Աշխատակիցների բաժնետիրացումը՝ տաղանդների պահպանման եւ բիզնեսի աճի գործիք

09.12.2021 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#BDO Armenia
Հայաստանում մեծ տեմպերով զարգացող եւ մրցունակ ճյուղերից մեկի՝ առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններում աշխատակիցներ պահպանման եւ մոտիվացիայի խնդիրն այսօր ամենաարդիականներից է: Ոլորտի ներկայացուցիչները կարծում են՝ աշխատակիցների բաժնետիրացումը, որը Հայաստանում ավելի դյուրին է դարձել, կնպաստի խնդրի լուծմանը:

BDO ընկերության հայաստանյան գրասենյակը դեկտեմբերի 8-ին կազմակերպել էր համագումար եւ պանելային քննարկումներ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տաղանդներին խրախուսելու եւ գնահատելու թեմայի վերաբերյալ:

Համագումարի նպատակն էր «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում վերջին փոփոխություններով պայմանավորված աշխատողների բաժնետիրացման ծրագրի (ԱԲԾ) կիրառման ներկայացումը, մարտահրավերների վերհանումը եւ ծրագրի առավել արդյունավետ ներդրման պրակտիկան՝ պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, քաղաքականություն մշակողներին, համաշխարհային փորձագետներին մասնակցությամբ:



Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, BDO Armenia-ի կառավարող գործընկեր Վահագն Սահակյանը, BDO ԱՄՆ գրասենյակի գործընկերները, որոնք ներկայացրել են ԱԲԾ-ի դերը տաղանդների խրախուսման եւ գնահատման գործում։

BDO Armenia ընկերության գործընկեր, հարկային եւ իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ բաժնետիրացման գործիքը կարեւորություն ունի խելացի, արժեքավոր տաղանդներին կազմակերպություններում եւ երկրում պահելու մակարդակներում:


 
«Գործատուն աշխատակցին բաժնետեր դարձնելով՝ նրա համար ընկերությունում հանգիստ, երկարատեւ աշխատելու եւ մոտիվացված լինելու կարեւոր պայմաններ է ստեղծում: Բաժնետեր դառնալով՝ աշխատակցի մոտ առաջանում է նաեւ այն մոտեցումը, որ ինքը միայն վարձու աշխատող չէ, այլեւ որոշումների կայացման մասնակից, թիմի անդամ: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այս գործիքը խթանում է ոչ միայն լավագույն աշխատակիցներին պահելուն, այլեւ նպաստում է բիզնեսի բարգավաճմանը»,- ասել է նա:



Ահարոն Չիլինգարյանն ասել է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով ընկերություններին հնարավորություն է տրվել բաժնետոմսերի 25%-ն ուղղել լավագույն աշխատակիցների պահելուն՝ նրանց բաժնետերեր դարձնելով:

«Հայաստանյան ընկերությունների ղեկավարների մեջ արդեն իսկ մեծ հետաքրքրություն կա բաժնետիրացման ծրագրի նկատմամբ, քանի որ շատ ընկերություններ, հատկապես՝ ՏՏ ոլորտի, կորցնում են լավագույն աշխատակիցներին, որոնք գնում են այնպիսի կազմակերպություններ, որտեղ այս գործիքներն արդեն կիրառում են: Իհարկե, դեռ ճանապարհ կա անցնելու, բայց օրենսդրական փոփոխություններն արդեն սկիզբը դրել են»,- ասել է նա:

Ահարոն Չիլինգարյանը դրական է համարել նաեւ այն, որ ծրագրի կիրառմանը կմասնակցեն նաեւ միջազգային ընկերությունների հայաստանյան դուստր ընկերությունները, որոնք արդեն լավ ծանոթ են «բաժնետիրացման միջազգային ավանդույթներին»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատակիցներին բաժնետեր դարձնելու հնարավորությամբ խրախուսելը ընդունված է աշխարհում եւ Հայաստանում եւս այն պետք է դառնա ստանդարտ: Հակառակ դեպքում, ըստ նախարարի, ընկերությունները շատ խոցելի են դառնում տաղանդերի արտահոսքի առումով:


 
«Կառավարությունը պետք է ստեղծի այսպիսի միջավայր, որ տաղանդավոր մարդկանց ներգրավի եւ այսպիսի գործիքներով շահագրգռի Հայաստանում պահելու համար: Գործնականում իմ ստեղծած ընկերությունում եւս բախվել եմ խոչընդոտների, որոնք կապված են աշխատակիցներին բաժնետոմսեր տրամադրելու հետ. կան թե հարկային, թե իրավաբանական խոչընդոտներ, որոնք հնարավորություն չեն տալիս այս գործիքն անկաշկանդ օգտագործել: Այս տարի կառավարությունն օրենսդրական փոփոխությունների առումով որոշակի քայլեր արդեն արել է, բայց սա երկար ճանապարհի դեռ առաջին քայլն է»,- նշել է Վահան Քերոբյանը:

Վահան Քերոբյանը


Հարցին, թե Հայաստանում քանի նման ընկերություն կա, որոնք կարող են ներկայում ավելի դյուրին կիրառել այս բաժնետիրացման գործիքը՝ նախարարը առանձնացրել է Picsart Armenia-ն, Krisp-ը, CodeSignal Armenia-ն, Sololearn Armenia-ն, իսկ Հայաստանում մեծ ներկայացուցչություն ունեցող, հայկական ծագմամբ ընկերություններից՝ Service Titan-ը, Disqo-ն, Sada Systems-ը:

«Այս ընկերություններում հանրագումարում մոտ 2 հազար մարդ է աշխատում: Սրանք հենց այն ընկերություններն են, որոնք աճող են եւ կարող են բաժնետոմսերի տրամադրմամբ շահագրգռել ոչ միայն հայաստանյան ինժեներներին, այլեւ ոչ հայ մասնագետների ներգրավել արտերկրից եւ Հայաստանը դարձնել լուրջ էկոհամակարգ ունեցող երկիր»,- ասել է Վահան Քերոբյանը:

Նա հայտնել է, որ 2021թ. հոկտեմբերի տվյալներով, Հայաստանում շուրջ 653 հազար աշխատող կա, որոնց մեջ բարձր տեխնոլոգիական ոլորտում աշխատողների թիվը գերազանցել է 15 հազարը:

«Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է «Բի-Դի-Օ» Գլոբալ ցանցի անդամ, որը մասնագիտական ծառայություններ մատուցող  խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում:

Ներկայումս «Բի-Դի-Օ»-ն Հայաստանում մատուցում է հետեւյալ ծառայությունները՝

•    Աուդիտորական ծառայություններ,
•    Հաշվապահական ծառայություններ,  
•    Իրավաբանական ծառայություններ,  
•    Հարկային խորհրդատվություն,
•    Բիզնես-խորհրդատվական ծառայություններ:

Արփի Ջիլավյան
Լուսանկարեները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 12750
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW