«1 րոպե անց» գրքի հայաստանյան հաջողությունը եւ 1-ին քայլերն Amazon-ում

28.12.2021 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Սամվել Գեւորգյան #«1 րոպե անց» #BSC
Մի քանի շաբաթ է, ինչ հայաստանյան բեսթսելեր «1 րոպե անց» գրքի անգլերեն թարգմանությունը Amazon համաշխարհային ցանցում է էլեկտրոնային եւ փափուկ կազմով տարբերակներով:

Գրքի հեղինակ, բիզնես խորհրդատու եւ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը Banks.am-ի հետ զրույցում բացահայտել է գրքի հայաստանյան հաջողության գաղտնիքն ու պատմել Amazon-ում ներկայանալու հաջորդական քայլերի մասին:

Հաջողության գրավականը՝ ընդունված ձեւաչափերից դուրս

21 թվականի հունվարի 26-ից #1րոպեանց-ն արդեն գրախանութներում էր: Գրքի հիմնական կարգախոսը #ՄիշտԱռաջ-ն է: Այն ուղղություն է տալիս, թե ինչպես հասնել անգերազանցելի արդյունքի եւ երաշխավորված շարժվել առաջ:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 11-ին: Շատերի մոտ հարց ծագեց՝ ինչու ենք շնորհանդես անում գրքի՝ գրախանութներում հայտնվելուց հետո: Սովորաբար հակառակն է լինում՝ սկզբում շնորհանդես, հետո միայն վաճառք: Իմ պատասխանը եղավ այն, որ գրքի հիմնական իմաստը հենց դրանում է՝ գործել ընդունված ձեւաչափերից դուրս, մտածել արկղից դուրս (անգլ.՝ out of the box):  

Նպատակ ունեինք 2 շաբաթում վաճառել 1000 օրինակ: Սա գրքի առաջին մարտահրավերն էր: 1000-րդ օրինակը վաճառվեց հենց շնորհանդեսի ժամանակ, եւ այդպես գրանցվեց առաջին հաջողությունը: Դրա հիմնական գրավականն այն էր, որ իրերին նայում էինք բոլորովին այլ տեսանկյունից:



Review. «Գիրքը կարծես բանալի է, որը բացում է քո հնարավորությունները հենց քեզ համար, փոխում է քեզ, տալիս հնարավորություն հետ նայելու ու առաջ շարժվելու, ստիպում քեզ երազել անհավատալիի մասին, հավատալ քո ուժերին, կառուցել այն, ինչ դու ես ցանկանում, անել այն, ինչ վաղուց երազում ես, բայց չես համարձակվում անել»:

Գրքի հաջողությանը մեծ նպաստ բերած գործոններից է նաեւ այն, որ մարքեթինգին եւս միանգամայն նոր կերպ էինք մոտենում: Մի անգամ գրախանութներից մեկից ասացին, որ գիրքը փորձել են գողանալ, ու մի տեսանյութ ուղարկեցին: Ես դա հրապարակեցի՝ նշելով, որ դա հաղորդագրություն է հանցագործության մասին: Տեսանյութում երեւում էր, թե ինչպես է մի երիտասարդ աղջիկ պատռում գրքի վրայի թաղանթը, հանում միջից սթիքերները, դնում պայուսակը, իսկ գիրքը հետ դնում տեղը: Ըստ իմ գրառման՝ հանցագործությունը, ոչ թե այն էր, որ նա վերցնում է սթիքերները, այլ այն, որ բարոյահոգեբանական հարված է հասցնում հեղինակին՝ գրքի փոխարեն ընդամենը սթիքերները նախընտրելով: Այս գրառումը բավականին մեծ արձագանք գտավ սոցիալական ցանցերում, եւ ինքն իրենով ստանդարտից դուրս մարքեթինգի օրինակ է:

Անկեղծությունը՝ անձնական օրագրում

Հաջողության երրորդ գործոնն էլ գրքի մեջ ի սկզբանե նվերի գաղափարը ներդնելն էր: Սակայն սա նվեր է ինքդ քեզ, քանի որ գրքի ձեւաչափն անձնական օրագրի է նման:



Գրքում կա նաեւ հատված, որտեղ ընթերցողն ինքն իր հետ պայմանագիր է կնքում, որով էլ պատրաստվում է սկսել գործել: #1րոպեանց-ում շեշտել եմ նաեւ ինքդ քեզ հետ անկեղծ լինելու կարեւորությունը: Երբ որ մարդ նայում է հայելու մեջ, պետք է կարողանա իր ձեւից բացի տեսնել նաեւ բովանդակությունը: Ինչպես գրքում եմ նշում, մարդու ամենամեծ մարտահրավերը ինքն իրեն ճանաչելն է: Գուցե պարզ է հնչում, որովհետեւ թվում է, թե մարդը գիտի՝ ինքն ով է, սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ: Ինքդ քեզ հետ անկեղծ լինելով է, որ կկարողանաս ուժեղ կողմերդ դրոշակ դարձնել ու առաջ գնալ, իսկ որպես հետեւանք՝ թույլ կողմերը կսկսեն առաջնային դեր չխաղալ:

Review. «Գիրքն ինձ համար անկեղծ լինելու շտեմարան էր, այսինքն՝ կային հարցեր, որոնք միշտ խուսափել ենք մեզ տալ, եւ հենց աչքերն անցնում են այդ տողերով, սկսում ենք մտքում պատասխաններ փնտրել»:

Բեսթսելեր՝ 11-82 տարեկանների համար

Այս տարվա ընթացքում գիրքը եւս մի քանի անգամ տպագրել ենք, քանի որ այն բեսթսելեր է դարձել:

Արձագանքն իմ պատկերացրածից շատ ավելի լավն էր: Ըստ հնչող կարծիքների՝ մարդիկ սիրեցին գիրքն իր գաղափարախոսության համար. եթե երազանք ունես, պետք է այն ռեալ գործողություների փոխակերպես, եթե ուզում ես ինչ-որ բան սկսել, պետք է անմիջապես սկսես՝ տարիներով միայն պլանավորելու փոխարեն: Գրքի ժամանակակից ձեւաչափը՝ կազմված սոցիալական ցանցերի Story-ների ոճով, եւս շատ գրավիչ դարձավ:



Յուրաքանչյուր գլխից առաջ էլ իմ անձնական պատմություններն են, որոնց միջոցով էլ գիրքը ոչ միայն խորհուրդներ է տալիս, այլ պատմում՝ ինչպես եմ դա արել ես: Հիմնական ընթերցողները 18-35 տարեկան անձինք են, որպես թիրախ հենց իրենց էլ ընտրել էինք: Սակայն գիրքը կարդացել են 11-82 տարեկան ընթերցողներ: Սա ասում եմ՝ հիմնվելով ինձ փոխանցած արձագանքների վրա, դրանք բոլորն էլ խիստ դրական են: Ինձ համար շատ ոգեւորիչ է, որ կարողանում եմ ոչ միայն մոտիվացնել մարդկանց, այլ նաեւ օգնում եմ այդ լիցքն ուղղել կոնկրետ գործողությունների:

Review. «Իմ բիզնեսն եմ ունեցել, կարողացել այն ընդլայնել: Ավաղ, պատերազմը մեզանից տարավ ամուսնուս, եւ ես առանց մտածելու փակեցի գործս, շատ վատ էի զգում ինձ մինչեւ վերջին մի քանի օրը: Գիրքը նվեր եմ ստացել Դուբայում ապրող անծանոթուհուց, որ հեռվից երեխաներիս կողքին է վերջին ամիսներին: Ես հիմա ինձ կրկին երջանիկ եմ զգում, նպատակներս նորից անցնում են աչքերիս առաջով, նոր գործ սկսելու, առաջ գնալու, իմ երազանքների տունը կառուցել սկսելու նոր ուժ եմ գտել»:

Գրքի խորհուրդները՝ գործնականում

Երբ նոր էի աշխատում գրքի կառուցվածքի վրա, արդեն մտածում էի, որ պետք է միջազգային շուկա դուրս բերել: Ճիշտ է, հայերեն շատ ավելի «համով» է, եւ դժվար է թարգմանությամբ լիարժեք փոխանցել, օրինակ՝ «Աշխարհը քեզնով արա», «Ինքդ քեզ տեղը դիր» արտահայտությունները, բայց այնուամենայնիվ, գիրքը գրվել է նաեւ արտասահմանցի ընթերցողների համար: Սա եւս գրքի սկզբունքներից է, որ պետք է ի սկզբանե գլոբալ մտածել:

Արդեն այս տարվա մայիսին գիրքը թարգմանված էր: Այդ պահից սկսած էլ սկսեցի հանրայնացնել #1րոպեանց-ի՝ Amazon համաշխարհային ցանցում հայտնվելու մասին գաղափարը: Սա էլ մյուս դասերից, որ պարտադիր չէ պրոդուկտը վերջնական պատրաստ լինի, նոր միայն սկսես խոսել այդ մասին: Այս գործելաոճն օգնում է արձագանքներ ստանալ նախքան պրոդուկտի վերջնական լինելը, ինչի շնորհիվ էլ գեներացվող կարծիքները կարողանում ես ներդնել պրոդուկտում ու ներկայանալ արդեն իսկ դրական կարծիքների արժանացած առաջարկով:



Այս մոտեցմանը դեմ արտահայտվողները նշում են, որ գաղափարդ կարող են գողանալ: Ես այլ կերպ եմ մտածում. դու գաղափարը հանրայնացրու սոցցանցերով ու այն կդառնա քոնը, քանի որ դու ես այդ մասին խոսել: Ավելի հայկական խոչընդոտ է այն անհանգստությունը, որ գուցե աչքով տան: Ես համոզված եմ, որ երբ կարողանում ես համակիրներ հավաքել, դա շատ ավելի հզոր է, քան որեւէ մեկի աչքով տալը:

Review. «Երբեմն դեպի նպատակ գնացող մարդուն պետք է հիշեցնել սկզբի մասին՝ որտեղից որ սկսել է նպատակը, որ գնա առաջ ու կատարելագործվի ոչ թե առաջնային նպատակին հասնելով՝ կանգ առնի: Ամեն տողից հետո #1րոպեանց նոր գաղափարներ են ծնվում, հներն էլ վերածնվում»:

Անգլերեն տարբերակի առաջին կարծիքները

Գրքի անգլերեն տարբերակի առաջնային թիրախն ԱՄՆ-ն է: Դրա համար էլ մայիսին գտա մոտ 30 ամերիկացիների ու պայմանավորվեցի, որ կկարդան ու հետադարձ արձագանք կտրամադրեն:

Այս փուլի համար 2 ամիս էի նախատեսել, սակայն մոտ 5 ամիս տեւեց: Հաշվի չէի առել, որ դիմացն ամառ է, ու մարդիկ գնում են հանգստանալու, կամ գուցե ժամանակը չների արագ կարդալ: Չնայած ուշացմանը՝ հրաշալի արդյունք ունեցանք: Ամերիկացի առաջին ընթերցողների արձագանքն իսկապես բովանդակային էր եւ օգտակար:



Լեզվական որոշ շտկումների կարիք կար՝ ուղերձներն ամերիկյան ընկալմանն ավելի համապատասխանեցնելու համար: Բացի այդ, որոշ հատվածներում լրացումներ կատարելու անհրաժեշտություն եղավ: Օրինակ՝ գրքի մի հատվածում 90-ականների սկզբի մասին խոսելիս նշում եմ, որ Հայաստանում «բիզնես» բառը դեռ նոր էր: Ամերիկացու համար սա ընկալելի չէ, դրա համար էլ պետք էր լրացնել այն, որ Խորհրդային Միությունը նոր էր փլուզվել եւ այլն:

Review. «#1րոպեանց-ը օգնեց, որ երկու ամսվա ծրագիրը երկու շաբաթում իրագործվի»:

Հաջորդական քայլեր դեպի Amazon

Amazon-ում պրոդուկտ առաջ տանելու համար շատ կարեւոր է թեստավորման փուլը: Դա երկու զուգահեռ գործընթաց է, որից մեկը հեղինակային իրավունքին է առնչվում: Երկրորդն էլ բուն բովանդակության մասն է, որը չպետք է լինի հակաօրենսդրական: Համապատասխան դաշտերը լրացնելուց հետո գիրքը հրատարակում ես օնլայն հարթակում, ու Amazon-ը ուղղորդում է՝ ինչն է պետք փոխել:

Մյուս կարեւոր կետը հետազոտության լրջագույնս իրականացումն է՝ մրցակիցներ, բանալի բառեր, ընթերցողների նախընտրություններ, ռեվյուներ, որոնումներ, սեզոնային պահանջարկ, անգամ այն, թե ինչպիսին է ընթերցողների էմոցիոնալ պատկերը ներկա ժամանակում՝ հասկանալու համար, թե ինչ իրենք կուզեն տեսնել Amazon-ում:

Շատ կարեւոր է նաեւ գնային ռազմավարությունը: Առաջարկվող մի քանի տարբերակներ կան: #1րոպեանց-ի էլեկտրոնային տարբերակի համար ես ընտրեցի այն ձեւաչափը, որտեղ Amazon-ը տալիս է ավելի բարձր տոկոս, սակայն դրա դիմաց էքսկլյուզիվ վաճառքի հնարավորություն ստանում: Սա ընտրել եմ 6 ամսով, այսինքն՝ գրքի էլեկտրոնային տարբերակը 6 ամիս տեղադրված կլինի միայն Amazon հարթակում:



Փափուկ կազմով տարբերակի համար ընտրածս գնային ռազմավարության տոկոսն ավելի ցածր է, այս պարագայում Amazon-ը չունի էքսկլյուզիվ իրավունք: Կար նաեւ մի տարբերակ, որով Amazon-ին այլ հարթակներում վաճառելու իրավունք ես տալիս, սակայն ես դա չընտրեցի, քանի որ դեռեւս ուզում եմ հասկանալ գրքի ընթացքը հենց Amazon-ում:  

Review. «Այս գիրքն այն է, ինչի կարիքն ունենք այսօր: Վստահորեն խորհուրդ եմ տալիս կարդալ այն: Գրված է պարզ լեզվով ու պրակտիկ ցուցումներով»:

Թերությունը դարձնել հնարավորություն

Այս բոլոր փուլերն անցնելուց հետո դեկտեմբերի 7-ին էլեկտրոնային տարբերակն արդեն դրվեց Amazon-ում: Իհարկե, սրան նախորդել էր երկար աշխատանք դիզայներների հետ՝ գիրքը էլեկտրոնային epub ձեւաչափին համապատասխանեցնելու համար: Իրականում դա այդքան էլ հեշտ չէ, հատկապես երբ կան պատկերներ, ակտիվ հղումներ:

Զուգահեռաբար աշխատում էինք նաեւ փափուկ կազմով տարբերակի ուղղությամբ: Շատերը չգիտեն, որ Amazօn-ն ունի Print on demand` տպագրություն ըստ պահանջի ծառայությունը: #1րոպեանց-ի պարագայում ես անգլերեն տարբերակի տպագրության համար օգտվեցի այս ծառայությունից: Հատկապես սկսնակ հեղինակների համար սա լրջագույն առավելություն է, որովհետեւ այլեւս չկա անհրաժեշտություն տպագրման, առաքման, պահեստում ներդրումներ ունենալու: Գուցե տպագրությունն այս կերպ 30%-ով ավելի թանկ է, սակայն դա փոխհատուցվում է ճանապարհի եւ իրավական հարցերի ներդրումների դուրս մղմամբ:



Փափուկ կազմով տարբերակն էլեկտրոնայինից միայն 10 օր հետո հայտնվեց, որովհետեւ երկար ժամանակ Amazon-ը չէր ընդունում ձեւաչափը, թերություններ էր գտնում: Միասին երկար աշխատելով խնդիրը լուծեցինք: Շատերն ասում են, որ 10 օրվա տարբերությունը խնդրահարույց է, իսկ ես ասում եմ, որ նման թերությունները պետք է ընկալենք որպես հնարավորություն: Կոնկրետ այս պարագայում մենք 10 օր դասեր ենք քաղել:

Review. «Այս գիրքը դրդում է մտածել, ոգեշնչում է եւ մղում գործողությունների մեր կյանքի յուրաքանչյուր կետից: Հեղինակի անձնական պատմությունները շատ օգտակար են եւ դարձնում են փորձառությունն ավելի խորաթափանց ու հաճելի»:

Անգնահատելի փորձն ու քաղած դասերը

Այս ամբողջ գործընթացում ամենակարեւորը քաղած դասերն են: Գիրքը Amazon-ում սկսեց վաճառվել արեւմուտքում Սուրբ Ծննդից առաջ, քանի որ թեստավորման գործընթացը նախատեսվածից երկար տեւեց: Վատ կողմերից է այն, որ այդ ժամանակահատվածում մրցակցությունն ահռելի է, գովազդային բյուջեներն էլ շատ են աճում: Միեւնույն ժամանակ, այս ընթացքը գիրքը թեստավորելու համար շատ հարմար է: Արդեն իսկ կան առաջին 5/5 գնահատականներն ու դրական ռեվյուները:



Քաղած դասերից կարեւոր է առանձնացնել նաեւ այն, որ պետք չէ հույսը միայն Amazon-ի վրա դնել: Այս հարթակն ավելի տեսանելի է դարձնում այն պրոդուկտները, որոնք որոնում են բանալի բառով ու առաջարկված տարբերակներից հենց այդ մեկն ընտրում: Եթե մարդը փնտրում է կոնկրետ գրքի վերնագրով ու գնում գիրքը, սա այդքան էլ չի արտացոլվում տվյալ գրքի տեսանելիության բարձրացման վրա: Այդ պատճառով էլ պետք է տարբեր հարթակներից դեպի Amazon ուղղորդել, որպեսզի այն տեսնի՝ գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծ է: Հենց այս նպատակով էլ բացեցինք գրքի կայքը, որտեղ ունենալու ենք բլոգ: Առաջիկայում նպատակ ունենք այլ հարթակներից եւս ուղղորդել դեպի Amazon՝ գնելու #1րոպեանց-ը:

Գրքի նպատակն է դառնալ իր առաջին հրատարակությամբ հայերեն ու միջազգային բեսթսելեր դարձած առաջին գիրքը: Երբ ասում եմ, ժամանակն է երազելու, հենց սա է, եւ իհարկե, երազանքը պետք է նյութականացնել ամենօրյա ջանքերով ու անընդմեջ դասեր քաղելով: Ի դեպ, գիրքն արդեն գնել են 6 երկրներից՝ ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Գերմանիա:

Այս գիրքն ավելի շատ փորձարարական է, դրա համար էլ յուրաքանչյուր փուլով ինքս եմ անցնում՝ տվյալներ հավաքելով հաջորդ գրքերիս ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 24027
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW