մրցակիցների:

- Սպառողների խնդիրների լուծման նոր, ոչ ավանդական խաղացողների մոտեցումը ենթադրում է նորարարական միջոցների կիրառում: Ըստ էության՝ նրանք գործում են նույն ուղղությամբ, ինչ Visa-ն, որն աշխարհին հեղափոխական հեռանկար էր առաջարկում դեռեւս 60 տարի առաջ։ Visa-ում մենք գնահատում ենք մեր աշխատանքը գործընկերների հետ՝ հասնելու ընդհանուր նպատակներին, այն է՝ բարելավել սպառողներին սպասարկման որակը՝ առաջարկելով վճարման ժամանակակից, անվտանգ, մատչելի մեթոդներ, օգնել տեղական տնտեսությունների զարգացմանը, աջակցել ՓՄՁ-ներին, ֆինտեխ եւ ստարտափ ընկերություններին: Ավելին, մենք շարունակաբար ներդրումներ ենք կատարում այն ընկերություններում, որոնք ունեն թվային վճարումների զարգացման բացառիկ ներուժ։ Բացի այդ, Visa-ն տաղանդավոր ձեռներեցների եւ ստարտափների համայնքի համար նորարարությունների խթանման եւ հետագա զարգացման ծրագրերի ու հարթակների ակտիվ նախաձեռնող է, ինչպիսիք են Visa-ի՝ ստարտափների համար նախատեսված գլոբալ մրցույթը՝ Visa Everywhere նախաձեռնությունը, կամ ֆինտեխների համար Fast Track ծրագիրը, որը բացառիկ հասանելիություն է ապահովում Visa-ի ռազմավարության, մարքեթինգի, դիզայնի, ռիսկերի կառավարման եւ այլ ոլորտների փորձագետների նկատմամբ: Մենք հաշվում ենք Visa-ի հետ համագործակցող ավելի քան 100 ֆինտեխ ընկերություններ, որոնք արագացնում են ամենահամարձակ գաղափարների իրականացումը, վստահելի գործընկերների փնտրտուքը եւ արդյունավետ բիզնես մոդելի ընդլայնումը:

Կցանկանայի նշել, որ նախորդ տարի մեր գործընկեր վրացական Payze ստարտափը դարձել է «Visa Everywhere Initiative 2021» համաշխարհային մրցույթի CEMEA տարածաշրջանային եզրափակիչ փուլի հաղթող։ Այս տարածաշրջանը միավորում է Կենտրոնական Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի 90 երկրներ, եւ դուք կարող եք պատկերացնել, որ Payze-ն անցել է խիստ մրցակցային մրցույթ՝ ավելի քան 600 դիմորդներով, ինչը մեծ հաջողություն է նաեւ ողջ տարածաշրջանի համար։

- Վերջում, խնդրում եմ, կիսվեք այս տարվա ձեր ծրագրերով՝ կապված հայաստանյան շուկայի հետ:

- Մեր առաքելությունն է առաջ տանել անկանխիկ օրակարգը տարածաշրջանում: Նորարարական եւ տեխնոլոգիական զարգացումը Հայաստան բերելը, պրոդուկտների ամրապնդումը, փոքր եւ միջին բիզնեսին աջակցությունը, կանանց հզորացումը, ֆինանսական հաստատությունների, ֆինտեխ ընկերությունների, բանկերի, կարգավորող մարմինների եւ օրեցօր ավելացող բիզնես գործընկերների հետ սերտ համագործակցությունը մեզ համար մնում են հիմնական առաջնահերթություններ։ Այս ոլորտները, որոնք ես նշեցի, կլինեն մեր աշխատանքի եւ առկա մարտահրավերները հնարավորությունների վերածելու ուղենիշները:
Դիտում՝ 42728
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW